Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Այս տարվա մարտի 7-ին սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ, որտեղ նրան մոտեցավ Մեխակ Առաքելյանը՝ նշելով, որ երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել և հիմա բնակվում են վագոն-տնակում։ Նիկոլ Փաշինյանը բնակչին պատասխանեց հետևյալը․ «Զբոսաշրջության աճ ենք ապահովել, ճանապարհ ենք կառուցել, հետն էլ բնակարան երիտասարդ ընտանիքին ծրագիր ենք դրել, եկամտահարկի վերադարձման ծրագիր ենք դրել, աշխատիր Հայաստան ծրագիր ենք դրել: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով»: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց այցի տեսանյութը հետևյալ վերտառությամբ՝ «Անակնկալ կանգառ Գյուլագարակում եւ շատ կարեւոր խոսակցություն վերջում»: Մեխակ Առաքելյանի սոցիալական անապահովության խնդրի վերաբերյալ մարտի 7-10-ը հրապարակումներ չեղան։ Կառավարող ուժի ներկայացուցիչները ևս չանդրադարձան տեղի ունեցածին։ Երեկ՝ մարտի 10-ին news.am լրատվականը հրապարակեց ռեպորտաժ Մեխակ Առաքելյանի ընտանիքի, սոցիալական պայմանների, առողջական խնդիրների վերաբերյալ, ինչը մեծ տարածում գտավ և  խնդրի վերաբերյալ հանրային քննարկում առաջ բերեց։ Արդեն այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ այցելելու է Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին։ Ժամը 13։43-ին Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կուրթան գյուղի ճանապարհին է և հավելեց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքի համար լավ լուր ունի․ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պատրաստվում են օգնել ընտանիքին՝ այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մեխակ Առաքելյանն առողջական խնդիր ունի։ Սիփան Փաշինյանի ուղիղ եթերից րոպեներ անց՝ 13։55-ին, Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընթացող հանրահավաքի ելույթի ժամանակ ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից՝ մարտի 7-ին Գյուլագարակում տեղի ունեցած խոսակցության համար։ Ժամը 14։10-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը Սիսիանում ընացող քարոզարշավց հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներողության հատվածը։ Ժամը 14։26-ին 1lurer.am-ը հրապարակեց Մեխակ Առաքելյանի մասին պատմող ռեպորտաժ՝ 2 րոպե 14 վայրկյան տևողությամբ։ Ռեպորտաժի ընթացքում 33 վայրկյան խոսվում է ընտանիքի կենսապայմանների մասին, 13 վայրկյան՝ Մեխակ Առաքելյանի առողջական խնդիրների, 16 վայրկյան՝ հանրության կողմից առաջարկվող օգնության մասին, իսկ մնացած 72 վայրկյանը նվիրված է Նիկոլ Փաշինյանին ճշմարտացիության հիմնավորմանը, խոսակցությունից հետո Փաշինյանից չհիասթափվելուն, «Այո»-ի քարոզչական բուկլետը հանդիսացող «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»-ը խնամքով պահելուն ու նորից Նիկոլ Փաշինյանին ընտրելու պատրաստակամությանը։  Ժամը 14։56 - ին 1lurer.am-ը  լուսաբանում է Սիփան Փաշինյանի այցը Կուրթան գյուղ՝ «Կուրթանցի Մեխակի խնդիրները կլուծվեն» վերտառությամբ։ Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։
19:07 - 11 մարտի, 2020
Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

news.am: Սաղս էլ անորոշության մեջ տանջվում ենք, մենակ դուք չեք, Սարալնջցիք էլ են տանջվում, բոլորն էլ տանջվում են: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Ջերմուկ՝ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ, որտեղ նրան դիմավորեցին Ամուլսարի պահապանները և նրանցից մեկը նշեց, որ «երկու տարի շարունակ այստեղ կանգնել են, ու այս անորոշության մեջ տանջվում են»: Հարցին, իսկ լուծում կա այս ամենին, վարչապետը նշեց. «Դե ես լուծումն ասել եմ, ժողովուրդ: Լուծումն ասել եմ, այդ լուծումը չեք ընդունել, ժողովուրդ»: Ի պատասխան դրա, հավաքվածներից մեկը նշեց. «Դա այն լուծումը չէ, պարոն վարչապետ, որ դրա հիման վրա մենք թողնենք գնանք»: «Դե ես հիմա ինչ ասեմ, եղբայր: Ես նոր ասելիք  չունեմ»,- նշեց վարչապետը: Իսկ երբ ի պատասխան լսեց «Բա ի՞նչ անենք» հարցադրումը, Փաշինյանն ասաց. «Կարող եք հեղափոխություն անել»: «Մենք հեղափոխություն արդեն արել ենք»,- հնչեց պատասխան: «Ես համ շահագրգիռ եմ, որ լինի, համ շահագրգիռ եմ, որ չլինի, հիսուն – հիսուն: Բայց հիմա ձեր պոզիցիան թույլ չի տալիս, որ մենք հարցերը… Էլարդի եզրակացությունը կա »,- ասաց Փաշինյանը: Բնակիչներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը պատասխանատվության չենթարկեց Ամուլսարի հարցով իրեն խաբածներին, վարչապետն ասաց. «Երբ որ կապացուցվի, որ խաբել են, կենթարկենք պատասխանատվության»: Հարցին, թե ի վերջո, ինչն է վարչապետի ուզածը՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք: Հիմա եթե ճանապարհները բացած լինեիք, այստեղ ոչ մի բան փոխված չէր լինի: Ամուլսարի հետ ոչ մի բան տեղի չէր ունենա: Ես ասել էր, որ մինչև 2021թ. նոյեմբերը  բացառված է, որ որևէ  շահագործման գործ կլիներ այստեղ»: Դիտարկմանը, որ կլիներ շինարարություն, Փաշինյանն ասաց. «Հա, շինարարություն էր… Պետք է փաստարկված հիմքի վրա անենք ամեն ինչը: Եթե կան բնապահպանական այնպիսի վտանգենր, որոնք կառավարելի  չեն՝ չի աշխատի, եթե կան երաշխիքներ, որ  բնապահպանական ռիսկերը կառավարելի են, հանքը պետք է աշխատի: Ասում եք՝ չեք թողելու, հենա չեք թողնում էլի, ինձանից ինչ եք ուզում» Փաշինյանը նշեց, որ մասնագետ չէ, բայց երբ տեսնում է երկու մասնագետի քննարկում, ապա հասկանում է, թե մասնագետներից ով է ճիշտ։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե արդյոք այս հարցը բնապահպանական ռիսկ է, քաղաքացիներից մեկը պնդեց, որ բացասական ռիսկերն արդեն տեսել են։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով վտանգավոր է, օրինակ բերելով, որե Ծաղկաձոր չեն այցելում, որովհետև կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողներն այնտեղ են տեղափոխել: «Վիրուսով  վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուսը», որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»։      
19:01 - 11 մարտի, 2020
Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|

Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Որոշ մարդիկ ուզում են ցույց տալ, որ կառավարությունն օրինական ձեւով թալանում է պետական բյուջեն։ Այս մասին այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության աշխատակիցների պարգեւավճարների թեմային։ «Բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճարներ ստանում են իմ որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգեւավճար չեմ ստացել։ Ես ուրիշներին եմ նշանակել, որ նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք ապահովել են այդ արդյունքները։ Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ ավելի քան 1 մլն մարդու կա՛մ աշխատավարձ են բարձրացրել, կա՛մ՝ թոշակ, կա՛մ՝ նպաստ։ Խոսելով երկրի վիճակի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Երբ դուք գլխացավի դեղ եք խմում, ձեր գլխի ցավը միանգամից չի անցնում, դա կարող է տեւել 15 րոպե, 30 րոպե, կարող է նույնիսկ անհրաժեշտություն առաջանալ երկրորդ հաբը խմելու, որովհետեւ շատ ուժեղ է ցավում։ Այսօր մեր հանրապետության վիճակն այդպիսին է։ Մենք այդ գլխացավի դեղը խմել ենք, եւ մեր ցավն անցնելու պրոցեսի մեջ է, չկասկածե՛ք»,- հավաստիացրեց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը պետք էր, որ մարդիկ լինեին հնարավորինս աղքատ, որ երբ ընտրությունների ժամանակ 10 հազար կամ 5000 ընտրակաշառք առաջարկեին, մարդն այնքան խեղճ լիներ, որ 5000 դրամից զարմանար։ «Որովհետեւ եթե մարդ 5-10 հազար դրամից չի զարմանում, նա այլեւս ընտրակաշառքով չի քվեարկի»,- եզրափակեց վարչապետը։
18:45 - 11 մարտի, 2020
Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Այսօր  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի  ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելեց  Ամուլսարի պահապաններին։ Վերջիններս վարչապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ «Լիդիանը նույնիսկ սխալներ է գտել Էլարդի տված եզրակացությունների մեջ, հիմա ազնի՞վ է լսել մեկի փաստարկը, իսկ մյուսին ասել՝ չեմ լսում։ Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, ապա այդ հանքը չի շահագործվի, եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա  պետք է աշխատի հանքը»,- ասաց Փաշինյանը։ Ջերմուկցիները արձագանքեցին վարչապետի խոսքին, նշելով, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տա, որ Ամուլսարի  հանքը շահագործվի։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասաց՝  «Եթե չեք թողնելու, բա ինձնից ինչ եք ուզում»։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող  ջերմուկցիներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես կարող են ապրել այս տարածքում, եթե քիչ հեռու շահագործվի հանքը, վարչապետն ասաց, որ ինքը նույնպես հստակ չի կարող այս պահին պատախանել այդ հարցին։  «Եթե ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը, ուրեմն պետք է խորանամ մինչև վերջ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման բան, բայց  ես մասնագիտությամբ լրագրող մարդ եմ և որպիսի հասկանամ  իմ պատկերացումները  ճիշտ են, թե ոչ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն, մասնագիտական վստահելի բանավեճ։ Էլարի հետ էլ եմ խոսել, Լիդիանի հետ էլ, իրար հետ էլ, նրանք էլ ունեն փաստարկներ։ Էլարդն էլ ունի փաստարկներ, բայց ասել, որ Լիդիանի ասածները փաստարկված չեն՝ դա էլ է սխալ։ Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է,  եթե դուք այստեղ կանգնած չլինեիք էլ, այսօրվա դրությամբ  այնտեղ ոչ մի բան փոխված չէր լինելու»,- ասաց Փաշինյանը։   Ջերմուկցիների այն դիտարմկման, որ վարչապետի տունը հեռու է, Փաշինյանն արձագանքեց՝  «Եթե  դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածեմ՝ իմ տունը հեռու է, իսկ ջերմուկցու տունը թող քանդվի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես խոսում իմ հետ, ինչո՞ւ եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Մենք պետք է հասկանանք, այդ հանքը այս մարդկանց տունը քանդելու է , թե ոչ, կառավարելի ռիսկերը տարբերենք անկառավարելի ռիսկերից»,- եզրափակեց վարչապետը։
18:06 - 11 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի: «Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
16:58 - 11 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ Վարչապետ  Փաշինյանն այս մասին ասաց Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում։ «Մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո ասաց, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդն ու իր ընտանիքի կարիքները հոգա, և ոչ միայն տղամարդը՝ առողջ կինը նույնպես, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Մենք աջակցում ենք 1000 ընտանիքների հաղթահարելու աղքատությունը։ Գումար տալով աղքատությունը չենք կարող հաղթահարել, ամեն օգնության մեջ պետք է զարգացման նպատակ դնել, որ մարդը զարգանա։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի։ Ես վերլուծել եմ իմ ասածը և ուզում եմ խոստովանել իմ կողմից թույլ տված սխալներ՝ ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից »,- ասաց Փաշինյանը։   Փաշինյանը նշեց, չնայած, որ բոլորն են սխալական, բայց իրենք քաղաքացու  նկատմամբ անազնիվ քայլեր չեն անի։ Վարչապետը հույս հայտենց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքը կստանա զարգացման աջակցություն։ 
14:22 - 11 մարտի, 2020
Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

armtimes.com: Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը: Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»: Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի,  Փաշինյանը արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը: «Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը: Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ: Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»: Ավելին՝ armtimes.com-ում
14:15 - 11 մարտի, 2020
Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռել  է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։  Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։   «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։ 06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։ 06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝  30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։ ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ  նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ»։
13:20 - 11 մարտի, 2020
Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հռչակագիր (նախագիծ) 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ), Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը, Արձանագրում է․ 1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ 2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։ 3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։ 4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։ 5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։ 6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։
12:00 - 11 մարտի, 2020
Իմ՝ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Իմ՝ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Այո» քարոզչական կողմի այսօրվա վերջին կանգառը Սյունիքի մարզի Տեղ համայնքն էր: Այստեղ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տեղ գյուղը Հայաստանից դեպի Արցախ վերջին գյուղն է, իսկ Արցախից դեպի Հայաստան՝ առաջինը, ուստի այն համարվում է Հայաստանի ու Արցախի միասնության խորհրդանիշը:  Նա հորդորեց բացառել արցախցի, սյունիքցի եւ տեղանուններով պայմանավորված այլ բաժանումները: «Եթե որեւէ մեկը արցախցու մասին վատ բան կասի, գորիսեցու մասին վատ բան կասի, որեւէ մեկը տեղցու մասին վատ բան կասի, ուրեմն ես եմ այդ արցախցին, գորիսեցին, տեղցին»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն ասաց նաեւ, որ իրեն մտահոգող եւս մեկ երեւույթ կա, որը եւս պետք է վերացնել. խոսքը ընդդիմադիրներին իրենց կարծիքի հետ կապված քննադատելն է, փողոցում կանգնեցնել, նրա հետ զրուցելը: Վարչապետն ընդգծեց, որ բանավեճերը կարող են լինել շատ սուր, բայց հենց անցնում է բանավեճի պահը, պետք է մոռանալ ամեն ինչ: «Կոչ եմ անում անգամ ատելությանը ատելությամբ չպատասխանել, անգամ զզվանքին զզվանքով չպատասխանել: Մենք սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում ենք ապրում»,- ընդգծեց նա: Խոսելով իր լիազորությունների մասին՝ Փաշինյան ասաց, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է, որովհետեւ դա թույլ է տվել ժողովուրդը: «Որ պահին որ ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, նույն պահից ես չեմ լինի, որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն: էսօր որ շարունակում եմ վարչապետ մնալ, միայն ձեր շնորհիվ է: Իմ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն»,- նկատեց Փաշինյանը:  
21:43 - 10 մարտի, 2020
Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել». Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել». Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները հանարքվեի դնելը չի նշանակում անտեսել միջազգային պարտավորությունները, այլ նշանակում է կարևորել սեփական ժողովրդի կամքը: «Բազմաթիվ «ոչիստներ» ասում էին՝ «եկեք գնանք միջազգային տարբեր ձևերով բացահայտ և ոչ բացահայտ լուծենք», մենք ասեցինք՝ «ո՛չ, էդ խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ»: Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային պարտավորությունից հրաժարվում ենք, քավ լիցի, ամեն ինչn ընթացակարգերով արվում է, որտեղ պիտի ճկուն լիենք` կլինենք ու կարծիքներ կհարցնենք, բայց մենք ասում ենք, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, և երբ ՀՀ քաղաքացին իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պիտի հաշվի նստի այդ կամքի հետ: Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել», մեր քաղաքացին չի կարող սխալ բան որոշել, էն, ինչ մեր քաղաքացին կորոշի՝ օրենք է, աներկբա օրենք է: Որևէ ուժ չի կարող կասկածի տակ դնել մեր ժողովրդի ինքնիշխանությունը՝ լինի արևմուքտում, լինի արևելքում, լինի հյուսիում, թե լինի հարավում: Սա 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է», - ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ իրենք հարգում են բոլոր միջազգային գործընկերներին. «Բոլոր հուսալի գործընկների համար կլինենք հուսալի գործընկեր, իսկ ով փորձի խաբել, քցել, դրա պատասխանը կտանք», - ասաց նա:
19:14 - 10 մարտի, 2020
Պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն․ վարչապետ |pastinfo.am|

Պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն․ վարչապետ |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր առավոտյան թարմ թեմա են գտել, որ ես Երևանից ուղղաթիռով եմ եկել Ագարակ, օրենքի կոպիտ խախտում են գտել, թե պետական տրանսպորտային միջոցով եկել է քարոզարշավի մեկնարկին։ Ինչու՞ եմ եկել պետական մեքենայով որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Այս մասին այսօր «այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ներկայացմամբ՝ օրենքը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ չի կարելի աշխատանքային գործունեության համար տրամադրված միջոցներն օգտագործել քարոզչության համար, դա չի տարածվում, քանի որ մեքենան ոչ թե քարոզչություն, այլ պետական պահպանություն է, որից ինքը չի կարող հրաժարվել։ «Այն ժամանակ, երբ ուղղաթիռով ինչ-որ տեղ եմ գնում կամ ավելի հաճախ երբ չեմ գնում, գրում են, որ այ ուղղաթիռով գնաց այստեղ-այնտեղ։ Ուզում են ցույց տալ, թե ճոխությունների սիրահար եմ։ Եթե վերաձևակերպենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց։ Այս մեքենան էլ է ճոխ, բայց ինչու՞ է այսպիսին, որովհետև պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն»,-ասաց վարչապետը։ Նա ընդգծեց, որ ուղղաթիռը պետական սեփականություն է և պարտադիր թռիչքային ժամեր ունի, այսինքն աշխատանքային վիճակում լինելու ու իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է օգտագործվի։ «Երբ ես այդ ուղղաթիռը չեմ օգտագործում, ժամանակ առ ժամանակ անձնակազմը պետք է այն դատարկ բարձրացնի , աշխատացնի, որպեսզի այն չփչանա, այսինքն` այդ շատ ուշադիր մարդկանց հիմա էլ նյութ եմ տալիս, կարող են ասել, որ առանց վարչապետի այդ ուղղաթիռը պետական բյուջեի հաշվին թռցնում են»,-ասաց Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց, որ եթե ուղղաթիռը չաշխատի, ապա դրա պատճառով պետական ունեցվածքն իր գինը կգցի կամ էլ ևս 50 մլն դրամ պետք կգա նորոգելու համար, որ սկսի աշխատել։
18:40 - 10 մարտի, 2020
ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաջարանում բավականին մեծ բազմություն էր հավաքվել՝ լսելու «Այո»-ի քարոզչական խմբի ելույթները: Այս մարդկանց ծափերի եւ վանկարկումների ներքո էլ ՀՀ վարչապետը սկսեց ելույթը` ինչպես Մեղրիում, այստեղ եւս ընդգծելով, որ ընտրվելուց հետո 3-րդ անգամ է Քաջարանում, ինչը նշանակում է, որ ընտրությունից ընտրություն չի, որ այցելում են: Վարչապետը քաջարանցիներին տեղեկացրեց, որ Մեղրիում խոսել է այն մասին, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը օկուպացրել Սահմանադրական դատարանը, ուստի իր խոսքը սկսում է հենց այդ կետից: Իսկ ի՞նչ խնդիր կա ՍԴ մյուս անդամների մասով: Ձեւակերպելով այս հարցը՝ Փաշինյանը որպես պատասխան հիշեցրեց Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը, երբ դիմել էին ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապական վարույթ հարուցելու հարցով: «Էդ միջնորդությունը հետեւյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի մեկի վերաբերյալ, եւ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը: Այնուհետեւ նա անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած հետաքննությանը, որով պարզվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, ՍԴ-ում Մարտի 1-ի հետ կապված գործի քննության ընթացքում բազմիցս ելումուտ է արել ՍԴ-ում եւ նրա ելումուտը չի վերահսկվել: «Ոստիկանները բացատրություն են տվել եւ ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ եւ այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետեւաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է ցույց տալ, որ ՍԴ-ին Հայաստանում որեւէ մարմին չի կարող որեւէ բան ասել, բայց ՀՀ-ում կա մի սուբյեկտ, որ սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, տալ գնահատական եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Ըստ նրա՝ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից: «Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, որովհետեւ իշխանության պատկանելությունը որոշում է ժողովուրդը»,- նկատեց Փաշինյանը եւ շարունակեց. «Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետեւ այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաեւ առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:
16:37 - 10 մարտի, 2020