ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Մեյմանդար»  գյուղմթերքի շուկայում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ

«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ահազանգը  ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:   Նույն  օրը ժամը 20:20-ին «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։  Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը  դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի: Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ  մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:08 - 16 հունվարի, 2023
Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանականերում մեղադրանք է ներկայացվել երեք անձի, որոնցից մեկը կալանավորվել է․ ՔԿ

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանականերում մեղադրանք է ներկայացվել երեք անձի, որոնցից մեկը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ ՔԿ լրատվական բաժնից տեղեկացնում են՝ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացվել է, լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022 թ․ օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց տվյալները։  Վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք» գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա ցուցակի տեսքով, մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա են սև և կարմիր գույներով ձեռագիր գրառումներ «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ, անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով, հեռախոսահամարներով, եռանիշ և քառանիշ թվեր, «Բարգավաճ», «Չեն ընտրելու», «Հանված է», «Չգրել», «Չզանգել», «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։ Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2023թ․ հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ երեք անձանց՝ Գ․ Մ․-ի, Ա․Մ․-ի և Հ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գ․Մ․-ն և Ա․Մ․-ն 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հ․Մ․-ին, ով իր հերթին, նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը: 2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է Գ․Մ․-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները, դրան առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը պարզելու, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու նպատակով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:37 - 14 հունվարի, 2023
Մեղադրյալ՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարի կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Մեղադրյալ՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարի կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներով 2016թ-ից մինչև 2021թ. Փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար հանդիսացած Մ․Ս․ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել խոշոր չափերի դիզվառելիքի վատնում։ Մասնավորապես, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-ից 2020թթ ընկած ժամանակահատվածում, տարբեր բազմաթիվ օրերի, օրական 8 ժամով՝1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամով,տրամադրել է մի ՍՊ ընկերության, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 13.600.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Իսկ այդ ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը, վատնելու եղանակով հափշտակել է։ Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2020թ․ամռանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք։ Իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400.000 ՀՀ դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Ձեռք բերված փաստերի հիման վրա 2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Մ․Ս․-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/, 308-րդ հոդվածի 1- ին մասով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին/,և 308- րդ հոդվածի 2-րդ մասով/համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին/,մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, նույն օրը որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2023թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվող Մ․Ս․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը մեղադրյալ Մ․ Ս․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերստին քննարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27 - 14 հունվարի, 2023
44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ

44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք հրամաններով, արձակված կարգադրություններով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։   Իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:   Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։   Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել հիշյալ կանոնադրություններով և հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Այդ պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Դա հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:   2022 թվականի հուլիսի 28-ին Ս.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն) և որպես խափանման միջոց կիրառված էր կալանավորումը։   Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:56 - 13 հունվարի, 2023
Սա անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին․ ՀՅԴ-ն՝ ՔԿ հայտարարության մասին

Սա անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին․ ՀՅԴ-ն՝ ՔԿ հայտարարության մասին

Խստորեն դատապարտում ենք Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած առերևույթ կեղծ տեղեկությունների և օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից, կասեցնել դրանց դեմ պայքարող անձանց և ուժերին: Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ: Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, այլև ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալություններ և ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումներ իրականացնելու համար: Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու, դատական ատյաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները «հիմնավորելու» նպատակ: Ակնհայտ քաղաքական հետապնդման այս ամոթալի վարքագծի փոխարեն քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թե ապօրինիությունների միջոցով մաս դառնալ հայրենադավ ծրագրեր իրականացնմանը կամ անխնա օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին:   Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել, առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։   ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել էր, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները:
18:11 - 13 հունվարի, 2023
ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է կատարվել․ փաստաբան |news.am|

ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է կատարվել․ փաստաբան |news.am|

news.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, քիչ առաջ ավարտել է խուզարկությունը, ինչպես եւ ենթադրվում էր իրավապահ մարմինը ոչինչ չի հայտնաբերել։ Այս մասին ասաց Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ «Սիմոն Սիմոնյանը երկու օր առաջ հարցաքննության էր կանչվել՝ վկայի կարգավիճակով։ Մենք ներկայացել էինք նախաքննական մարմին, բայց Սիմոն Սիմոնյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում, շինծու գործ, եւ օգտվելով սահմանադրական իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս ամենն ուղղորդված է, թիրախում՝ ՀՅԴ–ն է»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եւս մեկ խուզարկություն կատարվել էր Սիմոն Սիմոնյանի հարցաքննությունից առաջ՝ իր հաշվառման հասցեում։  Հիշեցնենք՝ հունվարի 11–ից խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ–ական գործիչների բնակարաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։ ՀՅԴ գործիչների ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։   
17:44 - 13 հունվարի, 2023
ՔԿ-ն մանրամասնել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները

ՔԿ-ն մանրամասնել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել, առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։   ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները․   «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․   2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։   Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- նշել է Գոռ Աբրահամյանը։       
11:43 - 11 հունվարի, 2023
ՔԿ կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում. կատարվել են կադրային նշանակումներ

ՔԿ կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում. կատարվել են կադրային նշանակումներ

