Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան
 |1lurer.am|

Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից: «Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այն՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»,- ասաց Ռուբինյանը:   Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են Ռուբեն Ռուբինյանի  և Սերդար Քըլըչի հանդիպումները տեղի ունենում երրորդ երկրում: «Այդ հարցի շուրջ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել: Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե կա կարգավորելու քաղաքական կամքը, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց: Բացի դրանից՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում եմ տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց, բայց  այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ»,- ասաց Ռուբինյանը: Այս հարցում մեծ առաջընթացի մասին, նրա խոսքով, հնարավոր չէ խոսել:
13:18 - 30 հունիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից; Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:
18:13 - 28 հունիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետեւողական բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման գործում իրագործվել են, այդ թվում` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: «Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա չլուծված հումանիտար խնդիրներին: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցի վրա: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կգտնվի այս մարդկանց հայրենադարձման հարցում: Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին, նշել, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները: Նա ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Նշվում է, որ կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ։
19:18 - 17 հունիսի, 2022
Օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը: Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:
18:18 - 15 հունիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։«Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենղինին: Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս հարցում փոխխոսնակն ընդգծել է հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւորել է արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ»:
16:19 - 08 հունիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը:
16:45 - 03 հունիսի, 2022
Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք գործ ունենք մեր ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ», - այսպես բնութագրեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ «Զարթնի՛ր Լաո», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով ընդդիմադիրների բողոքի ակցիաները։ Ընդգծելով, որ չի հասկանում, թե ինչ է պահանջում ընդդիմությունը՝ Ռուբինյանը շեշտեց՝ ընդդիմության մեղադրանքները երեսպաշտության շրջանակներում են։ Հայաստանի բոլոր նախագահները փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ճիշտ են արել, ասաց Ռուբինյանը՝ դա նորմալ համարելով։ Սակայն, ըստ նրա, նորմալ չէ, երբ քաղաքական գործիչն իր ընդդիմախոսին կամ իր քաղաքական հակառակորդին մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է արել։ «Ամեն ինչ կարելի է քննադատել, բայց խնդիրն այն է, թե դու ինչ ես առաջարկում։ Օրինակ, եթե հիմա հարցնենք մեր քաղաքացիներին, թե լավ, ի վերջո, մեր ընդդիմությունն ի՞նչ է պահանջում, ի՞նչ են ուզում իրենք, ինչ կպատասխանեն, ես։ Օրինակ, չգիտեմ, չեմ հասկանում, թե իրենք ինչ են ուզում, որն է իրենց ասածը, ինչ է, օրինակ, թուրքացումը, կարող են բացատրել, դա ինչ է նշանակում, կամ երբ որ գոչում են՝ «առանց թուրքի Հայաստան», ինչ է դա նշանակում, կամ ինչու չէին գոչում առանց թուրքի Հայաստան, երբ որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, կամ երբ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր սկիզբ առնում ֆուտբոլային դիվանագիտությունը, սա ուղղակի անամոթ շահարկում է զգայուն թեմաների և ոչ մի տեղ չի տանում», - ասաց Ռուբինյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
11:30 - 23 մայիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի եւ թե' ներկա իրողությունների վրա: «ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարեւորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում: Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարեւորությանը:
19:31 - 20 մայիսի, 2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
17:10 - 03 մայիսի, 2022
Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին գրել է ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։ Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- նշել է նա։
18:03 - 24 ապրիլի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում: Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
17:40 - 20 ապրիլի, 2022
Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Վիեննայում, սակայն հանդիպման հստակ ժամկետ չի նշել։ «Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Չավուշօղլուն, միաժամանակ, նշել է, որ հանդիպումներն ավելի նպատակային կլինի անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։ «Հարավային Կովկասում կայունության համար բոլորը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները բոլորի հետ։ Դա մեկ օրվա բան չէ։ Մեր ներկայացուցիչները կրկին հանդիպում են։ Ես հիմա ուզում եմ Հայաստանին ասել՝ դուք կարող եք ճնշման տակ լինել։ Եթե մենք նույնիսկ մոտ չենք մեր երկրներում հանդիպելուն, ինչպե՞ս ենք քայլեր ձեռնարկելու այլ հարցերում։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, բայց մի քիչ համարձակ եղեք։ Մենք ասել ենք՝ առաջինը Երևան գանք, ասացին՝ ոչ, հանդիպենք երրորդ երկրում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
14:33 - 14 ապրիլի, 2022