ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է կատարվել․ փաստաբան |news.am|
17:44 - 13 հունվարի, 2023

ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է կատարվել․ փաստաբան |news.am|

news.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, քիչ առաջ ավարտել է խուզարկությունը, ինչպես եւ ենթադրվում էր իրավապահ մարմինը ոչինչ չի հայտնաբերել։ Այս մասին ասաց Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Սիմոն Սիմոնյանը երկու օր առաջ հարցաքննության էր կանչվել՝ վկայի կարգավիճակով։ Մենք ներկայացել էինք նախաքննական մարմին, բայց Սիմոն Սիմոնյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում, շինծու գործ, եւ օգտվելով սահմանադրական իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս ամենն ուղղորդված է, թիրախում՝ ՀՅԴ–ն է»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եւս մեկ խուզարկություն կատարվել էր Սիմոն Սիմոնյանի հարցաքննությունից առաջ՝ իր հաշվառման հասցեում։ 

Հիշեցնենք՝ հունվարի 11–ից խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ–ական գործիչների բնակարաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։

ՀՅԴ գործիչների ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել