ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել

«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։  Ինֆոքոմի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, դեպքի հանգամանքները ճշտվում են։ Ավելի ուշ մի շարք թելեգրամյան ալիքներ գրեցին, թե «Մարտական եղբայրության» անդամներն են դեպքի մասնակիցները։ Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործածած տղամարդը միաբանության անդամ է.  «Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»։ Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
18:08 - 24 մարտի, 2024
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի
 |azatutyun.am|

«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի |azatutyun.am|

azatutyun.am: Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, «Ազատության»-ը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ բերման ենթարկվածներ կան նաև Տավուշի մարզի ոստիկանական ստորաբաժանումում։ Ավելի վաղ եղբայրությունը հայտնել էր, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի:  Նրանք այս կեսօրին նախատեսել էին այց Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման՝ իրենք որոշել էին կատարել այցը։ Միաբանությունից հայտնում են, որ անդամներից մի խումբ հասել է Ոսկեպար, այստղ երեք հոգի է ձերբակալվել։  
15:52 - 24 մարտի, 2024
Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար

Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար

Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ առավոտից բերման են եթնարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնել են եղբայրությունից։Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով: «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։   Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։ «Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
13:39 - 24 մարտի, 2024
«Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին

 |aravot.am|

«Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին |aravot.am|

aravot.am: «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթով ձերբակալում են միաբանության անդամներին, եւ պատճառը, ըստ միաբանության անդամների, «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար չթույլատրելու քաղաքական հրահանգն է: Նրանցից շատերի հետ կապը կորել է: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը հետեւյալը նշեց. «Սրանք նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող քաղաքական ռեպրեսիաներ են, մարդիկ նույնիսկ չեն հասցնում հասնել այնտեղ, որտեղից պետք է Ոսկեպար շարժվեինք, նրանց տներից են անում: Հետաքրքիրն այն է, որ դա անում են պատերազմի թոհուբոհով անցած տղերքի հետ, այն տղերքի, որոնց անցած անձնական ճանապարհի վրա պետք է սերունդներ դաստիարակվեն, բայց փաստացի ներկայիս իշխանությունը նախընտրում է նման մեծ ավանդ ունեցող տղերքին, ինչու չէ նաեւ միաբանության անդամ աղջիկներին բերման ենթարկել»։ Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։  Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։
13:19 - 24 մարտի, 2024
Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, նրանցից երկուսը Ոստիկանությունում են: «Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։ Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։ Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,- գրել է Հայկ Մարությանը: ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով կա 11 ձերբակալված։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:40 - 24 մարտի, 2024
Ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը և այլ անդամներ, կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, ամենայն հավանականությամբ նա նույնպես բերման է ենթարկվել

Ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը և այլ անդամներ, կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, ամենայն հավանականությամբ նա նույնպես բերման է ենթարկվել

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը: «Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։ Մենք դա հասկանում և գիտակցում ենք։Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի ուշ Մարտական եղբայրությունից հայտնել են, որ կան նոր ձերբակալվածներ եւ որպես բերման ենթարկելու  հիմնավորում բերվում է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։ Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։  «ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։ Երեկ Հրանտ Տեր- Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսօր ինձ զրույցի հրավիրեցին ՀՀ Ոստիկանության պետական տեղակալի հետ: Մանրամասները պատճենում են Մարտական եղբայրության էջից:   Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին՝ իր հետ զրուցելու: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):   Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:   Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:   Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց: Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար:   Երեկոյան տեղի ունեցավ Մարտական եղբայրության թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի:   Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, Մարտական եղբայրության թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում` Վերին Ոսկեպարում:   Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատաել ուժային կառույցները: Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում»:    
10:42 - 24 մարտի, 2024
Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը․ այս մասին «Ինֆոքոմի»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է քննիչի որոշման հիման վրա և ներկայացվել է Քննչական կոմիտե։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․ «Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի  (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
12:48 - 22 մարտի, 2024
Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն

Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը: Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին: Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: Հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում ենք բարի երթ», - նշված է հաղորդագրության մեջ:
11:58 - 18 մարտի, 2024
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը ձերբակալվել են

