Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանի զինված ուժերը արցախցիների նկատմամբ 112 հանցագործություն են կատարել․ ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինված ուժերը արցախցիների նկատմամբ 112 հանցագործություն են կատարել․ ԱՀ դատախազություն

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։  Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ): Հափշտակվել է 1 տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 6 գյուղատնտեսական տեխնիկա, 21 տրանսպորտային միջոց, 15 այլ գույք, հրկիզվել է 4 այգի: Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.
21:25 - 05 սեպտեմբերի, 2022
Արցախի իշխանությունները որևէ այլ բնակավայր «հանձնելու» մասին որևէ բանակցություն չեն տանում. Տեղեկատվական շտաբ

Արցախի իշխանությունները որևէ այլ բնակավայր «հանձնելու» մասին որևէ բանակցություն չեն տանում. Տեղեկատվական շտաբ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:    «Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։   Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայր «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։   Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով դուք նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։  
17:30 - 05 սեպտեմբերի, 2022
Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիները կրկին կառավարության շենքի դիմաց են. հանդիպում են պահանջում Փաշինյանի և Հարությունյանի հետ |pastinfo.am|

Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիները կրկին կառավարության շենքի դիմաց են. հանդիպում են պահանջում Փաշինյանի և Հարությունյանի հետ |pastinfo.am|

pastinfo.am: Քաշաթաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր առավոտից կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի իշխանություններից պահանջում են ապահովել իրենց տներով կամ փոխհատուցման ծրագիրը վերանայել, որպեսզի հնարավոր լինի տրվող գումարով բնակարան ձեռք բերել։ «15 շահառուի արդեն տվել են սերտիֆիկատ, նրանցից մեկն է ընդամենը կարողացել գումար ավելացնել և տուն գնել գյուղում։ Մնացածները երեք ամսից ավել է՝ չեն կարողանում ոչ գումար գտնել, ոչ բնակարան գնել այդ գումարի սահմանում։ Մեր պահանջը մեկն է. մենք տուն ենք կորցրել, բարի եղեք մեզ տնով ապահովել։ Ձեր առաջարկած ծրագիրը չի աշխատում, դա պարզ երևում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղից տեղահանվածներից մեկը։ Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասում է՝ մարդիկ արդեն շատ երկար ժամանակ է, որ անորոշ վիճակում են։ Խնդիրները շատ են՝ տան վարձերը բարձր են, մի կերպ են գոյատևում, իսկ բնակվարձերի ծրագրից էլ, որ մեկնարկել է, իբր, հուլիսից, դեռ որևէ մեկը չի օգտվել։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
16:51 - 05 սեպտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։ «Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների: 2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։ 2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումից: Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու  վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։ Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,–ասվում է հաղորդագրությունում։
10:08 - 05 սեպտեմբերի, 2022
Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|

Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|

hetq.am: ՌԴ խաղաղապահ զորախումբը Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի տարածքում 2 դիտակետ է տեղաբաշխել, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացնում այդ հատվածում։ Նկատենք, որ հին միջանցքում, որով անցնում էր Գորիս-Աղավնո-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը, տեղակայված էր 6 դիտակետ։ Դրանցից 2-ը գտնվում էին հենց ճանապարհի վրա, իսկ մնացած 4-ը՝ միջանցքի տարածք մուտք-ելք ապահովող ճանապարհների վրա։ Oգոստոսի 31-ի իր տեղեկագրում ՌԴ խաղաղապահ զորախումբը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։ Այս գործընթացի արդյունքում 27 դիտակետերին ավելացվել են եւս 3-ը, ու հիմա իր պատասխանատվության գոտում զորախումբն ունի 30 դիտակետ-հենակետ։ Սակայն հարկ է նշել, որ դիտակետերի թիվն ավելացվել է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ նոր միջանցքի հատվածում նախկին 6-ի փոխարեն այժմ կա 2 դիտակետ։   Միջանցքում են ռուսական կողմի թիվ 1 եւ 2 դիտակետերը։   Սրանցից առաջինը գտնվում է Հայաստան-Արցախ ներկա երթուղու վրա՝ ՀՀ սահմանի անմիջական հարեւանությամբ՝ Հագարի գետի վրա կառուցված նոր կամրջի մոտ։ Այսինքն՝ այն վերահսկում է երթեւեկությունն ու անվտանգությունը Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ներկա երթուղու վրա։ Բայց նորություն չէ, որ միջանցքով անցնում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ պարբերաբար այն տարանցում են ադրբեջանցիները՝ ռուսների ուղեկցությամբ։ Ներկա միջանցքը, ինչպես եւ նախորդը, Քաշաթաղի (Լաչինի) շրջանը կիսում է երկու մասի, եւ մի հատվածից մյուսն անցնելու ամենակարճ տարբերակը միջանցքը հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս հատելն է։ Օրինակ՝ միջանցքից հարավ՝ Հագարի գետի հովտում գտնվող Ծաղկաբերդ գյուղը (եւ, ընդհանրապես, Հագարիի հովիտի հարավային գյուղերը) Բերձոր քաղաքին կապելու ամենակարճ ճանապարհն անցնում է հենց միջանցքով (Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր) եւ, բնականաբար, հատում Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ճանապարհը։  Սակայն ադրբեջանցիները հիմա ակտիվ շինաշխատանքներ են կատարում նույն Ծաղկաբերդ-միջանցք-Բերձոր ճանապարհի վրա, որը, դատելով տարածված տեսանյութերից եւ առցանց քարտեզներից, առաջիկայում փոխելու է ուղղությունը եւ ոչ թե հատելու է Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ երթուղին, այլ անցնելու է Հագարիի նորակառույց կամրջի տակով եւ նույն գետի հունով բարձրանալու վերեւ, ապա Աղավնո գյուղի հյուսիսային մասում միանալու Աղավնո-Բերձոր ճանապարհին։ Այսինքն՝ այս պարագայում հայկական ու ադրբեջանական երթեւեկները չեն խաչվի։ Ադրբեջանցիներն այս կերպ նաեւ կրճատում են Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ներկա ճանապարհի ոլորաններն ու երկարությունը։  Ինչ վերաբերում է միջանցքի թիվ 2 դիտակետին, ապա եթե հավատանք ռուսական կողմի տարածած քարտեզներին, սրա տեղակայումը չի փոխվել, պարզապես թիվ 24 դիտակետը դարձել է թիվ 2։ Խոսքը նախկին Շիվիթ բնակավայրի ավերակների մոտ տեղակայված դիտակետ-հենակետի մասին է, որը նախկին միջանցքի դեպքում վերահսկում էր դրա հարավային սահմանը, իսկ ներկա միջանցքի պարագայում դարձել է դրա հյուսիսային անցակետը։ Այս դիտակետը գտնվում է Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ճանապարհի վրա՝ Ապարան գյուղից 1,5 կմ հարավ։ Փաստորեն, եթե ադրբեջանցիները ավարտին հասցնեն Ծաղկաբերդ-միջանցք-Աղավնո-Բերձոր ճանապարհը Հագարի գետի հունին զուգահեռ, միջանցքը տարանցելիս այդուհետ դժվար թե օգտվեն միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր լեռնային հատվածից։ Նոր դիտակետեր՝ Բերդաձորում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Կիրով) եւ Տասը Վերստ (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Ենգիբար) գյուղերում, ՌԴ զորախումբը 2 նոր դիտակետ է տեղակայել։ Իրականում Հին Շենում ռուսները ներկա են դեռ 2020-ի դեկտեմբերից, երբ թշնամին սադրանքի դիմեց Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, վերահսկողության տակ առավ այդ գյուղերը, ապա հասավ Հին Շեն ու Մեծ Շեն, սակայն որոշակի նահանջեց ռուսների միջամտությունից հետո։ Ընդ որում՝ չնայած Հին Շենում փաստացի առկայությանը՝ ռուսական կողմի քարտեզներում մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը ներառյալ որեւէ դիտակետ չէր նշվում այս գյուղի տարածքում։ Բացի դրանից, հատկանշական է, որ Հին Շենի հարեւանությամբ գտնվող թշնամական մարտական հենակետը, որին անդրադարձել էինք վերջերս, դեռ չի հանվել։ Այն գտնվում է նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծին՝ բարձունքի վրա, որտեղից Հին Շենն ափի մեջ է։ Թշնամու դիրքից մինչեւ նորակառույց ճանապարհը, որն անցնում է գյուղի գերեզմանոցի մոտով, 470 մ է (տես ստորեւ), գերեզմանոցի մյուս կողմում էլ՝ գյուղամիջյան խաչմերուկի վրա, ռուսական թիվ 3 դիտակետն է։ Ինչպես հայտնի է, միջանցքով անցնող ճանապարհը երկու կողմերում 2,5-ական կմ անվտանգության գոտի պետք է ունենա, այնինչ դեռեւս այդ գոտում գտնվող ադրբեջանցիները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանը, արդեն սկսել են իրենց հենակետից քարեր գլորել ճանապարհի ուղղությամբ։ Համայնքապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը հետեւողական կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության պատշաճ կատարմանն ու ադրբեջանցիներին կստիպի հեռանալ Հին Շենով անցնող ճանապարհի անվտանգության գոտուց։ Եթե Հին Շենում սովոր էին թշնամու ներկայությանը, ապա հարեւան Մեծ Շենի տեսադաշտում (սարերի վրա) ադրբեջանցիները հայտնվել են օգոստոսի 27-ից, երբ Բերձորն ու հարակից գյուղերն արդեն հանձնվել էին նրանց։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։ Ինչ վերաբերում է Տասը Վերստ գյուղի մոտ ռուսական կողմի դիտակետին (թիվ 10), ապա այն նոր է եւ գտնվում է Գորիս-Ստեփանակերտ հին (Բերձորով) ու նոր (Հին Շեն-Մեծ Շենով) ճանապարհների հատման կետում (տես ստորեւ)՝ վերահսկելով նրանց երթեւեկը։ Նկատենք, որ ադրբեջանցիները պարբերաբար ռուսների ուղեկցությամբ Շուշի-Բերձոր-Շուշի ուղղությամբ տարանցումներ են կատարում հենց Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհով։   Բերձորի հանձնումից հետո երկարել է շփման գիծը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից ոչ հեռու։Եղցահողի ուղղությամբ այս տարվա օգոստոսին թշամու սադրանքի եւ տարածած կեղծ լուրի մասին առ այն, թե իբր իր զինուժը վերահսկողության տակ է վերցրել Եղցահողի հարեւան Սարիբաբ ռազմավարական բարձունքը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
10:48 - 04 սեպտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների հայտարարություններին։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։ Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»։
20:32 - 03 սեպտեմբերի, 2022
Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

 |armenpress.am|

Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը  և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով: Ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից՝ կոնգրեսականները նամակն ուղղել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առիթով:Նամակն ուղղած կոնգրեսականների թվում են Նանետ Բարագանը, Թոնի Կարդենասը, Անդրե Կարսոնը, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ջեյսոն Քրոուն և մի խումբ այլ կոնգրեսականներ: «Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել ծանր դժվարություններին, որոնք առաջացել են 2020 թվականին ադրբեջանական ուժերի սանձազերծած 44-օրյա պատերազմի, նաև անմեղ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ագրեսիայի պատճառով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հաստատել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»,-իրենց նամակն այսպես են սկսել կոնգրեսականները: Ապա նրանք ընդգծել են, որր 2021 թվականի ֆինանսական տարում 5 000 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորումը, որը ստանձնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի միջոցով հատկացված օգնությունը անբավարար են եղել այդ ճգնաժամը լուծելու համար: «Բազմաթիվ ընտանիքներ խիզախորեն վերադարձել են  Արցախ՝ իրենց տները՝ չնայած ադրբեջանական զորքերի կողմից բռնության շարունակական սպառնալիքին և չնայած նրան, որ բախվում են սննդի, կացարանի խնդրին: Մենք նաև խիստ մտահոգված ենք, որ Արցախում մնացած անձինք չեն ստացել ԱՄՆ-ի նախկինում հատկացված օգնություններից որևէ մեկը»,-նշել են կոնգրեսականները: Նրանք ընդգծել են ԱՄՆ օգնության անհրաժեշտությունը՝ հայերի համար Բերձորի միջանցքի փակման, շատ հայ ընտանիքների տարհանման, իրենց տները լքելու համատեքստում: «Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էապես ավելացնել ֆինանսավորումը, որն ուղղակիորեն կօգնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այդ թվում՝ բնակարանային, սննդի, ջրի, առողջապահության, ականազերծման և այլ խնդիրների լուծման հարցում: Մենք նաև հորդորում ենք ձեզ ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային վայրերը, որոնք ներկայում վտանգի տակ են՝ ըստ բամազաթիվ հաղորդագրությունների»,-շեշտել են կոնգրեսականները:  Նրանք նաև նամակում խնդրել են թարմացնել այն կոնկրետ գործողությունները, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար, նաև՝ ծրագրերի, գործընկերների, բյուջեների և արդյունքների մասին տեղեկատվությունը: Կոնգրեսականները նկատել են, որ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցը հնացած է և չի տալիս տվյալներ, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական որոշումներ կայացնելու համար: «Մենք խստորեն հորդորում ենք ձեզ կատարել հումանիտար ճգնաժամի թարմացած կարիքների գնահատում և որքան հնարավոր է շուտ օգնություն տրամադրել շահագրգիռ կողմերին»,-եզրափակել են կոնգրեսականները:
13:17 - 03 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը: Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»: «Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի: Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել:
10:41 - 03 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունենցող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին, նախարար Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետևելով նաև ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին: Նախարար Միրզոյանի կողմից շեշտվել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։
18:55 - 02 սեպտեմբերի, 2022