Ելնելով 2022 թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՀՀ ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն ՀՀ քննչական կոմիտեի կազմում։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում ավելացել է նոր՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վարչություններից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2023 թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝ ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գևորգյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը, ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։ Նույն  հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին: Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաև նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։ 
12:44 - 09 հունվարի, 2023
Գեղարքունիքում երեկ տեղի ունեցած վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գեղարքունիքում երեկ տեղի ունեցած վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած "Վազ 21703"  մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած "Օպել" մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։  Նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Սկսվել է նախաքննություն։
12:31 - 08 հունվարի, 2023
Երևանում հունվարի 6-ին կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

Երևանում հունվարի 6-ին կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 6-ին Երևան քաղաքում կատարված սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մասնավորապես, Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն և մի քանի հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ:  «Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։  Սկսված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 06-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ արական սեռի անձինք, Երևան քաղաքի Պարույր Սևակ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում՝ Պարույր Սևակ փողոցի բանուկ մասում, վիճաբանության մեջ են մտել վերոնշյալ 4 երիտասարդների հետ։  Ցուցաբերվել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով և երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելով:  Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել վերը նշված անձանց, որոնցից մեկը մահացել է: Նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննում, առգրավվել են տուժողների հագուստները։  Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:  Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:  Նախաքննությունը շարունակվում է։
13:08 - 07 հունվարի, 2023
Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

Ավարտվել է Ալավերդու ԲԿ-ում խուլիգանության և բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի 18-ին, գիշերը, սթափության վիճակի զննություն կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինիս հետ եկած 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, սթափության վիճակը զննելու կապակցությամբ վիճաբանել է ստուգումն իրականացնելուն նախապատրաստվող՝ հիշյալ ՓԲԸ շտապ օգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրա հագուստներից։ Ապա աշխատասենյակից վերջինիս դուրս քաշելով միջանցք՝ նա 3-4 անգամ ձեռքերով հարվածել է բժշկի դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այս գործողություններն ուղեկցվել են բարձր աղմուկով, միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել տվյալ անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։ Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն: Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 05 հունվարի, 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով, որքանով հիշում եմ, 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում․ այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվում։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա հայտնել է, որ այս պահին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմից կա շուրջ 600 տուժած անձ, որոնց մեծ մասն այս պահին ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Հարցին, թե արդյո՞ք քննության առարկա են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների գործողությունները, ու արդյո՞ք կան վարույթներ, Քյարամյանը դրական է պատասխանել ու հավելել․ «Եթե ճիշտ եմ հիշում, 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։ Այստեղ ևս ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք այս գործերով, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և չորս դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»։ Քյարամյանը հայտնել է, որ վերոնշյալ վարույթով մեղադրյաները միջին օղակի սպաներ և զինծառայողներ են, բարձրաստիճան սպաներ չկան։ ՔԿ նախագահը նպատակահարմար չի համարել այլ մանրամասներ հայտնելու այս գործերի վերաբերյալ։
10:10 - 05 հունվարի, 2023
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Դա վկայում է քննության ծավալի աննախադեպության և մեծության ծավալի մասին»,-ասել է նա։  Քյարամյանը նշել է, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործերը կոմիտեն պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ կախված նրանցից՝ դրանք սպաներին են առչվում, թե շարքայիններին։ Սպաների վերաբերյալ քրգործերը քննվում են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում և միացվել են ըստ ուղղությունների: Նա նշեց, որ ունեն 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրգործ, 18-րդ դիվիզիայի վերաբերյալ, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-ի, 8-ի օպերացիայի վերաբերյալ քրգործն առաննացված վարույթով է քննվում, ունեն քրգործ, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը, առանձին վարույթով քննվում է նաև պատերազմի ընթացքում ու դրանից առաջ զորահավաքի հարցերին վերաբերող քրգործը։  «Ըստ ուղղությունների ենք միավորել գործերը, քանի որ մեր վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։ Այս կերպ քննությունը երկար կտևի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է, դատավճիռներ, որքանով ինքը տեղյակ է, չկան։ Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ Քյարամյանը նշել է, որ նրանց դեմ քրգործեր են հարուցվել երկուական դրվագներով, որոնցից մեկականներով նախաքննությունը մոտենում է ավարտին։ Նա նշեց, որ ինքը՝ որպես նախաքննական մարմնի ղեկավար, հիմնավորված է համարում վերջիններիս մեղադրանքները, հակառակ դեպքում իր կարծիքը կարտահայտեր դատավարական լիազորությունների շրջանակում։ Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։ «Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջև»,- նշել է ՔԿ նախագահը։ Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։ «Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,- նշել է ՔԿ նախագահը։
09:54 - 05 հունվարի, 2023
Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը նշանակվել են ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նախկին 7-ի փոխարեն կազմվում է 13 անդամներից։Բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
15:00 - 04 հունվարի, 2023
Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնեական անփութություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնեական անփութություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն անզգուշությամբ ավելի քան 2մլն դրամի վնաս պատճառելու դեպքի հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի և ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով և հրամանի կատարման հսկողությունը վերապահել  է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում, վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:Այնուհետև տնօրենի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ ստեղծել է հանձնաժողով, սահմանվել է հանձնման-ընդունման ժամանակահատված՝ կրկին հրամանի կատարման հսկողությունը վերապահելով իրեն: Սակայն նա չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել և վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության: Արդյունքում 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում, առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ և տեղափոխել փայտանյութը՝ պետությանը պատճառելով խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:Քննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական անփութության համար և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
11:41 - 04 հունվարի, 2023
Մրգավետի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

Մրգավետի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավարն է:Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնա­գիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:39 - 03 հունվարի, 2023