44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|
09:54 - 05 հունվարի, 2023

44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Դա վկայում է քննության ծավալի աննախադեպության և մեծության ծավալի մասին»,-ասել է նա։ 

Քյարամյանը նշել է, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործերը կոմիտեն պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ կախված նրանցից՝ դրանք սպաներին են առչվում, թե շարքայիններին։ Սպաների վերաբերյալ քրգործերը քննվում են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում և միացվել են ըստ ուղղությունների:

Նա նշեց, որ ունեն 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրգործ, 18-րդ դիվիզիայի վերաբերյալ, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-ի, 8-ի օպերացիայի վերաբերյալ քրգործն առաննացված վարույթով է քննվում, ունեն քրգործ, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը, առանձին վարույթով քննվում է նաև պատերազմի ընթացքում ու դրանից առաջ զորահավաքի հարցերին վերաբերող քրգործը։ 

«Ըստ ուղղությունների ենք միավորել գործերը, քանի որ մեր վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։ Այս կերպ քննությունը երկար կտևի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է, դատավճիռներ, որքանով ինքը տեղյակ է, չկան։

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ Քյարամյանը նշել է, որ նրանց դեմ քրգործեր են հարուցվել երկուական դրվագներով, որոնցից մեկականներով նախաքննությունը մոտենում է ավարտին։ Նա նշեց, որ ինքը՝ որպես նախաքննական մարմնի ղեկավար, հիմնավորված է համարում վերջիններիս մեղադրանքները, հակառակ դեպքում իր կարծիքը կարտահայտեր դատավարական լիազորությունների շրջանակում։

Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։

«Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջև»,- նշել է ՔԿ նախագահը։

Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։

«Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,- նշել է ՔԿ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել