ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը
12:39 - 11 մայիսի, 2023

ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գարսենյակից։

Նշվում է, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։

Դատախազության փոխանցմամբ՝ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար և դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։

Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել