Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (22 մլն 600 հազար եվրո արժողությամբ):Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թ․-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ։Հաշվի առնելով նախկինում գրանցված հաջողությունները՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու համար կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին։Նա հայտնեց, որ նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ։ «Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ։ Կիրականացվեն կրթության կառավարման, տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ։ Կշարունակվի բուհերում նորարարական, գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր»,-ասաց նա։  Դումանյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների  և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը իրականացնում է 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքները։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, թե այս պահին Հանրապետությունում քանի դպրոցի և մանկարապարտեզի նախագծման և շինարարարական աշխատանքներ են իրականացվում․ «Նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվեն 2022 թ․-ին։ Մանկապարտեզների մասով նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատաներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թ․-ին, սա ամբողջական տվյալներն են՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արված ծրագրերի արդյունքն են»։
12:20 - 05 մայիսի, 2022
«Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար»․ Համաշխարհային բանկ

«Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար»․ Համաշխարհային բանկ

Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար, որը կկրճատի գլոբալ տնտեսական աճը, BBC-ի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը։ Նա ընդգծել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և էներգակիրների համաշխարհային գների աճը, ինչպես նաև աճող արժեզրկումը, ավելի մեծ հարված կհասցնեն աղքատներին։  Սննդամթերքի գներն արդեն աճել են պատերազմի պատճառով, և դա ամենաշատն ազդելու է աղքատ երկրների վրա։ Եվ Ռուսաստանը, և Ուկրանան սննդամթերքի խոշոր արտադրողներ են ողջ աշխարհի համար։ S&P Global Platts-ի տվյալներով՝ Ուկրաինան ձեթի խոշորագույն արտադրողն է աշխարհում, Ռուսաստանը, երկրորդ տեղում է։ Նրանք միասին կազմում են ձեթի համաշխարհային արտադրության 60%-ը։ JP Morgan-ի տվյալներով՝ այս երկու երկրներին է բաժին ընկնում նաև ցորենի համաշխարհային արտահանման գրեթե մեկ երրորդը։ Ցորենի գները Չիկագոյի ֆյուչերսային բորսայում արդեն հասել են 14 տարվա առավելագույնին։ Նույնը վերաբերում է նաև ռուսական էներգամատակարարումներին։ Դրանց կրճատումը հատկապես վտանգավոր է Արևմտյան Եվրոպայի համար, որտեղ կառավարություններն՝ էլեկտրաէներգիայի բավարար քանակության համար այլընտրանքային աղբյուրներ չեն նախապատրաստել։ ԵՄ էլեկտրաէներգիայի շուրջ 39%-ը ստացվում է էլեկտրակայաններից, որոնք աշխատում են արդյունահանվող վառելիքով, որի աղբյուրն էլ Ռուսաստանն է։ Մելփասը նաև կարծում է, որ պատերազմը զգալիորեն կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա՝ փոշիացնելով վերջին տարիների տնտեսական հաջողությունները։ Համաշխարհային բանկը մոտ ժամանակներս կհաստատի Ուկրաինային 350 մլն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը։  Նորա Վանյան
19:03 - 04 մարտի, 2022
Պետական եկամուտների կոմիտեն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում

Պետական եկամուտների կոմիտեն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում

Տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։  Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: «Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը: Նշվում է, որ այդ վեցամսյա ծրագիրն ավարտվելու է 2022 թվականի ապրիլի սկզբին:
19:01 - 11 հունվարի, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբերի 8-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն:  Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:  
21:56 - 08 դեկտեմբերի, 2021
Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով: ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքերի, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:
16:28 - 15 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Կառավարության ծրագիրը ինչպես ՀԲ, այնպես էլ Հայաստանի զարգացման այլ գործընկերների կողմից գնահատվել է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային և համապարփակ ծրագիր: Աննա Բյերդեն ՀԲ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցելու Կառավարությանը նախանշված ծրագրերի իրականացման գործում: Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը:  
13:19 - 15 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մանրամասնելով, որ այդ օրակարգն ուղղված է հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։ Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:42 - 03 նոյեմբերի, 2021
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Ինչպես փոխանցում են ՏԿԵ նախարարությունից, Գնել Սանոսյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, հաստատված հիմնական նպատակները, համագործակցության ուղղությունները։ Նա ընդգծել է, որ կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր է իր առջև դրել և պատրաստվում է նաև միջազգային գործընկերների հետ ջանքեր ներդնել դրանք իրականացնելու համար։ Ըստ նախարարի՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը շատ բազմաշերտ է, ընթացքում գտնվող շատ ծրագրեր կան, ներկայումս շատ կարևորվում է կենսական նշանակության ճանապարհների ծրագրերը, տարածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ջրամատակարարման, տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերը, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։ Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը նախատեսվող ծրագրերում, հատկապես՝ ջրային ոլորտում, հողերի օգտագործման ոլորտում, զբոսաշրջության և ճանապարհաշինության ոլորտներում։ Կարոլին Գեգինատը կարևորել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ոլորտը մասնավոր ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով առանձին քննարկումներ՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:
15:43 - 07 սեպտեմբերի, 2021
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Հանդիպմանը Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները՝ կարևորելով հատկապես նախանշված բարեփոխումները մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսության ոլորտներում: Մհեր Գրիգորյանը տնտեսության զարգացման տեսանկյունից ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: «ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է փոխվարչապետին իր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանրային առողջության պահպանման, համավարակին հակազդման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է պատվաստման գործընթացի իրականացումն ու ակտիվացումը: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով քննարկում՝ հստակեցնելու համար հետագա անելիքները: 
18:41 - 06 սեպտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց մեղմման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած քայլերը: ԱՄՀ պաշտոնյաների հետ քննարկվել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է առանձին ոլորտներում Կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը դրանց անխափան իրականացման վերաբերյալ: Այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները: Փոխվարչապետը ներկայացրել է երկրում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա բարձր է գնահատել ՀԲ խմբի գործընկերների ներդրումը տնտեսության առանցքային ուղղություններին առնչվող բարեփոխումների իրականացման գործընթացում: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ:
20:26 - 13 ապրիլի, 2021
Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3.4 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3.4 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին կհասնի 3.4 տոկոսի: Այս մասին ասված է բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում: «2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը`7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական բախումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:  Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը: «Հաստատում էր տնտեսական խելամիտ կառավարման ռեկորդ, որն ամրապնդվում էր ուժեղ հարկաբյուջետային կանոնով, գնաճի համար նպատակաուղղված դրամավարկային քաղաքականության շրջանակով և ֆինանսական ոլորտի վերահսկողությունը բարելավելով: Իշխանությունները սկսեցին բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որը նպատակաուղղված էր կառավարման ամրապնդմանը 2018-ին: Տնտեսական աճն ուժեղ էր՝ 2018 և 2019 թվականներին միջինը կազմելով 6,4 տոկոս»,-նշել են բանկից: Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփոխումների առաջընթացին, կառուցվածքային մարտահրավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներուժին: Մարտահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները: Զեկույցում նշվում է, որ սակայն Հայաստանի առաջընթացը ձախողվել է 2020-ին երկու ցնցումների՝ համավարակի և Արցախի պատերազմի պատճառով: 2020 թվականին իրական ՀՆԱ-ն անկում է ապրել 7,6 տոկոսով: «Նախատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ 3,4 տոկոս և ավելի ուժեղ 2022 թվականին՝ 4,3 տոկոս: Վերականգնումը դանդաղ կլինի. մինչև 2023 թվականը տնտեսությունը դժվար թե վերադառնա մինչև COVID-ը եղած արտադրանքի մակարդակին»,-ասված է զեկույցում: Համաշխարհային բանկը նկատել է, որ նախնական սցենարի համաձայն ենթադրվում է, որ իշխանությունները չեն կիրառի լրացուցիչ արգելափակումներ, սահմանափակումներ 2021 թվականին: Զեկույցում նշված է՝ ակնկալվում է, որ մասնավոր սպառումը և ծառայությունների ոլորտը աստիճանաբար կվերականգնվեն: Մասնավոր ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան զսպված՝ արտացոլելով ներդրողների թույլ վստահությունը: Հետկոնֆլիկտային մեծ ծախսերը և հանրային ներդրումների հավակնոտ ծրագրերը, չնայած մեղմված են կատարման մարտահրավերներով, սակայն կբարձրացնեն հարկաբյուջետային դեֆիցիտը և միջնաժամկետ հեռանկարում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կբարձրացնեն 70 տոկոսից: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ միջին գնաճը կմնա մոտ ՀՀ ԿԲ-ի 4 տոկոսանոց նպատակին, բայց կարող է աճել, եթե պարենի և վառելիքի համաշխարհային գները շարունակեն անսպասելիորեն բարձրանալ: Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների հոսքերը կզսպվեն, բայց պետական փոխառությունները միջնաժամկետ հեռանկարում պահուստները կպահեն հարմարավետ մակարդակի վրա:
15:31 - 31 մարտի, 2021
Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:Փոխվարչապետն արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեև նախորդ տարին լի էր դժվարություններով և ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» և դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ և քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևորությունը տնտեսության վերականգնման և այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:
19:20 - 04 մարտի, 2021