#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների կողմից ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել |armenpress.am|

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների կողմից ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է 96 ԱՊՀ դիտորդ: Այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: «Այսօր առավոտից ԱՊՀ դիտորդները մասնակցել են ընտրատեղամասերի բացմանը Երևանում: Բացումից հետո նրանցից շատերը շրջաններում են, դիտարկելու են, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն անձամբ է ընտրատեղամասերից մեկի բացմանը ներկա եղել: Առաքելության ղեկավարը շեշտեց, որ ընտրատեղամասի բացումը եղել է ժամանակին: Դիտարկվել են նաև սարքավորումները, օրինակ, տեսախցիկները և այլն: Նա արդեն հասցրել է մի քանի ընտրատեղամասերում լինել: «Օրինակ՝ վերջին դպրոցում 10:20-ի դրությամբ քվեարկել էր արդեն տեղամասի ընտրողների 15 տոկոսը: Այսպիսով, մենք ընտրողների ակտիվություն ենք տեսել»,- ասաց առաքելության ղեկավարը: Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից: Դիտորդություն է իրականացնում 96 դիտորդ՝ ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ: «Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների:  Փորձառու անձանցից ենք ձևավորել ԱՊՀ դիտորդական առաքելությունը»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը: Դիտորդները Հայաստանում շատ տեղեր են այցելել, քննարկումներ իրականացրել, ընտրատեղամասերի փակումից հետո նրանք նույնպես կաշխատեն, դիտորդական առաքելության գնահատականը կկազմեն այսօր երեկոյան: «Կհավաքվենք, կքննարկենք, կպատրաստենք միանգամայն օբյեկտիվ փաստաթուղթ»,- վստահեցրեց նա: Առաքելության ղեկավարը շեշտեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է կատարել, կազմակերպել, անցկացրել է դասընթացներ, վերապատրաստումներ և այլն: «Նրանք պատրաստվել են, որ ընտրություններն անցկացվեն բարձր, կազմակերպված մակարդակով»,- ասաց նա: Առաքելության ղեկավարը նկատեց՝ 21 կուսակցություն և 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: «Սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողների համար ստեղծված է ընտրության հնարավորություն, նրանք կարող են ընտրել ցանկացածին»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ դա արդեն դեմոկրատիա է: Առաքելությունը մինչ այս պահը խախտումներ չի ֆիքսել:
14:21 - 20 հունիսի, 2021
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հրամանատարների կողմից զինծառայողներին քվեարկելիս ուղղորդումների մասին լուրերին: «Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։  Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են. այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից։ Ավելին, այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների կողմից, զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։ Հարկ ենք համարում նշել, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ։ Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացին և բուն քվեարկությանը, ապա առկա է պաշտպանության նախարարի համապատասխան հրաման, որով կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը։ Համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
14:14 - 20 հունիսի, 2021
Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան

Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան

Մենք ցականում ենք, որպեսզի ազգային իշխանություն ձևավորվի, որովհետև փորձը ցույց տվեց, որ ապազգային երևույթները մեր արժեհամակարգը ընկճեցին, իսկ պատերազմը դրա վառ ապացույցն էր։ Այս մասին Երևանի 9/17 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո «Առաջին ալիք»-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը։ «Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը։ Մեր ընտրվելու շանսերի հետ կապված, բնականաբար, ընտրության արդյունքները ցույց կտան, բայց մեր ակնկալիքը հետևյալն է, որպեսզի Ազգային ժողովում մենք լինենք արժեհամակարգի պաշտպանները։ Անկախ նրանից՝ մեր ժողովուրդը այս կարճ ժամանակահտվածում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ, թե չի տա, մենք, միևնույնն է, մեր գործը շարունակելու ենք»։ Արա Զոհրաբյանը նաև ասաց, որ երեկ լրացել է իրենց կուսակցության ստեղծման մեկ ամիսը։ «Նոր կուսակցություն է, բայց բոլոր դեպքերում մեր կազմում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են ապազգային երևույթների դեմ»։
14:01 - 20 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am:  «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց: Այս մասին Բաբաջանյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը: Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը: «Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողը:
14:00 - 20 հունիսի, 2021
Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած ՀՀ-ի և Արցախի |armenpress.am|

Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած ՀՀ-ի և Արցախի |armenpress.am|

armenpress.am: Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նշեց, որ իր ընտրությունը կատարել է դեռ 33 տարի առաջ, այսօր էլ իր վերաբերմունքը չի փոխվել: «Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի, Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության, հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ կարևորելով հասարակության պառակտվածության խնդիրը լուծելը: Նա ընդգծեց, որ պառակտված հասարակության պարագայում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել՝ ոչ անվտանգություն, ոչ տնտեսական առաջընթաց: Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ամբողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, լծված է իրենց դաշինքի դեմ բիրտ ուժ կիրառելու գործին՝ անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ: «Պատիվ ունեմ» դաշինքն ուշադիր հետևում է իրադարձություններին: Սերժ Սարգսյանը նշեց, որ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարությամբ հանդես կգան: Հարցին, թե խորհրդարանում որ այլ ուժերի հետ է «Պատիվ ունեմ» դաշինքը պատկերացնում համագործակցության հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: «Այս ընտրությունները նախորդներից զգալիորեն տարբերվում են, և հիմա շանսերի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների արդյունքներից հետո կխոսենք նման հարցերի մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի սատարում «Պատիվ ունեմ» դաշինքին, այլ սատարում է «Հայաստան» դաշինքին, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա Կարեն Կարապետյանին պետք է հարցնել: Քվեարկության ընթացքը նկարահանում էին նաև միջազգային լրատվամիջոցներ: Վրացական լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներով: Սերժ Սարգսյանը նշեց, որ, ըստ երևույթին, աշխարհում դժվար է որպես օրինակ գտնել պետություններ, որոնք հազարամյակներ ապրել են կողք կողքի և միմյանց դեմ լուրջ պատերազմներ չեն մղել: «Մենք պետք է դա հասկանանք ու զարգացնենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:
13:58 - 20 հունիսի, 2021
Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով: Եվ դատախազության տեսադաշում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու: Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»,- գրել է նա:
13:42 - 20 հունիսի, 2021
Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան

Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան

Մինչ հեղափոխությունը առավոտյան ժամը 8-ին համարյա բոլոր ընտրատեղամասերում, առավոտյան ժամը 8-ից սկսած, լինում էին ընտրողների կուտակումներ։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «2018-ի ընտրություններին ընտրողների կուտակումներ չկային։ Բայց այս ընտրություններին այն տեղամասերում, որոնց տարածքի մասին ունեինք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, մեր դիտորդները տեսան «տասովշիկների» և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էին առավոտ ժամը 8-ին։ Ողջամտությունն այն է, որ մարդ նախընտրում է քնել կիրակի առավոտյան։ Ինչ են անում «տասովշիկները»․ ընտրողներին, որոնք իրենցից որոշակի կախման մեջ են, հրահանգում են գալ առավոտյան ժամը 8-ին և առավելագույն շատ ժամանակ ունենան, որ չեկած մարդկանց բերեն տեղամաս կամ իրենց անելիքները տեսնեն»,- ասաց նա։ Իոաննիսյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ «Որոշ տեղեր կրիմինալ խմբերը աշխատում են և ընտրողների վրա ազդեցություն են փորձում ունենալ, ըստ էության ունենում են։ Որոշ տեղերում ընտրողներն իրենց ավելի ազատ են զգում, որտեղ կրիմինալ խմբերը չկան կամ ակտիվ չեն»։ Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերին՝ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ հիմնականում ահազանգերը Երևանից են։ «Եղել է մի դեպք, որ ընտրողն ահազանգել էր, որ իրեն չեն տվել դաշինքի քվեաթերթիկ։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութը, և տեսանյութում երևում է, որ քվեաթերթիկների բոլոր տրցակներից ընտրողին տրվում է քվեաթերթիկ»,- եզրափակեց նա։
13:40 - 20 հունիսի, 2021
29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

Այսօր տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասում միայն «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների մեծամասնության վրա տպագրական տարբերվող նշան կա։ Infocom-ը մեկնեց նշված ընտրատեղամաս՝ արձանագրելու՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։  Ընտրատեղամասում մեր նկարահանող խումբն արձանագրեց, որ իրոք 24 համարի քվեաթերթիկների վրա կան տարբերվող նշաններ։ Հանձնաժողովի նախագահ Վրեժ Վարդանյանը վստահեցրեց, որ քվեաթերթիկները ստանալիս չեն նկատել և հաշվարկի ժամանակ թերթիկները անվավեր չեն համարվելու ««Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկա է լինելու հաշվարկի ժամանակ և ինքն էլ կարող է տեսնել, որ քվեաթերթիկները անվավեր չեն ճանաչվելու։ Անվավեր են ճանաչվելու միայն այն թերթիկները, որոնց վրա մարդկային միջամտության նշաններ կան։ Թերթիկներ կան, որոնց գույնն ավելի բաց է։ Թերթիկներ կային, որոնց վրա կարմիր նշան էր եղել․ որոնք նկատել ենք՝ հանել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասն ունի 1326 ընտրող, որոնցից ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 225 ընտրող։  
13:34 - 20 հունիսի, 2021
Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու են, մնացածը պարտվելու են․ Սամվել Բաբայան

Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու են, մնացածը պարտվելու են․ Սամվել Բաբայան

Քվեարկել եմ, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք: Երևանի 9/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Անդրադառնալով ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցների և առկա լարվածության՝ Բաբայանն ասաց․ «Մարդիկ պետք  է հանգստանան, ընտրություն է, ոչ դրանով սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Ժողովուրդն է, մեկ է, որոշում։  Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու է, մնացածը պարտվեն։ Մարդիկ չարչարվել են ու  ժողովրդի վստահությունը չեն ստացել, պիտի լարված լինեն»։ Սամվել Բաբայանը նաև հավելեց, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, իսկ իրենց ուժին տեսնում է պաշտպանության ոլորտում։
13:28 - 20 հունիսի, 2021