«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում |armenpress.am|

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում առաջատար դիրքերում պայքարում է երկու ուժ՝ վստահեցնելով՝հենց իրենց ուժն է, որ ունի փորձ ու գիտելիքներ: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը»,-ասաց Քոչարյանը: Նա առաջարկեց ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձել հասկանալ, թե որ թիմն իրենից ինչ է ներկայացնում: «Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ….»,-ասաց Քոչարյանն ու իշխանությանը մեղադրեց նաև կոռուպցիոն գործարքների մեջ: Նա հավաստիացնում է, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, գալիս է երկիրը շենացնելու: Հավատացնելու համար, որ չեն ստում՝ Քոչարյանն առաջարկեց նայել իր կենսագրությունը, Դաշնակցության կենսագրությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրությունը: «Մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, չունենք մարդիկ, որոնց կարելի է ասել, որ սուտասան են, անբարոյական են և սադիստ են»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ունեն փորձ ու գիտելիքներ: Քոչարյանը խոսեց գործող իշխանության, տարբեր ոլորտներում նրա վարած քաղաքականության մասին: Նա հիշեցրեց վերջին 3 տարվա ընթացքում փոխված ԱԱԾ ղեկավարների թիվը՝ 5, ԳՇ պետերի թիվը՝ 4: «Մենք առաջարկում ենք մեզ և ասում, որ ի վիճակի ենք այս ամենը փոխել, երկրի վիճակը բարելավել և ձեզանից յուրաքանչյուրի կյանքի որակը լավացնել»,-վստահեցրեց Քոչարյանը: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել»: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հունիսի 20-ի ընտրությունը որակեց վճռական, պատմական: «Դա սովորական և հերթական ընտրություն չէ, դա հայրենիք և պետություն ունենալու և չունենալու ընտրություն է»,-ասաց նա:
15:44 - 15 հունիսի, 2021
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար |armenpress.am|

Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար անել հնարավոր ամեն ինչ: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Մենք ունեցել ենք մի խայտառակ վիճակ՝ կուտակված պարտքեր գազի դիմաց, հոսանքի դիմաց 1998 թվականին: Էներգետիկայի ամբողջ համակարգը մենք բերել ենք առողջ վիճակի մոտ 1-1.5 տարվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը: Խոսելով ատոմակայանի մասին՝ նա նշեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Քոչարյանը: Նա հավելեց՝ շատ հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ շատ վաղուց: «Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ»,-ասաց նա՝ դիմելով մեծամորցիներին: Խոսելով էներգետիկ ոլորտում «Հայաստան» դաշինքի ծրագրերից՝ Քոչարյանն ասաց. «Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են՝ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով ՝ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել»: Քոչարյանը ենթակառուցվածքները համարեց տնտեսության ողնաշարը: Նա հավելեց, որ իր նախագահության տարիներին էներգետիկ ոլորտում բավականին հետաքրքիր բարեփոխումներ են եղել: Նրա կարծիքով՝ եթե այսօր կա աշխատող էներգետիկ համակարգ, ապա դա եղել է հենց այդ ռեֆորմների շնորհիվ:
16:55 - 14 հունիսի, 2021
Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Լավ աշխատող Կառավարությունն այն է, որի մասին մարդիկ նույնիսկ չեն էլ լսում. ինչո՞ւ դու պիտի Կառավարության շենքի տեղն իմանաս, այս երեք տարիների ընթացքում Կառավարության շենքի դիմաց այնքան ակցիաներ են եղել, որ ոնց որ մեզ ամեն օր ասեն՝ կա Կառավարություն, կա Կառավարություն: Այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ամենալավ Կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն հանդիպում, ամեն օր հանդիպելը նշանակում է, որ այդ Կառավարությունն ամեն օր մի խնդիր է ստեղծում և մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը պետք է այս կամ այն գործը անի ու չի անում, սա է իրականությունը: Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատելի լինի, բայց ձեր իսկ կյանքում այդ աշխատանքը պետք է նկատելի լինի, ձեր կյանքի որակի բարելավման գործում պետք է նկատելի լինի»,-ասաց Քոչարյանը:
15:02 - 14 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

armenpress.am: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Բյուրեղավանում, ապա 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 8-րդ օրը մեկնարկելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպեն քաղաքացիների հետ, ապա կմեկնեն Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կրտվի ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։ Նույն ժամին կլինեն նաև Բերդ համայնքում։ ԱԺԲ կուսակցությունը Երևանում նույնպես հանդիպումներ կունենա համակիրների հետ՝ սկսած 19։00-ից կլինեն Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին կլինեն Աշտարակում, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Արարատի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումները կսկսեն ժամը 10։00-ից՝ Անթապից, ապա 10։30-ին կլինեն Մասիսում, 11։30-ին՝ Արևշատում, 12։10-ին՝ Վերին Արտաշատում, 13։00-ին՝ Փոքր Վեդիում, 15։00-ին՝ Վեդիում, 15։30-ին՝ Արարատում, 16։20-ին՝ Ավշարում, 16։50-ին՝ Ոսկետափում և 18։30-ին՝ Արտաշատում։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արմավիրի մարզում և Երևանում։ Ժամը 12։40-ից սկսած հանդիպումներ կլինեն Էջմիածնում, 15։30-ին՝ Մեծամորում, 17։00-ին Քարակերտում և 18։00-ին՝ Արմավիրում։ Ժամը 19։30-ին դաշինքի անդամները կլինեն Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը։ Կուսակցության անդամները ժամը 13։00-ին հանդիպումներ կունենան Քաղսի գյուղում, ապա 18։00-ին՝ Նորատուս գյուղում։ «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես կգա ասուլիսով, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Կքննարկվեն ներքաղաքական զարգացումները, նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր։
09:18 - 14 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

Այսօր այս ապիկար իշխանությունը շարունակում է կործանիչ գործողությունները, մենք տեսնում ենք ժամ առ ժամ, որ ադեկվատությունը ավելի շատ են կորցնում և ավելի են խորացնում առկա ճգնաժամը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։ «Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու»,–ասաց նա։ Նա հարց բարձրացրեց, թե արդյոք ընտրողները տեսնում են այլ ուժ, որն ի վիճակի է դուրս բերելու մեր երկիրն այս վիճակից, և քաղաքացիները պատասխանեցին՝ ոչ։
17:43 - 11 հունիսի, 2021
Հայաստանը պատրաստ չէ պարտադիր զինծառայության բոլոր պետծառայողների, ներառյալ կանանց համար. Ռոբերտ Քոչարյան  |news.am||

Հայաստանը պատրաստ չէ պարտադիր զինծառայության բոլոր պետծառայողների, ներառյալ կանանց համար. Ռոբերտ Քոչարյան |news.am||

news.am: Մենք պատրաստ չենք անցնելու պարտադիր զինծառայության բոլոր պետական ծառայողների, ներառյալ կանանց համար։ Այս մասին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հունիսի 11-ին, նախընտրական քարոզչության ընթացքում ասաց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք մտցնել նորմ, որպեսզի յուրաքանչյուր պետծառայող, այդ թվում կանայք, պարտադիր զինծառայություն անցնեն։ Նրա խոսքով՝ այդպիսի համակարգի կտրուկ անցումը կհանգեցնի ներքին լարվածության աճի։ Նա մատնանշեց հարցի շուրջ լայն քննարկման եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ «Բայց դա արդեն վերջին փուլն է։ Չնայած ես դա կատարյալ օրինակ եմ համարում (որն աշխատում է Իսրայելում), երբ թշնամաբար տրամադրված պետությունների շրջապատում ձեւավորվում են անվտանգության ամրապնդման եւ երկրի զարգացման պայմաններ»,- միաժամանակ ընդգծեց Քոչարյանը։ Նա նշեց, որ բանակը պետք է ուժեղացնել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ներգրավել ինչպես զենքի, այնպես էլ թրենինգների տեսանկյունից։ «Ներկայիս իշխանությունները թուլացրել են մեր պետության երկու կարեւորագույն բաղադրիչ՝ ազգային գաղափարախոսությունը եւ բանակը։ Եթե մենք չուժեղացնենք այդ դիրքերը, ապա չենք ունենա անվտանգ պետություն»,- եզրափակեց երկրորդ նախագահը։
13:09 - 11 հունիսի, 2021
2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Այս մասին Քոչարյանը խոսեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե նա երաշխավորու՞մ է արդյոք, որ մեր երկրում բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։  Քոչարյանը նշեց, որ եթե այս երևույթները չլինեին, 2018 թվականի ապրիլյան իրադարձություններն էլ չէին լինի (բողոքի ակցիաներն ու իշխանափոխությունը)։  «Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի, հարազատի կողմից որևէ լկտիություն, որևէ տեղ»,- հարցրեց Քոչարյանը նույն քաղաքացուն, ինչին ի պատասխան վերջինս բացասական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ երկրորդ նախագահի ընտանիքի անդամները պարկեշտ են եղել, բայց այլ արտոնյալներ եղել են։  Քոչարյանը քաղաքացուն հարց ուղղեց, թե որ ժամանակաշրջանը նկատի ունի՝ 1998-2008-ը՝ իր նախագահության տարինե՞րը, թե՞ դրանից հետո։ Քաղաքացին պատասխանեց՝ այս վերջին տարիները։ «2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի, դրա համար ուղղակի շփումներ չէի ունենում։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ հունիսի 11-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում է։ Բացի Եղվարդից, այսօր հանդիպումներ և հանրահավաքներ են նախատեսված Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։
12:23 - 11 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։ «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։  «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։
09:26 - 11 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։  Infocom-ն արդեն ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված գործարարների և բավականին շատ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Բացի դրանից ուսումնասիրել ենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընգրկված շատ դրամական միջոցներ և սեփականություն հայտարարագրած պատգամավորի թեկնածուներին։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտարարագիր են ներկայացրել 75-ը։ Համաձայն ներկայացված հայտարարագրերի՝ որպես դրամական միջոց ամենաշատ հայտարարագրած պատգամավորի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս հայտարարագրման պահին ունեցել է 980 մլն ՀՀ դրամ և 1մլն 927 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ 2 մլրդ 187 մլն 265 հազար։ Քոչարյանը բացի դրամական միջոցներից հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Վերջինս «Սիստեմա ԲՖԿ»-ում ունի 0․0306% բաժնետոմս։ Քոչարյանը հանդիսանում է նաև այս ընկերության անկախ տնօրենը։ Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդը Դավիթ Սեդրակյանն է։ Սեդրակյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 1 մլրդ 420 մլն 630 հազար ՀՀ դրամ և 750 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Սեդրակյանի հայտարարագրածը կազմում է 1 մլրդ 808 մլն 5 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 34 անշարժ գույք, այդ թվում՝ 3 բնակարան, 1 շենք, 7 շինություն, 1 պահեստ, 5 խորդանոց, 1 կրպակ, 1 ծածկ, 1 էստակադա, հարթակ, 7 ավտոկայանատեղ, 3 տարածք և 4 հողամաս։ Սեդրակյանը «Դավիթ և Էլինա», «Դռագսման», «Դռագսման Սթոր», «Դռագսման Մարկետ», «Պարս» ՍՊԸ-ների 100% բաժնետեր է։ Բացի այս ընկերություններից Սեդրակյանը բաժնեմաս ունի «Բիդեք» ՍՊԸ-ում՝ 75%, «Նարիպրոֆ» ՍՊԸ-ում 50% և «Բեստ Ֆրենդս» ՍՊԸ-ում 25%: Ընդհանուր առմամբ պատգամավորի թեկնածուն 8 ընկերությունում ունի բաժնեմաս։ Պատգամավորի թեկնածու Արսեն Հախնազարյանը հայտարարագրման պահին որպես դրամական միջոց հայտարարագրել է 546 մլն 300 հազար ՀՀ դրամ, 1 մլն 205 հազար 600 ԱՄՆ դոլար, 511 հազար եվրո, 10 մլն ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Հախնազարյանի դրամական միջոցները կազմում են 1 մլրդ 588 մլն 313 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հախնազարյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակարան և 2 ավտոհանգրվան, ինչպես նաև 2 շարժական գույք՝ «Mercedes-Benz GLE 400 4Matic Coupe» և «Hyundai Azera 2.4L» մակնիշների։ Հախնազարյանը 33․34% բաժնետոմս ունի «Սմարթ Չոյս» ՍՊԸ-ում, 30% բաժնետոմս «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ում, 100% «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ում, 34% «Սմարթ Սեթ» ՍՊԸ-ում, 23․36% փայաբաժին «Սմարթ ֆայնես ֆորդ» ՍՊԸ-ում և 2 պարտատոմս «Արարատբանկ»-ում՝ 2,8% և 4,6%: «Հայաստան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սայաթ Շիրինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 250 մլն ՀՀ դրամ, 750 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ հայտարարագրած գումարները ՀՀ դրամի վերածած կազմում են 731 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Շիրինյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 ավտոտնակ և 2 ավտոմեքենա՝ «Տոյոտա ավենսիս ZRT271» և «Լեքսուս RX 450 H» մակնիշների։ Շիրինյանի միակ եկամտի աղբյուրը նշված է կենսաթոշակից գոյացող գումարը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նույնպես ընդգրկված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։ Առուշանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 230 մլն ՀՀ դրամ, 295 հազար ԱՄՆ դոլար, 105 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 448 մլն 150 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Առուշանյանը հայտարարագրել է 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն և 1 բեռնատար «Զիլ 130»։ Արթուր Ղազինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 30 մլն ՀՀ դրամ, 500 հազար ԱՄՆ դոլար, 200 հազար եվրո։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Ղազինյանի դրամական միջոցները 413 մլն 550 հազար ՀՀ դրամ են։ Բացի դրամական միջոցներից Ղազինյանը հայտարարագրել է 1 տուն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա՝ «Jaguar XJL 3.0» մակնիշի։ Լևոն Քոչարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 161 մլն 280 հազար ՀՀ դրամ և 395 հազար 460 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 365 մլն 535 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 գրասենյակային տարածք և 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5» և «Toyota Camry 3.5p» մակնիշների։ Քոչարյանը 60% բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 50% «Ջեմկոմինվեստ»-ում, 33․3% «Սփեյս Մենեջմենթ»-ում և 0․70% բաժնետոմս «Էքզել Աութդորս»-ում։ Պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 9 մլն 800 հազար ՀՀ դրամ, 408 հազար ԱՄՆ դոլար և 212 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ՝ 353 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հակոբյանը հայտարարագրել է 4 բնակարան, 3 ավտոկայանատեղի, 1 հողամաս, 2 մարդատար ավտոմոբիլ՝ «Lexus ES 250» և «Mercedes-Benz V250 D 4Matic» մակնիշների և 1 մոտոցիկլ։ Հակոբյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 6 թանկարժեք գույք, այդ թվում՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot» ժամացույց, 11 մլն դրամ արժողությամբ «Vacheron Constantin» ժամացույց, 12 մլն դրամ արժողությամբ «Breguet» ժամացույց, 18 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի «Սևան» ջրանկար, 150 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի յուղանկար և 200 հազար դոլար արժողությամբ Հովհաննես Այվազովսկու նկար։ Հակոբյանը 10% բաժնետոմս ունի «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում։ Անդրանիկ Թևանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն 800 հազար ՀՀ դրամ, 358 հազար ԱՄՆ դոլար և 124 հազար եվրո գումար։ Ընդհանուր առմամբ՝ 268 մլն 393 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Թևանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ և 1 ավտոմեքենա՝ «Honda CR-V» մակնիշի։ Բացի վերը նշված անձանցից «Հայաստան» դաշինքով առաջադրվել են այլ անձինք, որոնք ընկերություններում ունեն բաժնեմասեր։ Տիգրան Բարսեղյանը 100% բաժնետեր է «Բիմմօ» ՍՊԸ-ում։ «Վեների», «Վեների Իմմո», «Սագատի ֆիշ», «Ջիտիէս-իմմո» ՍՊԸ-ներում ունի 50% բաժնեմաս։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոմեքենա և 53 մլն 737 հազար ՀՀ դրամ գումար։ Ալեքսանդր Խաչատրյանը բաժնեմասեր ունի «Թիքեյ ընդ Փարթներս», «Free Invest S. A.», ««Կամավոր 1» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» և ««Կամավոր 2» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» ընկերություններում։ Խաչատրյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 քոթեջ և 35 մլն 710 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։ Յուրի Համբարյանը բաժնեմաս ունի «Ռ և Հ Տրանս», «Մայ Նետ», «Լոռի Բիյր» և  «Սպայդեր Սիստեմ» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 3 բնակարան, 2 ավտոտնակ, 2 հողամաս, 1 տարածք և 1 ավտոմեքենա՝ «Toyota Camry 2.5» մակնիշի։ Դրամական միջոցները կազմում են 112 մլն 644 հազար ՀՀ դրամ։  «Հայաստան» դաշինքով առաջադրված Հռիփսիմե Ստամբուլյանը 100% բաժնետոմս ունի «Անռիվա-Տրանս», «Անռիվա-Տուր», «Անռիվա-Ռիելթի» և «Քորդոբա» ընկերություններում։ Ստամբուլյանը հայտարարագրել է 1 անհատական տուն, 1 բնակարան, 1 հասարակական բնակավայր, 2 հողատարածք և 1 ավտոմեքենա՝ «Lexus rx 350» մակնիշի։ Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել է 10 մլն դրամ արժողությամբ «Omega de ville» ժամացույց։ Ստամբուլյանի դրամական միջոցները կազմում են 146 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերում առկա միայն դրամական միջոցները, ապա դրանք կազմում են 4 մլրդ 468 մլն 687 հազար ՀՀ դրամ, 7 մլն 849 հազար 780 դոլար, 1 մլն 642 հազար 560 եվրո, 15 մլն 502 հազար 700 ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ Գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 9 մլրդ 930 մլն 286 հազար ՀՀ դրամ։ Վերևում նշված 13 պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին վերցրած կազմում են 8 մլրդ 512 մլն 127 հազար ՀՀ դրամ, որը հայտարարագիր ներկայացրած պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցների 85,7%-ն է։ Նարեկ Մարտիրոսյան
18:36 - 10 հունիսի, 2021
Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|

Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|

hetq.am: Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը կասեցնելու է համայնքների խոշորացման գործընթացը։ Այս մասին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 156-րդ կետում ասվում է, որ վերանայվելու են Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը։ Քոչարյանն անդրադարձավ այս թեմային Ալագյազի բնակիչներից մեկի արտահայտած դժգոհությունից հետո, որ խոշորացումից հետո գյուղ պետական աջակցությամբ սերմացու և պարարտանյութ չի հասնում։ Քոչարյանը շեշտեց, որ դրական բաներ էլ է լսել գործընթացի մասին, սակայն բացասականը գերակշռում է։ «Կասեցնելու ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք։ Միգուցե այդ ընթացքում սխալ բաներ են արվել ու շտկելու կարիք կա։ Իսկ այն փաստը, որ ձեզ չեն տալիս սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, էս իշխանությունն է չորացրել։ Գյուղնախարարություն չկա, պատասխանատուն չկա, մեկը չկա, որ գյուղով զբաղվի։ Էս իշխանությունը գյուղի վրա խաչ է քաշել, ասում է՝ գյուղի հետ մենք գործ չունենք, գյուղացին հողի հետ ինչքան ուզում է, թող կռիվ անի»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ իրենք գյուղնախարարությունը վերականգնելու են, գյուղատնտեսական սուբսիդավորման մակարդակը բարձրացնելու են և նպատակ ունեն այնպես անել, որ գյուղացին ոչ թե անընդհատ կռիվ տա հողի հետ, այլ արժանապատիվ կյանք ունենա։ Եզդիաբնակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հայ ժողովուրդը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, նրանց ավանդույթների մասին պետք է ավելի շատ տեղեկացված լինի, ուստի ըստ Քոչարյանի, ուսումնական ծրագրերում անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել, որպեսզի դպրոցից սկսած՝ մարդիկ ավելի տեղյակ լինեն ազգային փոքրամասնությունների մասին։ «Երբ որ պատերազմ է, ձեր երիտասարդները զորակոչվում են և պայքարում են։ Սա բոլորիս երկիրն է։ Միտքս այն է, որ մենք պետք է մի քիչ ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող փոքրամասնություններին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հավելենք, որ հունիսի 10-ին «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզում է։ Մինչև Ալագյազը, Քոչարյանն ու մյուսները եղել են Թալինում և Ծաղկահովիտում։ Այսօր հավաքներ ու հանդիպումներ են նախատեսված նաև Ապարանում և մարզկենտրոն Աշտարակում։
16:39 - 10 հունիսի, 2021
Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու․ Ագնեսա Խամոյանhetq.am

Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու․ Ագնեսա Խամոյանhetq.am

hetq.am«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը կարծում է, որ եթե գործող իշխանությունները մնան, ապա կորցնելու ենք նաև Արցախի մնացած մասը։ Այս մասին Ագնեսա Խամոյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ նշելով, որ ընտրություններից անմիջապես հետո նախ պետք է ներազգային համերաշխություն հաստատել։  Նա կարծում է, որ Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ «Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
10:09 - 10 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաղ առավոտից լինելու են Շիրակի մարզում: Ժամը 11:00-ին նրանք կլինեն Մեծ Մանթաշում, ապա կուղևորվեն Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան: Մարզային քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ժամը 18:00-ին: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Երևանում: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք կանցկացվի:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատելու: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կլինի Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը կմեկնարկեն Հրազդան քաղաքից ժամը 11:30-ին, այնուհետև կայցելեն Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Մարզային այցելությունները կեզրափակեն ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքում: Երկրորդ խումբը շրջելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, ապա կլինեն 12:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպելու է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարելու են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, քննարկվելու է նախընտրական ծրագիրը, կլինեն ելույթներ և հարցուպատասխան: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի կունենա դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արշավը մեկնարկելու է 10:00-ից՝ Աբովյան քաղաքից, այնուհետև լինելու են Չարենցավանում, Հրազդանում, իսկ Գեղարքունիքի մարզում այցելելու են Սևան: Քարոզարշավն ամփոփելու են Երևանում՝ Ավան վարչական շրջանում, որտեղ քայլերթով քարոզարշավ կիրականացնեն: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է մայրաքաղաքում՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքներ են լինելու ժամը 17:00-ից սկսած: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին՝ լինելու է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք կլինեն Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Որոշ ուժեր քարոզարշավը շարունակում են ասուլիսային ձևաչափով: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսեն քաղաքական արշավի կազմակերպման իրենց ռազմավարության մասին:  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ է իրականացնելու Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու՝ դռնեդուռ անցնելով: «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հանդիպումը կմեկնարկի առավոտյան 09:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Սբ Սարգիս եկեղեցու մոտից: 
09:43 - 09 հունիսի, 2021
ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը օրենքով սահմանված ժամկետից՝ հունիսի 7-ից, շուտ են սկսել իրենց քարոզարշավը: ԿԸՀ-ի հունիսի 8-ի նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Լևոն Բաղդասարյանի դիմումի բովանդակությունը: «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 5-ին: Նշվում է, որ թեպետ օրենքի ուժով քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ից, սակայն որոշ կուսակցություններ ու դաշինքներ բացահայտ ձևով իրականացնում են քարոզարշավ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը: Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: «Նշված իրավանորմերի վերլուծությունը վկայում է, որ քարոզչություն իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկօրյա ժամկետային սահմանափակում, այն է, քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Նշվածից զատ որևէ այլ ժամկետային սահմանափակում առկա չէ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է դիմումի փաստարկին առ այն, որ տարբեր միջոցներով քարոզչության առկայությամբ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, ապա ԿԸՀ որոշմամբ, պնդումն անհիմն է: Որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի արգելված չէ քարոզչություն իրականացնելու հնարավորությունը: 
14:21 - 08 հունիսի, 2021
Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային հատկություններ և վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային հատկություններ և վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Մենք առջևում ունենք ճակատագրական իրադարձություն, բայց այս ընտրություններին մեր գնալու նպատակը զուտ թիմի փոփոխությունը չէ և առհասարակ՝ այս ընտրությունները անձերի մասին չեն։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այս ընտրությունները ունեն յուրահատկություն, որը հետևյալն է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև, աճող տնտեսություն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունություն, թե՞ ուզում ենք, որ շարունակվի ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը և ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի և միավորների»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաև խորհուրդ տվեց քաղաքացիներին կատարել 3 քայլ, ըստ որոնց նրանք կհասկանան, թե որ քաղաքական ուժին պետք է ձայն տալ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ, նաև ընդգծեց՝ երկրի առաջ ծառացած խնդիրները գործող իշխանությունը չի կարող լուծել։ «Վերցրեք թուղթ ու գրիչ և փորձեք թղթին տալ, թե ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ և ինքներդ ձեզ հարց տվեք, թե այս իշխանությունը արդյո՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը և որոշել, թե ձեզ համար ո՞րն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ փորձ, բավարար կամային հատկություններ, վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար և մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։
13:17 - 08 հունիսի, 2021