ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:
Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1:
Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:
Զորավիգ մեր երկրին:
Աստված պահապան»,- ասված է գրառման մեջ։
comment.count (0)