Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց |news.am|

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ նոյեմբերի 19-ին, շարունակվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է անվասայլակով, ուղեկցում են շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «առողջություն զորավարին» կոչերով: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։  
11:57 - 19 նոյեմբերի, 2019
Դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի մասին Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի մասին Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ դատարանի խորհրդակցական սենյակ գնալը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ, ինչից հետո նրան շտապօգնության բժիշկները տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ։ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
13:32 - 12 նոյեմբերի, 2019
Դատարանը մերժեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը |news.am|

Դատարանը մերժեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 5-ին, որոշեց մերժել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը գրավով։ Պաշտպանները շեշտում էին, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկա է նկատվում, ավելին՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
11:22 - 05 նոյեմբերի, 2019
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց հերթական միջնորդությունը |24news.am|

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց հերթական միջնորդությունը |24news.am|

24news.am։ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո այդ մասին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը:Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
11:35 - 20 օգոստոսի, 2019
Մանվել Գրիգորյանի քրեական գործով նիստին փորձագետ է ներկայացել |shantnews.am|

Մանվել Գրիգորյանի քրեական գործով նիստին փորձագետ է ներկայացել |shantnews.am|

shantnews.am: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության այսօրվա նիստին ամբաստանյալը կրկին չէր ներկայացել` առողջական խնդիրների պատճառով: Հիշեցնենք` նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Այսօրվա դատական նիստին ստացվել էր առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի դիմումն այն մասին, որ նա այլևս փորձագիտական հանձնաժողովի անդամ չէ: Նրա փոխարեն Գագիկ Հարությունյանն է նշանակվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում:Դատական նիստին ներկայացել է միջազգային փորձագետ Նորբերտ Ավետյանը, ով ներգրավվեց նույն հանձնաժողովի կազմում: «Ես Գրիգորյանին բուժում եմ 8 տարի, նա ստացել է ճառագայթային բուժում, քիմիաթերապիա: Ամեն տարի իմ կողմից քննվել է, բայց վերջին 2 տարում չի հետազոտվել»,- ասաց փորձագետը: «Նա իմ հիվանդն է, 20 տարի ես բուժում են նրա դստերը՝ Նառային, և Մանվել Գրիգորյանի բուժման համար գումար չեմ վերցրել»,- պարզաբանեց փորձագետը` ի պատասխան պետական մեղադրողի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է հիվանդի հետ և արդյո՞ք վարձրատվել է նրա կողմից: Փորձագետն ասաց, որ բուժման համար իրեն վարձատրել է հիվանդանոցը: Պետական մեղադրողը 10 րոպե ժամանակ խնդրեց փորձագետին բացարկ հայտնելու համար:
09:08 - 20 օգոստոսի, 2019
|news.am |Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը. Ուղիղ

|news.am |Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը. Ուղիղ

news.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
08:17 - 20 օգոստոսի, 2019
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի ընտանեկան միջոցների վրա կալանքը հանելու միջնորդությունը ևս դատարանը մերժեց |tert.am|

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի ընտանեկան միջոցների վրա կալանքը հանելու միջնորդությունը ևս դատարանը մերժեց |tert.am|

tert.am: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի ընտանեկան միջոցների վրա կալանքը հանվի: Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանը վճարովի հիմքերով բուժում է ստանում, նաև պաշտպանությունն իրականացնելու համար այս ընթացքում ֆինանսական խնդիրները լուծել են հարազատների, բարեկամների օգնության միջոցով: Մեղադրող կողմից ասացին, որ միջոցները գերազանցում են 2 մլրդ դրամը: Այսպիսով՝ 1 մլրդ-ի հետ կապված գույքի և միջոցների վրա դրված կալանքը վերացվեց: Իսկ ինչ մնում է դատավարությանը և բժշկական ծառայությունից օգտվելուն, ասացին, որ կարող է նա պետականորեն անվճար ծառայություններից օգտվել: «Հետևաբար սույն միջնորդությունն այս պահին, կարծում ենք, ենթակա է մերժման»,-ասաց մեղադրող կողմը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը մերժեց և նշեց, որ համապատասխան վճարումներ և ծախսեր անելու համար հնարավոր է բազմաթիվ պատճառաբանություններ բերվեն, բայց Գրիգորյանը կարող է պետական միջոցներով այդ ծառայությունները ստանալ:
14:36 - 30 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման համար ՀՀ–ն է ՄԻԵԴ–ում պատասխան տալու |24news.am|

Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման համար ՀՀ–ն է ՄԻԵԴ–ում պատասխան տալու |24news.am|

24news.am։ Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող խոշտանգման և ընտրովի արդարադատության պատասխանը վաղը Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին է վիճարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Դատական իշխանությունը, գտնվելով գործադրի կոշիկի տակ, ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, այլ խնդիրներ է ստեղծում ՄԻԵԴ-ում։ ՄԻԵԴ-ն այսօր անդրադառնում է տարիներ առաջ մարդու իրավունքների խախտումների գործերով բազմաթիվ հայցերի: Դրանք, որպես կանոն, այն գործերն են, երբ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացրել, որը նաև տեղի է ունենում Հայաստանում»,–նշեց փաստաբանը։ Փաստաբանը կարծիք հայտնեց, թե ՄԻԵԴ–ի որոշումները պետք է «սառը ցնցուղ լինեն դատական եւ ընդհանրապես իշխանությունների համար։ «Օրեր առաջ Մանվել Գրիգորյանը հերթական հետազոտությունն է անցել, եւ արձանագրվել է էլ ավելի բացասական դինամիկա: Խոշտանգումը շարունակվում է»Մանվել Գրիգորյանի գործով վաղը կայանալիք նիստին պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է պատրաստվում ներկայացնել: «Եթե դատարանը նորից մերժի միջնորդությունը, բոլոր փաստաթղթերը կրկին կուղղարկվեն ՄԻԵԴ: Մանվել Գրիգորյանն անդամալույծ է, ոտքերը չեն աշխատում: Մենք մեր մեջ մշակույթ պետք է դաստիարակենք, որ կապ չունի ո՞վ է անձը, նրա իրավունքը պետք է պաշտպանվի»,-ասաց նա։
12:08 - 29 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանը կրկին չի բերվել դատարան. վիճակը լավ չէ |factor.am|

Մանվել Գրիգորյանը կրկին չի բերվել դատարան. վիճակը լավ չէ |factor.am|

factor.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր ևս չկայացավ, քանի որ Գրիգորյանը դատարան չէր բերվել: Դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացել էր գրություն, համաձայն որի՝ Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով: Նշենք, որ արդեն մի քանի դատական նիստ է, որ հետաձգվում է Գրիգորյանի բացակայության պատճառով: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։  
09:15 - 16 հուլիսի, 2019
Եթե Մանվել Գրիգորյանը մնար ՔԿՀ–ում, ապա դա կդիտվեր խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ |news.am|

Եթե Մանվել Գրիգորյանը մնար ՔԿՀ–ում, ապա դա կդիտվեր խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ |news.am|

news.am։ Մանվել Գրիգորյանը գտնվում էր Նաիրի ԲԿ-ում: Նրան այնտեղից տեղափոխեցին ՔԿՀ: Մենք դրանից հետո այց իրականացրեցինք Մանվել Գրիգորյանին, ուսումնասիրեցինք նրա բժշկական փաստաթղթերը, ինչից հետո եզրահանգում եղավ, որ ՔԿՀ-ն չունի պայմաններ, որպեսզի երաշխավորի նրա առողջական վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հիշեցնելով քաղաքացիական բժշկի եզրակացությունը, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:«Մենք միանգամից հայտարարեցնք, որ Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց լսեցի ՄԻԵԴ-ի հայտարարությունը, որ Գրիգորյանին պետք է տեղափոխել «Նաիրի» ԲԿ: ՄԻԵԴ-ը բառացիորեն ասաց այն, ինչ հայտարարել էի ես մի քանի ժամ առաջ: Որովհետեւ մենք աշխատում ենք նույն դատարանի սկզբունքներով։ Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխել նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, թե սա եւս մեկ ապացույցն է, որ ՄԻՊ-ի դիրքորշումները համընկնում են ՄԻԵԴ-ի որոշումների հետ։ Թաթոյանը նշեց, որ խոշտանգման մասով գնահատակներ չի կարող տալ. «Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել ՔԿՀ-ում, այո, խոշտանգում կլիներ։ Ոչ միայն խոշտանգում, այլ անմարդկային վերաբերմունք, եթե նա շարունակեր մնալ ՔԿՀ–ում, դա միջազգային կանոն է»:
11:30 - 15 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի գործով դատավորը պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը |hetq.am|

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը |hetq.am|

hetq.am։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպաններից պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը, որոնք պետք է ներգրավվեն Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությանը: Դատավորը նշեց, որ փորձագետներին պետք է նախազգուշացնել կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին: Նշենք, որ Գրիգորյանի նկատմամբ վերը նշված փորձաքննություն նշանակելու որոշումը կայացվել է նախորդ՝ հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ մեկ շաբաթ անց դեռևս հանձնաժողով չի ձևավորվել:   Այսօրվա դատական նիստի ընթացքում Բաղդասարյանը միջնորդեց կալանքից հանել Գրիգորյանին և վերջինիս ընտանիքին պատկանող գույքի վրա դրված կալանքը, քանի որ այդ ընկերությունները կալանքի որոշմամբ վնասներ են կրում: Նշենք, որ կալանքի տակ է Գրիգորյանի և ընտանիքի ամբողջ գույքը, նրանց պատկանող ընկերությունները հնարավորություն չունեն ընկերության գումարներից վճարել աշխատակիցների աշխատավարձերը:   Դատարանը, սակայն, միջնորդության քննությունը հետաձգեց, քանի որ գործի ապացույցները դեռևս հետազոտված չեն:   Դատական հաջորդ նիստը հուլիսի 16-ին է:  
10:59 - 09 հուլիսի, 2019
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը |news.am|

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը |news.am|

news.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։ Նշենք, որ պաշտպանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանի՝ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Պաշտպանը միևնույն ժամանակ, որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։
10:00 - 09 հուլիսի, 2019