ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկումների ակումբում, գրում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դրանք ձեռք բերելու համար»,- ասել է նա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները», – շեշտել է Ռյաբկովը:
17:15 - 11 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում խաղաղապահ առաքելության առաջադրանքներ կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները․ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար

ԼՂ-ում խաղաղապահ առաքելության առաջադրանքներ կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները․ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար

Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ներառված են Լեռնային Ղարաբաղ ուղարկված խաղաղապահների կազմում, հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ «Շրջանում խաղաղապահ առաքելության առաջադրանքներ կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմի մեջ են մտնում: Նրանց վստահված են լինելու կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, ավտոշարասյուների և բեռների ուղեկցման աշխատանքները»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Ռուդսկոյը հավելել է, որ գործողությունները վերահսկելու համար ստեղծվել է հրամանատարություն, որի կազմում ներառվել են սպաներ: Վերջիններս, ռուս պաշտոնյայի փոխանցմամբ, զինված բախումների ժամանակ զորքերը ղեկավարելու մեծ փորձ ունեն:
13:56 - 11 նոյեմբերի, 2020
ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

factor.am: Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։ «Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։ Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։
11:55 - 11 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020
ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
18:00 - 10 նոյեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:
16:34 - 10 նոյեմբերի, 2020
Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն ու հույս է հայտնել, որ  հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,- հայտարարել է Պուտինը՝ եույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության  անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։
15:02 - 10 նոյեմբերի, 2020