ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|

Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|

tert.am։ Եթե ավտոմեքենա ներկրողը այն հայտարարագրի ոչ թե ուղեկցող բեռ, այլ՝ որպես բիզնես, օրենսդրությամբ կա նախնական հայտարարագիր հասկացություն, որը թույլ կտա մաքսազերծումն անել այդ պահի օրենսդրությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկայիս կարգով ավտոմեքենաները մաքսազերծելու հնարավորությանը: «Եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ, կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի, և ինքը հնարավորություն ունի մինչև հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ: Այստեղ կարևոր է, որ մարդիկ որոշեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-նշեց Դավիթ Անանյանը:
12:39 - 16 հոկտեմբերի, 2019
Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ ունենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասաց նա։ Անդրադառնալով «Սանիթեքի» հարցին՝ պաշտոնյան շեշտեց՝ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, իրենք կարծում են, որ այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ԱԱՀ դաշտում։ «Իրենք մեզ հետ պայքարի մեջ մտան՝ փորձելով ապացուցել, որ 2018 թվականին ևս իրենք պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում։ Դա եղել է գաղափարների մարտ, որը մեզ համար ընդունելի չէր։ Մենք հաշվարկներ կատարեցինք և քրեական գործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է», - ասաց նա։
09:23 - 16 հոկտեմբերի, 2019
ՊԵԿ-ում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողով է մեկնարկել |shantnews.am|

ՊԵԿ-ում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողով է մեկնարկել |shantnews.am|

shantnews.am: Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցել է մոտ 30 մաքսային ծառայող: Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003թ. հռչակագրի հիմնական դրույթները (վերանայված Արուշայի հռչակագիր): ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողներին փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը: Աշխատաժողովի ընթացքում նաև համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները և Համաշխարհային մաքսային կազմակերպության էթիկայի և վարքագծի կանոնները, որի արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
11:59 - 07 հոկտեմբերի, 2019
Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ ներմուծողը

Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ ներմուծողը

Բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբսահմանված դրույքաչափի(ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ավելացված արժեքի հարկը` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն: Փոխվելու է միայն բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի համար սահմանված դրույքաչափը. ներկայում գործող 10%-ի փոխարեն լինելու է 15%: Իսկ մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը: Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից` ըստ ՀՀ հարկային օրենսգրքի: Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետիև հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ: Ի դեպ, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ներմուծվող բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանվի արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի: Իսկ իրավաբանական անձանց դեպքում մաքսային արժեքը հայտարարագրվում է ապրանքային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կամ մաքսային արժեքը կսահմանի մաքսային մարմինը: Կարևոր է իմանալ, որ եթե տրանսպորտային այս միջոցները ներկրեք 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու են «ապրանքային» և «ուղևորային մաքսային հայտարարագրերը»: Դրանց հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրեք, օրինակ, դեկտեմբերի 30-ին, ունենաք «տարանցման հայտարարագիր», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
06:58 - 07 հոկտեմբերի, 2019
Հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարներն աճում են. ՊԵԿ

Հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարներն աճում են. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար, իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ 14 միլիարդ դրամի չափով գումար:Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով: ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 20.04.2018թ. N278-Ա հրամանով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, կամ, առկայության դեպքում՝ նույնականացման քարտ, կամ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշը (չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող՝ գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ, կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված՝ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն, բնակարանի առուվաճառքի (այդ թվում՝ նախնական) պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր, կամ կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր, գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք:
08:58 - 01 հոկտեմբերի, 2019
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան. ՊԵԿ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան:Նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել Տ.Գ-ի հետ, որի ընթացքում թմրամիջոցների ներկրման և իրացման ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տվել և իր հովանավորչության դիմաց գումարներ է ստացել Տ.Գ-ից: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ, հիշյալ պաշտոնատար անձի կողմից կատարվել են արարքներ, որոնք դրսևորվել են պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ինչպես նաև նրա կողմից ծառայողական պարտականությունները չկատարելով՝ շահադիտական դրդումներից ելնելով:Որոշում է կայացվել քրեական գործի նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել նոր քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
12:13 - 26 սեպտեմբերի, 2019
Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» խորագրով աշխատաժողով

Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» խորագրով աշխատաժողով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել տեղեկացված, կառուցվածքային և ռազմավարական կիրառմանը: Միջոցառման նպատակն է՝ տարածաշրջանում բարձրացնել տնտեսվարողների համապատասխանության մակարդակը` CEP-ի շրջանակում առկա ծրագրերի ու գործիքների կիրառման միջոցով:Միջազգային փորձագետների հետ քննարկվել են մի շարք ոլորտային հարցեր: Մասնավորապես, քննարկումներն ուղղված են եղել թիրախային ոլորտներին` ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, ծխախոտային ապրանքների մաքսանենգությունը, թմրամիջոցների բացահայտումը, բեռների թիրախավորման համակարգը, փողերի լվացման դեմ պայքարը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվության փոխանակման միջոցներին և դրանց կատարելագործմանը:Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցել են` Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մոլդովայից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ալբանիայից, Իռլանդիայից, Ղրղզստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպությունից ժամանած փորձագետներ:Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՄԿ-ի` կարողությունների զարգացման եվրոպական գրասենյակը և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդը:
08:29 - 26 սեպտեմբերի, 2019
ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ: Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը` ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը` վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով: Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն և վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (Big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ։
06:31 - 24 սեպտեմբերի, 2019
Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը

Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից:Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն։ Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:Մաքսային վճարները ճիշտ հաշվարկելու համար կարևոր է ուշադիր լինել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում տվյալ ավտոմեքենայի ծածկագրին, որը կհուշի յուրաքանչյուր ավտոմեքենայի թողարկման տարեթվի և շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը: Օրինակ` եթե իրավաբանական անձը 2020 թվականին ներմուծի 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա, ապա նախ` կհաշվարկվի մաքսատուրք` մաքսային արժեքի 15%-ի չափով, այսինքն` կստացվի 1170 եվրո (7800€ x 15%=1170 եվրո): Ապա ԱԱՀ-ն կձևավորվի մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում` կազմելով 1794 եվրո ((7800€+1170€) x 20%=1794 եվրո): Բնապահպանական հարկ չի գանձվի, քանի որ մեքենան չի գերազանցում 5 տարին: Այսպիսով` իրավաբանական անձից կգանձվի 2964 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար` մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը գումարելու արդյունքում (1170€+1794€=2964 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:Դիտարկենք այն տարբերակը, երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա: Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք` մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձև 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձև 2. 2500 սմ3 x 0,44€=1100 եվրո): Այսինքն` հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետևաբար մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը: Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո` մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը միասին կձևավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո): Չմոռանաք գումարել նաև բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800x2%=156 եվրո): Այսպիսով` իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ` 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով և 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձևով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), և մաքսատուրքի հետ միասին կձևավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում` իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):Ի դեպ, ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշվում է` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի:Կարևոր է իմանալ, որ եթե իրավաբանական անձը ավտոմեքենան ներկրի 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու է «ապրանքային հայտարարագիրը»: Դրա հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 30-ին, գրանցված լինի «տարանցման հայտարարագիր», բայց «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
11:21 - 23 սեպտեմբերի, 2019
Առաջին ութ ամիսներին հարկային եկամուտներն ավելացել են 21.3%-ով |armenpress.am|

Առաջին ութ ամիսներին հարկային եկամուտներն ավելացել են 21.3%-ով |armenpress.am|

armenpress.am։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 937.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ-ի 772.6 մլրդ դրամի փոխարեն:Դիտարկվող ժամանակահատվածում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շրջանառության հարկի, շահութահարկի, ինչպես նաև մաքսատուրքերի գծով հարկային եկամուտների աճով։ Մասնավորապես՝ ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են մոտ 17%-ով՝ կազմելով 313.5 մլրդ դրամ։ Եկամտային հարկի գծով եկամուտներն ավելացել են 17.4%-ով, իսկ շահութահարկի գծով եկամուտները՝ մոտ 16.3%-ով։Մաքսատուրքերի գծով հարկային եկամուտներն աճել են 8.1%-ով, ընդ որում ԵԱՏՄ բյուջեից հաշվեգրված եկամուտների աճը կազմել է 1.7%։Հաշվետու ժամանակահատվածում շրջանառության հարկի գծով հարկային եկամուտները գրանցել են կտրուկ աճ` նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են մոտ 44.5%-ով՝ կազմելով 20.2 մլրդ դրամ։2019թ-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, այլ հարկային եկամուտների գծով հաշվեգրված եկամուտները։
08:47 - 20 սեպտեմբերի, 2019
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են անհամապատասխանություններ։ Վարչության թիվ 3 բաժնի աշխատակիցները, իրացնելով տվյալները, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո զննության են ենթարկել բեռնատարը: Պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթերում նշված 922 արկղ կոսմետիկ պարագաների փոխարեն առկա է 1.542 արկղ: Բացի այդ, առանց ուղեկցող փաստաթղթերի բեռնարատում եղել է նաև բնականին նմանվող մորթուց կարված 93 մուշտակ։ Պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրում նշված ապրանքների 495 հազար ռուսական ռուբլի արժեքը չի համապատասխանում իրականությանը, այլ բեռնատարում փաստացի առկա են եղել 5 միլոն 870 հազար ռուսական ռուբլի արժեքով ապրանքներ՝ հաշվի չառնելով 93 մուշտակի արժեքը։Ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս։Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված ապրանքներն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներկրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց հորդորում է ապրանքների ձեռք բերման գները, քանակը և տեսականին փաստաթղթերում նշել իրականությանը համապատասխան և ներկայացնել ճշգրիտ տվյալներ՝ հետագա հարկային հսկողությունից և խիստ վարչարարությունից խուսափելու համար:
12:55 - 19 սեպտեմբերի, 2019
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը. ՊԵԿ

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը. ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ: Շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր: Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը»,- ասված է հաղորդագրությունում:  
06:32 - 19 սեպտեմբերի, 2019