Կորոնավիրուս

Վարչապետը հիմնավոր է համարում տոտալ վարկային արձակուրդ չհայտարարելու՝ բանկային համակարգի փաստարկը

Վարչապետը հիմնավոր է համարում տոտալ վարկային արձակուրդ չհայտարարելու՝ բանկային համակարգի փաստարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, թե ինչու թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում տոտալ վարկային արձակուրդ: Նրա խոսքով՝ բանկերն ասում են, որ ասենք, ունեն 100 հաճախորդ, որոնցից 80-ը կամ 85-ը պարտաճանաչ են եւ ունեն վստահելի հարաբերություններ, բայց մյուս 15-ը անպարտաճանաչ են. «Բանկերն ասում են՝ այդ 85-ի հետ մենք կնստենք հատ-հատ կխոսենք, եւ հարցերը կլուծենք, բայց ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք կապ չունի՝ հայտարարել ես վարկային արձակուրդ, թե ոչ, իրենք անընդհատ նույն պրոբլեմն են: Ինչու մենք համատարած եւ լավ, եւ վատ հաճախորդին տանք վարկային արձակուրդ: Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար, նա նորմալ չէր վճարում, հիմա ասենք՝ եղբայր, հիմա ընդհանրապես մի վճարիր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փաստարկը հիմնավոր է համարում։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից ձեռնարկվող աջակցության ծրագրերին, վարչապետն ասաց, որ նախ իրենց ընդհանուր պատկերացումը այն է, որ պետք է միջոցառումների արդյունքում պետության ֆիսկալ քաղաքականությունը չխաթարվի․ «Որովհետեւ եթե պետությունը պիտի գործառույթներն իրականացնի, պետք է գեներացնի եկամուտներ։ Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ տնտեսվարողները այս ֆորսմաժորային իրավիճակում կարող են ունենալ դժվարություններ իրենց ֆիսկալ պարտականությունները կատարելու առումով: Այո՛, գիտակցում ենք, եւ դրա համար մենք պատրաստ ենք քննարկել եւ կքննարկենք, թե ինչպես աջակցել էդ մարդկանց, որ իրենց հարկային պարտավորությունները կատարեն»,-ասաց վարչապետը: Նա կարծիք հայտնեց, որ այս ճգնաժամային իրավիճակը ինչքան պրոբլեմներ է ստեղծել կառավարության համար, այնքան էլ  ազատում է ձեռքերը, որ ավելի վստահ լինեն, որ կարողանան հասանելի ֆինանսական միջոցներ ներգրավել եւ ՀՀ-ում իրականացնել այնպիսի կապիտալ ծրագրեր, որոնց վերաբերյալ մի տարի առաջ մտավախություն ունեին, թե մեր պարտքի բեռը կթեթեւանա․ «Հիմա կարող ենք ավելի համարձակ լինել։ Խոսքը մասնավորապես պետական կապիտալ ներդրումների մասին է»,- շեշտեց Փաշինյանը։
20:37 - 16 մարտի, 2020
Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան

Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան

ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին ՀՀ կառավարության որոշումը ԱԺ-ում ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը հենց այսօր կայացնելը, ինչու՞ դա չի կայացվել մեկ շաբաթ առաջ։ Նա հարցրեց, թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարել կառավարությունը եւ որո՞նք են այն կրիտիկական հանգամանքները, որոնք որոշիչ դարձան որոշումը հենց այսօր կայացնելու համար։ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ կա պարզ վիճակագրություն․ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը մոտավորապես հնգապատկվել է․ «Ես հիշում եմ, որ ամսի 11-ին մենք ունեինք մոտ 6-7 հիվանդ եւ այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ՝ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը եւ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3, 4, 5 ախտորոշում եւ երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ, որոնք մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են եւ 3-4 օր տաքնվում էին։ Իրավապահ մարմիններն էլ Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, դա հասկանալի է, բայց, երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, դա մի քիչ դժվար է հասկանալ»։ Հաջորդ խնդիրը, վարչապետի խոսքով, երեկ Երեւանի արտադրամասերից մեկում գրանցած դեպքն է․ «Երբ նախօրեին մենք դեպք ունեցան, երբ դպրոցականի մոտ ախտորոշվեց, մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների։ Այն պարագայում, երբ դեպքերի 60 տոկոսը վերաբերում է մի քաղաքի, այնտեղ էլ պետք է արտակարգ գործողություններ կիրառել։ Երեկ մենք Էջմիածնից ելքերն ու մուտքերը սահմանափակել ենք, եւ 129 քաղաքացու, որոնք ջերմում էին, խնդրել ենք, որ տուն վերադառնան, մարդն ասում է՝ չէ, չեմ վերադառնա։ Հանկարծ սա որեւէ մեկի հասցեին մեղադրանք չընկալեք։ Մարդը թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի, զանգել են, ասել են՝ ոնց եք զգում, ասել է՝ ոչ մի խնդիր չկա, այցելել են, դուռը ծեծել են, դռան ետեւից ասել է, որ նորմալ է ամեն ինչ։ Ասել են՝ լավ, բացեք, տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Այս դեպքերում պետք է պետությունը լծակ ունենա, եւ ասի՝ չէ, պետք է բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնեմ ներս։ Այսինքն՝ հիմա քանի որ վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, դրա համար պետությանը պետք են լիազորություններ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս անհրաժեշտությունն առաջացել է վերջին 4 օրվա ընթացքում․ «Ինչու չէր եղել դա մեկ շաբաթ առաջ․ Արտակարգ դրություն կարելի է սահմանել Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Երբ երկրում կա ախտորոշված մի դեպք եւ նրա բոլոր կոնտակտները հանգստանում են Գոլդեն Փելիսում, որեւէ մեկին չես կարող բացատրել, որ սահմանադրական կարգին եւ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Այսինքն՝ սպառնալիքը պետք է գոյանա, քանի որ մարդու անքակտելի իրավունքը սահմանափող որոշում ենք կայացնում եւ այդ որոշումը չենք կարող ասել՝ գիտեք, դա մոտավորապես նույնն է, երբ հունվարին Նոր տարվա օրերին ասենք քանի որ Չինաստանից համաճարակ է բռնկվել եւ կարող է այդ համաճարակը հասնել Երեւան, հիմա արտակարգ դրություն ենք հայտարարում։ Մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս եւ ճիշտ է անում։ Քանի դեռ շոշափելի վտանգը անմիջական չի դարձել, հնարավոր չէ այդ որոշումը կայացնել»։
20:26 - 16 մարտի, 2020
Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիտին «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշնյանին, թե ինչու է որոշվել, որ արտակարգ իրավիճակում պարեկը պիտի լինի ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց գործողությունների տրամաբանությունը եղել է հետևյալը․ հունվարի 30-ից գործող աշխատանքային խումբը փոխել է կարգավիճակը, նոր կարգավիճակով է աշխատում, և հետևաբար, գլխավոր պարեկ է Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք թիրախային աջակցություն տրվելու է մարդկանց, քանի որ այս օրերին շատերը չեն աշխատելու, վարչապետը պատասխանեց․ «Փորձեմ այս ընթացքում մեր վարած ամբողջ քաղաքականության տրամաբանությունը ներկայացնել։ Այստեղ կա երկու շահ․ մեկը Ձեր ասածն է, որ մարդը, որպեսզի գնա, իր էլեկտրաէներգիայի գումարը վճարի,  եկամուտ պիտի ստանա, երկրորդ շահը այն է, որ նա չվարակվի կորոնավիրուսով։ Եթե մենք այս երկու մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու, և դրա համար մենք փորձում ենք այպիսի լուծումներ։  Մենք չենք ասել՝ վերջ, բոլոր ռեստորանները Հայաստանում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ այդ միջոցը պետք է արդրացված և արդյունավետ լինի, որովհետև երբ այդ բոլոր ռեստորանները փակում ենք, այդ բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ դուք այդտեղից եկամուտ չեք ստանալու։ Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի»։ Իսկ Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք մարզերն ապահովված են լինելու վարակն ախտորոշող թեստերով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միայն թեստ ունենալը բավարար չէ, պետք է լինեն նաև ախտորոշող լաբորատորիաներ, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահին երեքն են։ «Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմն արդեն ցուցումներով հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։
20:12 - 16 մարտի, 2020
Հստակ ռազմավարություն, կարգապահություն. նախագահի խոսքը կորոնովիրուսի ստեղծած իրավիճակի առնչությամբ

Հստակ ռազմավարություն, կարգապահություն. նախագահի խոսքը կորոնովիրուսի ստեղծած իրավիճակի առնչությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ՝ համարելով, որ Հայաստանի առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։   «Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է շատ արագ, շատ ավելի ինտենսիվ: Պայքարի ձևերը տարբեր են. ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում վիրուսի դեմ: Մենք, կարծում եմ, պետք է հստակորեն ուսումնասիրենք բոլոր երկրների հաջող և անհաջող փորձերը: Սակայն նման մարտահրավերի դեմ պայքարելիս կան սկզբունքներ, որոնք էական են: Սկզբունքներից առաջինը՝ կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան: Երկրորդ շատ կարևոր սկզբունքը հետևյալն է՝ մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները: Վիրուսային հիվանդությունները հաղթահարելի են ժամանակի մեջ, տարածության մեջ, կոնկրետ վայրում: Իհարկե, այդ մարտահրավերը վտանգավոր է: Այսօր ես, մասնավորապես, շատ անհանգիստ եմ մեր տարեց հայրենակիցների առողջության համար, քանի որ նրանք խոցելի են, և նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով առողջական խնդիրներ ունեն:  Սակայն, կրկնում եմ. հաղթահարելու համար պետք է և՛ հստակ ռազմավարություն, և՛ հստակ կազմակերպվածություն, և՛ կարգապահություն: Մանավանդ հիմա հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել, և կանոններ, որոնք պետք է պահպանել՝ նախ և առաջ, ձեր սեփական առողջության համար, ձեր հարազատների և մեր ողջ հասարակության, ժողովրդի առողջության համար: Եվ վերջապես երրորդը, որը կարծում եմ շատ պարզ է և խորիմաստ. այն կոչվում է պատասխանատվություն, պատասխանատվություն բոլորիս համար: Լինել պատասխանատու՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, հասարակական կազմակերպություններից մինչև քաղաքական կազմակերպություններ, գործարարներ, տնտեսություն վարող անձինք, մեզնից յուրաքանչյուրը... Ժամանակն է, որ մենք ոչ միայն ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև վերլուծենք համաշխարհային ընթացքը։ Օրերս երկար զրույց ունեցա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ, որի հետ մեկ ամիս առաջ արդեն իսկ զրուցել էի այս առիթով։ Այս երկրորդ զրույցը վերաբերում էր շատ պարզ փաստի՝ որ չնայած Հայաստանում կորոնավիրուսը դեռևս մեծ մասշտաբներ չունի, սակայն մենք գտնվում ենք բավականին զգայուն տարածաշրջանում, վարակի տարածման վտանգներ կան, աջակցության կարիք ունենք։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրեցի Հայաստան, և նա ընդունեց հրավերը։ Իր գործընկերների հետ նրա այցելությունը, կարծում եմ, շատ օգտակար կլինի։ Այսօր զրույց ունեցա Իտալիայի նախագահի հետ։ Բոլորի փորձը մեզ համար էական է։ Յուրաքանչյուր երկիր իր ռազմավարությունը պետք է որոշի։ Սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ մաղթել առողջություն, հանգստություն, վստահություն, որ այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, պատասխանատվության բարձր զգացումով հաղթահարելու ենք: Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատողներին, բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության կազմակերպիչներին. մեր հայրենակիցներից շատերի կյանքը ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ ձեր և՛ պետական, և՛ ազգային, և՛ մարդկային պարտքը շատ բարձր որակով և բարձր մակարդակով կկատարեք»,- նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
20:05 - 16 մարտի, 2020
Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան

Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնում է ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու կառավարության ընդունած որոշումը։ Վարչապետն իր ելույթում մանրամասնեց, թե արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունն ինչ հանգամանքի հետ է կապված․ «Մենք մի քանի օր է ուսումնասիրում ենք Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին ՀՀ օրենքը, եւ մեզ համար ակնհայտ է, որ այն բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները։ Ըստ էության, այնտեղ նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին կամ բնական աղետ, եւ մարդկանց կյանքը պետք է կազմակերպել այդ իրավիճակում։ Այսինքն, ԱԻ ժամանակ բնակչությանը աջակցություն ցուցաբերելու մասին օրենքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վտանգը բխում է մարդկանց արտաքին գործոններից։ Իսկ այն պարագայում, երբ մարդուն վտանգը բխում է ուրիշ մարդուց եւ նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ, ցավոք, մենք վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են ԱՆ եւ կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենք իրենց, այնպես էլ իրենց միջավայրի, հարազատների եւ ուրիշների անվտանգությունը․ «Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել։ Իսկ այդպիսի միջոցները, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, արտակարգ դրություն էլ հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք»։ Տվյալ դեպքում, Փաշինյանի խոսքով, անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան իրավիճակում, ու տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար․ «Հանրության առողջությունը ապահովելու եւ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ։ Սա, ըստ էության, նոր կարգավիճակ ենք տվել այն աշխատանքային խմբին, որը գործում է 2020 թվականի հունվարի 30-ին․ այդ օրն իմ որոմամբ ստեղծվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով՝ Ավինյանի գլխավորությամբ։ Այդ հանձնաժողովին տալիս ենք նոր կարգավիճակ, արտակարգ դրության պայմաններում այդ կարգավիճակը համարվում է պարտեատունը»։ Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ այս պահի դրությամբ մեր բոլոր պացիենտները գտնվում են լավ կամ բավարար վիճակում․ «Լավ նորությունն այն է, որ մեր ախտորոշված առաջին պացիենտը բուժվել է, դուրս է գրվել եւ գտնվում է իր տանը։ Ընդ որում՝ տվյալ դեպքում բուժվել ասելը շատ հարաբերական է, որովհետեւ, ըստ էության, մեր առողջապահական համակարգը նրա համար ոչ մի բան չի արել՝ բացի ախտորոշելուց եւ մեկուսացված պահելուց։ Մարդն ուղղակի 14 օր մնացել է հիվանդասենյակում՝ առանց որեւէ բժշկական միջամտության։ Այս ընթացքում թեստը երկու անգամ է կրկնվել․ մի անգամ յոթերորդ օրը, դրական է եղել, մյուս անգամ՝ երեկ է կրկնվել թեստը, բացասական է եղել, նա վերադարձել է բնականոն կյանքին»։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները նույնիսկ ջերմություն չունեն․ «Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի։ Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց մենք կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, եւ սա է հենց արտակարգ դրություն սահմանելու որոշման պատճառը»։
19:47 - 16 մարտի, 2020
Հակիրճ՝ ինչ է արգելվում արտակարգ դրության օրերին

