ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։   Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50%:   Ճարպակալման վտանգները   Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ:   Ո՞րն է ավելորդ քաշի և ճարպակալման պատճառը   Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով: Ավելորդ քաշի ազդեցությունը դեռահասների վրա   Ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ:   Ինչպե՞ս կանխարգելել   Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից: Ճարպակալման կանխարգելումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է։ Իրականացվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված արշավներ ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ` ֆիզիկական ակտիվության խրախուսման ուղղությամբ։
10:43 - 04 մարտի, 2025
Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|

Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում մի քանի ուղղություններով։   «Վստահ եղեք, մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, թե ամբուլատորիաներում, թե պոլիկլինիկաներում։ Դիտարկում ենք ուսումնական հաստատություններում հաճախելիությունը, բուժհաստատություններ դիմելիությունը։ Մեր ուշադրության կենտրոնում են հիվանդանոցները, վերակենդանացման բաժանմունքները։ Մենք ունենք հստակ ուղեցույց այն մասին, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների վարակի բռնկումները զսպելու համար։ Ասեմ, որ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ  հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն չկա»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։  Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս շրջանում փակվեն դպրոցներն ու մանկապարտեզները՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա անարդյունավետ միջոց է։ Սուր շնչառական վարակների ակտիվացման սեզոնը սկսվում է նոյեմբերից և տևում է մինչև մարտ։ Այդ ընթացքում սուր շնչառական վարակների ակտիվացման պարագայում ուսումնական հաստատությունները փակելը տեղին չէ։  «Դա պարզապես անհնար է։ Ի վերջո, ցանկացած միջոցառում պետք է խելամիտ իրականացվի, որպեսզի արդյունքն ունենանք։ Առանձին դեպքերում մենք ունենք լուծումներ։ Մասնավորապես, ունենք առանձին հնարավորություններ դպրոցների մասով։ Եթե կոնկրետ դպրոցում  բացակայությունների թիվը 25 տոկոսից աճել է՝ ելնելով երեխաների հիվանդացությունից, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ համաձայնեցնելով կրթական գերատեսչության հետ։ Այսինքն՝ մեխանիմզը ստեղծված է։ Ամեն դեպքում կրկնում եմ, այս պահին և դրանից առաջ ունեցած համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չէ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակների հետ կապված հիվանդացության նվազման միտում է նկատվում։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե դպրոցներում բժշկից տարված թուղթը հաշվի չի առնվում ու մտավախություն կա երեխաների բացակայության առնչությամբ, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը կքննարկի իր գործընկերոջ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորեց հետևել մասնագետների խորհուրդներին, պահպանել ձեռքերի հիգիենան, հագնվել եղանակին համապատասխան, փակ տարածքները պարբերաբար օդափոխել, գանգատների դեպքում դիմել բժշկին։ 
12:35 - 28 փետրվարի, 2025
Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Մեր գործընկերությունը ևս մեկ քայլ է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման, դիմակայունության ամրապնդման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման ճանապարհին։ Հոգեկան առողջությունը, կրթական բարեփոխումներն ու բուժանձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը մեր առաջնահերթություններից են։ Հավատացած ենք, որ առաջիկա երկուս ու կես տարիների ընթացքում կհասնենք կարևոր ձեռքբերումների և կունենանք արդյունավետ համագործակցություն»,- ողջունելով միջազգային գործընկերներին` նշել է Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարություն — Եվրոպական միություն — ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում բուժաշխատողների կարողությունների բարելավմանն ու հզորացնելով հոգեկան առողջության համակարգը: Այս հարցում Հայաստանի քաղաքական կամքն ու պատրաստակամությունը բարձր են գնահատել միջազգային գործընկերները: Միջոցառմանը նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ընդգծել հոգեկան առողջության ոլորտում վերջին տարիներին կատարած և ընթացիկ աշխատանքները` կապիտալ շինարարությունից, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար արժանապատիվ պայմաններ ստեղծելուց մինչև բուժաշխատողների համար գործելակարգերի մշակում: Կարևորելով մասնագիտական զարգացումը` Անահիտ Ավանեսյանը նշել է նոր չափանիշներ ներդնելու անհրաժեշտությունը ոչ միայն բժիշկների, այլև` բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կրթության համար` իրագործման այդ ճանապարհին բարձր գնահատելով ԵՄ-ի և ՄԱԿ-ի աջակցությունը:
10:27 - 27 փետրվարի, 2025
Որն է առողջության համապարփակ ապահովագրության նպատակը. մանրամասնել է առողջապահության նախարարը |armenpress.am|

Որն է առողջության համապարփակ ապահովագրության նպատակը. մանրամասնել է առողջապահության նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե որն է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նպատակը։  «Առաջին նպատակը, իհարկե, առողջականն է։ Մեր նպատակն է, որ մեր քաղաքացիների մահացության և հիվանդացության հիմնական բեռ հանդիսացող բուժծառայությունները հասանելի դառնան մեր բնակչությանը։ Երկրորդը, իհարկե, ֆինանսականն է։ Հասանելիությունը իրենից ներկայացնում է ֆիզիկական հասանելիությունը և որակյալ ծառայություններին հասանելիությունը, բայց նաև նշանակում է, որ մենք բժշկի դիմենք ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել, այլ, երբ իսկապես դրա կարիքն ունենք։ Սա նշանակում է, որ մեր նպատակն է կազմակերպել ճիշտ և գրագետ բուժօգնություն։ Երբ դանակը ոսկորին է հասել, նշանակում է, որ մենք ծախսում ենք շատ մեծ միջոցներ խնդիրը լուծելու համար։ Շատ հաճախ չենք էլ կարողանում փրկել մարդու կյանքը։ Գրագետ մոտեցումն է, որ մարդը բժշկի դիմի կանխարգելման համար, վաղ հայտնաբերման համար, երբ ինչ-որ բան է հայտնաբերվում, մենակ չմնա իր հիվանդության հետ և չվախենա բժշկի դիմելուց, որովհետև գիտի, որ, ամսական փոքր վճարներ կատարելով, արդեն ապահովագրել է ինքն իրեն մեծ ծախսերից»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարարը։ Ավանեսյանը կոնկրետ օրինակ է բերում՝ բացատրելով, թե ինչ է փոխելու մարդու կյանքում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։ «Երբ մարդը շատ վատ վիճակում, ինքնազգացողության ծայրահեղ վիճակում հասցվում է հիվանդանոց, և պարզվում է, որ նրան սրտի վիրահատություն է անհրաժեշտ, սրտի բաց վիրահատությունը մեր երկրում միլիոններ արժի, և, եթե դուք պետական պատվերի շահառու չեք, ստիպված պիտի լինեք այդ րոպեին այդ գումարները վճարել։ Հիմա հետ վերադառնանք՝ ինչպիսի՞ն կլիներ այդ մարդու ուղին այս ապահովագրության շրջանակներում։ Երբ նա այցելեր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և տարեկան իր հետազոտությունների ժամանակ հայտնաբերվեր, որ ունի զարկերակային բարձր ճնշում, բժիշկը նրան կնշանակեր անհրաժեշտ հետազոտությունները, կնշանակեր դեղերը, խրոնիկ հիվանդություն ունենալու դեպքում այս մարդը կստանար իրեն անհրաժեշտ դեղորայքն ապահովագրության շրջանակներում։ Եթե դա չօգներ և կյանքի ինչ-որ փուլում իսկապես կարիք լիներ սրտի բաց վիրահատություն անելու, դա կլիներ ապահովագրության շրջանակներում, և մարդը չէր կանգնի անտանելի ծախսերի առաջ»,- մանրամասնել է Ավանեսյանը։  Նախարարը կրկնել է, որ առողջության համապարփակ ապահովագրության նպատակն է ապահովել քաղաքացիների հասանելիությունը որակյալ բուժծառայություններին և նպաստել, որ քաղաքացիներն ազատվեն անտանելի ֆինանսական ծախսերից, երբ բուժօգնությունից օգտվելու կարիք կա։ 
11:10 - 26 փետրվարի, 2025
Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել. նախարար

Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բուժաշխատողի նկատմամբ հերթական բռնության դեպքի մասին և դատապարտել այն: «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում՝ շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նախարարը:
10:03 - 25 փետրվարի, 2025
Ազատանում հիվանդատերը մոխրամանով հարվածել է Գյումրու շտապօգնության բուժակին․ նա քթի կոտրվածք է ստացել
 |aravot.am|

