Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան
20:17 - 11 հուլիսի, 2020

Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան

ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանության արժանացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների):

Արտակարգ դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու այս փաթեթի շուրջ infocom.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։ 

- Տիկի՛ն Տիգրանյան, կառավարությունն ընդունեց արտակարգ դրության ժամանակ Առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու նախագիծը, այն  շուտով կքնարկվի նաև Ազգային ժողովում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք գաղափարի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը։ Ի դեպ՝ նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ նախագիծը պետք է ընդունվի հրատապ կարգով․ ո՞րն է այդ հրատապության հիմնավորումը, սա նշանակում է, որ այս փուլում առողջապահական համակարգը ունի՞ այս փոփոխությունների անհրաժեշտությունը։

- Ես կարծում եմ, որ այս նախագիծը ոչ միայն հրատապ է, այլև ինչ-որ տեղ ուշացած՝ այն առումով, որ, անկախ նրանից՝ մենք կունենանք կորոնավիրուս, թե ոչ, արտակարգ դրություն կարող է լինել նաև այլ պատճառներով։ Հետևաբար, ամիսներ առաջ մեր ընդունած կարգավորումը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը, պետք է լինի նաև համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։

Այսինքն, մենք հիմա, ըստ էության, կորոնավիրուսային ճգնաժամը կամ մարտահրավերը «դիմավորել ենք» այնպիսի պայմաններում, երբ առողջապահության լիազոր մարմնին ոչ բոլոր բժշկական հաստատություններն են ենթակա՝ իրենց կառավարման մեջ։ Այդ քայլը անհրաժեշտություն է և հրատապ այնքան, որ պետք է արտահերթ նիստով գա քննարկման, որովհետև առողջապահական համակարգի միասնական կոորդինացման անհրաժեշտությունը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չլինի ապակենտրոնացված, չլինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս առումով՝ ես հիմնավոր եմ համարում օրենքում այս փոփոխությունը և նաև հիմնավոր եմ համարում, որ այն պետք է գա արտակարգ ռեժիմով՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից։ Դա ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետև առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու և համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։

Չունենալով նման կարգավորում, չունենալով նման պարտավորություն՝ ենթարկվել լիազոր մարմնի ցուցումներին, մասնավոր բժշկական հաստատությունները կարող են նաև դուրս մնալ, անմասն մնալ այս համընդհանուր ճգնաժամի դեմ պայքարի գործընթացից։ Կարծում եմ, որ փոփոխությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նաև այն, որ սա չի արվում հիմայի համար, այլ նաև կվերաբերի Հայաստանի հետագա բոլոր տարիներին։ Այսինքն՝ և՛ ռազմական  դրության, և՛ արտակարգ դրության ժամանակ բժշկական սպասարկումը և օգնությունը կլինեն միասնական՝ կենտրոնացված լիազոր մարմնի շրջանակներում։ Պատասխանատվության սահմանումը, ըստ իս, դարձյալ թելադրված է առկա իրողություններով։ Ցավոք, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ կորոնավիրուսային այս համաճարակի ընթացքում երբեմն տեսնում ենք ոչ թույլատրելի վարքագիծ՝ իրավաբանական անձանց, տնտեսվարողների և ֆիզիկական անձանց կողմից, ինչը մտավախություն է առաջացնում, որ քանի դեռ չկան իրավական հետևանքներ՝ սանկցիաների տեսքով, գուցե կարգավորող նորմերը չհասնեն իրենց հետապնդած նպատակին։ Սրանով է նաև պայմանավորված, որ նախագիծը նախատեսում է որոշակի պատասխանատվություն։ Իսկ մնացած մանրամասները քննարկվելու են նաև հանձնաժողովի և լիագումար նիստերում։

- Բացի այդ՝ նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: Հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։ Այս պարագայում արդյոք բուժհաստատությունները իրենց միջոցներո՞վ պետք է իրականացնեն հաստատության տեխնիկական զինումն ու անձնակազմի վերապատրաստումը։

- Նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ մենք վերջերս փոփոխություն ենք արել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում», և այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, որովհետև, բանականաբար, բոլորը չեն, որ վիրուսների դեմ պայքարին են մասնագիտացված։ Այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաև ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչև բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, ըստ էության, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։ Այս փոփոխությունը արվում է հենց այդ նպատակով։ Ես արդեն շահարկումներ տեսա մամուլում, սոցցանցերում, թե բուժաշխատողներին շնորհակալություն ասելու փոխարեն՝ նրանց սպառնում են կամ պատասխանատվության են ենթարկում և այլն․ ուզում եմ ասել, որ սա որևէ կերպ չի համապատասխանում այն նպատակին, որը հետապնդում է նախագիծը։ Այո՛, բուժաշխատողներն այսօր իրենց ուժերի գերլարումով են աշխատում, որովհետև, ինչպես գիտենք, առողջապահական համակարգն ուղղակի չէր կարող կրել այդքան մեծ բեռ։ Հետևաբար, այնքանով, որքանով պետությունն ունի հնարավորություններ՝ նրանց աշխատանքը գնահատվում է նաև ֆինանսական առումով։ Սոցցանցերում միանգամից արված գրառումները տրամադրություններ են ստեղծում՝ հատկապես բուժաշխատողների շրջանում՝ ընդդեմ պետության՝ ստեղծելով ընդհանուր պատժողական մթնոլորտ։ Ես ուզում եմ ցրել այդ տրամադրվածությունը․ չկա որևէ բուժաշխատողի իրավական վիճակը վատթարացնող կարգավորում նախատեսող նախագիծ։

- Տիկի՛ն Տիգրանյան, մոտ 2 ամիս առաջ նախարարությունը հայտարարեց, որ «չի վստահում» մասնավորր հիվանդանոցների արած թեստավորումների պատասխաններին, քանի որ դրանց լաբորատորիաները չեն համապատասխանում նախարարության ստանդարտներին։ Ընդհանուր առմամբ, մասնավոր հիվանդանոցները դուրս մղվեցին կորոնավիրուսի թեստավորումն ու բուժումն իրականացնելու գործընթացից։ Եթե նախարարությունն այս առումով չի վստահում մասնավորներին, ապա կարճ ժամանակահատվածում ի՞նչ պետք է արվի, որպեսզի դրանց գործունեությունը «վստահելի» դառնա։

- Այլ բան է թեստերի լաբորատորիաների նկատմամբ վստահությունը, որովհետև վիրուսը նոր է, չճանաչված, և պետությունը չի կարող երկրում առկա բոլոր լաբորատորիաներին ընդունել որպես հավաստի պատասխան տվող։ Ես որքանով տեղյակ եմ՝ հինգ հիմնական ախտորոշիչ լաբորատորիաներ էին ընտրված, որովհետև դրանք պետք է ունենան համապատասխան սարքավորումներ, մասնագետներ և հագեցվածություն, նաև պաշտպանվածություն վիրուսից, որը ճանաչված չէ։ Այս առումով՝ շատ նորմալ է, և ես տրամաբանական ու արդարացի եմ համարում, որ ոչ բոլոր լաբորատորիաներին է տրվում այդպես ապրիորի վստահություն, և միայն այն լաբորատորիաների տված պատասխաններն են հուսալի, որոնք պետությունը համարում է այդ ոլորտում մասնագիտացված։

Մասնավորների առումով, բնականաբար, առողջապահական լիազոր մարմինը կարող է կոորդինացնել և լիազորությունները կարող է տարածել իրեն ենթակա հիմնարկների ու նրանց գործունեության վրա։ Առաջին փուլում եղել է պետական բժշկական հաստատությունների մոբիլիզացիա, բայց համաճարակի ծավալների ընդլայնմանը զուգընթաց՝ ներգրավվել են նաև մասնավոր կազմակերպություններ, սկզբում՝ կամավոր։ Խնդիրը հետևյալն է․ բնականաբար, բոլոր բժշկական հաստատությունները չպետք է դրվեն կորոնավիրուսի բուժման տակ՝ լինեն մասնավոր, թե պետական, երկրորդ՝ մասնավոր կազմակերպությունները կորոնավիրուսի դեմ աշխատանքի համար պիտի ունենան նաև որոշակի հագեցվածություն՝ վերաորակավորված մասնագետներով, մահճակալային ֆոնդով, վերակենդանացման բաժանմունքներով և համապատասխան սարքավորումներով։ Սրանց առկայության պարագայում այդ հաստատությունները կարող են ներգրավվել այս աշխատանքում, որն այս ամիսների ընթացքում զուգահեռաբար արվել է։

Այստեղ վստահության խնդիրը չէ, պետք է լինի մեկ ուղղորդական ցուցում, հենց սա է նախագծով առաջ քաշվում, որ բոլոր այն բժշկական հաստատությունները՝ կլինեն մասնավոր, թե պետական, կորոնավիրուսի դեմ պայքարը մղեն մեկ միասնական ուղեցույցի շրջանակում և միասնական չափորոշիչներով։ Առողջապահության նախարարությունը կազմել և բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ պոլիկլինիկաներին, տրամադրել է ուղեցույցներ։

- Ի դեպ՝ նախարարն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը վերաբերելու է ոչ բոլոր մասնավոր բուժհաստատություններին․ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ մշակվելու են հատուկ կատեգորիաներ, որոնց արդյունքում ընտրվելու են՝ որ հաստատությունները և ինչ չափով են ներգրավվում այս գործընթացում։ Այս պարագայում ինչպե՞ս պետք է կարգավորվի հարցը, որպեսզի «խտրական» դրսևորումներ չլինեն, առհասարակ ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշվեն, թե որ հիվանդանոցներն են ներգրավվում։

- Այս հարցին կարող են պատասխանել առողջապահական համակարգի մասնագետները, բայց իմ իմացության շրջանակներում ասեմ, որ խտրականության մասին չպետք է մտածել․ օրենքը գալիս է համընդհանուր կարգավորման համար, որ բոլոր բժշկական կազմակերպությունները արտակարգ դրության ժամանակ այլևս ենթարվում են առողջապահության նախարարին։ Նախարարի բոլոր հրամանները, ցուցումները պարտադիր են այդ հաստատությունների վարչական կազմի, աշխատակազմի համար, և երրորդը՝ արտակարգ դրության ժամանակ ի՞նչ ծավալի ներգրավման անհրաժեշտություն կլինի, եթե երկրում կան իքս թվով բկ-ներ, թե դրանցից քանի՞սը կներգրավվեն՝ կապված է տվյալ պահին մահճակալային ֆոնդի անհրաժեշտությունից։ Հետևաբար, այստեղ խտրականության մասին խոսք գնալ չի կարող։

- Քանի որ գործ ունենք տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ, որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը չփոխհատուցի վերջիններիս կորցրած շահույթը։ 

- Ես այդքան էլ համաձայն չեմ «կորցված շահույթ» ձևակերպման հետ, խոսքը բաց թողած օգուտի մասին է։ Այդ բացթողած օգուտը շատ դժվար ապացուցելի գործոն է։ Եթե, օրինակ, խոսեինք իրական վնասների մասին, ես կհասկանայի, բայց սա նույնպես քննարկման առարկա է։ Եթե խոսենք ոչ թե բացթողած օգուտի մասին, քանի որ բկ-ն չի կարող իմանալ, թե քանի պացիենտ կարող էր ունենալ այդ ժամանակահատվածում և ինչ շահույթ կստանար, սա մի քիչ գնահատողական կատեգորիա կլինի և ոչ հստակ։ Եթե խոսենք իրական վնասի մասին, դա գուցե ավելի ռեալ է, թե արտակարգ դրության ժամանակ ինչ ֆինանսական վնասներ են կրել, դա միգուցե հնարավոր է հաշվարկել, բայց սա լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Պետք է հասկանալ՝ որտեղ է բուժհաստատությունը տուժում, որտեղ է շահում և երբ միանում է համընդհանուր համաճարակի վերացման գործընթացին, արդյոք մնում է մենա՞կ, թե՞ պետությունը իրեն դիտարկում է սուբյեկտ, որին պետք է ֆինանսավորի։

Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։

Վերջինս կարծիքով՝ նախագիծը կոշտ միջոց է նախատեսում․

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ բժիշկների գլխին դամոկլյան սրի նման չպետք է կախված լինի վարչական տուգանքը։ Ցանկացած արտակարգ դրության ժամանակ պետք է միավորված գործել ու հաղթահարել։ Արտակարգ դրությունը, ռազմական դրությունը իշխանության խնդիրը չէ միայն։ Ես չեմ պատկերացնում, որ այս ընթացքում բժիշկներ, բուժաշխատողներ եղած լինեն, որ խուսափած լինեն մեր քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելուց։ Ավելին՝ բարձր կուրսերի ուսանողները կամավոր անդամագրվել են։ Կոշտ միջոց է նախատեսում նախագիծը, որի հետ հաշտ չեմ, բնականաբար։ Մեր բժիշկներն այս օրերին հերոսական աշխատանք են անում առաջնագծում։ Նրանք խրախուսանքի են արժանի»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել