ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ՀՀ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա տնտեսվարող սուբյեկտներից մեկում իրականացնելով համալիր հարկային ստուգում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են ծառայողական լիազորություննները և ծառայության շահերին հակառակ չեն կատարել ծառայողական պարտականությունները: Նշված անձինք, մասնավորապես, միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հեղինակազրկելով պետական մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և խաթարելով դրա բնականոն գործունեությունը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել իրավախախտումը  կոծկելու և նոր իրավախախտում կատարելու համար ու առաջացրել ծանր հետևանքներ: Պաշտոնեական լիազորությունները կատարելու փոխարեն հիշյալ պաշտոնյաները նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։ Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։    
19:18 - 23 մարտի, 2020
ՊԵԿ-ը տնտեսվարողներից պահանջում է բացառել ծրագրային միջամտությունները

ՊԵԿ-ը տնտեսվարողներից պահանջում է բացառել ծրագրային միջամտությունները

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ  հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ:  Օրինակ, սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառող գնում է լավաշ` 500 դրամ, կարտոֆիլ` 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում` հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ: Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա: Հաշվի առնելով նման երևույթները` կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար: Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է` չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ` հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:
13:16 - 21 մարտի, 2020
Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել: Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրվա ընթացքում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։ Վերջին 14-օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա: Ինչ վերաբերում է ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդներին և ապրանքներին, ապա այս դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին
10:47 - 21 մարտի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում և այլ արտոնություններ: Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որևէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։ Հետևաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել իրեն վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին և ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։
14:16 - 20 մարտի, 2020
Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

ՊԵԿ-ն աշխատելու է բնականոն ռեժիմով, իրականացնելու է իր գործառույթները ամբողջ ծավալով, հարկ վճարողներին էլ հորդորել ենք, որ ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանեն նույն բարձունքի ու արդյունավետության վրա։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նշեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարեն՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա, Անանյանի խոսքով, տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն են արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ ապագան շատ առումներով անկանխատեսելի է, եւ անհայտներն ու փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպիսիսն կլինեն տնտեսության ցուցանիշները, ինչպիսի պատկեր կունենանք հարկաբյուջետային քաղաքականության ու պետբյուջեի հարկային եկամուտների առումով։ Այդուհանդերձ, Անանյանը վստահեցրեց, որ հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ․ «Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Վարչապետն ավելի գլոբալ խնդիր է առաջ քաշել, որ երեկվա աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»։ Ասուլիսի ժամանակ Անանյանը հայտնեց, որ ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Իսկ ահա առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, Անանյանի կարծիքով՝ դրանք դեռ առջեւում են։
18:02 - 19 մարտի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։  Մասնավորապես`օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էինստացվել, որԱրտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի,ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման  գործարքներ։ Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ Արտաշատում` շուկայի հարակից տարածքում,ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել ևբերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավանգյուղի բնակիչ։ Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում` արտարժույթ։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  հորդորում  է  զերծ մնալ  հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության տարադրամի փոխանակման  գործարքներ կատարելուց։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:52 - 18 մարտի, 2020
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում:  Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան  կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները: Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:
12:24 - 18 մարտի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ հայտարարվել է արտակարգ դրություն: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է և այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից: ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսևորել տոկունություն և սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով: Միաժամանակ հորդորում ենք՝ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը և պետական լիազոր մարմինների ցուցումներին:
11:36 - 17 մարտի, 2020
Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

factor.am: ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։ «Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։ Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։
14:15 - 06 մարտի, 2020
2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ

2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։ Ինչպես վճարել եկամտային հարկը Քաղաքացին պետք է 1️⃣հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր` այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հղումով, 2️⃣եկամտային հարկը վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում, Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` www.azdarar.am: Այսպիսով, հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։  
19:40 - 05 մարտի, 2020
Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Չեմ կարող ասել, թե գույքահարկն ինչ չափով կբարձրանա, քանի որ քննարկվում է 3-4 տարբերակ: Այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 2 շաբաթ առաջ կառավարությունում քննարկված հարկային բարեփոխումներին:   Հարցին՝ ծանոթացե՞լ է արդեն գույքահարկի եւ եկամուտների համատարած հայտարարագրման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը բերել էր հայեցակարգային փաստաթուղթ, որը մոտավորապես 7 արմատական կետեր ուներ ու այդ կետերի շրջանակում ձեր ասած բարեփոխումները պետք է իրականացնենք մոտակա 3-ից 5 տարվա ընթացքում: Ես իզուր չասացի հայեցակարգային փաստաթուղթ, որովհետեւ դա թվարկում էր ընդհանուր մեծ միջոցառումները, որը ենթամիջոցառումներ պետք է ունենա: Այդ ենթամիջոցառումների շրջանակներում նաեւ ձեր հնչեցրած 2 ռեֆորմը պետք է իրականացվի: Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին: Իսկ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտն այո, անպայման պետք է իրականացվի ու կարծում եմ մոտակա 1-2 տարվա ընթացքում կլինի»:
16:52 - 05 մարտի, 2020