ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի մանկապարտեզից բացակայությունների կարգը

 |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի մանկապարտեզից բացակայությունների կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում է վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանված կարանտինային ժամանակահատվածում երեխաների՝ մանկապարտեզից բացակայությունը չհաշվարկելու հարցը: Այս մասին հոկտեմբերի 12-ին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մանկապարտեզում երեխայի՝ 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում հաստատությունից դուրս մնալուն: Նրա խոսքով՝ Երևանում տասը հազարից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին: «Նախադպրոցական հաստատությունների տեղերի թիվը բավարար չէ բոլորին ընդունելու համար: Ստեղծվում է իրավիճակ, երբ կան երեխաներ, որոնք ընդգրկված են նախադպրոցական ծառայության մեջ, բայց փաստացի չեն գնում, կան երեխաներ, որոնք չեն կարողանում ընդգրկվել: Այն, որ այստեղ պետք է որոշակի կարգավորում լինի, ինձ համար ակնհայտ է»,- շեշտեց նա: Անդրեասյանն ասաց, որ տարբեր առաջարկներ են ստացել և այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում են առողջական խնդիրների պատճառով, տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ, եթե կա կարանտինային ժամանակահատված, որի ընթացքում երեխան ուղղակի չի կարող հաճախել մանկապարտեզ, բացակայության այդ ժամանակահատվածը հաշվի չառնելու հարցը: «Առողջապահության նախարարությունից արդեն ստացել ենք առաջարկները, թե որ վարակիչ հիվանդությունների պարագայում է կարող այս մոտեցումը գործել, և առաջիկայում  այդ փոփոխությունը կարվի, որպեսզի նման խնդիրների պատճառով, հատկապես այդ տարիքում, երբ ձևավորվում է երեխայի իմունիտետը, հաշվի առնենք ընդունելության կարգում»,-ընդգծեց Անդրեասյանը:
13:18 - 12 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։   Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։   Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:  
17:45 - 07 հոկտեմբերի, 2022
Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: Կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ: Այսպիսով, բացի ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի 1282-Ն որոշմամբ հաստատված տարեվերջյան պարգևատրության գումարից՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգևատրում: Տղամարդկանց հավաքականի կազմում Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն էին հռչակվել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:
11:44 - 07 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը

ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։ Երեկ խորհրդարանում այս ծրագիրը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ի թիվս այլնի, նախարարը հայտարարել էր, որ ծրագրով նախատեսվում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։շ Նա խոսել էր նաև ակադեմիական քաղաքի մասին՝ նշելով, որ  2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։
11:56 - 05 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերն՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի կայացման համար: Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»:
11:17 - 05 հոկտեմբերի, 2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 63 կողմ, 0 դեմ ձայներով։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագծի քննարկումների ընթացքում ասել էր, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: «Այս խնդիրն առաջացել  է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք տարիքը սահմանել 28  տարի, որով կլուծվի խնդիրը»,-ասել էր նա։ Նա տեղեկացրել էր նաև, որ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղությունների մասին է։
10:37 - 05 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարը երիտասարդներին կոչ է անում ավելի շատ զբաղվել գիտությամբ

ԿԳՄՍ փոխնախարարը երիտասարդներին կոչ է անում ավելի շատ զբաղվել գիտությամբ

Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ տարիներ առաջ ինքը ևս «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի մասնակիցների շարքերում է եղել. «Տարիներ ի վեր «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին, որը սկզբի համար գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամուտ հետապնդել: 2022 թ. պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, և ես երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հետազոտական և նորարարական գաղափարներ իրականացնելու համար ընտրել ճիշտ ղեկավարներ: Երբեմն դեպքեր են լինում, երբ կան ֆինանսավորում, գաղափար, թեմա, սարքավորումներ, բայց չկա լավ ղեկավար: Այս առումով էլ պետք է լրացնել բացերը և երիտասարդներին առաջ տանել»: Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնակիցներին ու հաղթողներին, նրանց հորդորել է երբեք չմոռանալ այն բուհը, որտեղ հղացել են նորարար գաղափարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Արփա» ինստիտուտին՝ երիտասարդներին քաջալերելու և նրանց ուժերին հավատալու համար: Շնորհավորելով հաղթողներին և մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը` բուհական գիտությանն ու հետազոտական բաղադրիչին շարունակաբար աջակցելու առումով. «Հիմնադրամը շատ կարևոր գործունեություն է ծավալում ՀՀ-ում, որի հիմքում ընկած են երիտասարդ գիտնականների խրախուսումը, նորարարական գաղափարների ֆինանսավորումը՝ նպաստելով, որ երիտասարդները մնան գիտության մեջ և կայանան»: «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Այս տարիների ընթացքում ինստիտուտը մի շարք ծրագրեր է իրականացրել` աջակցություն ցուցաբերելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կառույցներին:  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից  բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնցում հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերը, որոնց հիմքում բուհերի հետ սերտ համագործակցությունն է:  Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները: «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոն)։ «ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակերպվում է համալսարանական մակարդակով և գիտական տարբեր բնագավառներում քաջալերում է ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին, խրախուսում է աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, որտեղ դասախոսը հանդես է գալիս որպես խորհրդատու:
13:04 - 04 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին: Խոսելով փաստաթղթի առավել նշանակալից դրույթների մասին՝ նախարարն ասաց, որ ծրագրով նախատեսվում է հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ու կրթական ծրագրերի համընդհանուր ծածկույթի ապահովում։ «Ուսումնական հատատությունների, կրթական ծրագրերի օպտիմալ տեղաբաշխում՝ հաշվի առնելով տարածքային  համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները։ 3-5 տարեկանների առնվազն 95%-ը ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ Նախքան դպրոց ընդունվելը՝ բոլոր երեխաները առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ։ Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարատներին բավարարող և համընդհանուր, մատչելի շենքեր։ Կապահովվի համացանցի որակյալ հասանելիությունը»։ Ըստ նախարարի՝ բոլոր ուսումնական հաստատությունները համալրված կլինեն որակավորված մանկավարժներով․ «Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն։ Ոչ մի երեխա Հայաստանում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից։ Հեռավար կրթական ծառայությունները էլեկտրոնային պաշարներ, առցանց դասընթացներ կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ համայնքների համար»։ Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։ Անդրադառնալով ակադեմիական քաղաքին՝ Դումանյանն ասաց՝ կստեղծվեն 100% պետական ֆիննասնավորմամբ 8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը․ «Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը, արդյունքում 2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»։ Ակադեմիական քաղաքի ստեղծման վերաբերյալ նախարարը հստակ ժամկետներ չնշեց․ «Կոնկրետ շինարարության մասով չեմ կարող մանրամասնել, քանի որ դա գլոբալ, մեծ նախագիծ է։ Շատ լավ գաղափար է։ Մենք շուտով, կարծում եմ, կունենանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու ու երբ կավարտվի, բայց դա կախված է նաև մեր գործընկերներից»։
10:59 - 04 հոկտեմբերի, 2022
Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
 |shantnews.am|

Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ |shantnews.am|

shantnews.am: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները, ստանալ տարկետման իրավունք, որը կտրվի երեք մակարդակներում: Ուղղությունները կընտրվեն ըստ գերակայությունների և անհրաժեշտության: «Նպատակը, որ բուհերի դռները բացվեն դիմորդների առջև պետության համար կարևոր ուղղություններով՝ որակյալ կադրեր ունենալու և հետագայում ըստ անհրաժեշտության ներգրավվելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այժմ զորակոչի տարիքը մինչև 27-ն է, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ 27-ը չլրացած, տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ օրենքի պահանջի համաձայն: Կրթությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ, սա բերում էր արհեստական լուծումների: Սրանով մենք առաջարկում ենք տարիքը սահմանել 28 տարի, որով կլուծվի խնդիրը» ,- նշել է Դումանյանը:
10:47 - 04 հոկտեմբերի, 2022
Նախատեսվում է հանել ընդունելության քննությունները, իսկ ասպիրանտական ծրագրերի ավարտին շնորհել PhD որակավորում. ներկայացվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

Նախատեսվում է հանել ընդունելության քննությունները, իսկ ասպիրանտական ծրագրերի ավարտին շնորհել PhD որակավորում. ներկայացվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նա հիշեցրել է, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Ըստ փոխնախարարի՝ նոր նախագծի ներկայացումը մի փոքր հետաձգվել է՝ ՀՀ կառավարության կողմից «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» ընդունման հետ կապված, որից պետք է բխեն ոլորտի հիմնական օրենքները: Անդրադառնալով օրենքի նախագծի հիմնական դրույթներին՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում անցում կկատարվի եռաստիճան համակարգի, իսկ գիտական աստիճանաշնորհման ներկայիս երկաստիճան համակարգից՝ անցում միաստիճան համակարգի։ Մասնավորապես նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում: Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ ըստ նախագծի՝ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության բեռնվածությունը: Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև ուսանողների և դասախոսների ներքին շարժունության հարցերին: Հաջորդ դրույթը վերաբերել է համատեղ կրթական ծրագրերի իրականացման և համատեղ որակավորման շնորհման հարցերին: Սահմանվել է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։ Անդրադառնալով կրթական ծրագրերի հավատարմագրման դրույթին՝ Կարեն Թռչունյանը փաստել է, որ նոր կարգավորմամբ ամրագրվել է՝ բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ «Եթե մեկ անգամ ծրագիրը չի անցնում հավատարմագրում, ապա բուհին հնարավորություն կընձեռվի որոշակի ժամկետում բարելավել այն և կրկին դիմել: Եթե սահմանված ժամկետում ծրագիրը նորից չի անցնում հավատարմագրում, ապա այն զրկվում է լիցենզիայից: Այդ դեպքում, իհարկե, տեղի կունենա կրթական ծրագրերի խոշորացում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ հավատարմագրման և նախահավատարմագրման կարգերը համահունչ կլինեն լիցենզավորման կարգին՝ որակյալ կրթություն տրամադրելու նպատակով: Կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի մասով Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ լիցենզավորման համար՝ որպես հիմք, նախատեսվում են նոր պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն սահմանված վերջնաարդյունքներին: Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացման դրույթի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ ներկայում չի թույլատրվում օտար լեզվով կրթություն կազմակերպել: Նոր կարգավորմամբ՝ ամբողջական կրթական ծրագիրը լինելու է հայերեն, սակայն առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը բարձրագույն կրթության միջազգայնացման կարևոր նախապայման է։ Անդրադառնալով բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրման հարցին՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որ ընդունելության քննությունները վերանան, և դրանք անցկացվեն կրեդիտների փոխճանաչմամբ, ինչպես զարգացած մի շարք երկրներում: «Բայց քանի որ ավագ դպրոցը դեռ չունի կրեդիտային համակարգ, առայժմ չենք կարող դա անել: 2026 թ. մայիսին կրեդիտային համակարգով կավարտեն առաջին աշակերտները, և միայն այդ ժամանակ կարող ենք ունենալ առաջին փորձնական հնարավորությունը՝ առանց քննությունների ընդունելություն՝ բուհերի կողմից համապատասխան կրեդիտների ճանաչմամբ»,- փաստել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ օրենքի հիմնական թիրախներից մեկը վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը. «Մենք իրավական հնարավորություն և լիազորություն ենք ստեղծում, որպեսզի բուհերի ֆինանսավորման մեխանիզմները փոփոխվեն: Հիմա բուհերը ֆինանսավորվում են ուսանող-դասախոս հարաբերակցությամբ: Նոր կարգավորումը ենթադրում է բազային և կատարողական ցուցանիշների հիման վրա ֆինանսավորում՝ նոր բանաձևով»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ փոխվել են նաև ուսանողներին տրվող աջակցության ձևերը: Մասնավորապես սահմանվել են հետևյալ աջակցության ձևերը՝ նպաստ, որը կտրվի սոցիալապես խոցելի և այլ առանձին խմբերի ուսանողներին, և պետական կրթաթոշակ, որը կտրամադրվի միայն բարձր առաջադիմության դեպքում: Անդրադառնալով բուհի կառավարման մոդելին՝ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ կառավարման խորհուրդների անդամների թիվը սահմանվել է 12, որոնցից 6-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը, 6-ին՝ նշանակում համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը: «Ներկայում ունենք բուհերի խոշորացման ծրագիր, և բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով, ըստ նախագծի, այս բուհերում լիազոր մարմնի ղեկավարը մինչև հինգ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորներ և կձևավորի 12 անդամից կազմված կառավարման ժամանակավոր խորհուրդներ՝ նշանակելով խորհրդի նախագահներ, մինչև պետությունը կներդնի որակի համապատասխան չափանիշներ»,- նշել է նա: Գիտության ոլորտում հիմնական խնդիրը, ըստ փոխնախարարի, վերաբերել է ակադեմիայի կարգավիճակին (գիտական, գիտահետազոտական ինստիտուտներ):   «Նոր նախագծով մենք առաջարկում ենք, որ ակադեմիան պահպանի իր կարգավիճակը, որն իր կազմում կմիավորի ակադեմիայի անդամներին, բաժանմունքները, աշխատակազմը և համակարգի կազմակերպությունները: Ակադեմիայի գործառույթներից են գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև սահմանված կարգով մասնագիտական և փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: Բարեփոխումների շրջանակում այս նոր համակարգով կընդլայնվեն նաև Գիտության կոմիտեի լիազորությունները: Ունենք նաև ինստիտուտների խոշորացման խնդիր. ակադեմիական ինստիտուտները և բուհերը պետք է գործեն ավելի սերտ համագործակցությամբ, որի արդյունքում բուհերում կմեծանա հետազոտական բաղադրիչը: Այս նպատակով բազային ֆինանսավորման պահանջները որոշակի չափով կփոխվեն»,- շեշտել է նախարարի տեղակալը: Կարեն Թռչունյանի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրան, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասախոսների ներքին շարժունության, կրեդիտների կուտակման և միաստիճան համակարգի ռիսկերի, կրթական ծրագրերի, գիտնականների կատարելագործման և խրախուսման մեխանիզմների, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, կրթական ծրագրերը օտար լեզվով դասավանդման, ուսանողական կրթաթոշակի խնդիրներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում:   Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
12:35 - 03 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։ Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ շատ կարևոր է այս դժվարին ժամանակաշրջանում համախմբել ուժերը՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին և ամրապնդելու համագործակցությունը՝ հանուն ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խաղաղության ապահովման։ Զրույցի ընթացքում Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները, ինչպես նաև բարձր գնահատել հայկական համայնքի դերը երկրի տարբեր ոլորտներում։
13:45 - 01 հոկտեմբերի, 2022
Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման
 |hetq.am|

Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման |hetq.am|

hetq.am: «Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից: ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան  ողջ տարածքը։   Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ:  Իր հերթին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) տեղեկացրել էր, որ հայ-իտալական արշավախումբը 2019թ.-ից ուսումնասիրություններ է իրականացրել «Հատիսի ամրոց»  հնավայրի տարածքում: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձաններ:  ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։  «Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել»,- ասվում էր հայտարարության մեջ։ ՀԱԻ ինստիտուտի գիտխորհուրդը հուշարձանների պահպանության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությանը հիշեցրել էր օրենքի պահանջը․ «Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»: Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։  «Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։  Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։ Նախարարությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե առհասարակ, Հատիս լեռան տարածքում հնագիտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ինչպե՞ս է տնօրինելու 20 հուշարձանների ճակատագիրը։ Խոստանում են իրենց դիրքորոշումը հայտնել փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:58 - 30 սեպտեմբերի, 2022
Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը

Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից 11-ամյա Սամվելի ընտանիքը  Հայաստան է եկել այս տարվա մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո ընտանիքը վերադառնալու է Ուկրաինա, ուստի երեխան այստեղ չի ընդունվել դպրոց և շարունակում է ուսումը Կիևի իր դպրոցում՝ հեռավար։  Սամվելի մայրը՝ Լուսինեն պատմում է՝ եղել է մի ընթացք, երբ Ուկրիանայի դպրոցները  ընդհանրապես դասեր չեն կազմակերպել․ «Փետրվարի 24-ին պատերազմը սկսեց ու մինչև մարտի 30-ը նույնիսկ օնլայն դասեր չեն եղել։ Հետո, երբ տեսան, որ երկարաձգվում է այդ ամենը, դասերը կազմակերպեցին օնլայն»։ Սեպտեմբերի 1-ից Ուկրաինայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը, Լուսինեի խոսքով, ո՛չ ուսուցիչների, ո՛չ ծնողների սրտով չէ․  «Ըստ օրենքի՝ այն երեխաները, ովքեր գտնվում են Ուկրաինայում, մեկ շաբաթ գնալու են դասի, երկու շաբաթ դասերին մասնակցելու են օնլայն։ Մի շաբաթ Սամվելը միանալու է դասարանից դասին մասնակցող երեխաներին ու լուռ լսի, բայց Սամվելին տալու են տնայիններ, երեխան տնային աշխատանքները ուղարկելու է Clasroom-ին, ուսուցիչը գնահատի, բոլոր ստուգողականները գրի։ Իսկ երկու շաբաթ, երբ մնացած բոլորը աշակերտները դասերին օնլայն միանան, արդեն հնարավորություն կունենա դասերին մասնակցել, պատասխանել»։Սամվելը Լուսինեն ասում է, որ դասապրոցեսին ակտիվ մասնակցություն չունենալը խնդիր է, սակայն երեխան իրեն կարող է պատմել այն, ինչ հնարավորություն չունի պատմել դասարանում։ Դասերին հեռավար մասնակցելը այս պահին ճիշտ լուծում է, քանի որ ուկրաինական դպրոցից երեխային հայկական մեկ այլ դպրոց տեղափոխելը, ըստ Լուսինեի, նոր տրավմա կլինի նրա համար․ «Ճիշտ չեմ համարում երեխային իր շրջապատից կտրել ու վերջնականապես բերել այստեղ, առանց այն էլ երեխայի համար տրավմատիկ է այս ամենը։ Եվ նորից տրավմա կլինի, որ դասընկերներին թողնի այնտեղ, գա, ընտելանա նոր շրջապատին»։ Մայրը չի կարծում, որ դպրոց չգնալով երեխան վերաինտեգրման խնդիրներ կունենա․  Սամվելը ուկրաինացի դասընկերների հետ հաճախ է շփվում համացանցի միջոցով։  Տղան հայերեն խոսում է, սակայն գրել և կարդալ սովորել է վաղուց և արդեն մոռացել է, ուստի առաջիկայում պատրաստվում է հայոց լեզվի դասերի գնալ։ Անգլերենի  պարապմունքների Սամվելը նույնպես հաճախելու է։ Լուսինեն միայն ուկրաիներենի մասնագետի չի գտնում․ ասում է՝ այստեղ Սամվելը միայն հայերեն է լսում, և կարող է ժամանակի ընթացքում մոռանալ ուկրաիներենը։  «Երկար ժամանակ է՝ ուկրաիներենի մասնագետ եմ փնտրում ու չեմ կարողանում գտնել, խնդրել եմ Լեզվի կենտրոնին, որ օգնեն։ Հիմա երեխան տանն է, օնլայն գիրք կարդում է, բայց այստեղ չեմ կարողանում գիրք գտնել։ Ես մարտին զանգեցի Ուկրաինայի դեսպանատուն, ասացի՝ երեխան Ուկրաինայի քաղաքացի է ու հիմա մենք գիրք չունենք, չեմ ուզում համակարգչով սովորեն, ասեցին՝ մենք չունենք։ Անկեղծ ասած, դա ինձ  համար տարօրինակ էր»։ Լուսինեն հատուկ շեշտում է Ուկրաինայի ուսումնական պրոցեսի խստությունը նույնիսկ պատերազմական պայմաններում, ասում է՝ ուսուցիչները շատ հետևողական են բոլոր աշակերտների հանդեպ․ «Ես չեմ ցանկանա՝  երեխան Հայաստանում շարունակի սովորելը, ինձ դուր է գալիս դպրոցը, կրթության մակարդակը»։ Իսկ Սամվելն այստեղ ընկերներ գտել է, ուզում է հայերեն սովորել, բայց չգիտի՝ ուզո՞ւմ է այստեղ մնալ, թե՞ վերադառնալ Ուկրաինա․ «Ինձ այստեղ դուր  է գալիս ուզում եմ Հայաստանում ապրել, բայց ընկերներս այնտեղ են»։ Ամառային արձակուրդներին միշտ եկել է Հայաստան, ու հիմա լավ է, երբ հարազատներն այստեղ են, սակայն մնացած ամեն ինչ երեխային Ուկրաինայի հետ է կապում․  «Մեր բոլոր հարազատները Հայաստանում են, այդ տեղը Սամվելի մեջ դատարկ է եղել ու այդ առումով Հայաստանում լավ է, բայց մյուս առումներով Ուկրաինայում է լավ, դրա համար երեխան երկու մասի է բաժանվել, չի հասկանում՝ որն է ճիշտը»,-պատմում է Լուսինեն։ Սամվելի ընտանիքը հիմա սպասում է պատերազմի ավարտին ու Ուկրաինա վերադարձին, իսկ այս պահի վիճակը մեկ բառով է նկարագրում՝ «անորոշ»։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից և Ուկրաինայից մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ․-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է եկել 301167 անձ, Ուկրաինայից՝ 10374 անձ, մինչդեռ 2021 թ․-ի առաջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 140616 անձ, իսկ Ուկրաինայից՝ 8302: 2020 թ․-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան է եկել 119085  քաղաքացի, Ուկրաինայից՝ 5294  քաղաքացի։ 2019 թ․-ին առաջին վեց ամիսներին Ռուսաստանից Հայաստան է եկել 283506 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 11699 քաղաքացի։ 2018 թ․-ին այս պատկերը էական փոփոխություններ չի գրանցել․ Ռուսաստանից առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 234837 քաղաքացի, Ուկրաինայից՝ 10647 քաղաքացի։ Էական փոփոխություններ չեն գրանցվել նաև 2017 թ․-ին․ Ռուսաստանից այդ տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 201980 քաղաքացի, Ուկրաինայից՝ 9885 քաղաքացի։2016 թ․-ին Ռուսաստանից Հայաստան է եկել 152500 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 8644 քաղաքացի։   Ընդհանուր առմամբ, 2022 թ․-ի առաջին վեց ամիսներին բոլոր երկրներից Հայաստան է եկել 782 հազար 60 մարդ, որի 38%-ը ՌԴ քաղաքացիներն են։ Հայաստան եկած ընտանիքներից ոմանք որոշում