Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է  |news.am|
13:29 - 15 սեպտեմբերի, 2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է |news.am|

news.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։

«Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց հավաքի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։

«Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։

Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։

Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։

Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։

Իսկ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել