Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ
12:20 - 05 մայիսի, 2022

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (22 մլն 600 հազար եվրո արժողությամբ):

Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թ․-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ։Հաշվի առնելով նախկինում գրանցված հաջողությունները՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու համար կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին։

Նա հայտնեց, որ նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ։ «Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ։ Կիրականացվեն կրթության կառավարման, տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ։ Կշարունակվի բուհերում նորարարական, գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր»,-ասաց նա։ 

Դումանյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների  և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը իրականացնում է 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքները։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, թե այս պահին Հանրապետությունում քանի դպրոցի և մանկարապարտեզի նախագծման և շինարարարական աշխատանքներ են իրականացվում․ «Նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվեն 2022 թ․-ին։ Մանկապարտեզների մասով նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատաներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թ․-ին, սա ամբողջական տվյալներն են՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արված ծրագրերի արդյունքն են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել