Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները երկրի նախագահին են դիմել Արցախի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու կոչով

Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները երկրի նախագահին են դիմել Արցախի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու կոչով

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի թարգմանությունը. «ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից: Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում: Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:   Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով: Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն: Ֆրանսիան և հայերը կապված են բազմադարյան մշակութային, քաղաքական, տնտեսական բազմաթիվ թելերով: Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը դա Ֆրանսիան և Ասիային ու Մերձավոր Արևելքին կապող ճանապարհներն են (սկսած Ժակ Կյորի, Ռիշելյեի և Կոլբերի ժամանակներից), մեր տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, առաջին սրճարանը Փարիզում, Սուեզի ջրանցքը, Ֆրանսիայում որդան կարմիրի և ծիրանի հայտնվելը, մեր ժողովրդական պարահանդեսների ակորդեոնը: Ֆրանսիան և հայերը մեր դրոշի տակ Մեծ պատերազմում կռվող հայ լեգիոնն է, Դիմադրության շարժման՝ ընդդեմ բարբարոսության ըմբոստացած հերոս Միսաք Մանուշյանի ինքնազոհաբերումը: Ֆրանսիան և հայերը, վերջապես, մեր մեծ գրողների հուշն են ՝ Կորնեյից մինչև Ներվալ, Սանդից մինչև Լամարտեն, Վիկտոր Հյուգոյից, Ռոմեն Ռոլանից և Մաքս Ժակոբից մինչև Լուի Արագոն: Սակայն հնարավոր է, որ 1915 թվականին Անատոլ Ֆրանսի արտասանած խոսքերն են, որ լավագույնս են ի մի բերում այն, ինչ մեզ կապում է հայերին: «Մենք հասկացանք վերջապես, որ Արևելքի մեր քույրն էր մեռնում և մեռնում էր, որովհետև մեր քույրն էր, այն մեղքի համար, որ կիսել էր մեր զգացմունքները, որ սիրել էր այն, ինչ մենք էինք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատ տածել այն ամենի հանդեպ, ինչին մենք ենք հավատում և մեզ պես ճաշակել իմաստնությունը, հավասարությունը, բանաստեղծությունը, արվեստները: Սա էր նրա անապաշխարելի հանցագործությունը»: Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին: Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ և մեզ ազգ դարձնում. Ֆրանսիական մեծ և գեղեցիկ ազգը: Հանուն այս արժեքների և սկզբունքների, որոնք ծնվել են Մարդու և Քաղաքացու իրավունքների Հռչակագրից, հանուն հայ ժողովրդին մեզ կապող անքակտելի կապերի, Սենատը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ապա Ազգային ժողովը միաձայն սույն նոյեմբերին ընդունեցին բանաձևեր՝ ի սատար Հայաստանի, որը զոհ է մասնակի ռազմական օկուպացիայի և չդադարող հարձակումների: Այս բանաձևերը շարունակությունն էին 2020 թ նոյեմբերին ընդունած առաջին բանաձևերի, որոնք ընդունվել են նույն ձևակերպումներով հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մի հողում, ուր նրանք ապրում են Հնագույն ժամանակներից ի վեր: Մեկ դար հետո մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, պատասխանեցինք Ժան Ժորեսի կոչին՝ հնչեցրած 1896 թվականի նոյեմբերի 3-ին, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի օրերին, Պատգամավորների պալատում արտասանած իր ճառում «Պետք է փրկել հայերին»: «Այսինքն, թափված այսքան արյան առաջ, այսքան անմարդկային և վայրագ արարքների առաջ, Ֆրանսիայի խոստման և մարդկային իրավունքի ոտնահարման առաջ ոչ մի ճիչ չհնչեց և ոչ մեկի շուրթերից, ոչ մի խոսք չծնվեց ձեր գիտակցությունից, և դուք լուռ, հետևաբար՝ մեղսակից, ներկա եղաք իսպառ բնաջնջման": Ազգային ժողովի և Սենատի ժողովրդավարական կամարտահայտությանը համահունչ՝ մենք խնդրում ենք Հանրապետության նախագահին անել հնարավորը՝ ապահովելու համար Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության տևական անվտանգությունը: Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար՝ ձեռք առնելով հետևյալ միջոցները. - Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար, - Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն, - Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին, - Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ, - Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը, - Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով: Պարոն Նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու Պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել Ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին: Պարոն Նախագահ, Դուք, վերջապես, կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են»: Նամակի հեղինակներ՝ Էրիկ Սիոտի, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության նախագահ Օլիվիե Ֆոր, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Հերվէ Մարսեյ, Ֆրանսիայի Միավորված ժողովրդավարների և անկախների կուսակցության նախագահ, Սենատի անկախների խմբակցության նախագահ Ֆաբիեն Ռուսել, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Քրիստիան Կամբոն, Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Բրունո Ռըտայո, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության և Սենատի Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկության խմբի նախագահ Էլիան Ասասի, Ֆրանսիայի Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտար, Ֆրանսիայի Սենատի Բնապահպանության, համերաշխության և տարածքային կառավարման խմբակցության նախագահ Պատրիկ Կաններ, Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական և Բնապահպանության հանրապետական խմբակցության նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Պիեռ Ուզուլիա, Սենատոր
09:26 - 28 դեկտեմբերի, 2022
Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։  Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։  Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:30 - 24 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ |armenpress.am|

Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում: «Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան: Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպական և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև բոլոր կողմերի հետ շուտափույթ կարգավորման հասնելու համար։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ այս առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։ «Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ լինելով իր արժեքներին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է, ինչպես ավելի քան երեք տասնամյակ, անխոնջ աշխատել հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության: Խաղաղություն, որից առաջին հերթին հայ ժողովուրդը կշահի»,- եզրափակել է Կոլոնան:
13:25 - 24 դեկտեմբերի, 2022
Հարկավոր է փրկել 120 հազար արցախցիներին. ֆրանսիացի մտավորականների հայտարարությունը

Հարկավոր է փրկել 120 հազար արցախցիներին. ֆրանսիացի մտավորականների հայտարարությունը

Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։ Ստորև՝ հոդվածի հայերեն թարգմանությունը, որը ներկայացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ 120 000 ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են՝ ի սատարում Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում: Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից: Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն: 2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների, այդ թվում՝ նաև երեխաների կյանքը վտանգված է: Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք, խուճապի տրվելու փոխարեն, կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ: Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը: Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին՝ իրենց անամոթաբար համարել 1915 թվականի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, որին նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման: Արդյոք, ուրեմն, մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ ցանկությո՞ւն էր: Արդյոք, ուրեմն, այս աշխարհում էլի հաղթում են չարե՞րը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն: Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ գուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին: Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը: Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքի մեջ է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին:
11:30 - 24 դեկտեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|

Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից: «Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել՝ կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:25 - 24 դեկտեմբերի, 2022
Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը Ֆրանսիային և Եվրամիությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը Ֆրանսիային և Եվրամիությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր հարթակում հրապարակել է հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածում նշվում է, որ  Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով: «Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուգահեռ, մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ Հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արեւմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին: Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտանգը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյաց քաղաքականությունը: Ֆրանսիայի Սենատը, ապա՝ Ազգային ժողովը, վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել: Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ՝ մասնավորապես 2020 թ նոյեմբերի 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների: Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների եւ օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները: Եվ քանի որ այս վարչակարգն այլեւս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար: Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ: Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար»,- նշված է հոդվածում: Քաղաքապետերը նաև հայցել են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Նշել են, որ Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը նրանց ավելի քան անհանգստացնում է: Իրենց խոսքով՝ անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը կարող է չդատապարտվել և կոշտ հակադրության չարժանանալ Ֆրանսիայի ղեկավարների կողմից:
17:27 - 22 դեկտեմբերի, 2022
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը: Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։ Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:
16:07 - 21 դեկտեմբերի, 2022
Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։ Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։ Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։ Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։  Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։ Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
11:24 - 21 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցիները չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի․ քայլերթ Երեւանում՝ հանուն Արցախի կյանքի ճանապարհի

Ադրբեջանցիները չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի․ քայլերթ Երեւանում՝ հանուն Արցախի կյանքի ճանապարհի

Երեւանի Ազատության հրապարակից, որ այդքան հանրահավքներ է տեսել, հազարավոր բղավոցներ ու անթիվ պաստառներ, հարյուրավոր քաղաքացիներ այսօր համախմբված քայլքով շարժվեցին դեպի ՌԴ եւ Ֆրանսիայի դեսպանատներ։ Ցուրտ էր, իսկապես շատ ցուրտ, երեւանյան խոնավ ձմեռ, երեխաներին դուրս չհանելու եղանակ։ Բայց մարդիկ ընտանիքով, ընկերներով, երեխաների հետ, որը՝ սայլակի մեջ, որը՝ գրկներին, եկել էին մասնակցելու «Հանուն Արցախի կյանքի ճանապարհ» քայլերթին։ Երկու փոքրիկների ու ամուսնու հետ քայլերթի ընթացքին համաչափ շարժվում է Սյուզաննան, որն ընտանիքի հետ Երեւանում է մնացել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով։ Լավ է՝ այստեղ մտերիմներ ունեն, մնալու տեղ ունեն, բայց նրանց ծնողները, հարազատները Արցախում են՝ բլոկադայի մեջ, ու այս իրողությունը Սյուզաննային ու իր ամուսնուն՝ Աշոտին, հանգիստ տալ չի կարող։ Բայց նրանք թեւաթափ չեն, հավատում են, որ լավ կլինի։ Սյուզաննա Առուշանովան Սյուզաննայի մեծ տղան՝ 5-ամյա Հայկը, մորն օգնում է՝ փոքրիկ թաթիկներով հրելով եղբոր՝ մեկ տարեկան Հովհաննեսի մանկասայլակը։ Նրա մեկ տարեկանը Երեւանում է լրացել, առաջին ատամիկն էլ է այստեղ դուրս եկել․ «Առողջական հարցերով էինք եկել Երեւան, ու որ պիտի գնայինք, առավոտյան զարթնեցինք, ու պարզվեց՝ փակվել ա ճանապարհը։ Ահավոր անհանգիստ էինք, սկսեցինք զանգել բոլորին՝ ինչ ա կատարվում, ինչ վիճակ ա։ Սկզբից շշմած էինք ուղղակի, որովհետեւ մտծում էինք՝ մի քանի ժամ ա, կբացվի, որովհետեւ էլ էր եղել, բայց էդ օրն անցավ, հասկացանք, որ կարող է երկար տեւել»,- պատմում է Սյուզաննան՝ ասելով, որ թեեւ այստեղ էլ բարեկամներ ունեն, հարազատ միջավայր է, բայց մեկ է՝ «ուզում ես քո տուն գնալ»․ «Անհամբեր սպասում էինք, որ մեր պուճուրը պիտի մի տարեկան դառնար, ընկերներով հավաքվեինք, հայավարի նշեինք։ Էստեղ էլ նշեցինք, այն չէ, ինչ մեր տանը կլիներ»,- պատմում է նա, իսկ փոքրիկը տաք փաթաթված լավ դիմադրում է ցրտին։ Սյուզաննայի ամուսինը՝ Աշոտը, պատմում է, որ Արցախում մնացած մեր հայրենակիցները պինդ են, չեն կոտրվում։ Թեեւ այնտեղ արդեն լուրջ հումանիտար խնդիրներ կան․  «Ճիշտ ա՝ դժվար ա, արդեն լուրջ խնդիր կա, շուկաները դատարկ են, ոչ թե քիչ ա, այլ չկա։ Ոչ մեկը գործի համար վառելիք չի կարող վերցնել, միայն շտապօգնության մեքենաները, ԱԻՆ-ը։ Երեխաները չեն կարողանում նորմալ դասի հաճախել, դա պրոբլեմ ա, մարդիկ հիվանդնաոցում․․․ Մեկը մահացել ա, եթե չեմ սխալվում։ Լուրջ ա էլի արդեն»։ Աշոտ Բալայանը Աշոտը համոզված է՝ այս օրերի ակցիաները չեն կարող արդյունք չտալ․ «Համենյան դեպս, ոչինչ չանելն էլ սխալ ա էլի»,- շեշտում է նա՝ ասելով որ այսօր ամեակարեւորն այն է, որ մեր ժողովուրդը հասկանա՝ մեր ուժը մեր միասնության մեջ է․ «Մենք նավթ չունենք, որ վաճառենք աշխարհին ու լիազորություններ ունենանք, մեր միակ ռեսուրսը մեր մշակույթն ու ինտելեկտուալ ռեսուրսն են, որոնք ցավոք էսօր լրիվ անտարբերության են մատնված թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Հիմա ամեն մեկը պետք ա փորձի հասկանալ, որ մենք մենակ գաղափարով կկարողանանք հաղթել»։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների քայլերին՝ Աշոտի կարծիքով՝ նրանց միակ նպատակն Արցախը հայաթափելն է, եւ վստահաբար ոչ էկոլոգիական «խնդիրը»․ «[Ադրբեջանցիները] չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի, բայց չի կարելի հանձնվել, որովհետեւ դա մեր հազարամյակների մշակութային, արժեհամակարգային սեփականությունն ա, ո՞նց տենց կլինի, մեր պապերը դարերով պահել են․․․»,- ասում է Աշոտն ու հիշում ադրբեջանցի «բնապահպան» կնոջ ձեռքում «սպանված աղավնին»՝ ասելով, որ որեւէ նորմալ մարդ, որը իրոք մտածում է բնության մասին, երբեք չի փակի մարդկանց հումանիտար ճանապարհը․ «Դա պարադոքս ա, չի կարող լինել նման բան․․․»։ Մինչ մենք զրուցում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քայլերթի մասնակիցները շարժվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Աշոտի ընտանիքի հետ մենք էլ ենք քայլում այդ ուղղությամբ, զրուցում։ Նրանցից իսկապես ընկաճվածություն չի զգացվում, եւ դա հուսադրում է, շատ է հուսադրում։ Եւ հուսադրում է նաեւ մարդկանց այսօրվա թիվը․ նախորդ օրերի համեմատ՝ այսօր ավելի շատ մարդ էր դուրս եկել փողոց՝ աջակցություն հայտնելու Արցախի մեր հայրենակիցներին։ (ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հնչած ելույթներն այս հրապարակման մեջ չեմ գրում, հավանաբար արդեն լսել կամ ընթերցել եք)։  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ իր ընկերների հետ կանգնած է նաեւ Նինա Տիտանյանը, որն Արցախից չէ, ու եկել է հայրենակիցներին աջակցելու․ «Ես ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի, ու ես չեմ կարող տանը նստել՝ իմանալով, որ էնտեղ փակ ա։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել, պետք ա գայի։ Ու միացա ընկերներիս։ Ես հավատում եմ, որ կլինի ինչ-որ բան, համենյան դեպս մարդիկ հասկանում են, որ ստեղ անհանգստություն ա տիրում․․․ Լսելի կդառնանք, հավատում եմ, որ գոնե մի փոքր տոկոսով լսելի կլինենք»,- ասում է Նինան։ Նա այս դժվարին իրավիճակում կարեւորում է մեր ժողովրդի միասնականությունը, ասում է՝ «մի բուռ ենք մնացել», պիտի իրար սատարենք․ «Իհարկե, ամեն մեկն իր ձեւով ա մտածում մեր երկրի մասին, բայց հույս ունեմ, որ բոլորիս գաղափարները կմիանան, կդիմակայենք։ Մենք ունենք մեզ, Հայաստանը ունի մեզ՝ հայերիս, ու միասնական լինելով պետք ա առաջ գնանք»։ Նինա Տիտանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում լույսեր չեն վառվում։ Բայց մարդիկ վստահ են՝ իրենց լսում են։ Բակում հավաքվածների հեռախոսների լույսերն են վերեւ պարզված։ Արցախի Ամարասի վանքի քահանան՝ Տեր Սեպուհը, աղոթք է հնչեցնում։ Կողքիս կանգնած երիտասարդը հանում է գլխարկը, սկսում շշնջալ բառերը՝ «Հայր մեր, որ երկնքում ես․․․»։ Հետո այս քայլերթի կազմակերպիչներից մեկը՝ երգիչ Արտեմ Վալտերը, որն Արցախից է, երգում է Արցախի Հանրապետության օրհներգը, ու մարդիկ սկսում են ձայնակցել․ «Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք, Պատմությունը մեր երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք․․․»: Արտեմ Վալտերը մասնակցել է նախորդ օրերի ակցիաներին էլ։ Ասում է՝ այսօրվա ակցիան կազմակերպելու միտքն ինքնըստինքյան է ծագել, եւ, ասում է, խնդիրն այն է, որ այդ միտքը միանգամից բոլորի մոտ չի առաջացել․ «Ես ու ընկերներս ասացինք՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ մենք, ապա ո՞վ, ու միահամուռ որոշվեց, որ էս ամենը պետք ա արվի։ Իսկ մեր գլխավոր նպատակն էն ա, որ միջազգային հանրությունն անհապաղ խառնվի, բացի Արցախի կյանքի ճանապարհը, եւ որ արցախցին հասկանա, որ մենակ չէ, մենք նրանց կողին ենք մինչեւ վերջ, ու Արցախի հարցում սասանում չկա»։  Արտեմ Վալտերը Երբ ես շնորհակալություն եմ հայտնում Վալտերին՝ րոպե տրամադրելու համար, նա էլ շնորհակալ է լինում լուսաբանելու համար, այլայլվում եմ, որովհետեւ արդյո՞ք սա շնորհակալության առիթ է։ Մինչ կպտտվի՝ գնա, հասցնում եմ ասել, որ սա ոչ միայն իմ աշխատանքն է, այլեւ շատ կարեւոր է ինձ համար։  Հ․ գ․ Ո՞նց կարող է կարեւոր չլինել։ Արցախցի բոլորին, իմ ընկեր Աստղիկին, որ ուսուցիչ է Մոխրաթաղում․ միտքս՝ ձեզ հետ։ Ճամփան բացվի՝ կգամ։Հայարփի Բաղդասարյան
02:47 - 21 դեկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։  ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը ելույթի ժամանակ նշեց՝ վերջին շրջանի իրադարձությունները շատ մտահոգիչ են.  «Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել․ նախ՝ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են։  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկուսացել է ԼՂ բնակչությունը, մարդասիրական հետևանքները օրեցօր վատթարանում են։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն սկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ ապահովելվ բնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները։ Ֆրանսիան նաև ընդգծում է, որ, Ադրբեջանի կառավարության հանձնառության համաձայն, եռակողմ հայտարարությամբ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։  Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների համար՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու նպատակով։ Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում առաջընթացի համար, որը պետք է միայն երկխոսությամբ լինի և ոչ ուժի գործադրմամբ, և պետք է առաջընթաց գրանցել բոլոր չլուծված հարցերի լուծմանուղղությամբ, ներառյալ մարդկանց իրավունքներն ու երաշխիքները։ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ապահովման համար, մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաներին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի շուրջ, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցության ուղիների բացման և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 
02:03 - 21 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիայում բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, այդ թվում՝ 5 երեխա

 |armenpress.am|

Ֆրանսիայում բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, այդ թվում՝ 5 երեխա |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վոլս ան Վելեն արվարձանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, որոնցից 5-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականին: Ըստ արտակարգ ծառայությունների՝ կրակը սկսվել է 7-հարկանի շենքի առաջին հարկում և արագ տարածվել դեպի վերևի հարկեր՝ շենքը լցնելով ծխով: Կրակի զոհ դարձած երեխաները 3-15 տարեկան են: 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 հրշեջ: Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մասին հաղորդում է ստացվել տեղի ժամանակով գիշերը ժամը 03:12-ին, իսկ ժամը 03:25-ին 170 հրշեջներ և 65 հրշեջ մեքենաներ արդեն դեպքի վայրում են եղել: Իշխանությունները հայտնել են, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կապվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և խոստացել, որ հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացվի:
13:06 - 16 դեկտեմբերի, 2022
Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

 |armenpress.am|

Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների |armenpress.am|

armenpress.am: Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նամակներում մասնավորապես նշվել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։Հաջորդ օրը Ադրբեջանը նաև կտրել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Այս քայլերի հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։ Երիտասարդության ներկայացուցիչները նամակում ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության շարունակությունն են և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը՝ Արցախի ժողովրդին իր հայրենիքից վերջնականապես վտարելու նպատակով։ Երիտասարդության ներկայացուցիչները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների շարունակական  խախտումները չեն կարող և չպետք է աննկատ մնան միջազգային հանրության կողմից, և կոչ արել պետություններին անհատական կամ կոլեկտիվ գործողությունների միջոցով ներդրում ունենալ Արցախում փխրուն խաղաղության պահպանման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։
10:43 - 16 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը
 |hetq.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության կայքում։ «Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները՝ պահպանելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ։ Ափսոսանք հայտնելով երթեւեկի ու մատակարարումների համար ստեղծված խոչընդոտների կապակցությամբ, Փարիզը հիշեցրել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը, որտեղ ընդգծվում էր Լաչինի միջանցքի անխափան գործունեության մասին։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել երկու ուղղությամբ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: 
13:58 - 14 դեկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ամունդի Գրուպ» ընկերության պատվիրակությանը

ՀՀ վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ամունդի Գրուպ» ընկերության պատվիրակությանը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել բարեփոխման արդյունավետությունը:  Բերնար դը Վիթը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ փոխգործակցության համար և նշել, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության և կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը: Հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեության, եկամտաբերության և ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի հանրային իրազեկվածության, հաշվետվողականության շարունակական բարձրացմանը և կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:
17:16 - 13 դեկտեմբերի, 2022