ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հարություն Ղարագոզյանը

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հարություն Ղարագոզյանը

Հապարակվել է նոյեմբերի 14-ին կայանալիք Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը։ ԲՀԿ ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը։ Ցուցակում ընդգրկված են․   Հ/Հ Ազգանունը  անունը հայրանունը 1 Ղարագոզյան Հարություն Արտեմի 2 Խարազյան Սամվել Համլետի 3 Հարությունյան Լիլիա Աթաբեկի 4 Եղիազարյան Մեխակ Հովհաննեսի 5 Մարտիրոսյան Մարտուն Ֆրունզիկի 6 Մելիքջանյան Ամալյա Արթուրի 7 Թամազյան Մհեր Արմենի 8 Ամիրխանյան Վահե Հարազատի 9 Կոստանդյան Հասմիկ Ջիվանշիրի 10 Ջուլհակյան Արմեն Սեյրանի 11 Դանիելյան Արմեն Էլֆիկի 12 Ղարագյոզյան Արմենուհի Արտեմի 13 Դավթյան Պետրոս Տելեմակի 14 Խաթոյան Շավարշ Սվգի 15 Առաքելյան Լենա Ալեքսանդրի 16 Ջիլավյան Էդգար Արմենի 17 Առաքելյան Կարեն Արմենի
20:32 - 24 հոկտեմբերի, 2021
Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Այս տարվա հուլիսին ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքային շրջանի վերջում հասցրեց ընդունել մի նախագիծ, որը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ․ խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մի փոփոխության մասին է, որով ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար նախատեսված գումարը 50․000 դրամից դարձավ 250.000 դրամ։  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:  Նախագծի հեղինակները ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են․ Ենգիբարյանի կարծիքով՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, եւ իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրվանից: Իսկ այս գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին արդեն սկսել է առաջին նստաշրջանի աշխատանքները։ Դեռ նախորդ տարվա մարտին եւ հուլիսին Infocom-ը հարցումներ էր ուղարկել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց գործունեության մանրամասներին ծանոթանալու համար։ Ի թիվս մի շարք հարցերի՝ պատգամավորներին խնդրել էինք ներկայացնել, թե մարզային քանի այցեր են ունեցել, քաղաքացիների քանի ընդունելություն են անցկացրել, եւ այլն։ Ի դեպ՝ նախագծի համահեղինակներից միայն Վիկտոր Ենգիբարյանն է պատասխանել հարցմանը, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն առհասարկ չի արձագանքել։ Ստորեւ ներկայացնում ենք, թե 7-րդ գումարման խորհրդարանի՝ հարցմանը մասնակի կամ ամբողջությամբ պատասխանած որ պատգամավորներն ինչ այցեր են կատարել մանդատը ստանալուց մինչեւ 2020թ․ մարտ, ոմանք՝ հուլիս ամիսը, եւ թե ովքեր ընդհանրապես չեն պատասխանել հարցումներին։ 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցություն Infocom-ը հարցումներ էր ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 52-ը մեր հարցումներն ուղղակի անպատասխան էին թողել, իսկ 10-ը՝ հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունները հրապարակված են բաց աղբյուրներում՝ ԱԺ պաշտոնական կայքում, Հայտարարագրերի ռեեստրում, parliamentmonitoring.am հարթակում, եւ որ աշխատավարձերի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ԱԺ աշխատակազմից։ Բաց աղբյուրներից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջարկով արձագանքել են Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը,  որոնք պատգամավոր են նաեւ հիմա, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վահագն Թեւոսյանը, Հովհաննես Իգիթյանը։ Այսպիսով, հարցում ենք ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 62-ը՝ մոտ 73%-ը նամակն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Հարցմանը պատասխանել են 22-ը՝ մոտ 26%-ը։  7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Infocom-ը նույնաբովանդակ հարցումներ էր ուղարկել նաեւ ԲՀԿ խմբակցության բոլոր 26 պատգամավորներին։ Նրանցից 18-ը հարցմանը չէր պատասխանել, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք։ Այս խմբակցությունից հարցմանը չպատասխանած Սերգեյ Բագրատյանը այսօր դարձյալ պատգամավոր է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։   Այսպես, ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից 69,2%-ը չեն պատասխանել հարցերին։  7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Հարցումներ, իհարկե, ուղարկել էինք նաեւ խորհրդարանական երրորդ ուժին՝ ԼՀ խմբակցությանը, որում ընդգրկված էր 18 պարտգամավոր։ Նրանցից ոչ մեկը՝ այդ թվում Էդմոն Մարուքյանը, որ խմբակցության ղեկավարն էր, չեն պատասխանել հարցերին։ Այս քաղաքական ուժը, ինչպես ԲՀԿ-ն, ներկայացված չեն 8-րդ գումարման խորհրդարանում։  Հարցումներին չպատասխանածներից 34-ը այսօր եւս պատգամավոր են՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Մաթեւոս Ասատրյանը, Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Արման Եղոյանը (վրիպակի հետեւանքով պատգամավոր Ա․ Եղոյանի անունը հայտնվել է չպատասխանածների ցանկում, պատասխանի մանրամասները ներկայացված են ստորեւ,- խմբ․), Սեդրակ Թեւոնյանը, Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Հրաչյա Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Կնյազ Հասանովը, Վահագն Հովակիմյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Արսեն Միխայլովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սարգսյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Նրանցից հինգը, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին տեղեկություն հավաքել բաց աղբյուրներց։   Այսպիսով, հարցում էինք ուղարկել 128 պատգամավորի։ Նրանցից ոչ բոլոր պատգամավորներն էին պատասխանել, իսկ ավելի կոնկրետ՝ 30 պատգամավոր պատասխանել էր, մնացյալ 98-ը կամ մոտ 76%-ը՝ ոչ։  Իսկ հարցումներին պատասխանած պատգամավորների պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հիշյալ նախագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանը մեր հարցման պատասխանում նշել էր, որ կազմակերպել է ընդհանուր թվով 20 մարզային այց եւ քաղաքացիների ընդունելություն, վերջինը՝ պարբերանար նաեւ ԱԺ-ում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս ունեցել է մարզային մեկ այց՝ Վայոց Ձոր։ Քաղաքացիների ընդունելություն պատգամավորը կազմակերպել է քաղաքացիների դիմումների հիման վրա՝ անհատական սկզբունքով, իսկ ոլորտային խնդրի դեպքում՝ խմբով։ Ըստ պատասխանի՝ Եղոյանն ընդհանուր առմամբ ընդունել է մոտ 70 քաղաքացու, մասնակցել է մի շարք ոլորտային խնդիրներով մտահոգ քաղաքացիների խմբերի հետ հանդիպումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը հիմա եւս ներկայացված է ԱԺ-ում, պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների 20 ընդունելություն՝ ԱԺ-ում նման քննարկումների համար նախատեսված սրահում։ Նա հայտնել էր, որ քաղաքացիների հետ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում եւ Կոտայքում։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված Հայկ Կոնջորյանը պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների վեց ընդունելություն՝ ԱԺ սրահում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում, որոնց ընթացքում հանդիպել է ավելի քան 300 քաղաքացու հետ, բացի դրանից՝ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքացիների հետ Երեւանում եւ ՀՀ մարզերում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 8-րդ գումարման խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը, ի պատասխան մեր հարցման, հայտնել էր, որ կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբով, այցելություններ է ունեցել Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզեր՝ ընդհանուր ամռմամբ 52 համայնք։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ՝ ՔՊ խմբակցության Ռուբեն Ռուբինյանի պատասխանի համաձայն՝ վերջինս մարզային այցեր չի ունեցել՝ հարցման պատասխանն ստանալու դրությամբ։ «Իմ քայլը» խմբակցության եւ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս հանդիպումներ է ունեցել բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող հարցերով։ Վարդանյանը հայտնել էր օտարերկրյա պաշտոնական այցերի մասին, չէր նշել մարզային այցերի մասին։  7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը մանրամասնորեն պատասխանել էր մեր հարցերին, նշել է, որ 2019-ի հուլիսի 17-ին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել Նոր Նորքի վարչական շրջանի շենքում, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել կազմակերպել մեծ թվով քաղաքացիների համաժամանակյա այլ ընդունելություն եւ հնարավորություն է ունեցել միայն անհատական հանդիպումներ կազմակերպել առանձին քաղաքացիների հետ՝ կոնկրետ խնդիրների առնչությամբ։ Վարդանյանը նշել է, որ այցեր է ունեցել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մի շարք համայնքներում։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը նույնպես ամբողջական էր պատասխանել մեր հարցերին, տեղեկացրել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում։ Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով զբաղվել է Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրներով, Ջավախքում մարզամշակութային միջոցառումների կազմակերպմամբ, ծագումով ջավախքցի մշակութային գործիչների գործունեության աջակցությամբ։  7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության եւ 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցման պատասխանում հայտնել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում, ընդունել է հազարավոր քաղաքացիների, իսկ մարզային այցեր կազմակերպում է գրեթե ամեն շաբաթ, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:  Նախկինում՝ «Իմ քայլը» խմբակցությունից, այժմ՝ ՔՊ խմբակցությունից Գեւորգ Պապոյանից ստացած պատասխանի համաձայն՝ հինգ անգամ է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ունեցել է մարզային երկու այց՝ Արմավիր եւ Արագածոտն՝ քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու համար, ապա նաեւ Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։  «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը, որը հիմա դարձյալ ԱԺ պատգամավոր է, պատասխանել էր, որ անցկացրել է քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ, ունեցել է մի շարք մարզային այցեր։  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոս Ավետիսյանը, Կարեն Սարուխանյանը, Արմեն Փամբուխչյանը, Գայանե Աբրահամյանը, որը եւս այն քչերից էր, որ հարցերին պատասխանել էր ամենայն մանրամասնությամբ, Միքայել Զոլյանը եւ Գոռ Գեւորգյանը եւս ներկայացրել էին իրենց կատարած մարզային այցերի եւ քաղաքացիների ընդունելությունների մասին տեղեկություններ։ Ի դեպ՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Գայանե Աբրահամյանը հետագայում դուրս եկան ֆրակցիայից։ Իսկ 7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հարցմանը պատասխանել եւ իրենց այցերի, ընդունելությունների մասին տեղեկություններ էին ներկայացրել պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը, որը եւս այն քիչ պատգամավորներից էր, որ ամբողջությամբ պատասխանել էր մեր բոլոր հարցերին, Նորա Առուստամյան, Շաքե Իսայանը։ Տիգրան Ուրիխանյանը հետագայում դուրս եկավ խմբակցությունից։ Հարցմանն արձագանքած մյուս պատգամավորներից ոմանք պատասխանել էին ոչ բոլոր հարցերին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որոնք բաց աղբյուրներում կան․ դրանք վերաբերում են նախագծերին, որոնք ներկայացրել են օրենսդիրները, նրանց այցերին, հանձնաժողովներին, որտեղ ներգրավված են եւ այլն։ Այս տեղեկությունները, այո, հնարավոր է հավաքագրել բաց աղբյուրներից, իսկ, օրինակ, մարզային այցերի կամ քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տեղեկություններն, ըստ էության, կարող են հայտնել պատգամավորները։ Որպես օրինակ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից եւ այլ աղբյուրներից դժվար է կռահել՝ վերջինս մարզային քանի այց է ունեցել։ Ամփոփելով՝ նշենք, որ ներկայացված տվյալները վերաբերում են պատգամավորների՝ մանդատը ստանձնելու պահից մինչեւ 2020-ի մարտ եւ հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածին, ուստի այս պահին չենք կարող ասել՝ հարցերին պատասխանած պատգամավորները հետագայում՝ մինչեւ 7-րդ գումարման խորհրդարանի արձակումը այլ այցեր ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եւ քանի որ մյուս պատգամավորներն իրենց ընդունելությունների ու մարզային այցերի մասին տեղեկություններ չեն տրամադրել, չենք կարող գնահատել նրանց՝ այդ մասով գործունեությունը։ Հարկ է նշել, որ հանրային հաշվետվողականության մասին օրենսդրական պահանջ, համենայն դեպս, չկար նախկինում եւ չկա հիմա։ Այսպիսով, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացմանը կողմ է քվեարկել մի խմբակցություն, որի անդմաներից 62-ը՝ մոտ 73%-ը, հարցումն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Բաց աղբյուրներից տեղեկություն հավաքել առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր՝ հարցում ստացած 84 պատգամավորների մոտ 11%-ը, սա այն դեպքում, երբ հայցված տեղեկությունների որոշ մասը հնարավոր չէ ստանալ բաց աղբյուրներից եւ հնարավոր է ստանալ բացառապես հենց պատգամավորից։ Իսկ հարցմանը պատասխանած պատգամավորներից 3-ը նշել են, որ պատգամավորական ծախսերի հիմնական մասը ներկայացնող մարզային այցեր չեն ունեցել։  Հայարփի Բաղդասարյան
16:46 - 18 օգոստոսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա: Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ։
11:51 - 25 հունիսի, 2021
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ: Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիևի գլխավորությամբ: Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմնակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարևորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը: Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժևորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում: Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին:
15:28 - 19 հունիսի, 2021
«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

hetq.am: Հունիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց՝ խոսելով ՀՀ անվտանգության մասին, նշեց, որ օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում։ «Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանը եկան մեր հող՝ Շուշի, և այնտեղ իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես 6 ամիս է՝ ասում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ նոր թուղթ ստորագրենք, նրանք իրար հետ թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար ես ասել եմ՝ մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է»,- նշեց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդի քննարկումների ժամանակ Հայաստանում միայն ԲՀԿ կուսակցության պատգամավորն է Ռուսաստանի օգտին քվեարկում։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավումը Հայաստանին մեծ օգուտներ կտա։  
21:15 - 17 հունիսի, 2021
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։ «Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։Հավանաբար, hունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած «նիկոլական թափթփուկներին» (չակերտները - խմբ․) նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»,– ասվում է նրա գրառման մեջ։
16:40 - 16 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

hetq.am: Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը հունիսի 15-ին կայացավ Գյումրիում։  Քարոզարշավի ընթացքում խոսելով ուսանողների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները հաճախ դուրս են մնում համալսարաններից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ամենը բացասական կարող է ազդել սովորողի հոգեբանության վրա։ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ պետությունը ուսանողների հետ պայմանագիր կապի, ըստ որի՝ ուսման վարձը վճարում է պետությունը, առանց որևէ տոկոսների, ավարտելուց հետո պետությունը ուսանողին ապահովում է աշխատանքով, ուսանողն աշխատանքի ընթացքում, ստացած աշխատավարձից որոշակի տոկոսներ վճարելով փակում է ուսման վարձը։  Ծառուկյանը նկատեց, որ եվրոպական երկրների մեծամասնությունն աշխատում են հետևյալ սկզբունքով ու պետք է վարձավճարի հնարավորություն չունեցող ուսանողներին հնարավորություն տալ օգտվել որոշակի արտոնություններից։
20:10 - 15 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս չորրորդ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս չորրորդ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորների թեկնածուների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ուսումնասիրել և ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Վերջինս էլ հայտարարագրել է ամենաշատ դրամական միջոցները։ Հայտարարագրման պահին Ծառուկյանն ունեցել է 877մլն 300 հազար ՀՀ դրամ, 52մլն 850 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն 1400 եվրո, որն ընդհանուր դրամի վերածած կազմում է 31 մլրդ 205 մլն 921 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 25 անշարժ գույք, այդ թվում՝ 5 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 2 հասարակական նշանակության շինություն, 1 բնակարան, 1 ինքնակամ կառույց և 14 հողամաս։ Բացի անշարժ գույքից Ծառուկյանը հայտարարագրել է 14 շարժական գույք՝ «BMW X5 4.4», «Toyota, Land Cruiser Prado v6 4.0 I», «Jeep, Wrangler 4.0», «Rolls-Royce, Coupe Phantom 6.7», «Nissan, Patrol Safari 4.8», «Range Rover, sport 4.4», «Toyota, Tundra 5.7», «Mercedes-Benz, G-63 AMG», «BMW, X5 M 4.4», «Toyota, Land Cruiser 200 4.5 TD», «Rolls-Royce, Silver Spur 6.7», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Bentley, Bentayga», «Rolls-Royce, Cullinan 6.7», «BMW, X6 Xdrive 35i 3.0» և «Nissan, Patrol Safari 4.8»։ Ծառուկյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 43 թանկարժեք գույք, այդ թվում՝ 15 ննջարանի կահույք՝ 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, 10 նախասրահի կահույք՝ 1 մլն 511 հազար եվրո արժողությամբ, 4 ճաշասենյակների կահույք՝ 787 հազար 800 եվրո արժողությամբ, 1 խոհանոցի կահույք՝ 110 հազար եվրո արժողությամբ, 1 փայտյա կահույք՝ 118 հազար 458 եվրո արժողությամբ, 1 վարագույր՝ 251 հազար 799 եվրո արժողությամբ, 1 ադամանդե քարով ձեռքի ժամացույց՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 2 ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե մատանի ադամանդե քարերով՝ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե ձեռքի ժամացույց՝ 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 1 ոսկե շղթա՝ 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և 20 ջահ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո արժողությամբ։ Ընդհանուր առմամբ բոլոր թանկարժեք գույքերի գումարը դրամի վերածած կազմում է 7 մլրդ 451 մլն 897 հազար ՀՀ դրամ։ Ծառուկյանն արժեթղթեր և ներդրումներ ունի «Ալլեր Աքվա Էյ Եմ», «Ռանեբ», «Արբեն», «Գլոբալ Մոթորս», «Կլեոպատրա», «Մուլտի Ֆարմ», «Մուլտի Ակվամարին», ««Շուստով» Առևտրի Տուն», «Արսիլիցիում», «Մուլտի Մոթորս», «Բելլեզզա», «Օնիրա Քլաբ», «Պրեվելոն Քոնսալթինգ Լիմիթեդ», «Օլիմպավան», «Մուլտի Գրուպ Ինվեստբել», «Ֆիրմա Նյու», «Տեխնալյումին», «Մուլտի Ավտոտրանս», «ՄԳ Եվրոպա», «Մուլտի Գրուպ Եվրոպա», «Բալկան Պետ Քոմպանի», «Մուլտի Ինտերտրանս», «Մուլտի Դայմոնդ», «Մուլտի Սոլար», «Մուլտի Քարս», «Մուլտի Ուլենես Կենտրոն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Մուլտի Գրուպ Կոնցերն», «Մուլտի Սիսի», «Մագաս Ինվեստ», «Մուլտի Գրուպ Սթոուն», «Մուլտի Ռեստ Հաուս», «Երևանի Քիմիա-Դեղագործական Ֆիրմա», «Բիզնես Տեխնոպլազա», «Ֆիրմա Տիխվիզ», «Զվարթնոց Հենդլինգ», «Գորնա Բանյան», ««Կոտայք» Գարեջրի Գործարան», «Միրա-Ջի», «Էկոֆիշ-Թրեյդ», «Ա․Ա․Դ․ Հոթել», «Եուրոմոթորս», «Մուլտի Արմս», «Մխչյան Ֆիշֆուդ», «Արմօյլ», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ», «Երևանի Արարատ Կոնյակի Գինու-Օղու Կոմբինատ», «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։ Ընդհանուր՝ 54 ընկերությունում։ Ծառուկյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրում արժեթղթեր և ներդրումներ է ունեցել 45 ընկերությունում։ Այս 2,5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում նա բաժնեմասեր է ձեռք բերել «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ»,  «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված Կարապետ Գուլոյանը հայտարարագրման պահին ունեցել է 1 մլրդ 920 մլն ՀՀ դրամ և 407 հազար 205 ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 2 մլրդ 129 մլն 734 հազար։ Բացի դրամական միջոցներից Գուլոյանը հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Դակավա Քոնսթրաքշն» և «Էլեկտրամոնտաժ» ընկերություններում։ Հայտարարագրած դրամական միջոցներով երրորդը Կառլեն Մինասյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 200 մլն ՀՀ դրամ, 170 հազար ԱՄՆ դոլար և 60 հազար եվրո գումար, որը դրամի վերածած կազմում է 324 մլն 870 հազար։ Բացի դրամական միջոցներից Մինասյանը հայտարարագրել է 1 շենք շինություն և 1 «BMW 745» ավտոմոբիլ։ Մինասյանը բաժնեմասեր ունի «ԷԴՄ Սոլար», «Արմ Սոլար», «Դուստր Սոլար», «Լայմ Սթոն», «Մալիշկա Ռեսուրսիս» և «Վայք Ռեսուրսիս» ընկերություններում։ Միքայել Մելքումյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ և 331 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 175 մլն 765 հազար։ Բացի դրամական միջոցներից Մելքումյանը հայտարարագրել է 3 շենք-շինություն։ Հրանտ Մադաթյանը հայտարարագրման պահին ունեցել է 88 մլն ՀՀ դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 100 մլն 360 հազար։ Բացի դրամական միջոցներից Մադաթյանը հայտարարգրել է 1 սեփական տուն և 4 հողամաս։ Պատգամավորի թեկնածու և ներկայիս պատգամավոր Քաջիկ Գևորգյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 բնակարան, 1 բնակելի տուն, 1 գյուղական նշանակության հողամաս և 1 ավտոմոբիլ՝ «BMW M5» մակնիշի։ Գևորգյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք զարդ՝ ժամացույց՝ ընդհանուր 69 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Տուֆ-ստոն» և «Քաջ-տանս» ընկերություններում։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 31 մլն 430 հազար ՀՀ դրամ։ Հրանտ Դավթյանը բաժնեմասեր ունի «Խճաքար-Մուսա», «Ղարիբ», «Այոս», «Արմարկ», «Մանիգրանտ» և «Ապտես» ընկերություններում։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 1 տուն, 4 շենք և շինություն, 7 հողամաս և 2 ավտոմոբիլ՝ «Mercedes Benz S500L» և «Toyota Camry 2.5Gas» մակնիշների։ Դավթյանը որպես դրամական միջոց հայտարարգրել է 1 մլն 266 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 3 մլրդ 391 մլն 920 հազար ՀՀ դրամ, 54 մլն 320 հազար 450 ԱՄՆ դոլար, 5 մլն 152 հազար 100 եվրո և 900 հազար ռուբլի։ Բոլոր գումարային միջոցները դրամի վերածած կազմում է 34 մլրդ 572 մլն 257 հազար ՀՀ դրամ։ Միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են կուսակցության բոլոր թեկնածուների դրամական միջոցների 90,3%-ը։ Նարեկ Մարտիրոսյան
20:50 - 14 հունիսի, 2021
Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Արագածոտնի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը:  Նրա խոսքով, երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ բերել, գործարաններ բացել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատերը պարտքերի, վարկերի, տույժ, տուգանքի տակ են: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հասարակության առջև ծառացած խնդիրները ու մեր ծրագրում կետ առ կետ նշված են անելիքները, նախատեսվող բարեփոխումները»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքով, դրսից գումար պետք է բերել ցածր տոկոսով ու նպաստել, որ դրանք ներդրվեն տարբեր ոլորտներում: Նա լուծումներ առաջարկեց մթերումների, արտահանումների հետ կապված՝ նախանշելով համագործակցություն արաբական երկրների հետ:     Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ինչ ասել է, դա գործի է վերածել: Նա կարևորեց երիտասարդ ընտանիքներին աջակցելու հարցը: Այն է՝ պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան բնակարանային խնդիրները հեշտությամբ լուծել: Գագիկ Ծառուկյանը խոսեց անվտանգային հարցերից՝ նշելով, որ թիվ մեկ խնդիրը բանակի հզորացումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այդ գործընթացի հիմքում կարևորում է պայմանագրային ծառայողների թվի ավելացումը:
20:28 - 14 հունիսի, 2021