են կայացրել, որ երեխաները պիտի սովորեն Հայաստանի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ռուսական դասարաններ կան։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ անցյալ ուսումնական տարում Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստանի դպրոցներ են ընդունվել 98 աշակերտներ, որոնցից 88-ը ՌԴ-ի, 11-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Արդեն այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկվել են ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված 752 աշակերտներ։ «Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա, դժվար է ինտեգրվել…» 16-ամյա Էրիկա Պալուստյանովան այդ աշակերտներից մեկն է։ Աղջկա ընտանիքը վերջերս է Ղրիմից Հայաստան եկել ու որոշել է մեր երկրում հաստատվել։ Այժմ Էրիկան սովորում է Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի ռուսական դասարանում։ Էրիկայի հայրը ռուս է, մայրը՝ հայ։    Սախարովի անվան դպրոցում 9-րդ դասարանցի աղջիկը սիրում է Հայաստանը, պատրաստվում է այստեղ ապրել ու հետո Երևանի բժշկական համալսարան ընդունվել։ Հայերեն ո՛չ խոսել, ո՛չ գրել ու կարդալ աղջիկը չգիտի։ Էրիկայի մայրը՝ Էլեն Նազարյանը պատմում է, որ  տարիներ առաջ ապրել են Ղազախստանում և Էրիկան այնտեղի հայկական դպրոցում է սովորել։  Ավելի ուշ Սևաստոպոլ են տեղափոխվել, որտեղ աղջիկը ռուսական դպրոցում է սովորել, ինչի պատճառով էլ այժմ չի տիրապետում հայերենին։ ԷրիկանՄայրը ասում է, որ աղջիկը, բացի դպրոցական դասընթացներից, նաև հայերենի խմբակ է հաճախելու, որպեսզի հետագայում կարողանա Հայաստանում համալսարան ընդունվել։  Էլեն Նազարյանը պատմում է, որ «Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա»,  ու Էրիկան դեռևս դժվար է ինտեգրվում նոր միջավայրում։  Հայերենին տիրապետելու համար Էրիկան կսկսի սովորել այբբենարանը։ Անդրեյ Սախարովի անվան դպրոցում հայերենին չտիրապետող երեխաները սկսում են տառուսուցումից՝ անկախ նրանից, թե որերորդ դասարանում են սովորում։  Էրիկայի հայոց լեզվի ուսուցչուհի  Սիրվարդ Վաբելյանը պատմում է, որ ռուսական դասարաններում երեխաների՝ հայերենի իմացությունը տարբեր մակարդակի է։  Հայերեն գրել և կարդալ չիմացող երեխաների համար անհատական ծրագրեր են կազմվում, դասի ընթացքում և դասերից հետո նրանց հետ անհատական աշխատանք է իրականացվում․ «Աշխատում ենք հասցնել։ Անցյալ տարի էլ եղել են երեխաներ, հնարավորինս հասցրինք 1-2 ամսում՝ նայած երեխաների ընդունակություններին, թե ինչքանով են  կարողանում ընկալել։ Կան երեխաներ, որոնք կարողանում են զուգահեռ մյուս դասընկերների հետ քայլել առաջ»։Սիրվարդ Վաբելյանը Հայոց լեզվի ուսուցչուհին ասում է, որ դպրոցում Ռուսաստանից եկած երեխաներ կան, որոնք արդեն կարողանում են հայերեն խոսել։ Դպրոցում աշակերտներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում։ Հոգեբան Ինեսա Դարբինյանն ասում է, որ պատերազմի հետևանքով այլ վայրեր տեղափոխված երեխաները հոգեբանական մի շարք խնդիրների են բախվում, ունենում են տագնապային վարք․ «Եթե իրենց հետ հոգեբանական աշխատանք չտարվի,  իրենք չեն կարողանա ինտեգրվել։ Այդ վերականգնողական աշխատանքը երկարատև պրոցես է և համատեղ պետք է լինի: Բժշկական, սոցիալական և կրթական գործոնները պետք է համակարգված լինեն, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ինտեգրվել»։ Ինեսա Դարբինյանն ասում է, որ հոգեբանական խնդիրների հաղթահարումն անհատական է,  կախված է նաև տարիքից․ դեռահասների մոտ այս խնդիրներն ավելի դժվար են հաղթահարվում։Ինեսա Դարբինյանը Սախարովի անվան թիվ 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանը պատմում է, որ այս ուսումնական տարում այլ երկրներից դպրոց է ընդունվել 57 աշակերտ․ կան երեխաներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից։ Անցած ուսումնական տարում ևս՝ պատերազմի մեկնարկից հետո, ընդունել են Ռուսաստանից և Ուկրաինայից տեղափոխված երեխաների։  Տնօրենը վստահեցնում է, որ դպրոցի ռուսական դասարանները «սովոր» են միգրացիային, ուսուցիչներն ունեն ճկուն ծրագրեր,  երեխաների մոտ ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։  Հայերենին չտիրապետող երեխաների համար դպրոցում գործում է նաև «Սովորում ենք խոսել հայերեն» արտադասարանական խմբակը, որտեղ ուսուցիչները երեխաների հետ լրացուցիչ պարապում են․ «Դեպք ունենք, որ և՛ ռուս, և՛ ուկրաինացի երեխաները ծնողի ցանկությամբ սովորում են հայկական դասարանում։ Ծնողը ցանկացել է, որ երեխան հայերեն ուսումնասիրի, քանի որ գտնվում է Հայաստանում և ուզում է, որ լեզվին ավելի լավ տիրապետի։ Համարում են, որ հայկական միջավայրում ավելի արագ կտիրապետեն լեզվին։ Այդ փաստը շատ գովելի է, մենք խրախուսում ենք այդ մոտեցումը»,-պատմում է տնօրենը։ Մարիաննա Մելյանը 8-րդ և 9-րդ դասարանում հայկական դպրոց ընդունված երեխաները, որոնք չեն տիրապետում հայերենին, ազատվում են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների քննություններից․ «Չեն գնահատվում, բայց միևնույն է, ուսումնասիրությունը դասապրոցեսի ընթացքում իրականացվում է։ Հայոց լեզվի  ուսուցումն այբուբենից ենք սկսում, իսկ հայոց պատմություն ուսուցանելու համար ինտերնետից նյութեր ենք վերցնում ռուսերենով, տրամադրում ենք, որպեսզի կարողանան սովորել»,- ասում է տնօրենն ու հավելում՝ օտարազգի երեխաները շատ են սիրում հայոց պատմությունն ու հայ գրականությունը, իրենք էլ շատ կարևոր են համարում այդ առարկաների ուսուցումը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ Հայաստանում ռուսերեն լեզվով ուսուցմամբ 50, իսկ ռուսերեն լեզվով խորացված ուսուցմամբ 60 դպրոց կա։ Ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներում կան ռուսական դասարաններ, որտեղ երեխաների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ծրագրին համապատասխան։ Խորացված ուսուցմամբ դպրոցների ռուսական դասարաններում ուսուցումն իրականացվում է այլ ծրագրով, որը նույնպես ԿԳՄՍ նախարարությունն է հաստատում։  Մարզերում  նման դպրոցները քիչ են․ օրինակ, Արարատի մարզում նմանատիպ դպրոցները 5-ն են, Գեղարքունիքում՝ 4-ը, Տավուշի մարզում՝ 3-ը։ Սակայն մարզպետարաններ արված մեր հարցումները ցույց են տալիս, որ անցած ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում ռուս և ուկրաինացի աշակերտների հոսքը քիչ է եղել։ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցներում ռուս կամ ուկրաինացի աշակերտներ չեն ընդունվել։ Շիրակի մարզում 2022-ի փետրվարից հետո ՌԴ 2 քաղաքացի է ընդունվել, սակայն ուսումնական տարվա ավարտից հետո նրանք դադարել են սովորել այդ դպրոցում։ Արմավիրի, Արարատի մարզային ենթակայության դպրոցներում ևս Ուկրաինայի և Ռուսաստանի ընդամենը 2  քաղաքացիէ ընդունվել։ Սյունիք ՌԴ-ից ժամանել է 5 աշակերտ։ Հայաստանի բուհերում, ըստ ԿԳՄՍ տվյալների, սովորում է Ռուսաստանի և Ուկրաինայի 21 քաղաքացի, սակայն բուհերում ընդունելությունը դեռ չի ավարտվել։  ՀՀ-ում կա ռուսերեն ուսուցմամբ մի քանի բուհ՝ Հայ-ռուսական համալսարանը,  ռուսական բուհերի մասնաճյուղերը, ինչպես նաև՝ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կրթագիտական ինստիտուտը։  «Բուհական կրթությունը թանկ չէ, ու նաև ամենահեշտը Հայաստան գալն էր…» 23-ամյա Մարիան մեկն է այն ուսանողներից, որն այս ուսումնական տարում ընդունվել է Հայ-ռուսական համալսարան։ Նա սովորում է Արևելագիտության ինստիտուտի թուրքագիտության բաժնում։  Բոլորովին վերջերս Հայաստան տեղափոխված ուսանողուհին արմատներով հայ է, սակայն ծնված օրվանից ապրել է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Մարիան շատ է սիրում Հայաստանը ու մանկուց երազել է այստեղ ապրելու մասին։Մարիան Ռուսաստանում Մարիան սովորել է Ռուսական ակադեմիայի Գովազդի և հաղորդակցության ֆակուլտետում, բակալավրիատն ավարտելուց հետո երկու տարի չի ցանկացել ընդունվել մագիստրատուրա․ «Ես չգիտեի՝ ուր գնալ։ Այդ երկու տարին աշխատել եմ, բայց հիմա եկել եմ Հայաստան ու փորձում եմ այստեղ ապրել, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը, ուսումը թանկ չէ, այստեղ իմ ընկերուհին է ապրում, և մյուս երկրների համեմատ՝ ամենահեշտը Հայաստան գալն էր»։ «Ինձ ասում էին, որ պետք է մեծ ակնկալիքներ չունենամ, սակայն ամեն ինչ այդպես չէ։ Ես նույնիսկ մտածում էի, որ կրթության որակը ավելի ցածր կլինի, բայց դասախոսները  շատ խելացի են ու փորձառու: Համալսարանը շատ դուր է գալիս։ Հայերենով չէի կարող սովորել, ու  երևի  Հայ-ռուսական համալսարանը միակ տարբերակն էր»։  Մարիան կարծում է, որ այլ երկրներից եկած ուսանողները պետք է համայնք ստեղծեն, կապ պահեն իրար հետ և օգնեն միմյանց։    «Եթե պատերազմը չսկսեր, արդեն ուսանող կլինեի․․․» Իսկ 20-ամյա Մհերը չի նախատեսում Հայաստանում շարունակել ուսումը, քանի որ այստեղ ապրելու մտադրություն չունի։  Մհերը  մայիսին է եկել Հայաստան։ Ծնողներն Ուկրաինայում են մնացել, իսկ նա քրոջ՝ Տաթևիկի հետ ապրում է հարազատների տանը։ Մհերը սովորել է Ուկրաինայի ազգային համալսարանի քոլեջում՝ ծրագրավորման և ինժեներիայի բաժնում, և եթե չսկսեր պատերազմը, տղան սեպտեմբերից արդեն ուսանող կլիներ։Մհերը Քոլեջի դիպլոմ չի ստացել, որովհետև պատերազմի պատճառով կիսատ է թողել դիպլոմային աշխաատանքը։ Ասում է՝ չի ուզում Հայաստանում համալսարան գնալ, նախընտրում է ծրագրավորման դասընթացների հաճախել ու այդպես կատարելագործել գիտելիքը․ «Իմ համար դժվար կլինի համալսարանում սովորելը, որովհետև հայերեն գրել կարդալը  շատ դանդաղ է ստացվում։ Ռուսերենս նույնպես կատարյալ չի, ռուսերեն սովորել եմ վեց ամիս,  միշտ ուկրաիներենով եմ սովորել»։  Այժմ Մհերն աշխատում է Սպորտլանդիա խանութ սրահում։ Բացի դրանից՝ իր մասնագիտացման հետ առնչվող աշխատանքներ է գտնում համացանցում և ազատ գրաֆիկով աշխատում։ Նա սպասում է իրավիճակի կայունացմանը՝ ծնողների մոտ վերադառնալու համար, թեև սիրում է Հայաստանն ու Հայաստանն է իր երկիրը համարում։   Պետությունն անելիք ունի Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների մասին՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ նրանք հիմնականում հաճախում  են  ռուսական դպրոցներ։  Բնակավայրերում, որտեղ ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներ չկան, Մխիթարյանի խոսքով,  պետք է երեխաների հետ անհատական պարապել, հայոց լեզվի ուսուցման համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպել․ «Հնարավոր չի 1-2 երեխայի համար ունենալ առանձին դպրոց, որովհետև դա ենթադրում է  լրացուցիչ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ։ Այստեղ միակ լուծումը կլինի այն, որ անհատական մոտեցում ցուցաբերվի այդ երեխաներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ ինտեգրվեն մեր դպրոցներում։ Ոչ ոք չգիտի՝ այդ երեխաները ինչքան ժամանակ կմնան Հայաստանում։ Գուցե երկար մնան, որոշեն բնակություն հաստատել Հայաստանում, այս պարագայում անհրաժեշտ է, որ  լիարժեքորեն ինտեգրվեն և այդ մարտահրավերները հնարավորինս արագ լուծվեն»։  Փորձագետն ասում է, որ դպրոց չգնալը երեխաների համար ինտեգրման խնդիրներ կարող է առաջացնել։ Այս տեսանկյունից  նախընտրելի է համարում հեռավար ուսուցումը այն դպրոցներում, որտեղ  երեխան սովորել է, եթե կա  նման հնարավորություն․ « Դրա արդյունավետությունը, իհարկե, ցածր է, բայց դա նախընտրելի է ավելի, քան ընդհանրապես ոչնչի չմասնակցելուց  և կրթական գործընթացից դուրս մնալուց»։ Մխիթարյանն ասում է, որ միգրանտների այս հոսքի պարագայում պետությունն անելիք ունի,բայց չի անում․ «Վերջերս  եվրոպական պետություններից մեկում էի, որտեղ փախստականների մեծ հոսք կա, հատկապես Ուկրաինայից։ Բոլոր այդ տեղերում տարբեր կառույցներում կար տեղեկատվության հստակ մեխանիզմ, կային  մասնագիտացված մարդիկ, թերթիկներ, որոշ դեպքերում՝ ինտերնետային կայքեր, որտեղ յուրաքանչյուր հարցի պատասխան կարելի է գտնել։  Իսկ չգտնելու պարագայում կա թեժ գիծ, որին կարելի է զանգել և բոլոր հարցերի պատասխանը ստանալ։ Հայաստանում այդ ամենը չկա, և դա է պատճառը, որ նաև կրթության հարցերում իրազեկվածության ցածր մակարդակ է»։ Փորձագետի խոսքով՝ բոլոր երկրներում, որտեղ կա միգրանտների հոսք, օրենսդրությունը ևս պիտի ճկուն լինի․  «Օրինակ, եթե Հայաստանից Ֆրանսիա ընտանիք գնա, նրանք երեխային հաջորդ օրը կարող են դպրոց ճանապարհել, որովհետև նրանց խորհրդատվություն է տրվում, հնարավորություններ են տրվում, դպրոցի տեղն են տանում ցույց տալիս  և երեխաները կարողանում են արագ ինտեգրվել։ Թեև Հայաստանը վերջերս ունեցավ միգրանտներ Սիրիայից, Իրաքից, 2014 թ․-ից հետո՝ Ուկրաինայի արևելքից, այդ փորձը մենք ձեռք չբերեցինք։ Խնդիրն այն էր, որ եկածների ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Այսօր իրավիճակը փոխվել է, ունենք  օտարազգի, հայերենին չտիրապետող հազարավոր մարդիկ, բայց մեր պետությունը ոչինչ չի անում ։  Փորձը, որ ունեն եվրոպական երկրները, ուղղակի կարելի էր վերցնել, տեղայնացնել»։ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված մեր հարցմանը՝ արդյո՞ք ուսումնասիրվել է Հայաստան եկող աշակերտների և ուսանողների խնդիրները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, հստակ պատասխան այդպես էլ չստացանք։ Գրավոր պատասխանում նախարարությունը ընդամենը ներկայացրել էր գործող օրենսդրական կարգավորումները։Նանե Ավետիսյան
20:22 - 29 սեպտեմբերի, 2022
Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։  Համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն էապես նվազեցնում է նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորությունները: Մասնավորապես խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլև աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։ Այս խնդիրների լուծման նպատակով Կառավարության որոշմամբ նախադպրոցական ուսումնական հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերը դասակարգվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմեր: Սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա: Այսպիսով՝ Կառավարության որոշման ընդունմամբ հստակեցվում են նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները՝ ստեղծելով նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակում։ Աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքն այդ հաստատություններ՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալներ։ Որոշման ընդունումը թույլ կտա նաև ապահովել նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն:
13:14 - 29 սեպտեմբերի, 2022