Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար, որը կկրճատի գլոբալ տնտեսական աճը, BBC-ի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը։
Նա ընդգծել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և էներգակիրների համաշխարհային գների աճը, ինչպես նաև աճող արժեզրկումը, ավելի մեծ հարված կհասցնեն աղքատներին։
Սննդամթերքի գներն արդեն աճել են պատերազմի պատճառով, և դա ամենաշատն ազդելու է աղքատ երկրների վրա։
Եվ Ռուսաստանը, և Ուկրանան սննդամթերքի խոշոր արտադրողներ են ողջ աշխարհի համար։
S&P Global Platts-ի տվյալներով՝ Ուկրաինան ձեթի խոշորագույն արտադրողն է աշխարհում, Ռուսաստանը, երկրորդ տեղում է։ Նրանք միասին կազմում են ձեթի համաշխարհային արտադրության 60%-ը։
JP Morgan-ի տվյալներով՝ այս երկու երկրներին է բաժին ընկնում նաև ցորենի համաշխարհային արտահանման գրեթե մեկ երրորդը։ Ցորենի գները Չիկագոյի ֆյուչերսային բորսայում արդեն հասել են 14 տարվա առավելագույնին։
Նույնը վերաբերում է նաև ռուսական էներգամատակարարումներին։ Դրանց կրճատումը հատկապես վտանգավոր է Արևմտյան Եվրոպայի համար, որտեղ կառավարություններն՝ էլեկտրաէներգիայի բավարար քանակության համար այլընտրանքային աղբյուրներ չեն նախապատրաստել։
ԵՄ էլեկտրաէներգիայի շուրջ 39%-ը ստացվում է էլեկտրակայաններից, որոնք աշխատում են արդյունահանվող վառելիքով, որի աղբյուրն էլ Ռուսաստանն է։
Մելփասը նաև կարծում է, որ պատերազմը զգալիորեն կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա՝ փոշիացնելով վերջին տարիների տնտեսական հաջողությունները։
Համաշխարհային բանկը մոտ ժամանակներս կհաստատի Ուկրաինային 350 մլն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը։
Նորա Վանյան
comment.count (0)