Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք. Արգիշտի Քյարամյան |aysor.am|

5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք. Արգիշտի Քյարամյան |aysor.am|

aysor.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի վախենում, որ իրեն դավաճան կասեն։ «Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա ու կերևա՝ ով է դավաճան, ով՝ փոքրոգի, ով՝ գումարով ու այլ շահերով տոգորված հարցեր տվող», - լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նա հայտարարեց, թե 5-րդ շարասյուն կար ու ենթադրում է՝ հիմա էլ կա: «5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով ու ինչի պատճառով պարտվեցինք ու պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին, ես դա ձեզ խոստանում եմ», - հավելեց Քննչական կոմիտեի նախագահը:
10:20 - 09 մայիսի, 2023
Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատուն։ Երկկողմ հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանը արժևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի  նախագահը նշել է, որ իր այցը վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև արտահայտում է իրավական ոլորտում համագործակցության խորացման միտումը։ Դեսպան Ֆան Յոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և այցի համար։ Նա ընդգծել է հայ և չին ժողովուրդների հարուստ քաղաքակրթական և մշակութային ժառանգություն և ընդհանուր արժեքներ ունենալու հանգամանքը։ Դեսպանը հավելել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցելու քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու կառույցների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու ջանքերին։  Դեսպանի ուղեկցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը արտացոլող անկյունները։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պատվին դեսպանատանը ընթրիք է մատուցվել, որի շրջանակներում նաև հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու չինական խոհանոցին։ Պաշտոնական հանդիպման և ընթրիքի սեղանի շուրջը ծավալվել է ջերմ և անմիջական զրույց իրավական փոխօգնության ցուցաբերման հարցում համագործակցության շրջանակների ընդլայնման շուրջ։ Նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը՝ կողմերը շեշտել են հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ, քննչական մարմինների ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանը կարող է ՀՀ քննչական կոմիտեին աջակցություն ցուցաբերել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, ինչպես նաև անդրազգային բնույթ կրող այլ հանցագործությունների դեմ պայքարում կոմիտեի կարողությունների զարգացման, փորձի փոխանակման հարցերում։ Կողմերը պայմանավորվել են սերտացնել կապերը՝ գործադրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արագ արձագանքման գործուն մեխանիզմներ։ ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Ֆան Յոնին բարձր մակարդակի ընդունելության և հյուրընկալության համար։
19:09 - 26 ապրիլի, 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտի տարածած հաղորդագրությունից, Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Քրիստինա Քվինին դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ: Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ համագործակցության արդյունավետությունն արտացոլվել է անդրազգային բնույթ ունեցող և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ առավել բարդ դրսևորումներ ստացող հանցատեսակներով բացահայտումների քանակական աճով, իսկ պայքարի արդյունավետ նոր մեթոդների յուրացումը, տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության շարունակումը նպաստում են ավելի շոշափելի ձեռքբերումներին։ Այս առումով Արգիշտի Քյարամյանն ընդգծել է  կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման առումով առանցքային նշանակություն ունեցող  համակարգչատեխնիկական լաբորատորիայի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում։ 2022թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բյուրոյի (INL) ֆինանսավորմամբ այն համալրվել է տվյալ ոլորտում ամենաարդիական ծրագրային ապահովումներով, գերհզոր սերվերային և այլ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ընդլայնել լաբորատորիայի գործառույթները։ Իր հագեցվածության մակարդակով այն չի զիջում տարածաշրջանային լավագույն լաբորատորիաներին։ Դեսպան Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ և ցանկանում է զարգացնել դրանք նոր մակարդակի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը՝ ելնելով հայկական կողմի նախանշած առաջնահերթություններից։ Քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությանը, այս ոլորտներում ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված՝ ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։
15:30 - 22 մարտի, 2023
Պետք է բացահայտվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառ, դա կարևոր է պատմության համար․ Արգիշտի Քյարամյանը՝ ՔԿ կոլեգիայի նիստին

Պետք է բացահայտվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառ, դա կարևոր է պատմության համար․ Արգիշտի Քյարամյանը՝ ՔԿ կոլեգիայի նիստին

