Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան
 |armenpress.am|
14:20 - 11 հունիսի, 2024

Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այս պայմանավորվածությունը կիրականացվի»,- նշեց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

Հարցին, թե դա կա՞րող է պայմանավորված լիներ, որ Թուրքիան ձգձգում է և նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Ռուբինյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի և մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-եզրափակեց Ռուբինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել