Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: -Պարոն դեսպան, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր որակ են ստացել, դեռ անցյալ տարի Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները: Պաշտպանության ոլորտում համագործակցությունն արդյոք երկարաժամկե՞տ կլինի և կխորանա՞: -Դա իրականում ոչ միայն պաշտպանական համագործակցություն է: Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մենք  երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ունեցանք Մյունխենում, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը Փարիզում էր և մասնակցեց Դիմադրության շարժման հայտնի անդամ, հայկական ծագում ունեցող Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը Ազգային պանթեոնում: Հանդիպեցին նաև նախագահն ու վարչապետը: Իհարկե, նշանակալի այց էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը Հայաստան, սա առաջինն էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախարարի համար, դա բավականին նշանակալից է: Մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք 32 տարի, անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 24-ից, բայց դրանք երբեք այսքան հագեցած ու վստահելի չեն եղել: Այո, մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, դա միայն ռազմական գնումների մասին չէ, որն, իհարկե, կարևոր է, այլ նաև վերապատրաստումների մասին է, այդ թվում՝ բարձրաստիճան հայ սպաների վերապատրաստումների: Խոսքը խորհրդատվության մասին է: Երբ երկու երկրների երկու ռազմական ակադեմիաների միջև առկա է այնպիսի պայմանագիր, ինչպիսին կնքվեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցի շրջանակում, դու, անշուշտ, կառուցում ես երկարաժամկետ համագործակցություն:  -Ի՞նչ եք կարծում այդ համագործակցությունը կընդլայնվի՞: -Մենք ականջալուր ենք հայ գործընկերների կարիքներին: -Պարոն դեսպան, Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը: Ինչպե՞ս կարձագանքեք սրան, Ֆրանսիան պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հետաքրքրություն, շահագրգռվածություն ունի: -Ի հակադրություն այդ որոշակի շրջանակների, որոնց դուք հղում եք անում՝ մենք ազդեցության ոլորտների տեսանկյունից չենք մտածում, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է: -Այսպիսով կարո՞ղ ենք ասել, որ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության մասին է: - Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին: -Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում:  Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցություններ, հանդիպումներ են եղել, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը: -Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ: Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը։ -Պարոն դեսպան, Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ ու շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության, սակայն, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար: Ըստ Ձեզ՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով: -Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ: Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից:
12:16 - 06 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը |tert.am|

Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը |tert.am|

tert.am: Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Նախկինում այս առաջարկը հավանության էր արժանացել երկրի Սենատի և Ազգային ժողովի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը անվանել է ազգային հպարտություն և ազդակ ամբողջ աշխարհին։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը սա անվանել է «հիմնարար քայլ, որը կմնա պատմության մեջ»: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում քվեարկությունից հետո Վատիկանը կրկին դեմ է արտահայտվել աբորտներին և հայտարարել, որ «չի կարող լինել մարդու կյանքը խլելու «իրավունք»»։
11:00 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը նկատել է՝ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։ «Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ»,- ասել է Գրիգորյանը։ Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա, Գրիգորյանն ասել է, որ զարմացած է այդ կարծիքներից։ «Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ»,- ասել է Գրիգորյանը։ Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը, արդյո՞ք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրեր էլ կան կքնված, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում»։
10:57 - 02 մարտի, 2024
Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվեց հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։ Դեսպան Տոլմաջյանը, երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի փոստային ընկերությանը Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար, ընդգծեց հայազգի երկու ականավոր գործիչների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։ Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում՝ ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։ Միջոցառման շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 000 օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Արարողությանը ներկա էին խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
09:23 - 29 փետրվարի, 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Որտեղի՞ց է դուրս եկել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը
 |civilnet.am|

Որտեղի՞ց է դուրս եկել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը |civilnet.am|

civilnet.am:  «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, փետրվարի 27-ին տարածեց տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունն ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) համաձայնության են եկել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում։ Ըստ տեղեկության՝ Ֆրանսիան նաև պետք է Հայաստանին փոխանցի արբանյակային տվյալներ «Հայաստանի պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»։ Տեղեկությունն արտատպել են Hraparak.am, 168.am, 1in.am, Mediahub.am, AuroraNews.am, Radar.am և այլ լրատվականներ։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է ֆրանսիական աղբյուրներից տարածվող հայտարարությունը ու պարզել, որ այն ընդամենը ռուսաստանցի փորձագետի կարծիք է ու որևէ պաշտոնական հիմք չունի։ Հայտարարությունն արվել է թուրքական Anadolu-ի հետ զրույցում Ֆրանսիայի ու Հայաստանի միջև իբր ձեռք բերված հետախուզական պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնել է ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն փետրվարի 23-ին ՝ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Anadolu-ի հետ հարցազրույցում։ Հետաքրքրական է, որ այն հրապարակվել է միայն անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու թուրքերեն բաժնում տեղադրված չէ։ Կորոտչենկոն Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենն է և հայտնի է ադրբեջանամետ հայտարարություններով։ Օրինակ՝ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը ցուցադրում է ժողովրդավարության օրինակելի չափանիշներ»։ Ի՞նչ ֆրանսիական լրատվամիջոցներ են տարածել լուրը Ֆրանսերենով այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է փետրվարի 24-ին՝ թուրքական Yeni Şafak (Նոր լուսաբաց) թերթի ֆրանսերեն բաժնում՝ NouvelleAube-ում։ Հոդվածը հղում է անում Anadolu գործակալության հետ Կորոտչենկոյի հարցազրույցին։ Այնուհետև փետրվարի 26-ին այս մեջբերումը տարածել է ֆրանսիական Agoravox լրատվականը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է այդ կայքը ու պարզել, որ այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոց է։ Լրատվամիջոցի էջում էլ նշված է, որ «AgoraVox-ը 100 տոկոսով քաղաքացիական լրատվամիջոց է», որտեղ գրում են կամավորներ և ոչ պրոֆեսիոնալ գրողներ։ Հոդվածի հեղինակ է նշված ոմն Ս․ Լամպիոնը, որը, պարզվում է, գրողի մականունն է։ Սերաֆին Լամպիոնը իրականում գեղարվեստական ​​կերպար է՝ բելգիական «Տինտինի արկածները» ֆիլմից։ Փաստացի, հենց այս ոչ պրոֆեսիոնալ լրատվական հարթակին է հղում կատարել «Հայկական ժամանակը»՝ առանց պարզելու, թե ով է աղմկահարույց և Հայաստանի անվտանգության համար զգայուն այս պնդման հեղինակը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:23 - 27 փետրվարի, 2024
Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։  «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերություններին, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում «Ինժեներական քաղաք»-ում: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես առաջիկայում ներկայացված կլինեն «Ինժեներական քաղաք»-ում: Ֆրանսիայի պատվիրակության անդամները նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ նաև շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:
22:31 - 23 փետրվարի, 2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետ աշխատակազմից։  Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար: Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն: Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»:Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր: Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան- Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
14:31 - 23 փետրվարի, 2024
Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։ Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը, անդրադառնալով ՀՕՊ համակարգերի մատակարարմանը, հայտարարել էր, որ հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի: Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ Լըկորնյուն ասաց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։  «Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք հուսալի են»,- հավելեց նա։ Ապա Սուրեն Պապիկյանը անդրադարձավ հարցին՝ նշելով, որ այն իր իրավասության տիրույթում է՝ չնայած հարցն ուղղված էր ֆրանսիացի գործընկերոջը․ «Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։
12:51 - 23 փետրվարի, 2024
Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, կարծում եմ՝ այն պիտի դիտարկենք երկուստեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում Հայաստան-Ռուսաստան պարտավորությունների կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով։ Պապիկյանը հիշեցրեց 2022թ․ դեպքերը, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, և Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնվեցին ՀՀ տարածքներ։ Նրա խոսքով հենց այդ ժամանակ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և այս ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ «Կարծում եմ՝ հարցը, որ տալիս եք, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ Այս հարցում մենք շատ հստակ ենք, պարզ և անթաքույց»,- հավելեց նա։ Հարցի մյուս մասին, թե Իրանի տրամադրությունները ստուգվե՞լ են այս առումով, Պապիկյանը պատասխանելով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հաարապետության է և որևէ մեկի դեմ չէ։ «Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս»,- ընդգծեց նախարարը։ Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ «Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։
12:39 - 23 փետրվարի, 2024
Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին, նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։ Նա հայտարարեց նաև, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։ Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ֆրանսիան մեծացնելու է հակաօդային պաշտպանական բնույթի միջոցների վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի օդը պահելու խնդիր, և որ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական բնույթի զենք-զինամթերք, ֆրանսիացի նախարարը  կարծիք հայտնեց, որ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանական միջոցները ամենակարևոր կետն են․ ծայրահեղ դեպքում դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվել մարտի դաշտում, ինչը տեսանք Ուկրաինայում, բայց հատկապես հնարավորություն են տալիս պաշտպանելու քաղաքացիական հասարակությանը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանները և այլն։ «Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում՝ սկսած ԱԹՍ-ների դեմ պաշտպանությունից մինչև հրթիռային և հարձակողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Դա ճիշտ է նաև մեզ համար։ Ֆրանսիայում մենք աշխատանքներ ենք տանում հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր ռազմասպառազինության, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանելու մեր օդը»,- ասել է նա։ Լըկորնյուն հայտարարեց, որ որքանով Ֆրանսիան հզորացնում է իր բազան, այնքան ավելի մեծ հնարավորություն է տալիս դա Հայաստանի հետ համագործակցության համար։ «Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ Minstrel հրթիռների մասին ենք օրինակ խոսել այս առավոտ: Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Վերապատրաստման առումով․ բավականին հեշտ է դրանք գործածելը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն, այդ մասին խոսել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման առումով։ «Վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է․ Thales ռադարների մասին է խոսքը։ GM-200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի արդեն»,- նշեց նախարարը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տրամադրվող զենք-զինամթերքը պաշտպանական բնույթի է, և, որ միակ ձևը, որ ՀՕՊ համակարգերը չկիրառվեն, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։
12:15 - 23 փետրվարի, 2024
Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։  Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:  Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:  Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
11:52 - 23 փետրվարի, 2024
ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը պաշտպանության նախարարությունում ստորագրեցին փաստաթղթեր: Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց Սուրեն Պապիկյանի և  Սեբաստիեն Լըկորնյուի մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան»։ «Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։ Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «արդյո՞ք վտանգ կա Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է նախարարին նոր պայմանագիր կնքել», Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ընդգծեց Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը ասաց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը․ «Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»։
11:23 - 23 փետրվարի, 2024