Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան
21:31 - 09 հուլիսի, 2020

Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ  որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը խնդրել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին անդամները՝ Սահմանադրության վերջին փոփոխությունների առնչությամբ։

Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը որոշել է մերժել դիմումը՝ որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ:

ՍԴ դատավորների դիմումի և ՄԻԵԴ արձագանքի մասին Infocom.am-ը զրուցել է Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։ 

- Տիկի՛ն Սաֆարյան, երեկվանից մամուլը ողողված է ՍԴ նախկին նախագահի եւ 3 նախկին անդմաների դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքով։ Իշխող խմբակցության ներկայացուցիչները տարածում են այդ արձագանքը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը մերժեց հայցվորների դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Մասնագիտական շրջանակները, սակայն, պնդում են, որ ՄԻԵԴ-ն ընդամնեը միջանկյալ միջոց չի կիրառելու, իսկ դիմումը, միեւնույն է, քննելու է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանուր առմամբ ի՞նչ է ենթադրում ՄԻԵԴ-ի արձագանքը։

- Մենք նախ ըստ էության պետք է ծանոթնանաք եւ հասկանանք, թե ինչի դեմ են առարկում Հրայր Թովմասյանն ու նախկին դատավորները։ Բայց այս միջանկյալ միջոց չկիրառելու հանգամանքում, ըստ էության, գնահատականներ կան, որոնք առնչվում են բուն նյութի հետ։ Օրինակ, կա միտք, որ միջանկյալ միջոց չի կարող կիրառվել, որովհետեւ իրականացվող բարեփոխումներն օրինական են, իրավաչափ են, եւ այլն։ Եւ եթե ՍԴ նախկին դատավորներն այս գործի ճակատագիրը կապում են հիմնական գործի լսման հետ, չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու ։ Կարծում եմ՝ եթե խախտում արձանագրված լիներ, եթե դա շատ տեսանելի լիներ, ապա հենց հիմա միջոցի կիրառում կլիներ, թույլ կտային, որպեսզի այս դատավորները շարունակեին աշխատել՝ մինչեւ այդ գործի լսումը։ Նշենք, որ առաջին երկու որոշումներով եւ զեկույցներով արձանագրվել է այն հիմնադրույթը, հիմնական իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի իշխանությունները, լինելով լեգիտիմ, ազատ են իրենց երկրում բարեփոխումներ իրականացնել, եթե ստեղծվել է սահմանդրական ճգնաժամ, մի իրավիճակ, երբ խաթարվում է ժողովրդավարությունը։ Եւ երբ գործողությունն իրավաչափ ու արդար նպատակ է հետապնդում, սահմանադրական այս փոփոխությունները հենց այդ դաշտում էլ դիտարկվում են, որովհետեւ, զեկույցներում «ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակ» եւ «ՍԴ ճգնաժամը հաղթահարել» ձեւակերպում են տալիս, նշանակում է՝ ճգնաժամի գաղափարը եւ բուն բովադնակությունն ըդունվում է միջազգային կառույցներում։ Բացի դրանից, եկեք չմոռանանք, որ տասը եւ ավելի տարիներ Եվրոպական դատարանը հեղեղված է եղել Հայաստանի՝ այս վիճարկվող ժամանակահատվածին վերաբերող գործերով, եւ այդ գործերով իրենք սեփական համոզմունքն ունեն, թե ինչ է կատարվել Հայաստանում։ Եթե ՀՀ-ում Սահմանադրական դատարան լիներ, ՀՀ-ում Մարտի 1 չէր լինի։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն, միայնակ կարող էր իրականացնել դա, դա իրականացրել է, որովհետեւ այդ բոլոր մարմիններին հավաքել է իր բուռը, դարձրել ենթարկելի մարմին ու իրականացրել այն, ինչ մենք տեսանք 2008-ի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 1-ը։ Հիմա ՍԴ դատավորների աթոռից հեռանում են այն մարդիկ, որոնք Սահմանադրությունը չեն հարգել։ Մենք կոնկրետ գործերով տեսել ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, էլ չեմ ասում վերջին այս երկու տարիները՝ ամենայն տեսանելի եւ աչք ծակող, որ նվիրված են եղել Քոչարյանի օգտին անօրինական գործընթացներ իրականցնելուն։

Եթե պարզվի, որ նրանք (նկատի ունի՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 անդամները,- հեղ․) այս նույն ակտիվությամբ պայքարել են նախկին ընդդիմադիր ուժերի համար եւ Մարտի 1-ից առաջ, հետո, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ես կհասկանամ, որ իրենք միշտ նույնն են եղել, եւ գուցե դատապարտող կոչ կասեմ այսօրվա իշխանությանը, բայց երբ ես գիտեմ, եւ համոզված եմ, որ նախկին իշխանությունների հետ ակնհայտորեն համագործակցել են, քաղաքական մարմնի են վերածվել եւ բացառապես այդ համակարգին են ծառայել, ոչ թե երկրին ու Սահմանադրությանը, ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցող փոփոխությունները հիմնավորված ու օրինական չեն։

- Առհասարկ ո՞ր դեպքերում է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառում։

- Կիրառվում է շատ հազվադեպ, երբ վտանգավոր իրավիճակ է, կրառվում է կյանքի իրավունքին վերաբերող խնդիրների դեպքում, շատ աննշան գործեր են այդ միջոցի կիրառման առումով ուշադրության արժանացել ՄԻԵԴ գործերով։ Այս գործն իրենից նմանատիպ իրավիճակ չէր ենթադրում, եւ ի սկզբանե ցավալի է, որ այդպիսի միջոց է ուզել մի անձ, որը ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ու իմացել է, որ այդ կարգի միջոց չի կիրառվում այդպիսի գործերով (ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ՍԴ արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, որն այս գործով հայցվոր է,-հեղ․)։ 

- Ի՞նչ կարող ենք ենթադրել այն փաստից, որ ՄԻԵԴ-ն այս պարագայում այդ միջանկյալ միջոցը չի կիրառել, սակայն դիմումը վարույթ ընդունել է։

- Կարող է ինչ-որ հարցով մեկնաբանության կարիք լինի։ Թեեւ հայցվորների դիմումին ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ գտնում են՝ Սահմանադրական դատարանում այս փոփոխությունները իրավաչափ եւ օրինական չեն, այսինքն՝ կասկածի տակ են դնում գործընթացի օրինականությունը, իբրեւ թե նախագծերի սահմանադրականության հարցը չի քննարկվել, եւ այլն։ Ընթացակարգային խնդիրներ են ներկայացնում, բայց խնդրի բովանդակային լուծումն առավել կարեւոր է, քան այն ձեւականությունները, որոնց հետեւից գնում են ՍԴ այդ դատավորները եւ նրանց համախոհները։

- ՄԻԵԴ դիմում ներկայացրածներից Ալվինա Գյուլումյանն այսօր արձագանքել է, թե սա դեռ ամենևին չի նշանակում, որ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա։ Սա, ըստ էության, իրողություն չէ՞։

- Ալվինա Գյուլումյանն ու մյուս դատավորները մեզ պես չեն մտածում, շատ տարբեր են մտածում, անգամ ՄԻԵԴ դատավորների՝ իրավունք ասվածը հասկանալու աստիճանը չի համապատասխանում մեր դատավորների հասկանալու աստիճանին։ Մենք այդ ազնվությունը չունենք, որ մեր մեղքը, մեր սխալները ընդունենք, հետ նայենք, տեսնենք՝ անցյալում ինչ ենք արել, որ մեր հանդեպ այսպիսի լարվածություն կա։ Այս հարցերը Սահմանադրական դատարանի դատավորները իերնց առաջ չեն դրել, իրենք ենթարկելի են եղել։ Եւ 2008 թվականի դեպքերի վերաբերյալ քրեական գործով անցնող բազմաթիվ տեղեկություններից հայտնի է դառնում, որ նույն մարտի 7-ին, երբ պիտի քննարկեին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, դատավորների վրա ճնշումներ են եղել։ Ու հավատացեք, որ եթե այդ տեղեկությունները նույնիսկ ապացուցվածության ցածր շեմ ունեն, միեւնույն է՝ այն ինչ կա, փաստ է, ու այդ մարդիկ չեն կարողանում այդ փաստերի հետ հաշվի նստել։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել