ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, և ավելի լավ է այն թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև՝ ապահովելով անվտանգության որոշակի երաշխիքներ։ Ինչպես հաղորդում է eurointegration.com.ua-ը, այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Օրբանը կարծում է, որ Ուկրաինան պետք է «բուֆերային գոտի» դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, քանի որ Մոսկվան երբեք չի ընդունի երկրի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Ուզեք դա, թե չուզեք, ուկրաինացիներին դուր գա, թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա է այնտեղ, որտեղ գտնվում է: Լավագույն հեռանկարն այն է, որ նա լինի բուֆերային գոտի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի, Ռուսաստանը նորից, նորից ու նորից կկործանի Ուկրաինան: Ռուսաստանը երբեք չի ընդունի այն փաստը, որ իր սահմաններին լինի ԵՄ և ՆԱՏՕ անդամ Ուկրաինա»,- ասել է Օրբանը: Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային և Վրաստանին ընդունել ԵՄ և ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց, և դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»:
12:44 - 12 փետրվարի, 2024
Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի խորհրդարանը չի կարողացել վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ քվորումի բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունները, ունենալով 199-ից 133 մանդատ, ինչպես խոստացել էին, ներկա չեն եղել հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել են 148-ը։ Ուրբաթ հայտնի է դարձել, որ իշխող Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը փետրվարի 5-ին չի մասնակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացման քվեարկության համար հրավիրված արտահերթ նիստին և կսպասի Հունգարիայի ու Շվեդիայի վարչապետների հանդիպմանը։ Ֆիդեսի խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել է, որ վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի հենց սկզբում, որը մեկնարկում է փետրվարի վերջին։ Փետրվարի 5-ին արտահերթ նիստ էր նշանակվել, երբ ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ հրավիրել՝ վավերացնելու Շվեդիայի դիմումը։ Կանոնակարգի համաձայն՝ նիստ է նշանակվում, եթե դա պահանջում է պատգամավորների առնվազն 20%-ը։
19:35 - 05 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Խավիեր Կոլոմինա


