Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Արդարադատության նախարարության ընդունարանն ու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը առժամանակ դադարեցնում են աշխատանքները

Արդարադատության նախարարության ընդունարանն ու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը առժամանակ դադարեցնում են աշխատանքները

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները: Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ 85-00 հեռախոսահամարով: ՔԿԱԳ բոլոր գրանցումները կարող եք կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում: 
15:32 - 15 հոկտեմբերի, 2020
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած դատապարտյալներին պատժից ազատելու հստակ իրավակարգավորումներ չկան. Ա. Ֆանյան |armtimes.com|

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած դատապարտյալներին պատժից ազատելու հստակ իրավակարգավորումներ չկան. Ա. Ֆանյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում հայրենիքի պաշտպանության գործում իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ է ձգտում ամեն ոք՝ երեխայից մինչեւ մարտական ուղի անցած քաղաքացի, բարերարից մինչեւ կալանավոր ու դատապարտյալ: Ազատազրկված անձանցից շատերն այս օրերին ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել, թեեւ նրանց զորակոչելու հատուկ իրավակարգավորումներ օրենքով կամ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսված չեն: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ ազատազրկված անձանցից դիմումներ ստացել են, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրում։ «Միաժամանակ խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,- ասաց նա: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը մեր զրույցում նշեց, որ նման դեպքերում պետությունն է որոշողը՝ քրեական ինչպիսի քաղաքականություն է պետք դրսեւորել: Ամեն դեպքում, դատապարտյալների ազատ արձակվելու ամենահավանական հիմքը, ըստ Ֆանյանի, այն է, որ դատարանները յուրահատուկ մոտեցում ցուցաբերեն՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցում: Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, նրանց դեպքում պետք է ներկայացվեն խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդություններ, սակայն անգամ խափանման միջոցի այդպիսի փոփոխությունը խոչընդոտներ է ստեղծելու քրեական գործերի քննությունը շարունակելու համար, որովհետեւ այդ դեպքում եւս կան հարցեր, որ իրավական կարգավորում չունեն: Թեմայի վերաբերյալ Արմինե Ֆանյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ. - Տիկի՛ն Ֆանյան, կա՞ն իրավական հիմքեր ռազմաճակատ մեկնելու նպատակով ազատազրկված անձանց պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու համար: - Կոնկրետ ընթացակարգ, որը հնարավորություն կտա դատապարտված անձանց պատժից ազատվել կամ պատժի կրումը հետաձգել, մենք չունենք, բայց ունենք մի կարգավորում, որ սահմանված է ՀՀ քր. օր. 80-րդ հոդվածով. ըստ դրա՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե պետության ներսում տիրող արտակարգ հանգամանքներին, այլ դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար ծանր հետեւանքների առաջացման հավանականությանը, եւ սրանով միայն այս օրենքի կիրառման սահմանները նեղացվում են: Ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ սա այնքան էլ կիրառելի չէ ստեղծված իրավիճակում, բայց, իհարկե, մեկնաբանման հարց է: Բոլոր դեպքերում պատժից ազատել միայն դատարանն է կարող, եւ շահագրգիռ անձը պետք է դիմի դատարան, պետությունն է որոշողը՝ ինչպիսի քրեական քաղաքականություն դրսեւորել, նրանց ազատել, թե ոչ: Այլ հարց է, որ պետությունը սկսի յուրօրինակ մոտեցում ցուցաբերել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառելիս. եթե այդ միջնորդությունների նկատմամբ դատարանների կողմից նախկինում շատ ավելի խիստ մոտեցում էր ցուցաբերվում, հիմա մի քիչ ավելի իրավիճակին բնորոշ մոտեցում ցույց տրվի, եւ անձինք մեծ մասամբ ազատվեն: - Եթե որեւէ անձի դեպքում այդ «արտակարգ հանգամանքները» բավարար լինեն, ազատվելուց հետո նրա նկատմամբ որեւէ վերահսկողություն սահմանվելո՞ւ է: - Ի տարբերություն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման՝ սա ենթադրում է պատժից վերջնականապես, անվերապահ ազատվել, նշված հոդվածի բովանդակությունից էլ երեւում է, որ որեւէ նախապայման կամ ժամանակավորապես ազատման հիմք չկա: Իսկ եթե անձը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի եւ մեկնի ռազմաճակատ, ապա, այո՛, դատարանը նրա նկատմամբ կարող է սահմանել որոշակի պարտականությունների կատարում փորձաշրջանի ընթացքում, իսկ փորձաշրջանը կարող է լինել պատժի չկրած մասը: - Հաշվի առնելով, որ միայն անձի ցանկությունը բավարար չէ ռազմաճակատ մեկնելու համար՝ որոշումներ կայացնելիս դատարանները պե՞տք է դիմեն պաշտպանության նախարարությանը, ունենան վերջինիս դիրքորոշումը: - Այդպիսի ընթացակարգ չկա, դատարանը նման լիազորությամբ օժտված չէ: Անձին ազատ արձակելիս դատարանը որեւէ պայմանում որեւէ երաշխիք չի ունենալու, որ նա մեկնելու է ռազմաճակատ: Իսկ եթե անգամ կալանավորումը փոխարինվի այլ խափանման միջոցով, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, անձը այլ տեղանք մեկնելու իրավունք չի ունենալու: Իսկ եթե, ամեն դեպքում, անձը այլ վայրում գտնվի, ընթացիկ քննության պայմաններում դա լուրջ բարդություններ է ստեղծելու՝ քննությունը անխոչընդոտ շարունակելու համար: Սրանք հարցեր են, որոնք իրավական կարգավորում ուղղակի չունեն. կա՛մ պետք է անհաղթահարելի ուժի հիմքով վարույթը կասեցնեն, կա՛մ չգիտեմ... Զուտ մոտեցման խնդիր է. իրավական ճանապարհ միշտ կարելի է գտնել, բայց ընթացիկ վարույթներով դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:09 - 15 հոկտեմբերի, 2020
Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկել զինվորներին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Աշխարհասփյուռ հայե՛ր, միավորվելու, մեր ուժը հենց այս պահին ցույց տալու ժամն է: Արդեն բոլորս գիտենք, որ սա հայությանը իր բնօրրանից կտրելու հերթական ճղճիմ փորձն է, որը դեմ է առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրության։ Թիկունքի ամրությունը ապահովելու համար պետք է յուրաքանչյուր հայի նվիրատվությունը՝ Համահայկական հիմնադրամին: Ամեն հայի մասնակցություն չափազանց կարևոր է: Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- գրել է Բադասյանը:
18:18 - 04 հոկտեմբերի, 2020
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

azatutyun.am: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին, հարցմանն ի պատասխան հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Նման եզրահանգման է եկել Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումը։ Կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանն անցած դատական նիստին չէր ներկայացել դատարան։ 64-ամյա Խաչատրյանն անցած դատական նիստին նամակ էր հղել դատավորին՝ գրելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն էլ «Ազատությանը» փոխանցել էր, որ ողնաշարի խնդիրներ ունեցող պաշտպանյալը դժվարությամբ է քայլում, նրա վիճակն օրեցօր ավելի վատթարանում է։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը դիմել էր դատավորին նամակով` պարզել՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը չի՞ կարող ներկայանալ նիստերին։ Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող 64-ամյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։
16:18 - 25 սեպտեմբերի, 2020
Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին: «Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։ Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։ Սա հաջողություն է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ դատաիրավական և հակակոռուպցիոն մեր բարեփոխումները համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին, և այդ առումով ունենք միջազգային հանրության աջակցությունը։ Համաձայնագիրն աջակցելու է մեր բարեփոխումներին երեք հիմնական ուղղություններով՝ դատական համակարգի անկախության, հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդում։
09:53 - 25 սեպտեմբերի, 2020
Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին

Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է  աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։  Այս մասին հայտնում են  ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և Ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է. «Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով։ Այս խրախուսանքները ձևական բնույթ չեն կրում։ Այն ձեր անցած ուղու ապացույցն է։ Ցանկությունս է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք, այլ ամբողջ ներուժով գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։   Նախարար Բադասյանը ևս շնորհավորել է ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծել, որ այն լավ առիթ է վերարժևորելու մեր ծառայությունը հայրենիքին: «Առաջին հերթին մենք պետք է հավատանք մեր աշխատանքին։ Օրինակ՝ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինձ հետ միասին  հավատում են նաև իմ տեղակալներն ու պարոն Մեղրյանը: Ես ուզում եմ, որ Ծառայության  ղեկավար անձնակազմն ու բոլոր աշխատակիցները ևս հավատան այս գաղափարին, հավատան, որ մենք ունենալու ենք բոլորովին այլ սոցիալական երաշխիքներ, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրան հասնելու համար պետք է հավատանք մեր անելիքներին։ Ռուստամ Բադասյանի խոսքով, ժամանակին Ծառայության հիմքում դրվել է ոչ լավ պրակտիկա, որը Ծառայությանը հեռացրել է քաղաքացիներից։ «Մենք հաճախ քաղաքացիներին չենք ընկալում որպես գործընկեր, անձ, որին հաշվետու ենք, հաշվետու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին։ Քաղաքացու հետ կոպիտ խոսակցությունը, նրա դարդուցավի նկատմամբ անտարբերությունը մեր համար, բնականաբար,  ընդունելի չեն։ Դրա համար խնդրում եմ այստեղ գտնվող  ղեկավար անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ շատ են նաև օբյեկտիվ խնդիրները, որոնք Ծառայությունից կախված չեն, բայց պետք է համատեղ ուժերով համակարգային լուծում ստանան։ Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակի կապակցությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների։ Միջոցառման ավարտին  տեղի է ունեցել Ծառայության մարզային տարբեր բաժինների հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 8 անձի երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։   Սերգեյ Մեղրյանը նոր աշխատակիցներին մաղթել է անփորձանք ծառայություն և մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ և պատասխանատու։ Նախարար Ռուստամ Բադասյանն էլ հույս է հայտնել, որ կիրականացնեն երդման ոգուն արժանի ծառայություն։
18:11 - 22 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը: Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները: «Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
14:15 - 17 սեպտեմբերի, 2020
Պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն նաև ծախսերի հայտարարագիր լրացնել |hetq.am|

Պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն նաև ծախսերի հայտարարագիր լրացնել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: Հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք են համարվելու նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները: Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախագծերի` հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու նաև դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:
13:30 - 17 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 15-ին արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա:Վահե Ղազարյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը:Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։Արդարադատության ակադեմիայի և ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:
17:16 - 15 սեպտեմբերի, 2020
Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։ Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ուղղությամբ տարվող աշխատանքներից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության դրական արդյունքներից։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին թվարկված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ ընթացիկ արդյունքներն արդեն իսկ խոսում են երկու երկրների կառավարությունների հարաբերությունների որակի մասին։ Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը սկսելուն ընդառաջ հանդիպելու և Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում՝ մասնավորապես՝  նոր հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորման և ոստիկանության բարեփոխումների շուրջ, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը քննարկելու համար։   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:15 - 14 սեպտեմբերի, 2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը: Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լևոն Գևորգյանը՝ քննարկման ներկայացնելով ներպետական իրավական համակարգի մաս հանդիսացող միջազգային իրավունքի ծավալները և շրջանակը, վավերացված միջազգային պայմանների կիրառման մեխանիզմները (մոնիստական, թե դուալիստական համակարգ, ինքնակիրարկվող և ոչ ինքնակիրարկվող միջազգային պայմանագրերի տարբերակում), միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության ծավալները։ Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։ Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։
11:19 - 12 սեպտեմբերի, 2020
ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով

ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա  միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը. «Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը և վկայականի կրկնօրինակը, վարույթը ավարտելուց հետո, ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել և ներկայացվել ըստ պահանջի»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:30 - 11 սեպտեմբերի, 2020
Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Դեբորա Գրիզերին

Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Դեբորա Գրիզերին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։ Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների լայն օրակարգում ներառված ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու համար, մասնավորապես՝ կարևորել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աշխատանքը, և հաջողություն մաղթել տիկին Գրիզերին հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ։ Ռուստամ Բադասյանը նաև վստահություն է հայտնել, որ Նախարարությունը նույն ակտիվությամբ կշարունակի համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ և այդ համատեքստում ողջունել ու բարի գալուստ է մաղթել տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։ Դեբորա Գրիզերը նույնպես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ աշխատանքային լավ փորձ ունեցող Դեյվիդ Հոֆմանը կնպաստի ձևավորված արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը։ Առցանց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում համագործակցությանը։
15:57 - 11 սեպտեմբերի, 2020
Արդարադատության նախարարության պարզաբանումը Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ

Արդարադատության նախարարության պարզաբանումը Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանում է ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության վերաբերյալ: Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանումը ներկայացրել է ի պատասխան լրատվամիջոցների հետ զրույցում Վիրաբյանի հնչեցրած հայտարարությունների: «Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ դրա վերաբերյալ Նախարարությունը չունի որևէ առարկություն, և, այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են Կառավարությունից ստացված միջոցների հաշվին։ Սակայն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել են նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի այն պնդմանը, թե «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24.05.2019թ. մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է»,- գրել է Մարտիրոսյանը:
13:51 - 09 սեպտեմբերի, 2020
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատվել է աշխատանքից․ նախարարությունը պարզաբանում է

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատվել է աշխատանքից․ նախարարությունը պարզաբանում է

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ ազատման պատճառի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով:«Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»,- գրել է նա։
17:51 - 08 սեպտեմբերի, 2020