Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|
11:11 - 22 մարտի, 2022

Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից։ Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի նպատակը ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը։

«Կարծում եմ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է և ,կարծում եմ, սա միայն կբարելավի խնդիրը։ Ուզում եմ տեղեկացնել պատգամավորներին, որ աշխարհի շուրջ 30 երկրներում, ինչպիսիք են օրինակ Կանադան, Լիբանանը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Հարավային Ամերիկայի երկրները, գրքերի համար սահմանել են զրո տոկոս ավելացված արժեքի հարկ, իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ Սինգապուրը, Ճապոնիան, Թայլանդը, Իռլանդիան, Բելգիան, Կիպրոսը, տպագրված գրքերի համար սահմանված է ավելացված արժեքի հարկի արտոնություն նվազման դրույքաչափի կիրառման միջոցով։ Նույն իրավիճակն է մեր հարևան երկրներում Թուրքիայում սահմանված է 8 տոկոս ավելացված արժեքի հարկ, Վրաստանում ու Ադրբեջանում նույնպես արտոնություններ են սահմանված»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է  քվեարկել, և այդ առումով նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։

«Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- հավելեց Վարդանյանը։

Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ևս կան արտոնություններ գրահրատարակչական ոլորտում, և գրքերի մի մասը, օրինակ՝ մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկները, ազատված են հարկերից։

«Նախագծով առաջարկվում է նաև գեղարվեստական ու հրապարակախոսական գրականությունը ազատել հարկերից, սակայն նախագծի երկրորդ հատվածը էլ ավելի խնդրահարույց է, որտեղ առաջարկվում է ներկրվող հումքը ազատել հարկերից, ինչը մեր կարծիքով, շատ դժվար է տարորոշել։ Եթե ավելի գործնական լինի բացատրությունը, գուցե,  դիտարկենք։ Դժվար է որոշել, թե օրինակ այն թուղթը, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, հրատարակչական է, թե օրինակ բուկլետ կամ անձեռոցիկ պատրաստելու համար է»,- ասաց Ղազարյանը։

Պատգամավորը առաջարկեց  դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկին։

Աղվան Վարդանյանն իր հերթին խնդրեց Ղազարյանին սխալ գնահատականներ չտալ օրենսդրական նախաձեռնությանը։

«Տեղեկացնեմ խորհրդարանին, որ տիկին Ղազարյանը հիմնականում խոսեց նախագծի խնդրահարույց երկրորդ կետի վերաբերյալ՝ հումքի ներմուծման ապրանքները ևս ազատել ԱԱՀ-ից։ Տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկել եմ, որ եթե իրենք հարցեր են տեսնում, պատրաստ եմ երկրորդ կետը հանել և թողնել միայն գրքերի համար ԱԱՀ-ի հանումը, բայց, ցավոք, հանձնաժողովը դրան չարձագանքեց»,- ասաց Վարդանյանը։

Նախագիծը լիագումար նիստի օրակարգ չընդգրկվեց, 60 պատգամավոր «դեմ» քվեարկեց առաջարկին, 30-ը՝ «կողմ», 1 պատգամավոր «ձեռնպահ» էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել