Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային  խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը  որակով կատարելու համար: Քաղաքաշինության պատասխանատուները նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով, նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով,  շահագործման կհանձնվեն: Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
16:47 - 02 նոյեմբերի, 2021
Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել 44-օրյա պատերազմում ձեռք բերած ռազմամթերքն ապօրինի փոխադրելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել 44-օրյա պատերազմում ձեռք բերած ռազմամթերքն ապօրինի փոխադրելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքն ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու և իր կողմից բնակեցված տանը ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:    Նախաքննությունը շարունակվում է:    Արցախի ՔԿ-ն հիշեցնում է, որ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, և կոչ է անում կամովին իրավապահ մարմիններին հանձնել նման առարկաները՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:33 - 02 նոյեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները կխստացվեն. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները կխստացվեն. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։ Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին մոտ տասնապատիկ  աճել են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել: Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել  վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:
20:21 - 01 նոյեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ միասին, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ:Արցախի պետական նախարարը բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և անձամբ Փոլ Քրիքորյանի շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:Նա ընդգծել է հատկապես պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից:Արտակ Բեգլարյանը Փոլ Քրեքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով՝ Արցախի ու Լոս Անջելեսի միջև համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումը արցախցիների իրավունքներին և ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը:Երկուստեք մտքեր են փոխանակվել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով:  
19:25 - 01 նոյեմբերի, 2021
Խնածախի անտառներում մոլորված պատանիները գտնվել են

Խնածախի անտառներում մոլորված պատանիները գտնվել են

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:09-ին, Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ.Ս-ն և 17-ամյա Ա.Պ-ն մոլորվել են՝ նախնական տվյալներով Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Վերջիններս մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ  մեկնել են տվյալ տեղամաս: Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր էր հաստատել, ինչը որոշակիորեն պետք է հեշտացներ որոնման գործընթացը, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չէին կարողանում իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել: Ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում: Գիշերն աշխատանքններն արդյունք չեն տվել: Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ այսօր ժամը 13:25-ին, տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրությունում:
15:52 - 01 նոյեմբերի, 2021
Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել: Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները: Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:
11:49 - 31 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:   Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը և կարևորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները։   Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:   Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից և մտքեր փոխանակել սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:  
15:27 - 30 հոկտեմբերի, 2021
Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:  Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմներում ԱԻՊԾ զոհված աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի պատվանդանին, ապա օրվա առթիվ պետական և դրամական պարգևներ հանձնել համակարգի մի խումբ ծառայողների։ Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել ԱԻՊԾ գործունեությունն ինչպես խաղաղ, այնպես էլ Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի և, հատկապես, հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ Արցախի օկուպացված տարածքներում զոհված հայ զինծառայողների անճյունների որոնման անգնահատելի աշխատանքում: Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:    
13:11 - 30 հոկտեմբերի, 2021
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ

 |armenpress.am|

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: Այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին: ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։ Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը: Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Հարց. Պարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։ Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։ Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։ Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։ Հարց. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։ Պատասխան. Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։ Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։ Շարունակությունը կարդացեք  Armenpress.am-ում
12:09 - 30 հոկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16582 քաղաքացու հետազոտություն, որից 1984-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում իրականացվում են մինչև ժամը 19։00-ը:
11:52 - 30 հոկտեմբերի, 2021
Մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք. Արցախի ՆԳ նախարարը՝ համակարգի աշխատողներին

Մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք. Արցախի ՆԳ նախարարը՝ համակարգի աշխատողներին

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին: «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, դրանց դեմ պայքարելու բարդ ու պատասխանատու առաքելությունը: Ծառայությունն իր մեջ, առաջին հերթին, ներառում է մարդասիրություն, օգնություն, բարություն: Մեր յուրաքանչյուր ծառայող քաջ գիտակցում է, որ մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ: Ուստի փրկարար ոլորտի գործունեության հիմքում մարդու և նրա իրավունքների հանդեպ խորը հարգանքն է: Հիմնադրման օրվանից, Արցախում իր գործունեության 29 տարիների ընթացքում, ԱԻ ծառայությունն արժանապատվորեն է իրականացրել իր առջև դրված խնդիրն ու առաքելությունը: Իսկ ռազմական դրության օրերին իրենց աշխատանքով ոչ միայն պատերազմող Արցախից խաղաղության կոչ էին բարձրացնում աշխարհին, այլև տարածում մարդասիրական արժեքներ: Այդպես էր Արցախյան առաջին պատերազմում, երբ կառույցը նոր էր ձևավորվել և բռնել կայացման ուղին: Այդպես էր և 2016-ին՝ Ապրիլյան առճակատման օրերին: Սակայն, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողություններն ամբողջովին փոխեցին իրականությունը, և իրենց անձնվեր ծառայության համար Արցախի փրկարարները մեր հայրենակիցների կողմից արժանացան ամենամեծ գնահատանքին՝ վաստակելով «Տարվա հերոսներ» բարձրագույն կոչումը: Ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները վտանգելով սեփական կյանքը՝ օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ, արձագանքում էին բոլոր արտակարգ կանչերին, բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում կատարում որոնողափրկարարական աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին: Ակտիվորեն համագործակցելով պաշտպանության բանակի, առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ԱԻՊԾ-ն իրացրեց ողջ ներուժն ու գործիքակազմը: Այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարար-ծառայողները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ ու մասունքներ: Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ սակրավորական խմբերին վերապահվել է Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ պատասխանատու աշխատանքի արդյունքում մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել: Ծառայողական գործունեության այս մակարդակը, որն ունենք այսօր, վկայում է մեր ծառայողների մասնագիտական ու գործառական բարձր պատրաստվածության մասին: Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտապարտ Ձեր նվիրվածության համար: Ուրախ եմ, որ ունեմ Ձեր նման պատասխանատու համածառայակից ընկերներ, և որ ձեզնից մեկը ես եմ: Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք: Մեր պատասխանատու աշխատանքից է նաև մեծապես կախված երկրի առաջընթացը, ներքին անվտանգության ապահովումը, ներքին համերաշխության ձևավորումը: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում:
11:40 - 30 հոկտեմբերի, 2021
2015-2020 թթ. Արցախի իրավապահ մարմինները բացահայտել են արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք

2015-2020 թթ. Արցախի իրավապահ մարմինները բացահայտել են արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք

2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ ԱՀ նախաքննական մարմնի կողմից վարույթ է իրականացվել նշված հանցագործությունների առնչությամբ հարուցված ընդհանուր 4 քրեական գործով, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ: Հիշյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Որպես մեղադրյալ ներգրավված 11 անձից 8-ը դատապարտվել էր որոշակի ժամկետով ազատազրկման (2-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել), 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր համաներման ակտի կիրառմամբ, իսկ 1-ի նկատմամբ` գործուն զղջալու հիմքով: Վերոնշյալ քրեական գործերով առգրավվել ու ոչնչացվել է 4920,5 գրամ հաշիշ, 2189 գրամ ափիոն, 2783,689 գրամ մզվածքային ափիոն, 11,6 գրամ մարիխուաննա, 1450,143 գրամ մեթամֆետամին, 2892 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց: Վերոհիշյալ տեղեկությունները բավարար են եզրահանգելու համար, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները իրենց հնարավորությունների շրջանակում մշտապես պայքար են մղել Արցախի Հանրապետության տարածք թմրամիջոց ներմուծելու և դրանց ապօրինի շրջանառության հանցավոր դեպքերի կանխման, խափանման, նման արարք կատարած անձանց բացահայտման և քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու ուղղությամբ: Բացառություն չէր կազմել նաև արցախա-իրանական սահմանը, որը վերահսկողության տակ էր պահվում ՀՀ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ:
11:25 - 30 հոկտեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։ Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․)։ Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։ Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։  Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:  Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։ ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ: Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:  Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։ Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար):  2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար):  Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․ 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար):  2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար): 2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։ Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր Հայարփի Բաղդասարյան
15:55 - 29 հոկտեմբերի, 2021