Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար: Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:
15:42 - 06 մայիսի, 2022
Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան

Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երևանը բավականին աղտոտված է, և, կարծում եմ, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել: Մենք քննարկումներ ունենք, պատրաստվում ենք յուրաքանչյուր շաբաթ մի վարչական շրջանում շաբաթօրյակ իրականացնել, որպեսզի արդյունքի հասնենք: Այս պահի դրությամբ արդեն 500 հավաքարար ունենք, բայց եթե շարունակեն աղտոտել, չենք հասնելու արդյունքի»,- նշել է Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվում է հասցեագրված տարածքներում: Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը ներգրավել է աղբատար Կամազների գրեթե ամբողջ պարկը: Աշխատանքները հստակ սխեմաներով է կազմակերպված նաև հանրապետության բոլոր բնակավայրերում: Յուրաքանչյուր կառույց գիտի, որ տեղում պետք է աշխատի մինչև աղբի աղբավայր տեղափոխումը: «Մենք պետք է ոչ թե ոգևորված շաբաթօրյակ անենք, այլ ոգևորված ամբողջ ժամանակահատվածում պետք է մեր շրջակայքը չաղտոտենք: Ցավոք սրտի, մենք կարծես դեռ խնդիր ունենք հասարակական տարածքները մերը համարելու մտքի հետ, բայց, կարծում եմ, նաև նման միջոցառումները և բոլորիս կողմից տարածվող այն միտքը, որ պետք է մաքուր միջավայրում ապրենք, անընդհատ տարածելով կհասնենք նրան, որ կգա մի ժամանակ և շաբաթօրյակ անելու անհրաժեշտություն չի առաջանա»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը: Քաղաքը մաքուր պահելու հարցում շատ կարևոր է, որ բնակիչները դառնան քաղաքային իշխանության աջակիցը. նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ Երևանը պետք է զգա յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքը: «Այս ամեն ինչը կետային լուծումներ է. մենք պետք է մեր վարքը փոխենք և աշխատենք, որ այն երկարաժամկետ լինի: Թե չէ, ամեն տարի բոլորս հավաքվելու ենք, մաքրություն ենք իրականացնելու, և դա կայուն չի լինելու: Մենք պետք է մեր հասարակության հետ երկխոսության մեջ մտնենք և պարզապես սիրենք մեր քաղաքը ոչ միայն բառերով կամ ֆեյսբուքյան գրառումներով, այլև մեր առօրյայով ու վարքով»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Համապետական շաբաթօրյակի շրջանակում լվացվել են նաև երևանյան արձանները:
15:45 - 30 ապրիլի, 2022
Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսեց Երևանի տրանսպորտային խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե քաղաքացիները պատշաճ վերահսկեն, որպեսզի նոր ավտոբուսներում մետաղադրամը ընդունիչ սարքում ներառվի․ «Մենք վարորդներին այս պահի դրությամբ 270.000 դրամ աշխատավարձ ենք տալիս, և ճիշտ կլինի, որ մեր քաղաքացիները նույնպես պատշաճ վերահսկողություն իրականացնեն, այդ 100 դրամը ընդունիչ սարքի մեջ ներառեն, մինչև մենք միասնական տոմսային համակարգը կունենանք։ Դա արել ենք այն տրամաբանությամբ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես շփում չունենա, հեռախոսով իրար հետ չխոսեն, չասեն՝ վազենք կանգառը, շուտ քաղաքացիներին տանենք, մի քանի հարյուր դրամ ավել տանենք»։Դիտարկմանը, որ կան վարորդներ, ովքեր վերցնում են քաղաքացիների վճարած մանրադրամները, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ առաջիկայում տրանսպորտի մասով կառավարման կենտրոն է ստեղծվելու․ «Այս պահի դրությամբ մենք տրանսպորտի մասով կառավարման կենտրոն ենք ստեղծում, մեր բոլոր ավտոբուսները կահավորված են 7 տեսախցիկներով, այդ կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն, հիմա այս ծրագիրը թեստավորման փուլում է, նախագծման աշխատանքներ է իրականացվում, հոկտեմբերին կունենանք կառավարման կենտրոնը, հիմա փորձում ենք այդ կետային լուծումները տալ»։Քաղաքապետի խոսքով՝ իրենք նաև վարորդների համար առողջապահական ապահովագրություն են նախատեսել․ «Ճիշտ կլինի, որ քաղաքացիները իրենք պատասխանատու լինեն, և այն 100 դրամը, որ տալիս են, վերադարձնենք համայնքին, և հավելյալ այլ միջոցներ ձեռք բերենք»։ 
14:05 - 28 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքը |1lurer.am|

Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքը |1lurer.am|

1lurer.am: Որքա՞ն են տուգանվում աղբը չսահմանված վայրում նետելու համար. հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց. «Սկսվում է 40 հազարից: Իսկ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար բավականին բարձր տուգանք է սահմանված: Մնացածը՝ 30 հազար դրամ, երբ աղտոտում են կոշտ նյութերով»: Ըստ քաղաքապետի՝ դա բավականին փոքր գումար է: Նրա կարծիքով՝ պետք է սահմանել տասնապատիկը: «Եթե 300 հազար դրամ լինի, հաստատ կմտածեն՝ լցնե՞ն, թե՞ ոչ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ նույնը վերաբերում է նաև ավտոմեքենայից ծխախոտի մնացուկներ նետելուն: «5 հազարի փոխարեն 50 հազար դրամ պետք է սահմանվի: Կարծում եմ՝ պետբյուջեն բավականին մեծ արագությամբ կլցվի»,- ասաց Երևանի քաղաքապետը: Փոխքաղաքապետին նա հանձնարարեց ուսումնասիրել այս հարցը:
13:16 - 25 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:     «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:   Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ակցիայի շրջանակում զբոսայգում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ:    
15:14 - 23 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին

Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին՝ հայտնում են քաղաքապետարանից։ Հատկանշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք: «Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը:
15:50 - 13 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

1lurer.am: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձավ ներդրված նոր ավտոբուսներում վճարման կարգին: Քաղաքապետը հանձնարարել էր, որ վարորդների մոտ որոշակի գումար լինի՝ դրամ մանրելու համար: Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար: «Ձեր հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է, բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Պատեհ առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր բնակիչներին՝ այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե նոր երթուղի դուրս բերելու համար «Ժոնգ տոնգ» մակնիշի քանի ավտոբուս կա: «Այս պահին ունենք 54 միավոր տեխնիկա: Մայիսի 1-ին կունենանք երթուղիներ՝ «Ժոնգ տոնգ» մակնիշով սպասարկելու համար»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետը հանձնարարեց մրցութային փաթեթ նախապատրաստել այդ դասի նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար: «Եկեք 2 շաբաթվա ընթացքում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարենք»,- ասաց Սարգսյանը:
11:40 - 11 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:   Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
20:00 - 07 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 06 ապրիլի, 2022
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ․ նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյան |news.am|

news.am: Այս պահին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ, շենքի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք, նոր ստեղծված կացարանները՝ նույնպես: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետրանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, այս պահին ՀՈԱԿ-ում կա երեք լուրջ խնդիր. «Առաջինը, սպառված էին մի շարք դեղամիջոցներ եւ բժշկական նյութեր, ինչը վիրահատական միջամտությունները դարձնում էին անհնարին: Հրատապ մրցույթ է հայտարարվել, այս շաբաթվա մեջ կմատակարարվեն դեղամիջոցները: Երկրորդ խնդիրը, մեքենաներից մեկը լրիվ խափանված է, եւ երրորդը, չի գործում կարանտինային հատվածի օդափոխության համակարգը»,-ասաց Բեգոյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց. «Արդեն հասկանալի է, որ դեղեր չեն ձեռք բերել: Այսինքն չեն հայասկանո՞ւմ, որ դեղերը պահեստում քիչ է, պետք է դեղեր ձեռք բերեն: Միտումնավոր սաբոտաժ են անում: Այնպես որ, այն որոշումը, որ պետք է տնօրենին փոխել, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ի՞նչ է նշանակում՝ դեղ չեն առել: Դա դեռ դեկտեմբերին պետք է մրցույթի դրած լինեին, առած լինեին»:    
14:37 - 04 ապրիլի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Էդմոն Ղազարյանը

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար: Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
18:52 - 29 մարտի, 2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Որպես բնակիչների հետ շփման առաջին օղակ կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ղեկավարից ակնկալում է բովանդակային փոփոխություններ ու ծառացած խնդիրների հարցում՝ հիմնարար լուծումներ: «Համայնքի առջև ծառացած խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար կան ոլորտներ, որտեղ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ: Դուք եք այն առաջնային օղակը, որն ուղիղ կապի մեջ պետք է լինի բնակիչների հետ և տեղում ծանոթանա բարձրացվող խնդիրներին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:
18:31 - 29 մարտի, 2022