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։ Արգիշտի Քյարամյանն ասել է, որ քննիչների կատարած աշխատանքի արդյուքնում վերջվերջո պետք է բացահայտվեն այն հանգամանքները, ինչի արդյունքում մենք պարտվել ենք․ « Դա կարևոր է ոչ միայն մեր համար, պետության, կառավարության համար, դա կարևոր է պատմության, ազգի, ժողորվրդի համար, կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի պարզվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառ»։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, հանցավորության շարժընթացի, առկա ռեսուրսների համատեքստում նախաքննության որակի և արդյունավետության հետ կապված ձեռքբերումներն ու թերությունները։ Արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Այս աճը պայմանավորված է նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի դադարով։ 2022թ. հուլիսից, այսինքն նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելուց հետո, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով քրեական վարույթ է նախաձեռնվել։Տարվա ընթացքում ավարտվել է 20,108 քրեական վարույթ, որից 4798-ը ուղարկվել է դատարան։ ՀՀ ՔԿ քննիչների կողմից խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 1768 միջնորդություն, որից 1424-ը բավարարվել է:Ամփոփման ընթացքում շեշտվել է այն հանգամանքը, որ էականորեն ավելացել է ՀՀ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, ՔԿ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը տարվա ընթացքում կազմել է 111 քրեական վարույթ, նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է 27,5%-ով:ՀՀ ՔԿ-ում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 7.299.459.415 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու կարևոր խնդրի վրա։ Նախ՝ նա շեշտել է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանափակումներ են նախատեսվել նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների առումով, որը խիստ ծանրաբեռնվածության պայմաններում ստիպում է արագացնել վարութային և ապացուցողական գործողությունները և կայացնել վերջնական դատավարական որոշումներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա՝ բացառելու համար դրանց խախտման հետևանքով հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։ Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով վարույթի կասեցման ինստիտուտը ևս վերացել է, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է հստակ ժամանակացույցի հիման վրա անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդիրը։ Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։ ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։ Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։ ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։
20:33 - 01 փետրվարի, 2023
Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Այս մասին այսօրվա՝ հունվարի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։  «Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է, և կարծես թե, էս պահի դրությամբ ունենք ապացույցների այն անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունը անընդհատ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ կառավարության նիստում որևէ բան հնչել է, որևէ մեկը այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ․ «Որովհետև այդ պահին ինչ հնչել է, ինչ տեղեկություն ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք, կիսում ենք և կկիսենք։ Նկատի ունեմ՝ եթե կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է․ «Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»։ Վարդապետյանի ու Քյարամյանի հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ հայտնեց քննությունից։ «Պետք է ընդգծել, որ ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել, որ բուլդոզերները դիզվառելիք են օգտագործում, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար։ Հիմա փաստորեն գործի տվալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Ընդ որում՝ վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, ու նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Եվ էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, և էլի եմ ասում, որ սա չի նշանակում, որ որևէ բանով կաշկանդված ենք, և քննությունը պետք է լինի շարունակական»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել ՊՆ-ում։ Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։
12:03 - 26 հունվարի, 2023
Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Մեկնարկել է կառավարության նիստը։ Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր ՊՆ զորամասերից մեկում հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախնական տվյալները՝ կապված զորամասի կեցավայրում հրդեհի դեպքի հետ։ «Նախնական տվյալներով, մասնավորապես Ռազմական ոստիկանության հայտնած տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,- նշեց Պապիկյանը։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց այն, և ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներակայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ «Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»,- հավելեց ՔԿ նախագահը։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց հետևյալը․ «Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ»։  Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 
11:22 - 19 հունվարի, 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով, որքանով հիշում եմ, 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում․ այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվում։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա հայտնել է, որ այս պահին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմից կա շուրջ 600 տուժած անձ, որոնց մեծ մասն այս պահին ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Հարցին, թե արդյո՞ք քննության առարկա են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների գործողությունները, ու արդյո՞ք կան վարույթներ, Քյարամյանը դրական է պատասխանել ու հավելել․ «Եթե ճիշտ եմ հիշում, 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։ Այստեղ ևս ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք այս գործերով, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և չորս դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»։ Քյարամյանը հայտնել է, որ վերոնշյալ վարույթով մեղադրյաները միջին օղակի սպաներ և զինծառայողներ են, բարձրաստիճան սպաներ չկան։ ՔԿ նախագահը նպատակահարմար չի համարել այլ մանրամասներ հայտնելու այս գործերի վերաբերյալ։
10:10 - 05 հունվարի, 2023
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Դա վկայում է քննության ծավալի աննախադեպության և մեծության ծավալի մասին»,-ասել է նա։  Քյարամյանը նշել է, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործերը կոմիտեն պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ կախված նրանցից՝ դրանք սպաներին են առչվում, թե շարքայիններին։ Սպաների վերաբերյալ քրգործերը քննվում են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում և միացվել են ըստ ուղղությունների: Նա նշեց, որ ունեն 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրգործ, 18-րդ դիվիզիայի վերաբերյալ, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-ի, 8-ի օպերացիայի վերաբերյալ քրգործն առաննացված վարույթով է քննվում, ունեն քրգործ, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը, առանձին վարույթով քննվում է նաև պատերազմի ընթացքում ու դրանից առաջ զորահավաքի հարցերին վերաբերող քրգործը։  «Ըստ ուղղությունների ենք միավորել գործերը, քանի որ մեր վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։ Այս կերպ քննությունը երկար կտևի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է, դատավճիռներ, որքանով ինքը տեղյակ է, չկան։ Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ Քյարամյանը նշել է, որ նրանց դեմ քրգործեր են հարուցվել երկուական դրվագներով, որոնցից մեկականներով նախաքննությունը մոտենում է ավարտին։ Նա նշեց, որ ինքը՝ որպես նախաքննական մարմնի ղեկավար, հիմնավորված է համարում վերջիններիս մեղադրանքները, հակառակ դեպքում իր կարծիքը կարտահայտեր դատավարական լիազորությունների շրջանակում։ Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։ «Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջև»,- նշել է ՔԿ նախագահը։ Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։ «Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,- նշել է ՔԿ նախագահը։
09:54 - 05 հունվարի, 2023
Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը նշանակվել են ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նախկին 7-ի փոխարեն կազմվում է 13 անդամներից։Բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
15:00 - 04 հունվարի, 2023
Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ՔԿ որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ

Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ՔԿ որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու  կայուն մեխանիզմ։2022թ. ընթացքում Որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։ Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է  հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։Որակավորման հանձնաժողովի նախագահ,  ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած չորս ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:  
13:50 - 28 դեկտեմբերի, 2022
Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի նոր շենքերի բացման արարողությունը

Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի նոր շենքերի բացման արարողությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։ Արարողություններին ներկա են եղել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և  Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ ՀՀ ՔԿ նախագահը շրջայց է կատարել հիմնանորոգված շենքերում, ծանոթացել ընդհանուր աշխատանքային պայմաններին։ Ինչպես Արմավիրի մարզի քննչական վարչությունը, այնպես էլ Վաղարշապատի քննչական բաժինը մինչ այս չեն ունեցել առանձնացված վարչական շենք, աշխատանքային պայմանները եղել են ոչ այնքան բարվոք։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ՔԿ-ին հատկացվել են առանձին շենքեր, որոնք ամբողջությամբ հիմնանորոգվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ: Նոր վարչական շենքերը կահավորվել են ծառայության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով, ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով:  Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեի նախագահը կարճ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության նոր դահլիճում։ Շնորհավորելով քննիչների նորամուտը իրենց նոր աշխատավայրեր՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը, ծառայողների համար սոցիալական որոշակի երաշխիքների ապահովումը, որոնք այսօր կարևորվում են պետության կողմից, պետք է առավել մոտիվացնեն՝ բարձրացնելու նախաքննության որակը, նպաստելու հանրապետությունում հանցավորության նվազմանը, իրավակարգի ամրապնդմանը և  արդարադատության իրականացմանը։ «Որքան էլ բոլորիս մտահոգության առաջնային առարկան հակառակորդի կողմից արցախցի մեր հայրենակիցների համար պարբերաբար ստեղծվող հումանիտար ճգնաժամն է, սակայն մենք մեր մեջ ուժ ենք գտնում զարգանալու, առաջ շարժվելու և մեր պարտքն է, նման աշխատանքային պայմաններ ունենալով, առավել մեծ ջանք գործադրել արարելու, հավելյալ արժեք ստեղծելու և այդ կերպ հաղթելու համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահը։ Աշխատանքային արդյունավետության բարձրացման առաջնային նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների շենքային և նյութատեխնիկական բարելավման գործընթացը շարունակական բնույթ ունի։
18:51 - 16 դեկտեմբերի, 2022
Արգիշտի Քյարամյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՔԿ-ի և ԻԻՀ իրավապահների միջև կապերն ընդլայնելու հնարավորություններին

Արգիշտի Քյարամյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՔԿ-ի և ԻԻՀ իրավապահների միջև կապերն ընդլայնելու հնարավորություններին

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկուն շրջանակ։ Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է հայ-իրանական դարավոր բարեկամության նշանակալի իրողությունները և փաստել ներկա փուլում առկա կայուն հարաբերությունների կարևորությունը: ՔԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկարամյա արդյունավետ գործակցությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական` ներառելով առավել հեռանկարային ուղղություններ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել  իրավապահ համակարգում արդյունավետ շփումներ ապահովելու առաջնահերթությունները, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու իրավական փոխօգնությունը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հետագա համագործակցային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են նաև  Կոմիտեի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:  
17:38 - 16 նոյեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանի բնակչությանը գրոհների թիրախ դարձնելու դեպքերով նախաքննությունը շարունակվում է. Քյարամյան

Հայ-ադրբեջանական սահմանի բնակչությանը գրոհների թիրախ դարձնելու դեպքերով նախաքննությունը շարունակվում է. Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս միջոցառումը պատեհ առիթ է` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները: Անվիճելի ձեռքբերում եմ համարում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործում: Այդ ամենին հնարավոր է եղել հասնել համակարգի աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, սրտացավության ու նվիրումի շնորհիվ: Չէինք ունենա նման արդյունք, եթե  այս գործելակերպի հիմքում ընկած չլինեին պետական մտածելակերպն ու ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու գիտակցումը: Այդ որակները հատկապես ցայտուն են դրսևորվում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների օրերին արձանագրված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում: Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը և տարածքային ստորաբաժանումները մինչ օրս շարունակում են առերեսվել  2020 թվականի պատերազմական ծանրագույն օրերին հանրապետության ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների քննության օբյեկտիվ դժվարությունների հետ: Կոմիտեի նշված վարչությունում  ներկայումս էլ շարունակվում է նախաքննությունը՝ - Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող, խորը թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, - 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու և  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու, - 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, - 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, - 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերով։ Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ Որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։ Նախաքննությամբ պարզվել են ագրեսիայի ակտի իրականացմանն այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր։ Քննությամբ հաջողվել է անհատականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնություններ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների։ Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախաձեռնված վարույթներով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես, կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել են 17.000-ից ավելի անձինք, որոշումներ են կայացվել տուժող, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, համեմատական հետազոտություն իրականացնելու համար վերցվել են նմուշներ, նշանակվել են տարաբնույթ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատապայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր ու տեսագրություններ: Ներկայումս Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում: Հարկ է նշել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կենտրոնացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում սպաների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները, որոնք միավորվել են՝ ըստ ուղղությունների, առանձին օպերացիաների, կարևոր քաղաքների պաշտպանության կազմակերպման հարցում առկա թերացումների վերաբերյալ դեպքերի։ Հիշյալ քրեական վարույթներով ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող` ծավալուն և կարևոր փաստական տվյալներ, որոնք հընթացս գնահատվում և քրեական հետապնդումներ հարուցելու հիմքեր են դառնում։ Հիշյալ գործերով ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մեծարգո՛ Վարչապետ, Հարգելի՛ ներկաներ, Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի հիմնական արդյունքներին՝ պետք է արձանագրեմ, որ քննչական մարմիններն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննված շուրջ 30.000 վարույթների շուրջ 93%-ը (կամ 27.482 վարույթ) քննել են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների քննիչները: Համակարգի ծառայողների քննած վարույթների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.2%-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն ավելացել է՝ նախորդ նույն ժամանակահատվածի 47-ի փոխարեն կազմելով 58 վարույթ: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումները նախաքննություն են իրականացրել 38.834 քրեական վարույթով: Հարգելի՛ գործընկերներ, Կոմիտեի արդյունավետ գործունեության հիմնական գրավականը եղել և շարունակում են մնալ համակարգի արհեստավարժ կադրերը, բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող` մեր