ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ներկայացվել են ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ուղղությամբ վերջին ամիսներին ձեռնարկված գործուն քայլերը

Ներկայացվել են ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ուղղությամբ վերջին ամիսներին ձեռնարկված գործուն քայլերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմով հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի և Լիխտենշտայնի մշտական ներկայացուցիչ, Մարդու իրավունքների հարցերով Նախարարների տեղակալների նիստերի նախագահ դեսպան Դոմենիկ Վանգերի հետ։   Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի կիրարկմանն ուղղված արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։     Հանդիպումների շրջանակներում պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ իրականացված և ծրագրվող աշխատանքները։  Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող հարցերին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է մարդու իրավունքներին վերաբերելի չափորոշիչների իրացման տեսանկյունից ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարման մեխանիզմի կարևորությունը՝ համարելով այն համակարգային խնդիրների լուծման լավագույն գործիքներից մեկը։   Իր խոսքում Պաշտպանը հատուկ ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնարար իրավունքների վերաբերելիչափանիշների պատշաճ իրացման կարևորությունն ու ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը: Վերոնշյալ չափորոշիչների ամրապնդման համար Անահիտ Մանասյանը կարևորել է պետական մարմինների միջև համագործակցության և երկխոսության պատշաճ մշակույթի անհրաժեշտությունը։   Պաշտպանը հատուկ ընդգծել է Եվրոպայի խորհրդի, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շարունակական գործակցության կարևորությունը:   Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև HUDOC նախադեպային իրավունքի որոնման հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ներկայացվել են կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։  Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-12-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:15 - 12 մայիսի, 2023
Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որոնց կազմում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ստրասբուրգում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների չափորոշիչների կիրարկման, ինչպես նաև ոլորտային շարունակական բարեփոխումների համատեքստում ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությանը, գործունեության առաջնահերթություններին, ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ ՔԿ-ից հիշեցնում են, որ պատվիրակության անդամների այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Այն ուղղված է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմի գործարկմանն աջակցություն ցուցաբերելուն և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների միջև երկխոսության, քննարկումների խթանմանը։
13:03 - 12 մայիսի, 2023
Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան |news.am|

Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան |news.am|

news.am: Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։ «Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։ Սահակյանի խոսքով՝ այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։ Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։ Սիրանուշ Սահակյանի խոսքով, գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ. «Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։
12:52 - 12 մայիսի, 2023
Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչին և Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին: Աննա Վարդապետյանը Հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է նաև «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Կլոր սեղան-քննարկման ընթացքում Աննա Վարդապետյանը նշել է. «ՄԻԵԴ վճիռներն ախտորոշող գործիքներ են (diagnostic tools) համակարգային խնդիրների վերհանման հարցում: ՀՀ դատախազությունը պատշաճ ուշադրություն է դարձնում ներպետական օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշների պատշաճ իրացմանը»: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի մի շարք որոշումներին, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններին և հանձնարարականներին՝ ուղղված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, կալանք խափանման միջոցի կիրառման և իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացմանը, պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մահվան դեպքերի արդյունավետ քննության ապահովմանը և այլն: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ զրույցում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունն անմիջական փոխգործակցության մեջ է Եվրոպայի խորհրդի հետ՝ այդ համատեքստում կարևորելով առաջիկայում Երևանում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովը, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը: Հանդիպումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Դատախազության դերակատարումը՝ համակարգային խնդիրների լուծման, ինչպես նաև արձանագրված խախտման բնույթից կախված՝ գործերի վերաբացման և նոր քննության անցկացման համատեքստում: Այս առումով Վարդապետյանը կարևորել է ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատանքը, որի արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, դարձել կոնկրետ գործերով հանձնարարություններ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը և այդ առումով կարևորվել Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։ Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:
09:50 - 12 մայիսի, 2023
ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գարսենյակից։ Նշվում է, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Դատախազության փոխանցմամբ՝ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար և դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
12:39 - 11 մայիսի, 2023
Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
 |aysor.am|

Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան |aysor.am|

aysor.am: Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
12:14 - 26 ապրիլի, 2023
Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ |azatutyun.am|

Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը: Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գրեթե 1.5 տարի: Անցած ամիսների ընթացքում բոլոր ատյանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը մերժել են նախկին բարձրաստիճան պաշտոնյային ազատ արձակելու միջնորդությունները: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի սկզբին է մերժել ազատ արձակել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Փաստաբանները 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։ Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն։ Նախկին նախարարը գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։
15:35 - 18 ապրիլի, 2023
ՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
 |1lurer.am|

ՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ՍԴ մասին Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ:  Նախագծով առաջարկվում է նախատեսել ՍԴ ու Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոնները, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանք ներկայացվող պահանջները, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները: «Չնայած ՀՀ-ն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից՝ միջազգային պայմանագրով սահմանված, այնուամենայնիվ, կիրառման հստակ ընթացակարգերը բացակայում են, դա անորոշություն կարող է ստեղծել, ճիշտ գործընթացի կազմակերպման տեսանկյունից կարող են խոչընդոտներ առաջանալ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նշված օրենսգրքերում՝ կարգավորումներ նախատեսելու առումով»,- ընդգծել է փոխնախարարը: Նախագծի ընդունմամբ կապահովվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը:
13:21 - 13 ապրիլի, 2023
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի ՄԻԵԴ |armlur.am|

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի ՄԻԵԴ |armlur.am|

armlur.am: Շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ: Նշենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը այս պահին կալանավորված է։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «նա, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից»։
10:18 - 06 ապրիլի, 2023
Կբարելավվեն Հայաստանի շահերի պաշտպանության որակը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Կբարելավվեն Հայաստանի շահերի պաշտպանության որակը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվեն Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Հարակից զեկուցող պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
11:51 - 05 ապրիլի, 2023
Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Արման Դիլանյանը  շնորհավորել է եվրոպացի գործընկերոջը՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։ ՍԴ նախագահն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանման, եվրոպական մայրցամաքում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատման գործում։ ՄԻԵԴ նախագահը կարևորել է հայազգայի գործընկերոջ հետ նման ձևաչափերով աշխատանքային հանդիպումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ-ի երկխոսության և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող  աշխատանքները:   Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում ազգային բարձր դատարանների և  ՄԻԵԴ-ի միջև իրականացվող համագործակցությանը։  Սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը և առկա ծրագրերը։ Սիմոնա Գրանատա-Մենգինին վերահաստատել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիարժեք հանձնառությունը՝ աջակցելու Բարձր դատարանում ընթացող բարեփոխումներին, ընդգծել է երկկողմ համագործակցության դրական ավանդույթներն ավելի բարելավելու պատրաստակամությունը։ 
17:17 - 30 հունվարի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները. ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու իրավունքները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները. ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու իրավունքները

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։  Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:  «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Այնսինքն՝ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել»։ 
15:20 - 26 հունվարի, 2023
Հայաստանը խախտել է կալանավորի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը
 |hetq.am|

Հայաստանը խախտել է կալանավորի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Պետությունը խախտել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) մահացած Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում Ոսկանյանի կնոջը՝ Շուշանիկ Ոսկանյանին փոխհատուցել 20 000 եվրոյի չափով: Վերջինս է ներպետական մարմինների անգործության վերաբերյալ դիմում ներկայացրել ՄԻԵԴ:  2010թ. հոկտեմբերի 7-ին Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով։ Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ: Օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ս. Ոսկանյանը բողոքել է ձախ սրունքի ցավից, այտուցից և հիպերեմիայից (զարկերակային գերարյունություն)՝ նշելով, որ մաշկի տակ թուք է ներարկել։ Նրան զննել է կալանավայրի բուժկետի բժիշկը: Հաջորդ օրը բժիշկն արձանագրել է, որ նկատվել է տհաճ հոտով շագանակագույն թարախ և արյուն: Նույնն արձնագրվել է նաև դրա հաջորդ օրը: Հոկտեմբերի 21-ին կալանավայրի բժիշկը ՔԿՀ-ի պետին հաղորդում է տվել վերքից առատ արյան և թարախային արտահոսքի մասին։ Այն մաքրվել է, ստերիլ վիրակապ է դրվել, սակայն, ըստ բժշկի, այդ գործողությունները բավարար չեն եղել։ Հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկը հրահանգներ է խնդրել։ Նույն օրը հրավիրվել է քաղաքացիական հիվանդանոցից վիրաբույժ։ Ս. Ոսկանյանը, որը դեռ բողոքում էր ձախ սրունքի ցավից և ընդհանուր թուլությունից, շարունակել է նույն բուժումը ստանալ հոկտեմբերի 22-ին և 23-ին: Բժշկական փաստաթղթերում նշվում է՝ «վերքից շագանակագույն թարախային արտանետում»: Հոկտեմբերի 24-ին Սլավիկ Ոսկանյանին, որն առանց օգնության արդեն չի կարողացել տեղաշարժվել, իր երկու խցակիցները առողջության կտրուկ վատթարացման պատճառով, տեղափոխել են կալանավայրի բուժմաս: Որոշվել է շտապ վիրահատության համար տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Սլավիկը նույն օրը մահացել է: Դեպքի օրը քննիչը ցուցմունքներ է վերցրել ՔԿՀ-ի բժիշկից: Վերջինս նշել է, որ ինքը բանավոր զեկուցել է կալանավորի առողջական վիճակի մասին իր վերադասներին՝ խնդրելով տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար, սակայն ապարդյուն: Սլավիկի դիահերձման եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը վրա է հասել մարմնի ընդհանուր թունավորման հետևանքով, որը տեղի է ունեցել ձախ ստորին վերջույթի մակերևույթի մակերեսի դերմիսի, հիպոդերմիսի և հիմքում ընկած հյուսվածքների նեկրոզից՝ վարակված վերքի հետևանքով։ Արձանագրվել է նաև ձախ սրունքի հյուսվածքների էրոզիա՝ ոտքից մինչև ազդրի վերին մասը։ 2010թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Ս. Ոսկանյանի ախտորոշումը հիմնականում սխալ է եղել: Ախտորոշվել է միայն ձախ սրունքի վարակված վերքը այն դեպքում, երբ արդեն 2010թ. հոկտեմբերի 19-ին երևում էր ավելի լուրջ պաթոլոգիան՝ գանգրենայի առկայությունը։ Եթե այդ օրվանից Ս.Ոսկանյանն արագ տեղափոխվեր հիվանդանոց և համապատասխան վերականգնողական և վիրահատական բուժում ստանար, ապա հնարավոր կլիներ կանխել բացասական ելքը։ Փորձագետները նշել են, որ միանշանակ չեն կարող ասել՝ արդյոք Ս. Ոսկանյանի կյանքը հնարավոր կլինե՞ր փրկել, եթե նա ստանար ամբողջական, նպատակային ամբուլատոր կամ ստացիոնար բուժում։ Նման ծանր վարակի դեպքում նույնիսկ ստացիոնար բուժումը երբեմն կարող էր անարդյունավետ լինել, հատկապես երբ հիվանդը պարբերաբար հանել է վիրակապն, ինչը վատթարացրել է վիճակը։ Սակայն մի բան հստակ է. հիվանդության հետագա բարդությունը կանխելու և ապաքինման գործընթացը բարելավելու համար անհրաժեշտ էր հիվանդին տեղափոխել հիվանդանոց, քանի որ անհրաժեշտ բուժումը հիմնականում կրում էր վիրաբուժական բնույթ։ 2011թ. օգոստոսի 30-ին քննիչը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժիշկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Համապատասխան որոշման մեջ, ի թիվս այլի, նշվել է, որ վարակված վերքը պատճառվել և սրվել է ինքնավնասման հետևանքով, և չկան բավարար ապացույցներ, որ Ս. Ոսկանյանի մահը վրա է հասել բժիշկի մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
20:13 - 25 հունվարի, 2023
Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» - գրել է Կիրակոսյանը թվիթերյան իր էջում: Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի հունվարի 30-ին: 
15:32 - 24 հունվարի, 2023
Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել Ադրբեջանին ստիպել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Այս մասին թուիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
11:45 - 21 հունվարի, 2023
Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:  Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»: Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:  Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:
20:24 - 16 հունվարի, 2023