Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշել. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն: «Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի: Մենք շատ երկար ժամանակ ականատես ենք եղել նաև բժշկական ծառայությունների գերկենտրոնացման, և մեր մարզերի բնակիչները, ովքեր առողջապահական ծառայություններ ստանալու կարիք են ունեցել, նույնիսկ պետական պատվերով, ստիպված են եղել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր անել, այդ թվում՝ տրանսպորտային, կեցության և այլն: Մեր քաղաքականությունը հենց 2018 թ.-ից եղել է այն, որ ծառայությունները պետք է մոտեցնել մարդկանց: Դա առավել արդյունավետ է, մտնում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ և ի վերջո բարեկեցության կարևոր հատկանիշ է, թե ինչքանով է հասանելի բժշկական ծառայությունը մարդկանց համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության ոլորտի զարգացման համատեքստում վարչապետն ընդգծել է հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում պոլիկլինիկաների, արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում: Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը: Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ: «Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: **** Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։  
16:55 - 04 նոյեմբերի, 2023
Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 3-անգամյա տաք սննդով |armenpress.am|

Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 3-անգամյա տաք սննդով |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 30-ի ժամը 15:00-ի դրությամբ կեցավայրով ապահովվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3276 անձ: Աս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Մարզում ձևավորվել է 7 աշխատանքային խումբ, մեկը՝ մարզպետարանում, 5-ը՝ խոշորացված համայնքներում, ևս մեկը շարժական աշխատանքային խումբ է: Հյուրանոցային համալիրներում բավականին մեծ թվով քաղաքացիներ են տեղավորվում: Որպեսզի ևս մեկ անգամ չչարչարենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, շարժական աշխատանքային խումբը մեկնում է տվյալ հյուրանոց և տեղում հաշվառում ու կարիքների գնահատում իրականացնում»,- ասաց մարզպետը: Գեղարքունիքում առաջին իսկ օրվանից սկսել են նաև վերհանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները: Եվ հաշվառում իրականացնող աշխատանքային խմբերը նաև հաշվառում են, թե արդյոք կա՞ն տվյալ մասնագիտությամբ անձինք՝ նրանց աշխատանքով ապահովելու համար: «Մատակարար կազմակերպության հետ ենք հիմա աշխատանք տանում, որ հոկտեմբերի 1-ից տաք սնունդ կարողանանք մատակարարել բռնի տեղահանվածներին: Այդ աշխատանքները հիմա քննարկվում են, երևի դա կստացվի: Մատակարար կազմակերպությունը կկարողանա մոտ 1000 անձի 3-անգամյա տաք սննդով ապահովել»,- նշեց Սարգսյանը:   Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
16:58 - 30 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

17:35- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ] 17։15- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը] 17։05- Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] 16։11- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: [ՀՀ ՊՆ] 15։22- Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:52- Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:32- Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:20- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 14։10- ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ մասին հրապարակած տեղեկությունը: 13։56- Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: [ՊՆ] 13։33- 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 13։18- Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: [ՊՆ] 12։57- ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: [ՀՀ ՊՆ] 12։43- Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 12։08- Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: [ՀՀ ՊՆ] 11։29- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 11։14- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: [ՀՀ ՊՆ] 10։30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: [ՀՀ ՊՆ] 10։19- Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
17:36 - 01 սեպտեմբերի, 2023
Ծովինար գյուղում 50-ամյա տղամարդը 27-ամյա դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել․ նա ձերբակալվել է

Ծովինար գյուղում 50-ամյա տղամարդը 27-ամյա դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել․ նա ձերբակալվել է

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Օգոստոսի 19-ին Ծովինար գյուղի 27-ամյա բնակչուհին հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին և հաղորդում տվել, որ 2021 թ. մայիսին հայրն իրեն ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել: Նա նաև հայտնել է, որ հոր արարքի պատճառով իրեն շատ նվաստացած է զգացել, հոգեպես ճնշված և ընկճված: 50-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:    
12:11 - 21 օգոստոսի, 2023
Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.«Հարգելի ներկաներ,Գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,Լողի «Վարչապետի գավաթի» հարգելի մասնակիցներ,Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Այս մրցաշարի կարևոր նպատակներից մեկը նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի տեսանելի դարձնելն է մեր զբոսաշրջիկներին, մանավանդ, որ մենք հիմա և՛ Վարդենիսի, և՛ Սևանի կողմից ունենք բավականին լավ ճանապարհ: Իհարկե, բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են և կշարունակվեն: Այս ափը, կարծում եմ, շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, նաև մենք ուզում ենք այն գրավիչ դարձնել ներդրումների համար, որպեսզի նոր ձևաչափի, ներդրումային նոր կուլտուրա ձևավորենք նաև Սևանա լճի ափին:Դուք նկատեցիք, անշուշտ, որ սովորաբար մյուս մրցաշարերում մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում, չնայած պետք է խոստովանել, որ այնպես էլ չէ, որ ամբողջ հանրապետությունն է ընդգրկում, բայց լողի դեպքում հատկապես մեր աշխարհագրությունն ավելի է նեղանում: Մենք մրցանակաբաշխության ընթացքում նախարարի հետ այդ մասին էիք խոսում, որ դա մի բանի մասին է վկայում՝ հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքի՝ լողավազանների բացակայության:Եվ ուզում եմ նաև այս ամբիոնից հիշեցնել բոլորին, որ մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել՝ հանրապետության խոշորացված համայնքներում առաջին փուլով մարզական կենտրոններ ստեղծել, որը կներառի մարզադպրոց, ֆիթնես կենտրոն մեծահասակների համար և անպայման լողավազան: Մենք առաջինը խոստացել ենք Եղեգնաձոր խոշորացված համայնքին, երկրորդը՝ Բերդ խոշորացված համայնքին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել եմ, որպեսզի տիպային նախագիծ ունենանք և հերթով այդ մարզական կենտրոնները կառուցենք՝ նախ բոլոր խոշորացված համայնքներում, հետագայում արդեն՝ խոշոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է բոլոր առումներով՝ Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելու, նաև առողջ սերունդ ունենալու և ընդհանրապես երիտասարդության համար զբաղմունքի ավելի շատ միջոցներ ու միջոցառումներ ունենալու:Այս մրցաշարը նաև կարևոր է նրանով, որ մենք որոշակի հետևություններ ենք անում: Կարող է թվալ, թե գալիս ենք ուղղակի կանգնում, կարճ ելույթ ունենում ու գնում, բայց որոշակի հետևություններ, նույն մրցանակակիրների աշխարհագրության մասին, այսպիսի շփումների արդյունքում են ի հայտ գալիս: Եվ այդ հետևություններից բխում են որոշումներ:Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն: Ուզում եմ բոլորս ողջունենք ոչ մրցանակակիր բոլոր մասնակիցներին շատ ջերմ ու բուռն ծափերով:Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների գործընկերներին, բոլոր մարզպետարաններին, բոլոր գերատեսչություններին, Ճամբարակ խոշորացված համայնքին, Շողակաթ բնակավայրին, մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել: Եվ նաև, իհարկե, մեծ շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկել են քաջալերելու «Լողի վարչապետի գավաթի» մասնակիցներին:Շնորհակալ եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում»:Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական մրցանակներ. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 130 մասնակից։ Մրցաշարը նաև միջազգայնացվել է. ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք են ունեցել թե՛ ՀՀ, թե՛ օտարերկրյա քաղաքացիները. միակ սահմանափակումն այն է եղել, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում պետք է մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
19:44 - 19 օգոստոսի, 2023
Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։   Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։   Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (մարզպետարանի) ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։   2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։   Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։
21:03 - 18 օգոստոսի, 2023
Երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար: Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը։
16:18 - 18 օգոստոսի, 2023
Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am|

Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am|

hetq.am: Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։ Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջերս ընտանիքը տեղափոխվել էր Գյումրի, հետո՝ Երևան։ Ըստ նույն աղբյուրների՝ Աննա Արևշատյանն ու Թաթուլ Մադաթյանը ունեն հինգ երեխա։  Սոցիալական ցանցերի էջում Աննա Արևշատյանը լուսանկարներ է հրապարակել ինչպես երեխաների, այնպես էլ Թաթուլ Մադաթյանի հետ։  Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքս»-ի, 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Գավառի բնակիչներից մի քանիսը, որոնք նախընտրում են անանուն մնալ, «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ Թաթուլ Մադաթյանը իր անչափահաս աղջիկ երեխային բռնաբարելու հոդվածով դատապարտվել է։ Նրա վերաբերյալ գործը «Դատալեքս»-ում փակ է։ Բնակիչներն ասում են, որ նրան հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում    
12:45 - 18 օգոստոսի, 2023
Չարաշահումներ՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում․ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

Չարաշահումներ՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում․ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշ­տոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կա­տա­րելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, թվով 8 անձանց հրամանա­գրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ և յուրաքանչյուր ամիս շարու­նակաբար կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո­նա­կան փաստաթուղթ հան­դիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստա­տող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա­տա­վար­ձի վճարային տեղե­կա­գրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխա­տան­­քային պարտա­կանութ­յունները կատարելու վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս­տա­թղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդ­յունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն և նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պե­տա­կան բյու­ջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խո­շոր չա­փերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ: Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտո­նեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահա­գրգռվա­ծությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները: Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավար­տական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակեր­պութ­յունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահե­րին: Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը: Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով: Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:03 - 18 օգոստոսի, 2023