«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

"ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական, միջազգային ուղեւորային, բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։

2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր

2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր

Ապրիլի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսել են 2021 թվականի համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ: Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում: Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ: Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար: Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:
17:23 - 27 ապրիլի, 2021
2021-ի առաջին եռամսյակում երկաթուղային բեռնափոխադրումների անկում է գրանցվել

2021-ի առաջին եռամսյակում երկաթուղային բեռնափոխադրումների անկում է գրանցվել

2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում` 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով: 2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղևորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազար ուղևոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումներ չեն իրականացվել:
13:53 - 07 ապրիլի, 2021
ՃՇՀԱՀ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՃՇՀԱՀ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Փաստաթղթի վավերացմանը ներկա էին մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Երևանում «Ռուսական տուն» կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը: Մինչ հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանանչողական այցով շրջել են համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներում։ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումն ունի կարևոր նշանակություն: «Այս համագործակցությունը կարող է ամուր հիմք հանդիսանալ բուհ-գործատու փոխգործակցության համար, որը կնպաստի երկաթգծի շինարարության և շահագործման որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը»,- նշել է ՃՇՀԱՀ ռեկտորը և հավելել, որ հուշագիրն ուսումնական գործընթացից բացի ներառում է նաև համագործակցության լայն շրջանակ՝ գիտահետազոտական և փորձարարական նախագծերի համատեղ իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական սեմինարների, համաժողովների և խորհրդակցությունների իրականացում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վերահաստատել է հուշագրի ստորագրման, ինչպես նաև այս ոլորտում կրթական ծրագրի ներդրման կարևորությունը և նշել, որ այս փաստաթղթով երկաթգծի  ապագա ենթակառուցվածքների հիմքն է դրվում: «Մեր կազմակերպությունում արդեն աշխատում են ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները, որոնք երկաթուղու շինարարության և վերանորոգման ոլորտում արհեստավարժ մասնագետներ են, նրանցից շատերն էլ ընկերությունում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ»,- փաստել է ընկերության տնօրենը և վստահություն հայտնել, որ այն մասնագետները, որոնք  ուսումնառություն կանցնեն այս բուհում, կդառնան այն հենքը, որի վրա կկառուցվի երկաթուղու ապագան: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագրի վավերացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ունի գործնական մեծ նշանակություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շեշտել է, որ նմանատիպ ծրագրերը Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեղող մասնագիտություններ են ներդրվում կրթական գործընթացում: «Կարևոր առաջընթացներից է նաև այն, որ կրթական ծրագրերում համագործակցում ենք այն ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք վերջնարդյունքի օգտագործողն  են լինելու: Այս համատեքստում համագործակցության հուշագիրը միտված է երկաթուղու մասնագետների պատրաստմանը:  Այսօր այցելել ենք նաև համալսարանում գործող լաբորատորիաներ, որոնց առկայությունը վկայում է մեծ առաջընթացի մասին: Մենք պետք է կարողանանք այս գիտական պոտենցյալը կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտահանել ԱՊՀ երկրներ և Մերձավոր Արևելք»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական և որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում:
20:08 - 26 մարտի, 2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը: Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։ Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը․ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։ Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։  Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։
16:54 - 16 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Վաղարշակ Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ Հարավկովկասյան երկաթուղին ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ։
17:57 - 18 փետրվարի, 2021
Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը. ՀԿԵ

Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում գողացվել է կապի մալուխ: Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենկյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին: Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս: Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը կանխելու հարցում ներկայացված բոլոր դեպքերով Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է երկրի իրավապահ մարմինների հետ:
11:07 - 19 հունվարի, 2021
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը: Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան: ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է, մասնավորապես, բեռնաթափման համար հարթակի և պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը և այլն: Ընկերությունը նման «բարդ», ոչ գաբարիտային և ծանրաքարշ բեռների փոխադրման մեծ փորձ ունի: 2019 թվականին Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց և իրականացրեց ցեմենտի արդյունաբերության համար չափազանց մեծ սարքավորումների միջազգային մուլտիմոդալ փոխադրում: – ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի և ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում, – ասում է ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը: – Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում մուլտիմոդալ ձևաչափով:
10:25 - 27 նոյեմբերի, 2020
ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն |armeniasputnik.am|

ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններն ընդունել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները: Այսօր համապատասխան արձանագրություն են ստորագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը: «Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը», - ասված է հաղորդագրության մեջ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
16:18 - 02 սեպտեմբերի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրին, ինչպես նաև ՀԷՑ-ի և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Երկրորդ մասում կներկայացնենք «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի, ինչպես նաև երկաթուղու, ջրամատակարարման համակարգի, Մեծամորի ատոմակայանի և «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն օտարերկրյա կազմակերպություններին տրամադրելու պատմությունները։ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը յոթ ՀԷԿ-երի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի համակարգ է, որի գումարային հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժամ:  2003 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության որոշմամբ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով ընդամենը 25 միլիոն դոլարի դիմաց 7 ՀԷԿ-ից բաղկացած կասկադը տրվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին («ՄԷԿ» ՓԲԸ), որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011 թվականին «ՌուսՀիդրոն» ձեռք բերեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան» կասկադը ակտիվների և պասիվների հետ միասին 173 միլիոն ռուբլով վաճառվել է «Տաշիր» ընկերությանը:  Ջրամատակարարում Մինչև 2016 թվականը Հայաստանում ջրամատակարարում իրականացնում էր 5 ընկերություն՝ «Երևան Ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին» «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Նոր Ակունքը»: Ընդ որում, 2006 թվականից դրանց կառավարումն իրականացնում էին երկու ֆրանսիական ընկերություններ. «Երևան Ջուրը» կառավարում էր «Վեոլիա Գրուպը», իսկ մնացածը՝ սկսած 2004 թվականից՝ «Սուարը»: 2016 թվականին ջրամատակարարման համակարգը կառավարման հանձնվեց մեկ ընկերության: Կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության հետ: 800 միլիոն եվրո արժեցած գործարքով ընկերությունը 15 տարով վարձակալեց նախկինում 5 ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը:  Մեծամորի ատոմակայանը Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և մասնավորեցման ենթակա չեն: Սակայն դրա կառավարման իրավունքը հանձնվել է օտարերկրյա կազմակերպությունների: 2003 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին փոխանցվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։ ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։ ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը ստանալու էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը:  2012 թվականին պայմանագիրը կասեցվեց ռուսական ընկերության դիմումի համաձայն, քանի որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, աշխատանքային պայմանները շահավետ չէին: Հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ատոմակայանը հանձնված չէ հավատարմագրային կառավարման և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:  Երկաթուղի 2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման մասին որոշումը: 2008 թվականի  փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ որոշումը: Ռուսական կողմին հանձնված կառավարման ժամկետը 30 տարի է՝ քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգելու իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց 2004 թվականին, երբ կառավարությունը 132 միլիոն դոլարի դիմաց գործարանը օտարեց 4 ընկերության: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» և «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12․5-ական տոկոսը։ 2014 թվականին «Քրոնիմեդը» գնեց «Մաքուր երկաթ» գործարանի բաժնեմասերը: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի բաժնետերերի մասին մանրամասն անդրադարձ էր կատարել «Սիվիլնեթը»՝ բացահայտելով կոմբինատի կապը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  և այլ անձանց հետ: «Հայփոստ» Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միանձնյա սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այն ծառայություններ է մատուցում Հայաստանի ողջ տարածքում՝ 900 փոստային բաժանմունքներում:  2004 թվականին ընկերության հավատարմագրային կառավարումը կառավարության որոշմամբ անցավ «Կոնվերս Ինվեստ» ընկերությանը, ապա՝ ընդամենը երկու տարի անց, կառավարիչը փոխվեց: 2006 թվականին կառավարության որոշմամբ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնեց նիդերլանդական «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:  2015 թվականին, արդեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշում կայացրեց՝ ընկերությունն ամբողջովին մասնավորեցնելու մասին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորեցումը նպաստելու էր կապի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների իրականացմանը: Սակայն 2019 թվականին կառավարության դիրքորոշումն այս հարցում փոխվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստը» կարևոր է պետական ծառայությունների մատակարարման տեսանկյունից, և այդ պատճառով դրա մասնավորեցումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 16 տարվա հավատարմագրային կառավարումից հետո, «Հայփոստն» անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այսպիսով, այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտում բացարձակ գերիշխող դիրքեր են զբաղեցնում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և ռուսական «Գազպրոմ Արմենիան»: Լուսինե Ոսկանյան
16:14 - 14 օգոստոսի, 2020