Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ստեփանակերտում հանրահավաքը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին
 |artsakhpress.am|

Ստեփանակերտում հանրահավաքը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին |artsakhpress.am|

artsakhpress.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան վերսկսված ինքնաբուխ հանրահավաքը շարունակվել է նաև երեկոյան: Հանրահավաքի մասնակիցներն ու ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել Արցախի ճակատագրի և կարգավիճակին վերաբերող խնդիրների վերաբերյալ: Հանրահավաքի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է տեղակատվություն Երևանում Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակության հանդիպումների արդյունքի մասին: «ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որտեղ հստակ դրվել է պահանջ, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու: Բարձրաձայնվել են բնակչությանը մտահոգող հարցերը: Մեզ հավաստիացրել են, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում»,- նշել է Ա. Թովմասյանը: ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը կարևորել է միասնականությունը՝ խնդիրների լուծման և հաջողություններ կերտելու համար: «Պատմության մեջ մեր բոլոր ունեցած հաջողությունները պայմանավորված են եղել միասնականությամբ: Հասարակության միասնությունը հնարավորություն է ստեղծում լուծել թե´ քաղաքական, թե´ տնտեսական խնդիրները: Ժամանակն է, որպեսզի հասարակության մեջ գոյություն ունեցող տարանջատումները, տարբեր մոտեցումները մի կողմ դրվեն և միասնական ճակատով կանգնենք պաշտպանելու երկրի սահմաններն ու մեր ժողովրդի իրավունքը»,-ընգծել է Վ. Բալայանը: «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ հանրահավաքի համար պատճառ են հանդիսացել վերջին զարգացումները:  «Պետք է պայքարենք Արցախի հայկական լինելու համար»,-հավելել է նա:
23:29 - 15 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին: Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:  
15:26 - 15 սեպտեմբերի, 2022
Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Արցախի ԱԺ պատվիրակության հետ միասին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր գտնվում եմ Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»:
14:48 - 15 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է  |news.am|

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է |news.am|

news.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։ «Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց հավաքի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։ «Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։ Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։ Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։ Իսկ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին։   
13:29 - 15 սեպտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու․ ԱՀ ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախը եղել է, կա և լինելու է։  Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց  Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի՝ մինչև և հետո։Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում  կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու ։ Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Անկախության համար այս երկար ու ձիգ տարիներին  մենք չափազանց թանկ գին ենք վճարել։ Արցախի նորօրյա պատմությունը, պետական սահմանը գծվել են մեր զոհված ազատամարտիկների արյան գնով։ Սիրելի' հայրենակիցներՄենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք»։ Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:  Ավելի ուշ ԱՀ նախագահը հայտնել էր, որ ինքը Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ․ «Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։
02:27 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում պետք է հաշվի առնվեն ԱՀ ժողովրդի շահերն ու կարծիքը․ Արայիկ Հարությունյան

ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում պետք է հաշվի առնվեն ԱՀ ժողովրդի շահերն ու կարծիքը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ «Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Այսօր՝ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:  Դրան նախորդել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքն իր վրա վերցրել է ծանր որոշումների գնալու պատասխանատվություն՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում, թե այդ որոշումները պետք է հակասեն ՀՀ պետական շահերին․ «Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ ինքը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և առաջիկա օրերին չի պատրաստվում ստորագրել։
00:19 - 15 սեպտեմբերի, 2022
Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ  անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ «Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:  Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,-գրել է նա։
22:08 - 14 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները «ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարությամբ։  Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:
20:36 - 14 սեպտեմբերի, 2022
Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ «Ես խորապես վշտացած եմ երեկվա հաղորդագրություններից այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ մահացու և անհիմն հարձակումներ է իրականացնում հայ ժողովրդի դեմ՝ այս անգամ հրետակոծելով Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները, իսկ ավելի ուշ՝ կրակելով Հայաստանի սահմանամերձ քաղաքների՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այս հայկական քաղաքները վիճելի հողեր չեն, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են»,- հայտարարել է Ադամ Շիֆը: Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է, այլև ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ. «Դա տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից ընդամենը մի քանի օր անց։ Այնտեղ նրանք հայտարարել են խաղաղ համաձայնության հասնելու իրենց մտադրության մասին։ Եվ դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (միջազգային կառույցը, որին հանձնարարված է վերականգնել խաղաղ գործընթացը)՝ Միացյալ Նահանգների նոր համանախագահը դիվանագիտական այցով ժամանեց Բաքու»: Ադամ Շիֆը կոչ է արել Պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև մշտական դադարեցնել ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին․ «Քանի դեռ մենք դա չենք արել, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև կհասնի իր ամենասարսափելի նպատակներին»։ Կոնգրեսականը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ «Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին»,- նշել է նա։
18:32 - 13 սեպտեմբերի, 2022
Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ «Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։ Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության,  երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։ Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են։
14:29 - 13 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ քարտուղարությունը  աշխատանքներ է կազմակերպել  ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ

ՀԱՊԿ քարտուղարությունը աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ

Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։  «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը հրադադարի պահպանման գործում՝ սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած։ Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
13:48 - 13 սեպտեմբերի, 2022
Այս գործողությունները հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում են․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Այս գործողությունները հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում են․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։   «Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։   Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։   Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
10:46 - 13 սեպտեմբերի, 2022