«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով. 1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով: 2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով»։
14:20 - 22 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում կառավարող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս կառավարող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:  «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:
12:40 - 21 դեկտեմբերի, 2021
Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Ներկա է Երեւանի ավագանու 8 անդամ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քվորում չլինելու պատճառով կես ժամ ընդմիջում հայտարարեց: «Ընդմիջում հայտարարենք, մինչեւ բոլորը հավաքվեն, եթե գալու են: Եթե քվորում եղավ նիստը կսկսենք, եթե ոչ՝ կհայտարարենք չկայացած»,-ասաց նա: Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօրվա  կայանալիք հերթական նիստին չի մասնակցելու: Քաղաքապետը նաեւ նշեց, որ մինչեւ ընդմիջում հայտարարելը ցանկանում է երեւանցիներին ուրախալի լուր հայտնել: «Այսօր հայտարարվել է եւս 280 նոր վերելակի մրցույթ: Ստացվում է, որ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր 44-օրյա պատերազմական գործողություների հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: Փաստացի 2022 թվականին Երեւանում մենք կունենանք լրիվ նոր, փոփոխված 1000 վերելակ»,-նշեց Մարությանն ու հայտարարեց ընդմիջում: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
11:45 - 21 դեկտեմբերի, 2021
Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստի օրակարգում  քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, Մարտունու մշակույթի տան դահլիճում, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը։ «Շնորհակալ եմ՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ, որ մենք համախմբված ու համատեղ աշխատանքով կարդարացնենք մեր ընտրողների  սպասելիքները, լուծում կտանք համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը,ավելի շեն ու նորոգ կդարձնենք միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլորիս լարված ու քրտնաջան աշխատանք է սպասվում»,-նշել է Մարտունու նորընտիր համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
11:41 - 21 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
17:36 - 20 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

tert.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը դրական եզրակացություն ստացավ:Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների  կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք իշխանությունները քաղաքական են որակում, ինքը հետագայում ինչպես է վարվելու այս հացերի համատեքստում, Քրիստիննե Գրիգորյանն ասաց․ «ՄԻՊ պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում, ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների ապահովման, խախտումների արձանագրման, իրավունք խախտող ստեղծված ռիսկերի վերաբերյալ պաշտպանը շատ հստակ է  արտահայտվել, և ես վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ թե՛ ՏԻՄ մարմիններին, թե՛ իշխանությունների այլ մարմիններին»։ ՄԻՊ թեկնածուն ասաց, թե վստահ է, որ ՄԻՊ-ի հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում, դրանք վերջին միջոց են, նրա առաքելությունը խախտումներն արձանագրելն է, խախտված իրավունքները վերականգնելը։ Նա նաև նշեց, թե ինքը չի համարում, որ այսպիսի գործունեությունը քաղաքական է։ Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ բան է, որ որոշ քաղաքական խմբերի կողմից կարող է փորձ արվել դա այդպես ներկայացնելու։ Նա նաև նշեց, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել։ Կարդալ ավելին՝  tert.am-ում
14:04 - 17 դեկտեմբերի, 2021
Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը: Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է: Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ: Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:  «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:
13:42 - 17 դեկտեմբերի, 2021
«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

tert.am: Մենք անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ–ում։ Այս մասին այսօր ԵՊՀ–ում, որտեղ իրականացում էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, իսկ զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, ասաց ուսանող Տարոն Մանուկյանը։ «Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,–ասաց նա։ Ուսանողը նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են և ամենամեծ վտանգը ԵՊՀ–ի քաղաքականացումն են համարում։
12:22 - 17 դեկտեմբերի, 2021
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանը ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նշելով, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում: «Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերվում են  օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերվում են մեր միջազգային փոխգործակցությանը, և, մասնավորապես միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերվում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումը: Եվ ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- ասաց Վարդանյանը: Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 
10:43 - 17 դեկտեմբերի, 2021
ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»։ Նշենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%:
11:10 - 16 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քվորում ապահովելու համար սահմանված ժամանակում չգրանցվեցին բավարար թվով պատգամավորներ: Ժամը 12:00-ին  գրանցվել էր 30 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, հայտարարվել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ բացի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից: 4 ժամ անց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա գրանցման ժամանակահատվածում քվորում չի ապահովվել, այսպիսով նիստի իրավազորության ապահովում չի եղել, փաստորեն նիստը համարվում է չկայացած: Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, օրակարգում մեկ հարց էր՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
16:31 - 15 դեկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը: Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին: Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
17:12 - 14 դեկտեմբերի, 2021
Հակոբ Արշակյանը Մաթիաս Լյութենբերգի և Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը

Հակոբ Արշակյանը Մաթիաս Լյութենբերգի և Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը և բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը: Շնորհավորելով դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Հակոբ Արշակյանը Վիկտոր Ռիխտերին բեղուն գործունեություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ վերջինս կնպաստի հայ-գերմանական կապերի խթանմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու պետությունների ու խորհրդարանների միջև բարեկամական հարաբերությունները ներդաշնակ զարգանում են և այս համատեքստում շեշտել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների դերը: «Հայաստանը ողջունում է գերմանական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը»,-ասել է Հակոբ Արշակյանը: Այս առնչությամբ նա բարձր է գնահատել նախորդ տարի հոկտեմբերի 29-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով Բունդեսթագում կայացած քննարկումները: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ այս առումով ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր եւ ԵՄ առաջատար պետություններից մեկը: Նա կարևորել է վերոնշյալ հարցով Բունդեսթագում մարտին կայացած հատուկ քննարկումը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին կարևորել է հայ-գերմանական կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի հետ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Այս առնչությամբ հյուրն ընդգծել է բարեկամական խմբերի գործուն մասնակցությունը: Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում Մաթիաս Լյութենբերգը շեշտել է առաջիկայում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Հյուրը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ եռանախագահների այցը տարածաշրջան: Արման Եղոյանն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության համատեքստում կարևորելով ԵՄ աջակցությունը մեր երկրին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ըստ նրա՝ տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական երկիր, առաջընթաց է գրանցում,  ինչը պետք է հիմք լինի, որ Արևելյան գործընկերության ձևաչափում մեր երկիրն ավելի մեծ ուշադրության արժանանա: Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ Արման Եղոյանը կարևորել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձումը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հռիփսիմե Հունանյանը բարձրացրել է երկու երկրների փոխգործակցության խորացման հարցը հատկապես գիտակրթական, մշակութային եւ առողջապահական ոլորտներում, կարեւորել փորձի փոխանակումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Որպես համագործակցության օրինակ՝ մասնավորապես նշվել է նաև Բեռլինի ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումը:  Քննարկվել են նաև երկու երկրների միջև մի շարք այլ ոլորտներում ևս կապերի ընդլայնման հեռանկարները:
16:27 - 13 դեկտեմբերի, 2021