Հակիրճ՝ ինչ է արգելվում արտակարգ դրության օրերին

Քիչ առաջ ՀՀ ողջ տարածքում սահմանվեց Արտակարգ դրություն, որը ենթադրում է որոշակի արգելքներ ու սահմանափակումներ քաղաքացիների համար։  Արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:Արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բայց չսահմանափակվելով` ծննդյան, հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները: Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են՝ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։ Դադարեցվում է պետական, համայնքային, ոչ պետական, միջազգային կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ նրանց, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն:Պարետի ցուցումով կարող է համապատասխան համայնքներում արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Պարետի ցուցումով համապատասխան համայնքի  (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ` համայնք մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ, անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ`մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում, անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք: Պետական սահմանի անցակետով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Ագելվում է ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց եւ եթե սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել:
19:17 - 16 մարտի, 2020
Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ

Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ

Ամենամտահոգողն այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է, այդ մարդիկ կմեկուսացվեն։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, ասաց․«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացությամբ 30 դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են ախտորոշված առաջին դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշվածներն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է․ այդ մարդիկ կմեկուսացվեն»։
19:05 - 16 մարտի, 2020
ՀՀ և Իտալիայի նախագահները քննարկել են նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ և Իտալիայի նախագահները քննարկել են նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված գործողությունների և քաղաքացիների պատասխանատու և կարգապահ պահվածքի անհրաժեշտությունը: Սերջիո Մատարելլան ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը, վարակի հետագա տարածման կանխարգելման, հիվանդների բուժման և կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների նվազեցման և վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը: Իր զորակցությունը հայտնելով Իտալիայի նախագահին և Իտալիայի ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածման դիմակայմանը: Նախագահն ընդգծել է, որ նման համաշխարհային առումով վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում, երբ համաճարակների արագ տարածման ռիսկը ավելի մեծ է, անհրաժեշտ է գտնել համընդհանուր լուծումներ, փորձի և տեղեկատվության արագ փոխանակում: Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ, պետություններից յուրաքանչյուրում իրականացվող միջոցառումներից անկախ, երկրների և համապատասխան կառույցների միջև համագործակցությունը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից նույնպես կարող է իր նպաստը բերել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նախագահները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել: Հեռախոսազրույցի մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
18:59 - 16 մարտի, 2020
ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

tert.am: Կառավարության արտահերթ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ հայտարարություն ունի անելու: «Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արձագանքեց՝ հաստատում է Փաշինյանի հայտարարությունը. «Այսօր հանրապետությունում որևէ խնդիր չկա. դրա մասին նաև փաստերն են խոսում: Սկզբից տարբեր հայտարարությունների ներքո շուկայում ունեցանք որոշ վայրիվերումներ և անկայուն վիճակ, բայց այն հիմա լրիվ վերահսկվում է, և կարելի է ասել, լրիվ կայուն է»,-ասաց նա:
18:45 - 16 մարտի, 2020
Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. Ռուստամ Բադասյան |shantnews.am|

Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. Ռուստամ Բադասյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են մի շարք հարցերի՝ ի՞նչ սահմանափակումներ են սպասվում երկրում արտակարգ դրության հայտարարումից հետո: Բադասյանը նշեց՝ արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին: Նախարարն ասաց, որ իրենք չեն սահմանափակել կրոնական հավաքները, սահմանափակում են դրել 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքների վերաբերյալ: ԶԼՄ-ների առումով՝ նախարարը նշեց, որ համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով: Բադասյանը նաև հայտնեց՝ մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա:
18:32 - 16 մարտի, 2020
Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան

 |armenpress.am|

Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԿԲ-ն դիմել էր բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման համար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նաև Արթուր Ջավադյանը նշեց, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խնդրեց Արթուր Ջավադյանին բացել փակագծերը: «Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Արթուր Ջավադյանը: Վարչապետն էլ իր հերթին հիշեցրեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա , այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բանկային համակարգում իրավիճակը կայուն է:
18:22 - 16 մարտի, 2020