ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցին

Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող  քրեական վարույթի շրջանակներում կատարված  քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ ներառելու միջոցով՝ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչություն կատարելու, գերեզման անարգելու և այլ դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոնշյալ ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան աշխատակիցը, 2018-2021թթ. ընթացքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը, վճարովի հողատարածքներ տրամադրելու արգելքի պայմաններում, գերեզմանատեղի տրամադրելու համար պաշտոնեական փաստաթղթերում՝ գերեզմանի քարտերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով, կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր ու տարբեր քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել կամ ստացել է տարբեր չափերի գումարներ: Արդյունքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը կատարվել են ապօրինի հուղարկավորություններ, այն հիմնավորմամբ, թե իբր նշված գերեզմանատեղը պատկանել է հանգուցյալի ազգականին: Բացի այդ, գերեզմանատունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ  «մասնակի փակ» դառնալուց հետո այնտեղ շարունակվել են հատկացվել նոր գերեզմանատեղիներ, որոնք կազմակերպելու համար «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցամատյաններում և գերեզմանների քարտերում կեղծվել են նախկինում հուղարկավորված անձանց տվյալները, դրանցում լրացվել են ակնհայտ կեղծ հասցեներ և հանգուցյալների կենսաչափական տվյալներ՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար՝ թաքցնելով նաև նոր գերեզմանատեղիների հատկացման փաստը: Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է  նաև, որ մի շարք դեպքերում ՀՈԱԿ-ի աշխատակիցների ուղղորդմամբ, վերջիններիս ապօրինի վարձատրության դիմաց, հուղարկավորություններ են իրականացվել գերեզմանատան սահմաններից դուրս՝ մասնավոր անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, սեփականատիրոջը զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ապօրինի վարձատրության դիմաց, նոր գերեզնմանատեղիներ հատկացնելու նպատակով, անարգվել են նախկինում հուղարկավորված անձանց գերեզմանատեղիները, որից հետո գերեզմանատան աշխատակիցը անարգանքի ենթարկված գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոս փորելու, գերեզմանի վկայական հատկացնելու և կառուցապատման աշխատանքներ կատարելու պատրվակով խաբեությամբ պահանջել, որոշ դեպքերում նաև ստացել է տարբեր չափերի գումարներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ),  457-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ)/, 2003 թվականիn ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ )և 322-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը: Իրականացվում է համակողմանի քննություն՝ հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:              
11:21 - 15 հոկտեմբերի, 2022
Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությունից, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ.-ի և Ա. Ջ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ. Մ.-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված, ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք: Պարզվել է նաև, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ.-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ.-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը: Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա.-ն, Ա. Հ.-ն, Ա. Ջ.-ն, Կ. Խ-ն և Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:28 - 14 հոկտեմբերի, 2022
Արարատի մարզում տեղի ունեցած խուլիգանության գործով կա 3 ձերբակալված անձ. ՔԿ

Արարատի մարզում տեղի ունեցած խուլիգանության գործով կա 3 ձերբակալված անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող  ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից  ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկի կանչով նշված վայր են ժամանել երկու անձ:  Մոտենալով երիտասարդներին՝ նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են: Նախաքննության ընթացքում  կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի 3 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր, վերցվել է հիշյալ ռեստորանային համալիրի տարածքի տեսանկարահանող սարքերի հիշողության պահպանման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական վարույթի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց շրջանակը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:27 - 14 հոկտեմբերի, 2022
Բանկի աշխատակիցը հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար և կատարել փողերի լվացում

Բանկի աշխատակիցը հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար և կատարել փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, ունենալով բան­կո­մատ­ների վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու պարտականություն, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, կանխիկ ելքի հայտարարագրերի հիման վրա նրա տիրապետմանը հանձնված՝ բանկոմատների լիցքավորման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով կանխիկ թղթադրամներն օրինական հիմքերով ստանալուց հետո, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.555.671.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138.784.080 ՀՀ դրամի (գույքի) փոխարկում: Հանցագործության բացահայտումից հետո բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Բանկի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
17:35 - 12 հոկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանի բնակչությանը գրոհների թիրախ դարձնելու դեպքերով նախաքննությունը շարունակվում է. Քյարամյան

Հայ-ադրբեջանական սահմանի բնակչությանը գրոհների թիրախ դարձնելու դեպքերով նախաքննությունը շարունակվում է. Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս միջոցառումը պատեհ առիթ է` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները: Անվիճելի ձեռքբերում եմ համարում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործում: Այդ ամենին հնարավոր է եղել հասնել համակարգի աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, սրտացավության ու նվիրումի շնորհիվ: Չէինք ունենա նման արդյունք, եթե  այս գործելակերպի հիմքում ընկած չլինեին պետական մտածելակերպն ու ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու գիտակցումը: Այդ որակները հատկապես ցայտուն են դրսևորվում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների օրերին արձանագրված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում: Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը և տարածքային ստորաբաժանումները մինչ օրս շարունակում են առերեսվել  2020 թվականի պատերազմական ծանրագույն օրերին հանրապետության ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների քննության օբյեկտիվ դժվարությունների հետ: Կոմիտեի նշված վարչությունում  ներկայումս էլ շարունակվում է նախաքննությունը՝ - Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող, խորը թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, - 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու և  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու, - 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, - 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, - 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերով։ Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ Որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։ Նախաքննությամբ պարզվել են ագրեսիայի ակտի իրականացմանն այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր։ Քննությամբ հաջողվել է անհատականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնություններ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների։ Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախաձեռնված վարույթներով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես, կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել են 17.000-ից ավելի անձինք, որոշումներ են կայացվել տուժող, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, համեմատական հետազոտություն իրականացնելու համար վերցվել են նմուշներ, նշանակվել են տարաբնույթ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատապայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր ու տեսագրություններ: Ներկայումս Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում: Հարկ է նշել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կենտրոնացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում սպաների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները, որոնք միավորվել են՝ ըստ ուղղությունների, առանձին օպերացիաների, կարևոր քաղաքների պաշտպանության կազմակերպման հարցում առկա թերացումների վերաբերյալ դեպքերի։ Հիշյալ քրեական վարույթներով ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող` ծավալուն և կարևոր փաստական տվյալներ, որոնք հընթացս գնահատվում և քրեական հետապնդումներ հարուցելու հիմքեր են դառնում։ Հիշյալ գործերով ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մեծարգո՛ Վարչապետ, Հարգելի՛ ներկաներ, Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի հիմնական արդյունքներին՝ պետք է արձանագրեմ, որ քննչական մարմիններն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննված շուրջ 30.000 վարույթների շուրջ 93%-ը (կամ 27.482 վարույթ) քննել են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների քննիչները: Համակարգի ծառայողների քննած վարույթների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.2%-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն ավելացել է՝ նախորդ նույն ժամանակահատվածի 47-ի փոխարեն կազմելով 58 վարույթ: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումները նախաքննություն են իրականացրել 38.834 քրեական վարույթով: Հարգելի՛ գործընկերներ, Կոմիտեի արդյունավետ գործունեության հիմնական գրավականը եղել և շարունակում են մնալ համակարգի արհեստավարժ կադրերը, բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող` մեր քննիչները: Կոմիտեի շարքերը բարձրակարգ կադրերով համալրելու մեր նպատակադրումը շարունակում է մնալ անփոփոխ: Նոր քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների սահուն կիրարկման ապահովումը պահանջում է երկարատև ու տքնաջան աշխատանք, որի ընթացքում մեր առաջնահերթությունները պետք է լինեն քննիչների դատավարական ինքնուրույնության ու անկախության ապահովումը, նրանց օրենսդրական լիազորությունները ողջ ծավալով նախաքննության օրինական շահերին ծառայեցնելը: Հարկավոր է հատուկ կարևորել համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը, քննիչների ամենօրյա պարտականությունների իրականացումը օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկման ենթակա անձանց գրավոր և բանավոր քննությունների անցկացման և արդյունքների ստուգման որակի բարձրացման հարցում։ Ներդրվել և Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման ենթակա անձը պարտադիր պետք է հանձնի մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն. ասվածը վերաբերում է նաև գլխավոր և բարձրագույն խմբի որոշ պաշտոնների հավակնող անձանց։ Հատկանշական է, որ հիշյալ ընթացակարգն ուղեկցվում է նաև տեսաձայնագրմամբ։ Հիշատակաման է արժանի նաև այն իրողությունը, որ օրերս մեկնարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Որակավորման հանձնաժողովը հսկայական նախապատրաստական աշխատանք է կատարել նոր իրավակարգավորումների շրջանակներում համակարգի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ակնկալում եմ այս գործընթացին ինչպես որակավորման հանձնաժողովի, այնպես էլ Կոմիտեի ծառայողների համարժեք ու պատասխանատու վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մրցակցային դատավարության պայմաններում քննիչների մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը, քրեական վարույթի մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը՝ նախաքննության արդյունավետության ապահովման կարևորագույն երաշխիքներն են: Հետևաբար, ատեստավորման գործընթացը պետք է առավելագույնս ծառայեցվի նոր օրենսդրության դրույթների իմացությունը խորացնելու և գործնականում դրանք կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակին: Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ Կոմիտեում զգալի աշխատանքներ են իրականացվել կառույցի ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Շնորհակալությամբ պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված նոր վարչական շենքերում շուտով իրենց աշխատանքները կկազմակերպեն Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրատրանսպորտային հանցագործությունների քննության ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժինը` Տավուշի մարզում: Ավելին, առաջիկայում շահագործման կհանձնվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի` նոր հիմնանորոգված և անհրաժեշտ գույքային ու տեխնիկական միջոցներով հագեցված շենքերը: Ավարտելով խոսքս ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն ամուր կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների արմատավորման դիրքերում: Համակարգի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքը հետևողականորեն ավելի արդյունավետ ու վճռական դարձնելու սպասումներն արդարացնելու համար: Հարգելի՛ քննիչներ՝ համակարգի նվիրյալ ծառայողներ, Շնորհակալ եմ Ձեր արդյունավետ աշխատանքի, մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումի և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատվախնդիր վերաբերմունքի համար: Մեր համատեղ ծառայությունը համարում եմ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մանագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, տոկունություն, ծառայողական հաջողություններ և թո՛ղ Աստված պահապան լինի բոլորիս»:
19:08 - 08 հոկտեմբերի, 2022
Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի պետությունը և պետական շահը. վարչապետը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի պետությունը և պետական շահը. վարչապետը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր են ուղղված և ի՞նչ վեկտոր ունեն այն փոփոխությունները, որ տեղի են ունենում: «Ընդհանրապես, սա շատ կարևոր թեմա է, որովհետև երբեմն նաև գլոբալ իրադարձության բերումով մենք ժամանակ, տրամադրություն, ցանկություն չենք ունենում կանգ առնելու և գույքագրելու, իսկ ի՞նչ է փոխվել, իսկ ինչպիսի՞ն են այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների գնահատականը: Ուզում եմ մի քանի արձանագրում անել, որոնք, ճիշտն ասած, իրականում զգացական մակարդակի են, հույս ունեմ, որ իմ այս հայտարարություններից հետո հնարավոր քննարկումների, բանավեճերի ընթացքում նաև էմպիրիկ եղանակով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով են այդ զգացական պնդումները նաև առարկայական: Իսկ ես զգում և տեսնում եմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում, ըստ էության, նախաքննության առյուծի բաժինը՝ 90 և ավելի տոկոսը, 2023 թվականի հունվարի 1-ից ավելի մեծ հատվածը կլինի Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում: Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա: Սա ինքնին տրամաբանական և ինքնին ենթադրելի մի երևույթ է՝ ցանկացած իրեն հարգող պետության մեջ:Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք շատ սկզբունքային ենք այս ճանապարհով ընթանալիս, և այսօր Հայաստանում նախաքննության գործընթացում փաստն առանցք է, հենասյուն է, և աշխատանքը տեղի է ունենում փաստի հետ, փաստի շուրջ: Սա շատ պարզ, գուցե մասնագիտության համար նույնիսկ ավելորդ արձանագրում է, բայց կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է անենք: Հաջորդ արձանագրումը, որ ուզում եմ անել և իմ զգացողությունն ու դիտարկումը դա է ցույց տալիս, հետևյալն է. մեր երկրում նախաքննությունը դառնում է ավելի ու ավելի սկզբունքային, որը նախորդ կետերից բխող է: Սա նույնպես չափազանց կարևոր է և պիտի ընդգծեմ նաև, որ սկզբունքային քննություն չի նշանակում, կրկին կներեք այդ բառի համար, քառակուսի քննություն, որովհետև երբեմն քննության ընթացքում և արդյունքում լինում են կոմպրոմիսներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք կոմպրոմիսներ են, որոնք նախատեսված են օրենքով: Սա շատ կարևոր է, իրավական են, օրինական են և այդ կոմպրոմիսների թերևս միակ նպատակը պետության և հանրության շահերի պաշտպանությունն է: Այս առումով, նաև ուզում եմ ընդգծել, որ Քննչական կոմիտեի գործունեության, նախաքննության որակի փոփոխության արդյունքում նաև պետությանը և հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացն է շատ կարևոր: Իհարկե, մենք այս հարցը փորձում ենք լուծել ավելի գլոբալ ինստիտուցիոնալ ներդրումների, բարեփոխումների միջոցով, բայց այս հանգամանքը նույնպես կուզեի ընդգծել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ նոր շերտեր են բացում 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները: «Եթե կա սովորական նախաքննություն, որի արդյունքները և նպատակները սովորաբար իրավակարգի, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պահպանումն է, 44-օրյա պատերազմի հետ կապված նախաքննությունը, ենթադրում եմ, պիտի ևս մի շերտ ավելացնի այս գործընթացին, որ իրականում սովորական պայմաններում Քննչական կոմիտեի և նախաքննության հետ որևէ կապ չի ունեցել, կամ առնվազն այդ դիտանկյունին հաճախ չէ, որ որևէ ուշադրություն ենք դարձրել: Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ ճանաչելու, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, ընդհուպ մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու և առնչվելու առումով: Եվ հենց այստեղ է, որ քննությունը, որ ասացի, պետք է շատ ավելի սկզբունքային լինի, որովհետև այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում: Ընդհանրապես, այս գործերի նախաքննության մեջ այդպիսի մի շերտ էլ կա, որին մենք առնչվում ենք միայն, այսպես ասած, աղմկոտ գործերի հետ: Դա շատ կարևոր է, որովհետև նախաքննությունը, մեծ հաշվով միայն քրեական գործերի քննությունը շատ մեծ տեղեկություն է տալիս մեր մասին, մեր հանրային հարաբերությունների մասին, պետություն-հանրություն հարաբերությունների մասին, պետության և հանրության հարաբերությունների, շահերի, նրբությունների և որակի մասին, և սա նույնպես շատ կարևոր գործառույթ է և ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հասել ենք այսպիսի շերտերի: Դա իհարկե կախված է իմ առաջին մասում ասվածի հետ: Երբ կա սկզբունքային քննություն, երբ կա վճռականություն՝ գնալ փաստերի հետևից մինչև վերջ, այդ փաստերի հետևից գնալու ճանապարհին մենք լրացուցիչ, գուցե մեզ համար անսպասելի բացահայտումներ ենք անում ինքներս մեր մասին, մեր պատմության մասին, մեր պետական ինստիտուտների գործունեության մասին, մեր պետության հիմունքների տեսությունների մասին: Եվ ես ուզում եմ այսօր ընդգծումն անել: Ընդհանուր առմամբ պիտի, այո, ասեմ և սրանում ավելի շատ եմ համոզված, որ մենք տեսնում ենք Քննչական կոմիտեի աշխատանքի որակի շարունակական փոփոխություն: Սա կարևոր պրոցես է, որ պետք է տեղի ունենա միշտ: Ես երբեք չեմ ասել և չեմ ասի, որովհետև դա ճիշտ չի լինի, որ Քննչական կոմիտեի կամ որևէ պետական մարմնի աշխատանքը ենթադրենք զրոյից հասել է ինչ-որ մի կետի: Ոչ, այդպիսի բան ասելը ի բնե սխալ է, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք մեր աշխատանքում, մեր պետության բոլոր օղակներն ամեն օր ավելի որակյալ աշխատանքի ամբիցիա ունենանք: Իհարկե, սա կախված է բազմաթիվ իրողությունների հետ, մանավանդ ձեր դեպքում՝ օրենքի, ինչպես իրավաբանները սիրում են ասել, իրավական որոշակիությունը շատ կարևոր է: Օրենսդրական փոփոխություննեը, ինչպես նշեց Քննչական կոմիտեի նախագահը, ոլորտում հսկայական են: Քրեական դատավարության նոր օրենսգիրք է ընդունվել, որն իր հետ բերում է նաև նոր մարտահրավերներ, որովհետև ցանկացած նոր օրենք պետք է ադապտացվի, համակարգերը նաև կարողանան կիրառությունը դարձնել հնարավորինս սահուն: Այս առումով՝ մեզ համար կարևոր է նաև, որ, ընդհանրապես, պետական համակարգի աշխատողները, Քննչական կոմիտեի աշխատողներն ունենան սոցիալական երաշխիքների ամուր համակարգ: Սա մեր հավատն է: Գիտեք, ես շարունակաբար դա եմ ասում, որ սոցիալական այնպիսի իրավիճակում գտնվող երկրներում, երբ, օրինակ, դատական համակարգում, քննչական համակարգում աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների փոփոխությունների խնդիր է դրվում, սովորաբար լայն հանրության արձագանքը լինում է հետևյալը, որ էլի, այսպես ասած, փոխարենը սոցիալական անապահով խավի խնդիրները լուծվեն, լուծվում են, այսպես ասած, պայմանական ասած, վերնախավի խնդիրները: Բայց իմ համոզմունքը գնալով խորանում է, որ նման փոփոխություններ մենք անում ենք ոչ թե հենց աշխատավարձի շահառուների, այլ հենց այդ քաղաքացիների համար, մարդկանց համար, որովհետև, ի վերջո, որակյալ կամ անորակ նախաքննությունն իր հետ բերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ավելի լավ կամ ավելի վատ որակ: Մենք այս գիտակցությունն անընդհատ պետք է մեր հանրության շրջանում սերմանենք, որ պետական ծառայողը պետք է պատշաճ վարձատրություն ունենա, որովհետև պետական ծառայողը ծառայություն է մատուցում քաղաքացուն: Մեծ հաշվով՝ նախաքննությունը ծառայության մատուցում է: Այդ ծառայության առաջին շահառուն պետությունն ու քաղաքացիներն են: Կարող է տարօրինակ հնչել, բայց մեղադրյալին էլ պետք է որակյալ այդ ծառայությունը մատուցել, որովհետև մեղադրյալը իրավունքներից չի զրկվել, տուժողին և այդպես շարունակ: Հետևաբար՝ մենք այս գործընթացում պետք է սկզբունքային լինենք, և ինչքան որակյալ լինեն այս ծառայությունները, մեր փորձը դա է ցույց տվել, այնքան ավելի մեծ կլինեն պետական եկամուտները, որովհետև վերջին տարիներին մենք միլիարդներով պետական բյուջեի եկամուտներն ավելացրել ենք: Ինչի՞ արդյունքում: Նաև իմ այս նշած գործոնների արդյունքում: Մենք ինչքան ուժեղացնենք պետական ծառայության սոցիալական երաշխիքների համակարգը, այնքան ավելի արդար սոցիալական միջավայր կունենանք, այնքան ավելի խոցելի խավերին կկարողանանք որակյալ ծառայություն մատուցել, որովհետև մեր աշխատանքն, ի վերջո, պարփակվում է պետություն-քաղաքացի-իրավակարգ-իրավունք-արդարություն եզրույթների մեջ: Ընդհանրապես, ընդունված է ասել, դասական տրամաբանությամբ այդպես է ասվում, որ պետությունը բռնության գործիք է, բայց մեր ընկալմամբ, պետությունն արդարության գործիք է: Որքան պետությունում կայացած է իրավակարգը, այնքան հաստատված է օրենքի առաջ հավասարության ինստիտուտը, որքան բարձր է նախաքննության որակը, որքան զարգացած է դատաիրավական համակարգը, այնքան մենք ունենք արդար պետություն: Սա մեր նպատակադրումն է՝ կառուցել մի միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են ապրել, ստեղծագործել, լինել երջանիկ և լինել ազատ: Գիտեք, կարող է նաև թվալ, թե այս իմ նպատակադրումները և շեշտադրումներն ամենապատեհը չեն ընթացիկ ժամանակաշրջանի համար, մեր շուրջ տեղի ունեցող, բոլորիս հայտնի, անվտանգային մարտահրավերների պայմաններում, բայց ես հակառակն եմ կարծում, որ հատկապես նման իրավիճակներում մենք պետք է նման թեմաների անդրադառնանք, որպեսզի մեր ուղենիշները և նպատակադրումները ճիշտ ձևակերպենք: Որովեհտև այդ ռազմավարական նպատակներից, դրանց ձևակերպումից և արձանագրումից են կախված այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, ավելի ճիշտ՝ այդ որոշումների գնահատականը. Ճի՞շտ որոշում կայացրինք, թե՞ սխալ: Ընդհանրապես՝ մեծ հաշվով, եթե մի քիչ էլ չափազանցնեք, ճիշտ և սխալ որոշում չկա: Կամ ավելի ճիշտ՝ ճիշտ և սխալ որոշումները գնահատվում են ըստ այն ռազմավարական հեռանկարային նպատակադրման, որ դու քո առաջ դնում ես: Այսինքն՝ որոշումը ինչ-որ ուղղությամբ գնալու որոշում է: Հետևաբար, ինչպե՞ս որոշել՝ տվյալ որոշումը ճիշտ է, թե սխալ: Կախված է նրանից, թե դու դեպի ուր ես ուզում գնալ, որովհետև եթե մի ուղղությամբ ես ուզում գնալ՝ կախված հեռանկարի կամ ռազմավարական նպատակի ընտրությունից, կարող է նույն որոշումը լինել ճիշտ կամ սխալ: Սա կարևոր արձանագրում է: Մենք, գիտեք, պիտի արձանագրենք և ես վերջին շրջանում դրա մասին ավելի ու ավելի հաճախ եմ խոսում, իսկ ավելի ու ավելի հաճախ խոսում եմ, որովհետև ձևավորվել է ինձ համար համոզմունք դրա վերաբերյալ, որ մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, պետությունը և պետական շահը, որովհետև պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից՝ և՛ քաղաքացու, և՛ ժողովրդի, և՛ ինքնության, և՛ անցյալի, և՛ ապագայի: Ես կուզենայի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, Հայաստանի Հարապետությունն ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը: Այս իմաստով՝ կարևոր է մեր բոլոր պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքը, այն սոցիալ-հոգեբանական կարգաբերումը, որով մենք աշխատում ենք: Շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել: Բայց մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել մեր հաջողությունների, անհաջողությունների վրա և մենք պետք է լցված լինենք վճռականությամբ, որ Հայաստանի Հանրապետության հազարամյա ճակատագրի պատասխանատվություն է այսօր մեր ուսերին դրված: Մենք պետք է ուժ տանք իրար, որ այս պատասխանատու ճանապարհին մեր ծնկները չծալվեն: Համոզված եմ, որ մենք հստակ քայլերով կգնանք առաջ: Դրա համար մի բան է պետք է որոշել՝ հստակ ձևակերպել խնդիրը, թե մենք ինչ ենք ուզում: Իսկ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հզոր, ազատ, խաղաղ և երջանիկ պետություն: Քննչական կոմիտեի հարգելի ծառայողներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետը Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ազատ Գևորգյանին, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանին: Նիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների պարգևատրել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով:
15:10 - 08 հոկտեմբերի, 2022
Զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում․ ՔԿ

Զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում․ ՔԿ

2022 թվականի հոկտեմբերի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն վերադարձրած 17 զինծառայողների խոշտանգված չլինելու մասով` ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի կողմից civic.am կայքին տրված պատասխանն ունի որոշակի պարզաբանումների և մի շարք հատվածներում նաև` հերքման անհրաժեշտություն:   Հիշյալ հանգամանքով պայմանավորված` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ 17 զինծառայողների հետ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար:   Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի` 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տրամադրել տեղեկատվություն` դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ։ Ասվածից հետևում է, որ վերոգրյալ պատասխանում ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյան չէր կարող հաստատապես փաստել հայ զինծառայողների խոշտանգված չլինելու հանգամանքը, և հրապարակվածը հեռախոսային կարճ հարցազրույցի ընթացքում տրված հարցադրումների ու պատասխանների ոչ ճիշտ ընկալման արդյունք է, և մամուլի խոսնակն ընդամենը նպատակադրում է ունեցել տեղեկացնել իր կողմից խոշտանգման հանգամանքի վերաբերյալ տեղեկություններ չունենալու իրողությունը: Այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված և զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
21:09 - 07 հոկտեմբերի, 2022
Ծառայակցին կյանքից զրկել է՝ կարծելով, թե մոտեցողը հակառակորդն է․ ՔԿ

Ծառայակցին կյանքից զրկել է՝ կարծելով, թե մոտեցողը հակառակորդն է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ կրակոցներ արձակած զինծառայողը, ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
19:39 - 01 հոկտեմբերի, 2022
Կալանավորվել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը. ՔԿ

Կալանավորվել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:   Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:   Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին և չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի և գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:   Հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում ևս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:   Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:   Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաև Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:   Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:   Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 30 սեպտեմբերի, 2022
Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: «Նախնական տեղեկություններով՝  2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը,  որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կատարվում է նախաքննություն:
11:55 - 30 սեպտեմբերի, 2022
Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները,  մեկ ամսից ավելի է՝ չեն պատասխանում Infocom-ի գրավոր հարցմանը՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ իրենք նախկինում բազմիցս խոսել են։ Այսպես․ հուլիսի 22-ին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկություններ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ այդ օրը 44-օրյա պատերազմի առթիվ, դրա ընթացքում եւ դրա որեւէ դրվագին այս կամ այն կերպ առնչվող քանի քրեական գործ է հարուցվել, յուրաքանչյուրը՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, դրանցով ընդհանուր առմամբ քանի անձ է ճանաչվել տուժող եւ տուժողի իրավահաջորդ, քանի անձի նկատմամբ է իրականացվել եւ իրականացվում քրեական հետապնդում, եւ ինչ խափանման միջոցներ են ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք մանրամասնել նախաքննության փուլում գտնվող, կասեցված, կարճված, դատական քննության փուլում գտնվող եւ դատական քննությունն ավարտված գործերից յուրաքանչյուրի քանակը, կայացված դատավճիռների բնույթը, իսկ կասեցված կամ կարճված գործերի առկայության դեպքում՝ այդ որոշումների հիմքը։ Հարցեր էինք հղել նաեւ քրեական հետապնդման ենթարկվող անձանց ազգության, զբաղեցրած պաշտոնների, հետախուզման մեջ լինել-չլինելու, նշանակված փորձաքննությունների եւ այլնի մասին։ Հուլիսի 29-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի կողմից հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին` հայցվող տեղեկությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության սահմաններում տրամադրելու համար։ Մինչդեռ ՔԿ հիշյալ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը պատասխան նամակով տեղեկացրել էր, թե ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարցմամբ հայցվող տեղեկությունների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Օգոստոսի 15-ին եւ 17-ին մենք լրացուցիչ հարցմամբ դիմել էինք համապատասխանաբար Քննչական կոմիտեին եւ  Գլխավոր դատախազությանը։ Մասնավորապես, ՔԿ-ից խնդրել էինք հայտնել՝ եթե հիշյալ վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի հիման վրա է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը 2020 թ. դեկտեմբեր ամսին հրապարակել 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Դրանից բացի, եթե հիշյալ  վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի՞ հիման վրա է նույն վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը 2021 թ. մարտ, այնուհետեւ սեպտեմբեր ամիսներին, Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսել նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ՝ հրապարակելով, օրինակ, պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ ահաբեկիչների մասին, հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների թվաքանակը, նրանց ազգությունը, նրանց առաջադրված մեղադրանքները, տվյալ պահի դրությամբ կրած գույքային վնասի չափը եւ մի շարք այլ տեղեկություններ։ Ահաբեկիչների թեմային Վարդանյանն առանձին հարցազրույցով անդրադարձել է նաեւ «Կենտրոն» ՀԸ «Հանցանքի հետքերով» հաղորդաշարում։ Միեւնույն ժամանակ տեղեկացրել էինք, որ սույն թվականի հունիս ամսին էլ Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի՝ այդ ժամանակ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն է Հ1-ի եթերում խոսել նույնաբովանդակ թեմաներից՝ հրապարակելով հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների առավել թարմ տվյալները, նրանց պաշտոնները, կոչումները եւ մի շարք այլ տեղեկություններ։ Հաշվի առնելով Քրեական դատավարության նախկին օրենսգրքի (1998 թ.) 201-րդ հոդվածի պահանջը՝ խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք դատախազի կողմից նախնական քննության տվյալների հրապարակումը այդ ժամանակ եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Իսկ այն դեպքում, եթե վիճակագրությունը նախկինում վարել, ապա դադարեցրել են, խնդրել էինք հայտնել նախկինում հավաքված վիճակագրության մեջ առկա՝ հարցմամբ հայցվող տեղեկությունները, ինչպես նաեւ պարզաբանել վիճակագրության վարումը դադարեցնելու պատճառները։ Նույնաբովանդակ հարցում ուղարկել էինք նաեւ Գլխավոր դատախազությանը՝ հայտնելով ՔԿ-ից ստացված այն պատասխանը, թե իրենք նման վիճակագրություն չեն վարում, եւ խնդրելով պարզաբանել, թե այդ պարագայում ինչի հիման վրա է Արշակ Մարտիրոսյանը խոսել նույնաբովանդակ թեմաներից, արդյոք դա եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եւ արդյոք վիճակագրությունը նախկինում վարվել, ապա դադարեցվել է։ Միաժամանակ խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է տվյալ դեպքում որոշվել հարցումը վերահասցեագրել, այլ ոչ թե տրամադրել Դատախազության՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնական պատասխանը։ Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո ո՛չ ՔԿ-ից, ո՛չ Դատախազությունից պատասխան չէինք ստացել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ Ռաֆայել Վարդանյանը մինչ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում, որից հետո՝ մեկամսյա ժամկետի ավարտից շուտ, պատասխանը կուղարկվի։ Այսօր արդեն սեպտեմբերի 27-ն է, սակայն ՔԿ-ից որեւէ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Պատասխանի բացակայությունը փորձել ենք ճշտել նաեւ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից, սակայն Դատախազությունից եւս մինչ օրս պատասխան չկա։ Անհասկանալի եւ դատապարտելի է պետական կառույցների անպատասխանատու եւ տարբերակված այս մոտեցումը՝ լրատվամիջոցի տեղեկություն ստանալու հարցմանը, հատկապես՝ պատերազմին առնչվող, հանրային բարձր հնչեղություն ունեցող նման գործերով եւ հատկապես հաշվի առնելով, որ դրանց մասին նույն այդ կառույցները կա՛մ պարբերաբար տրամադրում են պաշտոնական հաղորդագրություններ, կա՛մ իրավասու պաշտոնատար անձինք հարցազրույցներում են խոսում այդ մասին։   Միլենա Խաչիկյան
21:52 - 27 սեպտեմբերի, 2022
Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:  Նախաքննությունը շարունակվում է : Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:43 - 26 սեպտեմբերի, 2022
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրությունների համար քարոզչություն կատարելուն հարկադրելու համար 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրությունների համար քարոզչություն կատարելուն հարկադրելու համար 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոնիտեն: Քննությամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան ծառայողներին: Նախաքննությունը շարունակվում է : Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 - 25 սեպտեմբերի, 2022
Արարատի մարզի բնակիչն ապօրինի մտել է զորամասի տարածք, հայհոյանքներ հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին․ նա ձերբակալվել է․ ՔԿ

Արարատի մարզի բնակիչն ապօրինի մտել է զորամասի տարածք, հայհոյանքներ հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին․ նա ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։   Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:   Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:19 - 18 սեպտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան
 |news.am|

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում մի քանի լրագրողների հետ  զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաեւ դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա: Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու եւ միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տալու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաեւ դիակապտության հոդվածով: «Քննություն է իրականացվում եւ այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաեւ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաեւ ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:Քյարամյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը եւ այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է: Նա նկատեց, որ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների կամ դրանց միջեւ ընկած տարածքներում որեւէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց Քյարամյանը: Հարցին, թե քննչական աշխատանքներն ավարտելուց հետո որոնք են լինելու հետագա գործողությունները, ՔԿ նախագահը պատասխանեց. «Իրականում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շատ կարեւոր է, որ հստակ ֆիքսենք, որ միջազգային ատյաններում կարողանանք բարձրացնել այդ հարցերը: Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաեւ այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նորանոր տրամադրվում են նորանոր տեղեկատվություններ: Նաեւ իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են եւ կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ»:  
16:51 - 17 սեպտեմբերի, 2022