ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Շարքային զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից. ՔԿ

Շարքային զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:24 - 04 դեկտեմբերի, 2022
ՔԿ-ից հայտնում են՝ 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՔԿ-ից հայտնում են՝ 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի Արգավանդ համայնքում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամամքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է տան հյուրասենյակի բազմոցին քնած 40-ամյա որդու գլխին և ձախ ձեռքի մատներին՝ պատճառելով վնասվածքներ՝ այդ թվում՝ բաց գանգուղեղային թափանցող վնասվածք։ Ապա կացնի հակառակ կողմի բութ մասով նա հարվածել է որդու կնոջ գլխին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունից հաղորդել էին, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:01 - 03 դեկտեմբերի, 2022
Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով (oդային տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) սույն թվականի դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ՔԿ-ն: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ և այլ իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ: Տեղեկատվական պահանջ է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ: Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
12:10 - 02 դեկտեմբերի, 2022
Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկ: Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝ պատճառելով 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:   Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
15:54 - 30 նոյեմբերի, 2022
ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:Նախնական տվյալներով՝ 2022 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի կատարման հետ կապված, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց են արձակել արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետևանքով մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող Ա.Զ.-ն ստացել է հրազենային գնդակային կույր վիրավորում:Կատարվում է նախաքննություն:
13:52 - 30 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»,- գրել է նա։
15:43 - 29 նոյեմբերի, 2022
Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին  մոտեցել  և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին:Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին:Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը  հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Պահանջվել են տեսագրություններ, հետաքննության մարմնին տրվել է կոնկրետ հանձնարարություն:Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել  է ևս մեկ քրեական վարույթը:Նախաքննությունը  շարունակվում է։ Ձեռնարկվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քննչական և վարութային գործողությունները:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:23 - 29 նոյեմբերի, 2022
Պեմզաշենի սպանությունների մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |news.am|

Պեմզաշենի սպանությունների մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |news.am|

news.am: Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհու եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Փորձաքննության անցկացման համար Վրույր Բարսեղյանին տեղափոխե՞լ են հոգեբուժական կենտրոն, թե նա մնացել է քրեակատարողական հիմնարկում, Քննչական կոմիտեից չհայտնեցին։ Հայտնի չէ նաեւ, թե երբ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
14:00 - 28 նոյեմբերի, 2022
ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ

ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննության հրավիրել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։   «Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Իրականությունն այն է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ: Հենց նշված հանգամանքների կապակցությամբ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել Աննա Մկրտչյանին և Հայկ Մկրտչյանին: Հատկանշական է այն հանգամանքը, որ 26․11․2022թ․ ներկայանալով քննչական բաժին, Աննա Մկրտչյանը հարցաքննության ընթացքում օգտվել է դատավարական իր իրավունքներից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին։ Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որում նշված էր, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով  հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի  ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով  սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով  համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»:
13:35 - 27 նոյեմբերի, 2022
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ն ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում: Կատարվում է նախաքննություն: 
11:25 - 24 նոյեմբերի, 2022
Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրանք է ներկայացվել գույքի հափշտակման և պաշտոնեական կեղծիքի համար

Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրանք է ներկայացվել գույքի հափշտակման և պաշտոնեական կեղծիքի համար

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:   Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:   Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:   Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին:   Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:   Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:   Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:56 - 23 նոյեմբերի, 2022
Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։    Հիշեցնենք, որ Գոռ Աբրահմանյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, որից ազատման դիմում ներկայացրեց նախկին դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո։    Կենսագրություն   Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։   2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,   2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։   2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Աշխատանքային գործունեություն   2000-2004թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան   2002-2017թթ․ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար   2004-2012թթ․ - թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան   2009-2011թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ   2010-2016թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող   2017-2022թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական   2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս   2003թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։   Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։   Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։   Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
11:09 - 22 նոյեմբերի, 2022
Զինծառայողի սպանության, երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու գործով վարույթի նախաքննությունն ավարտվել է. մեկ զինծառայող կալանավորվել է

Զինծառայողի սպանության, երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու գործով վարույթի նախաքննությունն ավարտվել է. մեկ զինծառայող կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը, սպանելու դիտավորությամբ, АКМ տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է  մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միջադեպին մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել 01.07.2022 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար, ներկայացվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:17 - 21 նոյեմբերի, 2022
Մեքենան ընկել է երկաթգծին, հետո մարդատարին հարվածել է գնացքը. ՔԿ-ն պարզում է 4 զոհով վթարի հանգամանքները

Մեքենան ընկել է երկաթգծին, հետո մարդատարին հարվածել է գնացքը. ՔԿ-ն պարզում է 4 զոհով վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա: Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
16:39 - 21 նոյեմբերի, 2022
Ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ է ձերբակալվել. ՔԿ

Ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք:Քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, ով 2022թ. սեպտեմբերից զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով և իր լիազորությունների շրջանակից դուրս գալով, 2022թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում խախտելով իր պաշտոնի նկարագրով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային պարկի պահպանության ռեժիմ»-ի կանոնները, թույլատրել է նույն մարզի Թեղուտ գյուղի բնակչին պատկանող թրթուրավոր տրակտորի մուտքը իր պահպանության տակ գտնվող տարածք, հանձնարարել է անտառապահին տևական ժամանակով դեպի տարածք տանող ուղեփակոցի բանալին տրամադրել Թեղուտ գյուղի հիշյալ բնակչի կողմից ուղարկված անձին՝   այդ կերպ առանց հսկողության ու վերահսկողության թողնելով իր պահպանության տակ գտնվող տարածքը:Արդյունքում Թեղուտ գյուղի բնակիչը, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու դիտավորությամբ, Հաղարծին գյուղի երկու բնակիչների միջոցով կազմակերպել և ղեկավարել է բնության հատուկ պահպանվող տարածքում կոտրելու և արմատախիլ անելու միջոցով թվով 13 հատ հաճարենի տեսակի թաց կանգուն ծառերի՝ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասումը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 4.552.500 ՀՀ դրամի գույքային վնաս:Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով, Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով: Երեք անձ, այդ թվում՝ «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:12 - 18 նոյեմբերի, 2022
Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով

Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից ծառայակցին` Վ. Հովսեփյանին, մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:  Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային շարքային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմաբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
20:43 - 18 նոյեմբերի, 2022