քննիչները: Կոմիտեի շարքերը բարձրակարգ կադրերով համալրելու մեր նպատակադրումը շարունակում է մնալ անփոփոխ: Նոր քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների սահուն կիրարկման ապահովումը պահանջում է երկարատև ու տքնաջան աշխատանք, որի ընթացքում մեր առաջնահերթությունները պետք է լինեն քննիչների դատավարական ինքնուրույնության ու անկախության ապահովումը, նրանց օրենսդրական լիազորությունները ողջ ծավալով նախաքննության օրինական շահերին ծառայեցնելը: Հարկավոր է հատուկ կարևորել համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը, քննիչների ամենօրյա պարտականությունների իրականացումը օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկման ենթակա անձանց գրավոր և բանավոր քննությունների անցկացման և արդյունքների ստուգման որակի բարձրացման հարցում։ Ներդրվել և Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման ենթակա անձը պարտադիր պետք է հանձնի մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն. ասվածը վերաբերում է նաև գլխավոր և բարձրագույն խմբի որոշ պաշտոնների հավակնող անձանց։ Հատկանշական է, որ հիշյալ ընթացակարգն ուղեկցվում է նաև տեսաձայնագրմամբ։ Հիշատակաման է արժանի նաև այն իրողությունը, որ օրերս մեկնարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Որակավորման հանձնաժողովը հսկայական նախապատրաստական աշխատանք է կատարել նոր իրավակարգավորումների շրջանակներում համակարգի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ակնկալում եմ այս գործընթացին ինչպես որակավորման հանձնաժողովի, այնպես էլ Կոմիտեի ծառայողների համարժեք ու պատասխանատու վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մրցակցային դատավարության պայմաններում քննիչների մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը, քրեական վարույթի մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը՝ նախաքննության արդյունավետության ապահովման կարևորագույն երաշխիքներն են: Հետևաբար, ատեստավորման գործընթացը պետք է առավելագույնս ծառայեցվի նոր օրենսդրության դրույթների իմացությունը խորացնելու և գործնականում դրանք կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակին: Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ Կոմիտեում զգալի աշխատանքներ են իրականացվել կառույցի ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Շնորհակալությամբ պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված նոր վարչական շենքերում շուտով իրենց աշխատանքները կկազմակերպեն Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրատրանսպորտային հանցագործությունների քննության ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժինը` Տավուշի մարզում: Ավելին, առաջիկայում շահագործման կհանձնվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի` նոր հիմնանորոգված և անհրաժեշտ գույքային ու տեխնիկական միջոցներով հագեցված շենքերը: Ավարտելով խոսքս ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն ամուր կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների արմատավորման դիրքերում: Համակարգի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքը հետևողականորեն ավելի արդյունավետ ու վճռական դարձնելու սպասումներն արդարացնելու համար: Հարգելի՛ քննիչներ՝ համակարգի նվիրյալ ծառայողներ, Շնորհակալ եմ Ձեր արդյունավետ աշխատանքի, մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումի և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատվախնդիր վերաբերմունքի համար: Մեր համատեղ ծառայությունը համարում եմ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մանագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, տոկունություն, ծառայողական հաջողություններ և թո՛ղ Աստված պահապան լինի բոլորիս»:
19:08 - 08 հոկտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան
 |news.am|

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում մի քանի լրագրողների հետ  զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաեւ դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա: Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու եւ միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տալու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաեւ դիակապտության հոդվածով: «Քննություն է իրականացվում եւ այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաեւ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաեւ ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:Քյարամյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը եւ այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է: Նա նկատեց, որ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների կամ դրանց միջեւ ընկած տարածքներում որեւէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց Քյարամյանը: Հարցին, թե քննչական աշխատանքներն ավարտելուց հետո որոնք են լինելու հետագա գործողությունները, ՔԿ նախագահը պատասխանեց. «Իրականում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շատ կարեւոր է, որ հստակ ֆիքսենք, որ միջազգային ատյաններում կարողանանք բարձրացնել այդ հարցերը: Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաեւ այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նորանոր տրամադրվում են նորանոր տեղեկատվություններ: Նաեւ իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են եւ կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ»:  
16:51 - 17 սեպտեմբերի, 2022
ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս մասին հաղորդագրություն  է տարածել ՔԿ-ն։ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր: Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով»։
10:20 - 10 սեպտեմբերի, 2022