Ազատանում հիվանդատերը մոխրամանով հարվածել է Գյումրու շտապօգնության բուժակին․ նա քթի կոտրվածք է ստացել |aravot.am|

aravot.am: Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, հերթական բռնության դեպքն է գրանցվել Գյումրու շտապօգնության աշխատակիցներից մեկի նկատմամբ։ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղի բնակիչներից մեկը ծեծել է բուժօգնության մեկնած բուժակ Մհեր Քոլոյանին (լուսանկարում)՝ նրան մարմնական վնասվածքներ պատճառելով։ «Գյումրու շտապ բուժօգնության կայանի» տնօրեն Կարեն Թորոսյանն Aravot.am-ին պատմեց, որ որևէ պատճառ չի եղել միջադեպի․ շտապօգնության բրիգադն առանց ուշացման, ճիշտ ժամանակին հասել է բուժօգնության Ազատանի տարեց բնակչին։ Ըստ Կարեն Թորոսյանի, բուժօգնության կարիք ունեցող տարեց տղամարդու մոտ նկատվել է գիտակցության կորուստ, բուժակը ներարկում կատարելուց հետո առաջարկել է հիվանդատիրոջը նրան արագ տեղափոխել հիվանդանոց, սակայն որդին կտրականապես դեմ է կանգնել։ Բուժակն առաջարկել է բժշկական բրիգադ կանչել։ Այդ տարբերակին ևս դեմ է կանգնել որդին, փոխարենն անակնկալ ձևով հարձակվել ու ծեծել է Մհեր Քոլոյանին, մոխրամանով հարվածել է գլխին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներին։
13:51 - 21 փետրվարի, 2025
Անահիտ Ավանեսյանը մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է թվայնացման ընթացիկ աշխատանքները

Անահիտ Ավանեսյանը մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է թվայնացման ընթացիկ աշխատանքները

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023-2024 թվականների ծախսային արդյունավետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները:   «Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ լինեն: Ապահովագրական ռեֆորմը զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու ծառայությունների տեսակների ընդլայնման և սպասարկման ծավալների մեծացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարը հանդիպմանն անդրադարձել է բարեփոխմանն ընդառաջ իրականացվող աշխատանքներին` բոլոր մարզերում իրականացվող կապիտալ շինարարությանը, վերազինմանը, թվայնացման ընդլայնմանը, որակի վերահսկման և ներքին կառավարման ներդրմանը:   Անահիտ Ավանեսյանը խրախուսել է օգտվել պետական աջակցման լիզինգային ծրագրից` լրացուցիչ բուժծառայություններ ներդնելու հնարավորությունից:   Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:   Հավաքագրված խնդիրներին տեղում լուծումներ տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նախարարի մարզային այցեր:
19:21 - 17 փետրվարի, 2025
Փրկարարները Ստեփանավան քաղաքի հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի, 6 քաղաքացի տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ

Փրկարարները Ստեփանավան քաղաքի հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի, 6 քաղաքացի տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ

Փրկարարները Ստեփանավան քաղաքի հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժօգնության դիմած 6 քաղաքացիներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման  բաժանմունքում, երկուսինը` թեթև:  
14:10 - 08 փետրվարի, 2025
Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|

Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով: «Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, [էլեկտրոնային եղանակով ներկայացնելը] հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու: Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասաց նա: Կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը: Հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90--100 տոկոսը»,- ասաց նա: Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները, որոնք, ըստ նախարարի, նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- հավելեց նախարարը:
12:06 - 06 փետրվարի, 2025
Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը

Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:   Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը:   Նոր մոդելի համաձայն՝ համագործակցության կհրավիրվեն նաև սննդի արդյունաբերության ներկայացուցիչները նոր քաղաքականություն մշակելու համար:   Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ստեղծված քաղաքականությունն արդյունավետ կգործի և կծառայի հանրության առողջության ցուցանիշների բարելավմանը:    
22:36 - 03 փետրվարի, 2025
Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին:   Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ինչպես նաև ծառայությունների որակի վերահսկման ուղիները, ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի հետ, քննարկել համատեղ իրականացված աշխատանքները, ներկա համագործակցության ընթացքը:   Հայկական և վրացական կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել երկարամյա գործակցությունը` ընդլայնելով փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում` գիտական ոլորտում:   Հանդիպման ընթացքում պատվիրակները քննարկել են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի արդի ծրագրերը, պատվաստման գործընթացին վերաբերող հարցերը, նաև համատեղ անցկացվող միջոցառումների ընդլայնման ուղղությունները:
15:03 - 22 հունվարի, 2025