Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

ՀՀ Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը. Բադասյան

ՀՀ Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը. Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում: Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022 թ. դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է արձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։ Բադասյանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ «Ցանկանում եմ գոհունակությամբ նշել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ​​եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Բադասյանը: «Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին:
17:34 - 01 փետրվարի, 2023
Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան

Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման համար պայմանագիր է կնքվել «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Պայմանագրի արժեքը 18 միլիոն 495 հազար եվրո է: «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար: Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,- գրել է Բադասյանը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:
12:14 - 30 հունվարի, 2023
ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Բագրատաշենի մաքսակետ

ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Բագրատաշենի մաքսակետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի hառանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների դյուրացման և թվայնացման ուղղությամբ: Աժ պատգամավորներին ներկայացվել են նաև Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը: Միաժամանակ մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները: Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում:
11:02 - 25 հունվարի, 2023
Ամփոփվել են ՊԵԿ 2022թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են ՊԵԿ 2022թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի 2022թ. կատարած աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես՝ զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Նախ ներկայացվել է հաշվետվություն հարկային մարմնի 2022թ. գործունեության վերաբերյալ: Ըստ այդմ՝ զեկուցվել է 2022 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքի մասին: Նշվել է, որ հարկային եկամուտները նախորդ տարվա ընթացքում կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում շահառուներին հիփոթեկային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուների թիվը կազմել է 29 հազար: Ըստ պատասխանատուների՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017 թվականին արտոնությունից օգտվել է ընդամենը 2 հազար 400 շահառու: Այս համատեքստում, զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների (ԱԱՀ) միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին: ՊԵԿ նախագահը զեկուցել է նաև 2022թ. ընթացքում իրականացված կարևոր միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ մանրամասներ է ներկայացվել համալիր հարկային ստուգումների ռիսկային չափանիշների վերանայման, «Թեմատիկ ուսումնասիրություն» հսկողության տեսակի սահմանման և հարկ վճարողների բողոքները քննելու նոր մեխանիզմի սահմանման մասին: Իրականացված վերլուծությունների արդյունքում բազմաթիվ հարկ վճարողների ճշգրտել են իրենց պարտավորությունները՝ 31 մլրդ դրամով: Հաջորդիվ ներկայացվել են մաքսային համակարգում 2022 թվականին իրականացված փոփոխությունների ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցման աշխատանքներին: Նշվել է, որ կրճատվել է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների ներկայացվածությունը: Դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով: Արդյունքում՝ ապրանքների բացթողնման ժամանակահատվածն էապես կրճատվել է: Սահմանային անցակետերում ապրանքների շարժի հետագծելիության համակարգի ներդրման շրջանակում ապահովվել է սահմանային անցումային կետի բոլոր դերակատարների գործողությունների թափանցիկություն, թիրախային հսկողություն՝ մաքսային գործընթացների նկատմամբ: Պետական սահմանի անցման կետերում ռենտգեն հսկողության ռիսկերի համակարգի բարելավման շրջանակում նվազել է ռենտգեն հսկողության ընտրանքային տոկոսը, ինչը բերում է հերթերի նվազեցմանը: Մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխության շրջանակում 2022թ․ մայիսից 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գործարքի արժեքի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի (տնտեսվարողի կողմից ներկայացված արժեքների հիմք ընդունում) որոշման դեպքերը շուրջ 30%-ով։ Արդյունքում՝ ապրանքների հայտարարագրման ժամանակահատվածը կրճատվել է: Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը, կրճատվել վճարների վերադարձման ժամկետները: Թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրման շրջանակում թվով 5 ենթահամակարգերը գտնվում են թեստավորման, լրամշակման կամ գերատեսչությունների հետ վերջնական համաձայնեցման փուլում: Նշվել է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման արդյունքում տնտեսվարողների համար էապես խնայվում է ժամանակ, ֆինանսական միջոց, անհարկի վատնվող ռեսուրսներ։ Նրանք խուսափում են հավելյալ հնարավոր խոչընդոտներից և անհարկի գործողություններից։ Հանվել են փաստաթղթային ոչ ֆորմալ մի շարք գործընթացներ՝ հայտարարագրի գրանցման անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել մաքսատուն, ապրանքների մաքսային հայտարարագրերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ առանց նախապես մաքսատուն այցելելու: Արդյունքում տեղի է ունեցել «Կանաչ ուղի» մաքսային ընթացակարգի դեպքում մաքսային մարմնի հետ շփման բացակայություն: 2022 թվականին իրականացված փոփոխությունների շրջանակում մանրամասներ է ներկայացվել նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ հսկողության ուժեղացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ ներկայացվել են ժամանակավոր պահպանման պահեստների համար նոր պահանջներ, ստուգումների արդյունքում բարելավվել են պահեստների պայմանները, սահմանվել են մաքսային ներկայացուցիչների նկատմամբ ստուգումներ իրականացնելու նոր մոտեցումները, «անմաքս առևտրի խանութի» տիրապետողների նախաորակավորման կարգը: Զեկուցվել է նաև մաքսային ծառայության համակարգի բարեփոխման, կադրերի ներգրավման նոր համակարգի մասին: Ըստ այդմ՝ տեղի է ունեցել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատան նոր կադրերի համալրում: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է (այդ թվում՝ ժամկետային պայմանագրային հիմքով) շուրջ 130 մասնակից։ Առաջիկա անելիքների շրջանակում խոսվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Էտալոնային մոդելի, iTRADE-ի, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկման և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերման մասին: Ներկայացվել են նաև թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ զեկուցվել է անտեսանելի վարչարարության, կանխարգելող միջոցառումների անցման և հարկ վճարողների և ԱՏԳ իրականացնողների սպասարկման որակի բարձրացման մասին: 2022թ․ նոր էլեկտրոնային համակարգերի շրջանակում կարևորվել է E-VAT համակարգը (շուրջ 1 մլրդ․ դրամ հարկային եկամուտ), մոնիթորինգի համակարգը (Մեծ Տվյալների վերլուծություն), հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի էլ. համակարգը, մաքսային և այլ վճարների գանձման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացի մասով ընդգծվել է թույլատվական փաստաթղթերի մեկ պատուհան, կշեռքների կենտրոնացված համակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես, ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը և միջազգային համագործակցությոանն ուղղված միջոցառումներին: Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես, սահմանային անցման կետերի բարելավման, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ:
16:55 - 23 հունվարի, 2023
2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ. Ռուստամ Բադասյան

2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ. Ռուստամ Բադասյան

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ բադասյանը շնորհավորել է գալիք Նոր տարին և ամփոփել գերատեսչության աշխատանքային տարին:   «Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:   Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության մեջ ստվերայնության մակարդակի նվազեցման, միջազգային համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ ուղղություններով:Առաջընթաց է գրանցվել հարկային մարմնի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացման և հարկային կարգապահության մակարդակի բարձրացման գործում:   2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Ավելացել է նաև եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը: Այս ձեռքբերումները բոլորինս են, դրանք հնարավոր չէին լինի առանց Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման և ջանքերի: Արձանագրված արդյունքը նաև պարտավորեցնում է չգցել տեմպը և շարունակել նույն ոգով:   2022 թվականի կարևոր ձեռքբերումներից է մասնագիտական բարձր կարողություններով և բարեվարքության նորմերով առաջնորդվող պատասխանատու աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացները հաջողությամբ հաղթահարած նոր որակի ավելի քան 160 ծառայողներ արդեն համալրել են մաքսային համակարգը։ Փորձառու և սկսնակ աշխատակիցները ձեռք ձեռքի տված համագործակցելու են՝ ի նպաստ համակարգի զարգացման և պետության առաջընթացի:   Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են նաև սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրումը, նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը և մաքսային գործառնությունների բարելավումը:   Անցնող տարում ծրագրել ենք ՊԵԿ Երևան քաղաքի արտաքին տնտեսական գործունեության և ՊԵԿ Հարավային արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցման, սահմանային անցակետերի արդիականացման և վերակառուցման ուղղություններով մեր հետագա անելիքները, որոնք ընթացք կստանան գալիք տարում: Համակարգի զարգացման և բարեփոխումների գործում մենք հավակնոտ ենք և վճռական:   2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 203,7 մլրդ դրամ եկամուտներ: Այս աննախադեպ ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու կատարելագործել մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը` հսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավել թիրախային ընտրության նպատակով: Համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար պակաս կարևոր չեն նաև ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման, ընթացակարգերի առավել դյուրացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմանների ստեղծման ուղղությամբ քայլերի ակտիվացումը:   Կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման նպատակով անհրաժեշտ է խորացնել ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսությունը, գույքագրել և լուծել ընթացակարգային կամ ցանկացած այլ բնույթի խնդիրները, շարունակել ստվերի դեմ անզիջում պայքարը: Նոր տարում համակարգի կարևորագույն թիրախներից է լինելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և մոտիվացիոն երաշխիքների համակարգերի ներդրումը, արդի մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու և դիմագրավելու կարողությունների ընդլայնումը, ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը:   2023 թվականին կարևոր անելիքներ ունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված այս համակարգն էապես կփոխի հարկային քաղաքականության տրամաբանությունն ու շեշտադրումները՝ առավել հասցեական դարձնելով պետության սոցիալական ծրագրերի իրականացումը: Գալիք տարում անհրաժեշտ է իրավախախտումների դեմ պայքարը նոր բարձունքների հասցնել՝ զարգացնելով մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմն ու հնարավորությունները: Մաքսային սահմանը պետք է դարձնել անտեսանելի պատնեշ, որին բախվելով կխորտակվեն բոլոր տեսակի հակաօրինական նկրտումները: Նախանշված բոլոր խնդիրների արդյունավետ և բարեհաջող լուծմամբ է պայմանավորված մեր երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:   Ցանկանում եմ, որ 2023 թվական մուտք գործենք պայծառ ապագայի նկատմամբ ամուր վստահությամբ: Համոզված եմ, որ մեր համակարգի առաքելության ճիշտ ընկալմամբ և համատեղ աշխատանքով հաջողությամբ կիրականացնենք բոլոր ծրագրերը: Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, բեղուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»:
15:25 - 31 դեկտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակությունը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակությունը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության միջազգային գործառնությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնակատար Քերիմ Քարթերի գլխավորած պատվիրակության հետ։ Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ երկկողմ հարկային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Առանձնակի կարևորվել են հարկային իրավախախտումների քննության ուղղությամբ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների, ինչպես նաև՝ կրիպտոակտիվների հարկման և եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հարցերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը։ ՊԵԿ նախագահը կարևորել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ դրական գնահատելով հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը։ Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
14:40 - 08 դեկտեմբերի, 2022
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:   «Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՀՀ ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար:   Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։   Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը՝   ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։   Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար»,- նշված է գրառման մեջ:
18:27 - 22 նոյեմբերի, 2022
Բադասյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

Բադասյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:
13:10 - 02 նոյեմբերի, 2022
Ռուստամ Բադասյանը անդրադարձավ էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի արդյունքներին

Ռուստամ Բադասյանը անդրադարձավ էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի արդյունքներին

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ նախորդ տարի որոշում է ընդունվել ստեղծել մեխանիզմ, որ վիրտուալ հարթակում կոմերցիոն գործունեություն իրականացնող ընկերություններից հարկեր ստացվեն:  Պետական եկամուտների կոմիտեի նախագա Ռուստամ Բադասյանն էլ մանրամասներ հայտնեց։ Նա ասաց՝ հունվարից օրենքը ուժի մեջ է մտել, մարտ ամսի դրությամբ ապահովել են էլեկտրոնային ծրագիրը․ «Այսինքն՝ առաջին եռամսյակից սկսած սկսել ենք փորձարկել, և առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակներում  գնալով ավելի շատ ընկերություններ են հարթակում գրանցվել»։ Նրա խոսքով՝ կան  42 ընկերություններ, որոնք գրանցվել են հարթակում․ «Երեք եռամսյակի արդյունքներով 1 միլիարդից ավելի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տարին 1 միլիարդով կփակենք: Իհարկե, այս տարին կարող ենք համարել, որ սա փորձարկման տարի է: Մյուս տարի բոլորովին այլ արդյունք ենք ունենալու եկամուտների տեսքով»,- ասաց Բադասյանը:
13:30 - 27 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊԵԿ նախագահն ու Ղրղզստանի հարկային պետական ծառայության պատվիրակությունը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Ղրղզստանի հարկային պետական ծառայության պատվիրակությունը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախնդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը: Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ երկու գերատեսչությունների փորձագետների միջև համատեղ աշխատանքներն  ակտիվացնելու վերաբերյալ:
17:37 - 21 հոկտեմբերի, 2022
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը

Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը: «Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։ Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը:   
12:50 - 07 հոկտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման  դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։ Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել շարունակական փոխհամագործակցությունը։
11:28 - 07 հոկտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները

ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները և երկկողմ հետաքրքրությունների շրջանակը ներկայացնող այլ հարցեր: Միաժամանակ, քննարկվել են ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները: Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:  
16:20 - 04 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊԵԿ նախագահն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Ռուստամ Բադասյանը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022 թ․ հարկային եկամուտների կատարողականը, ընթացիկ գործոնների ազդեցությունը հարկերի հավաքագրման վրա և 2023 թ․ հարկային մուտքերի կանխատեսումները` ըստ հիմնական հարկատեսակների։ Դիտարկվել են ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը, հարկային մարմիններին բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հիմնախնդիրները, ՀՀ պետական սահմանին «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը և նախնական մաքսային հայտարարագրի համակարգի ակնկալվող արդյունքները: Քննարկվել են ՀՀ-ում ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործում ԱՄՀ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցության արդյունքները: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ կողմից ՊԵԿ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքին, ինչպես նաև կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղություններին։ Հանդիպման ավարտին ԱՄՀ պատվիրակության անդամները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքներից:
17:37 - 29 սեպտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահը ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարին

ՊԵԿ նախագահը ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականի ընթացքում, և այն նոր հնարավորություններ կընձեռի ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությանն առավել արդյունավետորեն իրականացնել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Ջենիֆեր Սվիդերին՝ տարածաշրջանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր նոր առաքելությունում: Կոմիտեի ղեկավարը միաժամանակ շնորհավորել է Իմեդա Ցիցիաշվիլիին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել համագործակցել հետագա ծրագրերի իրականացման շուրջ:
12:42 - 22 օգոստոսի, 2022
Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը. ՊԵԿ նախագահ

Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով եղել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում:   «Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է՝ դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը, տարանջատել բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղեհոսքերը՝ ներկայում գործող մուտքի և ելքի միասնական գոտու փոխարեն: Արդիականացումը կնպաստի արտահանման և ներմուծման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հսկողության թիրախավորմանը և գործառույթների կրկնության բացառմանը, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացմանը ու քաղաքացիների պատշաճ սպասարկմանը:   Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում»,- գրել է ՊԵԿ նախագահը Ֆեյսբուքում:
17:54 - 19 օգոստոսի, 2022