armenpress.am: ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան, պատրաստ չեն տեղի տալու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պահանջներին և անհապաղ հրավիրելու նրան դաշինք՝ Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելու մտավախությունների պատճառով։
Այդ մասին հաղորդում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չորս պաշտոնյաների ու դիվանագետների։
Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ Գերմանիան և ԱՄՆ-ն առաջին երկրների թվում են, որոնք ձգձգում են Կիևին դաշինք հրավիրելու հարցը։
«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում: Նրանք տատանվում են այդ հարցում (խմբ.՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության)», - մեջբերում է POLITICO-ն դաշինքի պաշտոնյայի խոսքը, որի անունը չի նշվում։
Ուկրաինայի անդամակցությանը դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։
Հրատարակության մեկ այլ զրուցակցի խոսքով՝ դաշինքի երկրները միայն վերացականորեն են հավանություն տալիս Ուկրաինայի անդամակցությանը և կսկսեն ակտիվորեն դիմադրել դրան, հենց դա սկսի իրականություն դառնալ։ Լրատվամիջոցի գնահատումներով՝ դաշինքի առանցքային անդամները ձգձգում են Կիևի հրավերը, քանի որ «անհանգստացած են, որ կներքաշվեն Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»։
POLITICO-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում կարծում են, որ ԵՄ երկրների մեծ մասը չի աջակցի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ ԱՄՆ վարչակազմում բազմիցս ասել են, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել։ Ընդ որում, ըստ պարբերականի զրուցակցի՝ Կիևի հնարավոր հրավերն ապագայում «կկապվի Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի պարտադիր բարեփոխումների հետ»:
Իր «հաղթանակի ծրագրում», որը Զելենսկին վերջերս ներկայացրել էր ԵՄ երկրներին, իսկ մինչ այդ՝ ԱՄՆ ղեկավարությանը, նա խնդրում է անմիջապես հրավիրել Ուկրաինային ՆԱՏՕ, սակայն միևնույն ժամանակ ընդունելով, որ դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։
comment.count (0)