Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ
 |azatutyun.am|
17:17 - 13 սեպտեմբերի, 2022

Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Ըստ նրա` Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:

«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են», - նշեց նա:

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ մարզպետը չուներ, ասաց` վիրավորներ կան զինված ուժերի կազմում, նրանք տեղափոխվել են Մարտունիի ԲԿ, ապա Երևան:

«Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` մոտավորապես 43 հոգի: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - ասաց Կարեն Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել