Սահման

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ

 |armenpress.am|

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: Այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն էլ իր հերթին ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար: «ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - ասել է Շմիդը:
19:46 - 13 սեպտեմբերի, 2022
Իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

Իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

 ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։ Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»։Թորոսյանը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ «Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Կեսգիշերից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերրձ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում»։Թորոսյանն ասաց, որ ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ «Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, և առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց»։
18:54 - 13 սեպտեմբերի, 2022
Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ «Ես խորապես վշտացած եմ երեկվա հաղորդագրություններից այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ մահացու և անհիմն հարձակումներ է իրականացնում հայ ժողովրդի դեմ՝ այս անգամ հրետակոծելով Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները, իսկ ավելի ուշ՝ կրակելով Հայաստանի սահմանամերձ քաղաքների՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այս հայկական քաղաքները վիճելի հողեր չեն, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են»,- հայտարարել է Ադամ Շիֆը: Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է, այլև ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ. «Դա տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից ընդամենը մի քանի օր անց։ Այնտեղ նրանք հայտարարել են խաղաղ համաձայնության հասնելու իրենց մտադրության մասին։ Եվ դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (միջազգային կառույցը, որին հանձնարարված է վերականգնել խաղաղ գործընթացը)՝ Միացյալ Նահանգների նոր համանախագահը դիվանագիտական այցով ժամանեց Բաքու»: Ադամ Շիֆը կոչ է արել Պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև մշտական դադարեցնել ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին․ «Քանի դեռ մենք դա չենք արել, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև կհասնի իր ամենասարսափելի նպատակներին»։ Կոնգրեսականը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ «Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին»,- նշել է նա։
18:32 - 13 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ. Կոնգրեսական

 |armenpress.am|

ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ. Կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, - Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
18:25 - 13 սեպտեմբերի, 2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։  Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մենք չենք ուզում, որ մեր հոգեվիճակի ծնողները էլ ավելի շատանան։ Մենք այստեղ չպիտի լինեինք, այստեղ պիտի ուղղակի քաղաքացիներ լինեին՝ անհանգստացած գիշերվա մեր այսքան կորուստներից ու այս իրավիճակից։ 18 տարեկան երեխեքի ծնողները, որոնք հիմա տանը նստած են, չգիտես՝ ինչի են սպասում։ Առաջինն իրենք պիտի էստեղ լինեին»։ ԱԺ դիմաց նաև կարմիր բերետավորներ են հավաքվել։ Ակցիայի ընթացքում միջադեպ գրանցվեց, երբ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անցնում էր, ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց նրա վրա։ Այս պահին ծնողները շարունակում են մնալ ԱԺ շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՊՆ հաղորդած վերջին տվյալների, չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
18:06 - 13 սեպտեմբերի, 2022
Դիմում եմ միջազգային գործընկերներին՝ դատապարտել Ադրբեջանի ԶՈՒ սադրանքները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

Դիմում եմ միջազգային գործընկերներին՝ դատապարտել Ադրբեջանի ԶՈՒ սադրանքները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Հարգելի հայրենակիցներ,Սիրելի ժողովուրդ,Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:Հորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»: 
18:00 - 13 սեպտեմբերի, 2022
ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1:   Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:   Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Զորավիգ մեր երկրին:   Աստված պահապան»,- ասված է գրառման մեջ։ 
17:20 - 13 սեպտեմբերի, 2022
Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ
 |azatutyun.am|

Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Ըստ նրա` Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»: «Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են», - նշեց նա: Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ մարզպետը չուներ, ասաց` վիրավորներ կան զինված ուժերի կազմում, նրանք տեղափոխվել են Մարտունիի ԲԿ, ապա Երևան: «Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` մոտավորապես 43 հոգի: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - ասաց Կարեն Սարգսյանը:  
17:17 - 13 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
17:10 - 13 սեպտեմբերի, 2022
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել

 |armenpress.am|

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է «Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը։ Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»։
17:00 - 13 սեպտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:   Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, ներկայացրել ապացույցներ:   Պաշտպանն առանձին քննարկում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի հետ, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ՝ ներկայացնելով իրավիճակը։   Քննարկումների ընթացքում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն ըստ էության ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև հրադադարի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:   Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։    
16:34 - 13 սեպտեմբերի, 2022