Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցից |aztutyun.am|
17:00 - 21 սեպտեմբերի, 2023

Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցից |aztutyun.am|

azatutyun.am: «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ են հայտնի դարձել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցից։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են, թե Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։

«Այն միջոցները, որ ձեռնարկել է Բաքուն, ուղղակի անընդունելի են։ Միջազգային մակարդակում, այդ թվում՝ Եվրամիությունում բացասական արձագանք կա», - փոխանցել է Միշելը Ալիևին, ընդգծելով, որ Բրյուսելում երեկ առավոտյան քննարկումներ են եղել Ադրբեջանի դեմ հնարավոր քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Մինչ այս պահը, սակայն, որևէ երկիր կամ կազմակերպություն չի հայտարարել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու մասին։

«Այժմ կարևոր է կենտրոնանալ մարդասիրական վիճակի վրա․ Ադրբեջանը պետք է երաշխավորի, որ հայերը հարգվեն և Ադրբեջանում ապագա ունենան», - ըստ «Ազատության» աղբյուրի, ասել է Միշելը, նշելով, որ անվտանգությունն ապահովելու հարցում պետք է դեր ունենա նաև միջազգային համայնքը։

Ադրբեջանի նախագահը մինչդեռ պնդել է, թե Ղարաբաղի դեմ գործողությունն արդարացված էր, «սա Ադրբեջանի ներքին գործն է», և միջազգային միջնորդության կարիք ինքը չի տեսնում։

«Բաքուն այժմ կենտրոնացած է վերաինտեգրման վրա»,- ասել է Ալիևը, հավելելով, թե Ադրբեջանը հրաժարվում է միջազգային միջնորդությունից:

Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես փոխանցում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան, Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի դեմ ուժի ցանկացած գործադրում անընդունելի է, և ընդգծել՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը վերահաստատի հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ալիևը վստահեցրել է, թե Բաքուն հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը և տարածքային նկրտում չունի Հայաստանի հանդեպ։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը մեղադրել է պաշտոնական Երևանին՝ դելիմիտացիայի գործընթացը ձգձգելու մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել