Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Միշել |aysor.am|
aysor.am: ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի մուտքին Ստեփանակերտ, խոսել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին․
«2023թ․ սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։
Մասնավորապես, նախագահ Միշելը սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի և Տոյվո Կլաարի ամենօրյա աջակցությամբ իրականացվող այս ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն:
Այս համատեքստում մենք նշում ենք այսօր ռուսական մարդասիրական առաքման անցումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը։ Մեր ակնկալիքն է, որ դա խթանի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:
Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն։
Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:
Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանի, և ընդգծում ենք մեր հավատամքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության։
ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ»։
11:03 - 13 սեպտեմբերի, 2023