«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.   «Սիրելի հայրենակիցներ, Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին: Բայց մենք չենք համակերպվելու: Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում: Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում»:
13:10 - 11 նոյեմբերի, 2021
Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Սև լճի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Եթե սա մի կողմ դնենք ու որպես իրականություն ընդունենք, մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հատվածում որոշակի ակտիվություն են դրսևորում են, փորձում են ամրանալ։ Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթությունն այս փուլում Սյունիքն է, որի մատույցներում ամրանալու և կարևոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրվում։ ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։ Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսևորվելու են սահմանագծին, իսկ դրա վտանգավորությունն առաջին հերթին կարող է արտահայտվել առաջնագծի խոցելի ուղղություններ ֆիքսելով և ձմեռային ամիսների առանձնահատկությունը հաշվի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձևով։ Նորմալ իշխանություն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարեն լուրջ միջոցառումներ կիրականացնեին անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ, իսկ Հայաստանի դեպքում իշխանության միակ անելիքը պետք է լինի առանց ցնցումների հեռացումը։ Դա բխում է և՛ երկրի, և՛ իրենց շահերից։ Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
11:51 - 11 նոյեմբերի, 2021
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն, այդ նախագծի  շրջանակներում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը: Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդևանյանի՝ «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությանը՝ ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»: «Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
13:12 - 10 նոյեմբերի, 2021
Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան

Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ։ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ «Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար․ գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, այլեւս կարեւոր չէ։ Պարտությունը սկսել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, բանակում կադրային ջարդ իրականացնել․ իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, իրենց պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել, ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհայինից հետո այսպիսի բան չի եղել։ Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին, բայց այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Ուրեմն, այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքն այս իշխանության խղճի վրա է»,- ասաց Քոչարյանը՝ հայտարարելով, որ այս շարքը դեռ կարող է երկար շարունակել։ Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի թեմային, «Զանգեզուրի միջանցքին»՝ Քոչարյանն ասաց, որ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում․ «Սա ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է լինելու, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ երբ ուզի, ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին, եւ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ բացառվում է թույլատրել սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան կամ որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը։
20:00 - 08 նոյեմբերի, 2021
«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակից սկսում է Համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց՝ ընդդեմ կառավարող ուժի։ Դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այդ դիմադրությունը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը եւ կանխի նոր կապիտուլյացիան․ «Համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեզ համար անընդունելի է լինելու։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, դիմադրություն ցույց տանք մեր պետությունը քայքայող բոլոր երեւույթների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ բոլոր ոլորտներում պետք է ձեւավորել մեծ ու փոքր դիմադրություն։ Պատգամավորը հայտարարեց, որ իրենց այս պայքարը կարող է տեւել օրեր ու շաբաթներ, եւ այն մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, այլ յուրաքանչյուրի։
18:50 - 08 նոյեմբերի, 2021
ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|

ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին, որով, ըստ կազմակերպիչների, կոչ է արվում «մերժել Հայաստանի թրքացումը, Արցախի հայաթափումը», այդ օրակարգն անհիմն է համարում։   «Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականաության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում թրքանալ։ Նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել։ Ի՞նչ է, այն ժամանակ թրքացման օրակա՞րգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք պատկերացնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսկելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց վարչապետը։    Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։00-ին, «Հայաստան» դաշինքը հրավիրել է հանրահավաք Ազատության հրապարակում
09:35 - 08 նոյեմբերի, 2021
Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

tert.am: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով  այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների,  զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման և մի շարք այլ կարևոր ծրագրերին հատկացվող գումարները։ Բարձրացված հարցերին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է և անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի և կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական և ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա։ Այդ ճգնաժամերը հաշվի առնելով՝ նախարարությունն իրականացնում է մի շարք խնդիրներ»։ Ավելին՝ tert.am-ում
13:06 - 05 նոյեմբերի, 2021
Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2022-ի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են 7 տոկոս տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք բյուջեն: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նշեց, թե նախագծում նկատել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցները հարաբերական առումով ՀՆԱ-ի նկատմամբ 2021-ի և 2022-ի բյուջեով նվազում են: Սակայն բյուջեի ծախսային մասը 2022-ին 2021-ի համեմատ աճում է 18.3 տոկոսով: «Իհարկե, ՀՆԱ-ի նկատմամբ համեմատելով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը՝ կարող ենք նկատել համեմատական ցուցանիշի նվազում 2020-ի նկատմամբ: Բայց այդտեղ կան մի քանի պատճառահետևանքային կապեր: Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու մեր 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:  Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը, անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:  Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: «Այսինքն՝ ամենևին չթերագնահատելով սոցիալական ոլորտում ծախսերն ավելացնելու կարևորությունը՝ մենք հաջորդականության մեջ մեր քայլերը նախատեսել ենք կառուցել այնպես, որ սկզբից մեծ ուշադրությամբ ենթակառուցվածքներին և կրթության բնագավառում ձևավորենք այն միջավայրը, որոնք երաշխավորելու են երկարաժամկետ կայուն և ներառական տնտեսական աճի միջավայրը, ապա դրա արդյունքները, որոնք ավելացող հարկային եկամուտներն են, պետք է ծառայեն նաև սոցիալական ծախսերի ավելացմանը: Իսկ դրանք չեն ուշանալու»,-ասաց Խաչատրյանն ու հիշեցրեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին: Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է, գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման: «2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք, կարծեմ, 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ»,- ասաց պատգամավորը:
12:47 - 05 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրգործերն անթույլատրելի են․ «Հայաստան» խմբակցության անդամներն ասել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրգործերն անթույլատրելի են․ «Հայաստան» խմբակցության անդամներն ասել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի դեմ: Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել արգելված զինամթերք, մինչ օրս շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները: Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչն արվում է հեռահար նպատակներով: Կիմո Կիլյունենի խոսքով՝ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում: «Մենք մտահոգված ենք պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով»,-ասել է համազեկուցողը: Խմբակցության անդամներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին, խոսքի ազատության հիմնախնդիրներին, դատաիրավական ոլորտի բացթողումներին, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: Արամ Վարդեւանյանն անդրադարձել է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերի անթույլատրելիությանը՝ դա դիտարկելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Նա անընդունելի է համարել ԸՕ-ի փոփոխություններն անմիջապես ընտրությունների նախաշեմին: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեպետ ԸՕ-ում փոփոխություններ արվել են, սակայն հստակ չեն հատկապես ընտրարշավին, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումները: Համազեկուցողները կարեւորել են համագործակցությունը եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերի հետ: 
15:15 - 04 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։ Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։   «Հարգելի՛ հայրենակիցներ, Ստի ու կեղծիքի իշխանությունը խաղաղության կարգախոսների ներքո 2020 թվականին բերեց պատերազմ ու պարտություն։ Մեզանից գողացան մեր հաղթանակներն ու տոնական օրերը՝ փոխարենը տալով սգո, նվաստացման, ողբի օրեր։ Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի։ «Պարտության» կուսակցությունը չի՛ կարող խաղաղություն ու զարգացում բերել։ Պարտության խորհրդանիշը չի՛ կարող արժանապատվորեն ներկայացնել մեր երկրի շահերը։ Հանուն սեփական շահի ու աթոռի հազարավոր մարդկանց մահվան տարած մարդը չի՛ կարող մեր պետությունը ղեկավարել։ Պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է։ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։ Հարգելի՛ քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի՛ Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը»։
17:34 - 03 նոյեմբերի, 2021
ՄԻՊ-ը նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու բացառություններ նախատեսելը սխալ է համարում |armenpress.am|

ՄԻՊ-ը նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու բացառություններ նախատեսելը սխալ է համարում |armenpress.am|

armenpress.am:  ՄԻՊ Արման Թաթոյանը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջից որոշ անձանց, օրինակ` նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար բացառություններ նախատեսելը սխալ ու անիմաստ է համարում՝ նկատելով, որ այդ անձանց մեծ մասը հիմնականում պատվաստված է: Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի հարցին: Մանուկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կամ պատվաստված լինելու հավաստագիր կամ  ՊՇՌ թեստի պատասխան: «Սակայն, այդ որոշման մեջ կան բացառություններ, օրինակ` նախագահը, վարչապետը, համայնքի ղեկավարները, պատգամավորները, դատավորները, գլխավոր դատախազը և ՄԻՊ-ը»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻՊ-ն այդ որոշման մեջ մարդու իրավունքների խտրականության խնդիրներ չի՞ տեսնում: Թաթոյանը նշեց, որ բացառությունները ֆիքսված են օրենքի նախագծով: «Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է: Կարծում եմ, որ դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը: Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ սա ինքը համարում է սխալ: ՄԻՊ-ը նշեց, որ ինքը պատվասված է: Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ինչպես պետք է պատասխանատվության ենթարկել: «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, և պետք է դրվի պատասխանատվություն, և այդ մարդիկ պետք է հանրային պատասխանատվության ուժով կատարեն իրենց պարտավորությունը, ոչ թե պետք է առաջնորդվենք այդ մադկանց էլ պարտադրելու ճանապարհով»,-ասաց նա: Թաթոյանի կարծիքով՝ օրենքով պարտավորություն սահմանել պետք է : Ըստ նրա՝ այդ բացառությունները նախատեսելու դեպքում քաղաքացուն հնարավոր չի լինի բացատրել, թե ինչու են այդ պաշտոնյաներն ազատվում: «Ես այն ընկալումն ունեմ, որ այդ պաշտոնյաները, եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ստացել է պատվաստում: Այսինքն՝ իմաստը չկա այդ բացառությունը նախատեսելու: Հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն ենք առաջ բերում: Միասնական մոտեցում պետք է լինի: Հանրային պարտավորություն պետք է լինի, ինչ անենք, որ պաշտոնյայի նկատմամբ վարչարարություն չի կարող իրականացվել, բայց օրենքով պարտավորություն կա»,-ասաց ՄԻՊ-ը:
17:27 - 03 նոյեմբերի, 2021