Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ. Արարատ Միրզոյանը՝ Կարմիր խաչի նախագահին

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ. Արարատ Միրզոյանը՝ Կարմիր խաչի նախագահին

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին:   Ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:  ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներին արձագանքմանը:      
13:07 - 22 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ: Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
10:13 - 22 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:
09:54 - 22 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։ Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ:
09:30 - 22 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:  
09:26 - 22 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ Անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։  
19:06 - 21 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում՝ Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հանդիպման ժամանակ։ Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը: Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունն՝ ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
10:21 - 21 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ․ներկայացրել սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ․ներկայացրել սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։    Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով Ադրբեջանի կողմից վարվող ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականության անընդունելիությունը։ Ընդգծվել է նաև միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին հակազդելու համար։
23:06 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: «ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:   Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
21:40 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին: «ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները: Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:
20:27 - 20 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
11:45 - 20 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։ Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
11:31 - 20 սեպտեմբերի, 2022
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։   «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Էնթոնի Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին հորդորել է մինչև ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
08:33 - 20 սեպտեմբերի, 2022
Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
07:46 - 20 սեպտեմբերի, 2022