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը ձերբակալվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում: Ձերբակալելու պահին տղամարդը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց: Կենտրոնական բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար կապույտ և կարմիր գույնի կպչուն ժապավենի 10 փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Ընդհանուր քաշը 9,18 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն թմրամիջոցի նմանվող մոտ մեկ գրամ զանգվածով փաթեթ ու գաղտնի փականով դանակ։ Կնոջ խուզարկության արդյունքն ավելի տպավորիչ էր. հայտնաբերվեցին տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ՝ ավելի քան 4 գրամ քաշով: Հայտնաբերվել են նաև զիպ փականով 193 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 50 գրամ քաշով, դեղնականաչավուն հետքերով երկու աղաց, նույն հետքերով էլեկտրական կշեռք, երկու տարա, սուրճի երկու տոպրակ, դատարկ տոպրակներ ու կպչուն ժապավեններ։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
12:50 - 16 մարտի, 2024
Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից մարտի 12-ին, ժամը 12.15-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել է: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական քրեական վարույթ: «Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Հ.-ն օրեր առաջ վիճաբանության մեջ է եղել Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդի հետ: Վերջինս վեց ընկերների հետ, նախնական համաձայնությամբ, մարտի 12-ին պարզաբանումների են գնացել Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ, որտեղ սովորում էր 17-ամյա պատանին: Ծեծկռտուք էր սկսվել: Ռաֆիկ Հ.-ն փորձել էր փախչել, սակայն 21-ամյա երիտասարդի կողմից դանակահարվել ու ընկել էր գետնին, ինչից հետո սկսել էին նրան հարվածել ոտքերով, ձեռքերով ու մահակով, ապա նշված վայրում գտնվող քաղաքացիների միջամտությունից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեկան ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում Սիսիան քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 21-ամյա երիտասարդին ու 22 և 21 տարեկան երկու հանցակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ: Նշվում է, որ քրեական վարույթը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:48 - 14 մարտի, 2024
«Համոզված եմ՝ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը»․ ՀՀ ոստիկանապետի շնորհավորական ուղերձը կանանց

«Համոզված եմ՝ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը»․ ՀՀ ոստիկանապետի շնորհավորական ուղերձը կանանց

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Սիրելի՛ գործընկերուհիներ,Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է: Ավելին՝ հենց ձեր պրոֆեսիոնալիզմի, մարդկային ու մասնագիտական որակների, ձեր ներկայությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտի շնորհիվ են հաճախ գրանցվում այն արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում: Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը՝ հանուն մեր երկրի և քաղաքացու բարօրության: Վստահ եմ, որ, ինչպես միշտ, լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները՝ լինելով և՛ պրոֆեսիոնալ ծառայակից ու հրաշալի գործընկեր, և՛ ընտանիքի հիմնասյուն ու հոգատար մայր: Կրկին շնորհավորելով մեր կին ծառայակիցներին, մեր կին վետերաններին, մեր մայրերին, կանանց ու դստրիկներին՝ մաղթում եմ հաջողություն բոլոր գործերում, խաղաղություն և ամենայն բարիք: Երջանկություն բոլորիդ»,– ասված է ուղերձում։
10:53 - 08 մարտի, 2024
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի

Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել: Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: Ոստիկանությունը հորդորում է լինել օրինապահ ու գիտակից և մաղթում բարի երթ:
13:32 - 02 մարտի, 2024
Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին փորձել էինք հասկանալ, թե իրավական ինչ գործընթաց է սպասվում բռնի տեղահանման ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին, եւ արդյոք Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս թեմայի հանրային հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մեջ կան առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչվածներ։ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը թեմայի վերաբերյալ «Ինֆոքոմի»՝ հոկտեմբերի 11-ի հարցումներին ի պատասխան խուսափել էին որեւէ տեղեկություն տրամադրել։ Մասնավորապես, Ոստիկանությունը հայտնել էր, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ-ն նշել էր, որ պահանջվող տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն։ Մինչդեռ մեր հարցումներից օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նախարարի այս հայտարարությունից հետո՝ մենք կրկին գրավոր հարցումներ ենք ուղարկել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Քննչական կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե Արցախից Հայաստան քանի կալանավոր եւ քանի դատապարտյալ է տեղափոխվել, կոնկրետ ինչ հանցանքների կատարման մեջ են մեղադրվում կամ դատապարտված նրանք, նրանցից քանիսն է հայտնաբերվել, քանիսը՝ դեռ ոչ եւ այլն։  Ոստիկանությունը պարզել է ԼՂ-ում ենթադրյալ հանցանք կատարած մի քանի անձանց ինքնությունները Հունվարի 10-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի։ Հիշյալ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»: Հունվարի 15-ին մենք կրկին դիմել ենք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկությունների այն մասը, որին տնօրինում է։ Ավելի քան 2 շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, Ոստիկանությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կատարված ծանր եւ առանձնապես ծանր մի քանի հանցագործությունների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է համապատասխան տեղեկատվություն, որը օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։  Ըստ Ոստիկանության՝ ձեռնարկված քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են այդ հանցագործությունները կատարած մի քանի անձանց ինքնությունները․  «Մասնավորապես, սպանություն կատարած մեկ անձ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Սպանություն կատարելու մեղադրանքով եւս մեկ անձ, ըստ ոստիկանությունում առկա տեղեկությունների, գտնվում է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, վերջինս տվել է նույն պատասխանը, ինչը ուղարկել էր նախորդ տարեվերջին՝ պահանջվող տեղեկությունն ԱԱԾ-ում առկա չէ։ Լրացուցիչ հարցմամբ մեջբերելով նախարարի ելույթն ու Ոստիկանության՝ ԱԱԾ-ին դիմելու մասին առաջարկը՝ կրկին խնդրել ենք ԱԱԾ-ին տրամադրել թեմային առնչվող այն տեղեկությունները, որոնք առկա են։ ԱԱԾ-ն, սակայն, պնդել է, որ նախորդ գրություններով հարցմանն արդեն իսկ տվել է պատասխան․ «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,- ասված է ԱԱԾ-ի՝ փետրվարի 21-ի գրության մեջ։ Այս խուսափողական պատասխանից ի վերջո անհայտ է մնում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ դատապարտված անձինք, որոնցով, ինչպես նախարարն էր նշել իր ելույթում, զբաղվում է ԱԱԾ-ն, Հայաստանում այժմ ազատության մեջ են թե ոչ։ Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են կալանք կամ տնային կալանք խափանման միջոցները Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանների եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա նախաձեռնված վերոնշյալ 5 վարույթները վերաբերում են սպանությունների դեպքերի։  Ըստ ՔԿ-ի՝ այդ վարույթներից 1-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան: Դրա շրջանակում 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը։ Մյուս 4 վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 1-ով մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 1-ով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2-ով քրեական հետապնդում դեռեւս չի իրականացվում: Հայաստան բռնի տեղահանված կալանավորների մասին տվյալներին ՔԿ-ն չի տիրապետում ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։ ՔԿ-ից տեղեկացրել են նաեւ, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողությունը կարգավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Հիշյալ հոդվածը սահմանում է, օրինակ, որ հանցանքը ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Նույն հոդվածի մեկ այլ դրույթի համաձայն՝  հանցանքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հոդվածով որոշակի լուծումներ նախատեսված են, բայց բացարձակ հետեւություններ անելուց առաջ օրենսդրական պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Տվյալ դեպքում, ըստ նրա, քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ (հաշվի առնելով, որ նրանց տրամադրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն շնորհել)։ Այսպիսով, բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին առնչվող մի շարք հարցեր մինչ օրս պարզ չեն։ Չնայած ՆԳ նախարարի՝ Ազգային ժողովում հրապարակային ելույթին, որից պարզ է դառնում, որ իրավապահ կառույցները տիրապետում են այդ անձանց վերաբերյալ տվյալներին եւ աշխատանքներ են տանում նրանց հայտնաբերման ուղղությամբ, վերջիններս չեն շտապում հանրությանը հաղորդել թեմային առնչվող որոշակի տեղեկություններ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի կամ խնդրի լուծման հնարավոր մեխանիզմների մասին։ Արդյունքում, հասարակական եւ պետական անվտանգության առնչությամբ ՀՀ քաղաքացիների մտահոգություններն ու կասկածները մնում են չփարատված։   Միլենա Խաչիկյան
16:45 - 28 փետրվարի, 2024