 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Խավիեր Կոլոմինա |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։   Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին և այլ թեմաների։ -Վերջերս Հայաստանում էիք, որտեղ տարբեր հանդիպումներ ունեցաք։ Որո՞նք են քննարկված հիմնական հարցերը, ի՞նչ հետևություններ եք արել և առաջիկայում ի՞նչ սպասումներ կան։ -Այո, վերջերս Հայաստանում էի, հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ես նաև հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների և կրտսեր դիվանագետների հետ, դասախոսություն կարդացի։ Ընդհանուր առմամբ, լավ այց էր, շատ էական։ Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար­ ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը: Մենք նաև լայնորեն խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը։ Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար։ -Անշուշտ, երբ խոսում ենք կայուն և տևական խաղաղությունից, պետք է իմանալ, որ դա Հայաստանի համար կարևոր նպատակներից մեկն է։ Բայց ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից՝ հատկապես Ադրբեջանից հնչող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ են պարունակում։ -Ես ձեր իշխանություններից շատ անհանգստություն լսեցի, հատկապես նախագահ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։ Մեզ համար, ինչպես ասացի, հարաբերությունների կարգավորումը, որը տանում է դեպի տևական խաղաղության, այսօր հիմնարար տարր է, և մենք կպայքարենք դրան համար, կաջակցենք այն ճանապարհին, որը կհանգեցնի երկու երկրների միջև նմանատիպ բան ստորագրելու: Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին, մենք աջակցում ենք Եվրամիությանը։ Ես այնտեղ էի (խմբ․ Հայաստանում) Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այնպես որ, ես հնարավորություն ունեցա նրա հետ երկար զրուցելու, մենք նաև  աջակցում ենք բանակցությունների երկկողմ ձևաչափին։ Ի վերջո, երկու ազգերը պետք է որոշեն, թե ինչպես են նրանք առաջ շարժվելու, այնպես որ մենք կաջակցենք այն ամենին, ինչն ի վերջո կբերի խաղաղության: Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այնպես որ, ինչպես ասացի, շատ մտահոգություններ լսեցի։ Չեմ կարծում, որ հայտարարություններն օգնում են, որ գործընթացն առաջ գնա։ Մենք շարունակելու ենք նույն ուղերձը հղել գործընկերներին, նրանք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն բանակցությունները։ Իրականում, ես կցանկանայի ավելացնել, որ իմ այցը պետք է լիներ տարածաշրջանային: Մենք արդեն աշխատել էինք երկու մայրաքաղաքների հետ, որպեսզի այն տարածաշրջանային դառնա, բայց հունվարի սկզբին Ադրբեջանը որոշեց հետաձգել այցը նախագահական ընտրությունների պատճառով, ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ: -Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի մասին։ Ինչպես գիտեք, Հայաստանը փորձում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Ձեր կարծիքով, Թուրքիան ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Կգնա՞ Թուրքիան հարաբերությունների իրական կարգավորման, թե՞ բանակցությունները կրկին կրելու են ձևական բնույթ։ -Մեզ համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։ Մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել Թուրքիայի հետ ամեն թեմայի շուրջ և, իհարկե, խոսում ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում։ Չգիտեմ, գուցե, նրանք իրականում նախ սպասում են ինչ-որ առաջընթացի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Դա, հավանաբար, կարող է լինել նկատառումներից մեկը, բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես շահագրգռված են առաջ տանել հարցը: Ինչպես գիտեք, ես իսկապես չեմ կարող խորանալ մեր դաշնակիցների արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, և մենք խոսել ենք այս մասին, շատ դրական զարգացում կլինի, երբ դա տեղի ունենա: -Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորության մասին խոսեցիք։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կերպով աջակցեց Հարավային Կովկասում տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմին՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից։ Կառույցի արձագանքն այդքան էլ խիստ և պարտավորեցնող չէր։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է Ադրբեջանին՝ արդյոք հնարավոր համարում ե՞ք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, և այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հաշվի առնելով, որ այս անգամ «վիճարկելի տարածք» արդարացումը չի կարող լինել, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված երկրի մասին է։ -Շատ դժվար է կանխարգելել խոսակցությունները, և, ինչպես ասացի, ես իսկապես չեմ կարող մտնել իմ դաշնակիցների արտաքին քաղաքական որոշումների մեջ: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են։ Երեք տարի առաջ իրավիճակն այլ էր։ Ինչպես ասացիք, հակասություն եղավ այն առումով, թե ինչպես եք դուք նայում տվյալ անկլավին: Եվ թեև եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, սակայն, ինչպես ասացի, հակասություն կար։ Կարծում եմ, որ մենք հիմա այլ իրավիճակի առաջ ենք, և կարող եմ ենթադրել, որ արձագանքն այլ կլինի։ -Ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին աջակցելու համար։ -Մեր քաղաքականությունը շատ պարզ է, և այդ քաղաքականությունն անկեղծորեն շատ է սահմանափակում մեր անելիքները։ Բայց քաղաքականությունը հիմնված է այն բանի վրա, որ մենք ընդհանրապես կողմ չենք բռնում գործընկերների միջև․ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ առհասարակ մենք որոշել ենք իրականացնել այդ քաղաքականությունը, եթե չկան ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրում ամրագրված սկզբունքների  խախտումներ։ Ուստի, այս փուլում ես վայելում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունն այն հարցում, որ պետք է աշխատենք, աջակցենք, ավելի մեր ներկայություն ունենանք։ Այս պաշտոնը ստանձնելուց ի վեր (խմբ․ 2021 թվականի սեպտեմբերից) ես յոթ անգամ այցելել եմ տարածաշրջան, հավանաբար, ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կովկասի համատեքստում մենք ունենք քաղաքականապես ավելի շատ ներկայություն․ երեք երկրներ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բայց մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում։ Եվ մենք միշտ շատ պարզ ենք եղել, թե ինչ ենք ակնկալում մեր գործընկերներից․ ակնկալել ենք հարաբերությունների կարգավորում՝ հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա, և այդ սկզբունքներից մի քանիսը սկզբունքներ են, որոնք ամրագրված են Վաշինգտոնի պայմանագրում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։  Մենք կշարունակենք պաշտպանել այդ նույն գիծը, կշարունակեք նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ -Վերադառնալով սկզբում Ձեր ասածին, որ շատ գոհ եք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններից։ Ծրագրեր կա՞ն դրանք ընդլայնելու։ Եթե այո, ապա ի՞նչ ուղղություններով: -Այո, մենք շատ գոհ ենք։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդհանուր առումներով, մենք միշտ պատրաստ ենք շարժվել այն տեմպերով, որով ցանկանում են շարժվել մեր գործընկերները։ Այսպիսով, մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Երևանը, օրինակ, որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության եւ նվիրվածության նշան է: Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի  (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է: Այսպիսով, այժմ այն, ինչ մենք ունենք առաջիկայում, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատումն է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, և մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:17 - 31 հունվարի, 2024
Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանի և Սիրիայի հետ սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։ «Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել է, որ կիրակի օրը Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր և վիրավորվել 25-ը: Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները, անշուշտ, կպատասխանի Մերձավոր Արևելքում իր բանակի դեմ հարձակմանը և կընտրի դրա ժամանակն ու մեթոդը: The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել կանխել հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող բազայի վրա, քանի որ շփոթել են թշնամու անօդաչու թռչող սարքը սեփական անօդաչու թռչող սարքի հետ: Հրատարակության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը մոտենում էր բազային ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերադարձի հետ միաժամանակ։ Հրատարակությունը գրում է, որ միջադեպի լույսի ներքո ԱՄՆ-ը դիտարկում է Իրաքում, Սիրիայում և Իրանում «գրոհայիններին» հարվածելու հնարավորությունը, թեև պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանի տարածքի վրա հարձակումները քիչ հավանական են թվում։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ բազաները, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։
09:26 - 30 հունվարի, 2024
Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
 |azatutyun.am|

Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը փետրվարին կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, հաղորդում է Reuters-ը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած օրերին հեռախոսազրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ լիովին կաջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի մեր ընդհանուր անվտանգությունը։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հունգարիան հյուսիսատլանտյան դաշինքի վերջին երկիրն է, որը դեռևս հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցության հայտնին։ Թուրքիայի խորհրդարանը Ստոկհոլմի դիմումը վավերացրել է մի քանի օր առաջ:
16:18 - 26 հունվարի, 2024
ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը
 |factor.am|

ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
13:48 - 24 հունվարի, 2024
Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում․ Ստոլտենբերգ
 |hy.armradio.am|

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում․ Ստոլտենբերգ |hy.armradio.am|

hy.armradio.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի հայտը և կոչ է արել Հունգարիային հետևել Թուրքիայի օրինակին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ «Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քվեարկությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու վերաբերյալ: Ես նաև ակնկալում եմ, որ Հունգարիան հնարավորինս շուտ կավարտի վավերացումը», - ասել է գլխավոր քարտուղարը: Նա հավելել է, որ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում»։ Թուրք պատգամավորները հունվարի 23-ին հաստատել են դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը վավերացնող օրինագիծը։ Այժմ Հունգարիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որի խորհրդարանը դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության դիմումը։ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու իրենց դիմումները ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ ցույց տալով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները իրենց դրդել են նման քայլի։ Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցություն է ստացել 2023 թվականի ապրիլի 4-ին։
09:56 - 24 հունվարի, 2024
Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը |azatutyun.am|

azatutyun.am: Ձայների 55 դեմ, 287 կողմ հարաբերակցությամբ Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, հաղորդում է Reuters-ը։ Որոշումը ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրումից հետո։ Խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովը արձանագրության վավերացմանը հավանություն էր տվել անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Շվեդիան 2022-ին ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացրեց՝ իր անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է հաստատեն դաշինքին միանալու ցանկություն ունեցող երկրների դիմումը: Շվեդիայի անդամակցության հայտը Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամներից չէին վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։ Անկարան վավերացնելու դիմաց Ստոկհոլմից, մասնավորապես, պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՔԲԿ-ի աջակիցների հանդեպ՝ կուսակցության, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։ Սկանդինավյան այս պետությունը արդեն մի շարք աննախադեպ որոշումներ է կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոսին, փոխել է ահաբեկչության մասին օրենսդրությունը։    
09:24 - 24 հունվարի, 2024
Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|

Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|

factor.am: Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի ամենակարևոր օրակարգային հարցերից է լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը, հայտնում է TRT Haber-ը։ Նշվում է, որ քննարկումից հետո այն ներկայացվելու է խորհրդարանի անդամների քվեարկությանը։ Ըստ թուրքական մամուլի տեղեկությունների՝ քվեարկությունը տեղի է ունենալու այս շաբաթ, սակայն հստակ օր չի նշվում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտն առաջին անգամ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ է բերվել անցյալ տարվա նոյեմբերի 16-ին։ Դեկտեմբերի 26-ին անդամակցության արձանագրությունն ընդունվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու համար դիմել էին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։ Անկարան Ֆինլանդիայի հայտը վավերացրել էր 2023 թվականի մարտին, իսկ Շվեդիայի հայտի դեպքում տարբեր նախապայմաններ է առաջ քաշում։
15:30 - 23 հունվարի, 2024