Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է առկա համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու տեսանկյունից: «Հաճելի է զարգացած ու սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական և եղբայրական հարևանի հետ: Ծանոթ եմ Իրանի ուսանողների նվաճումներին, մասնավորապես` ծրագրավորման ոլորտի համաշխարհային մրցույթներում նրանց գրանցած հաջողություններին: Այդ առումով կարևորում եմ բարեկամ Իրանի ուսանողների հետ շփումը և առաջարկում եմ դիտարկել Միջազգային ուսանողական ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթի (ICPC) շրջանակում ուսանողական թիմերի միջև համագործակցության հնարավորությունը: Մենք բարձր ենք գնահատում նաև Իրանի գիտնականների նվաճումները և կարևորում Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունը, ինչպես նաև մաթեմատիկայի և քիմիայի ոլորտում նոր կապերի ստեղծումը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ առաջարկելով խթանել համագործակցությունը նաև դպրոցների մակարդակում՝ համատեղ ամառային ճամբարների անցկացման և լեզուների ուսուցման շրջանակում: ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև գիտական, հասարակական և մշակութային համագործակցության առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ Իրանում գործում են 44 համալսարան, որոնք համաշխարհային սանդղակում զբաղեցնում են բավականին բարձր տեղեր, տեխնոլոգիական բազմաթիվ պարկեր և գիտելիքահենք ընկերություններ: ԻԻՀ նախարարի փոխանցմամբ՝ Իրանի բուհերի դասախոսները և գիտնականները կարող են տարբեր ոլորտներում համագործակցել ՀՀ բուհերի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով օգտվել Հայաստանի գիտական և մարդկային ներուժից: «Մենք բարեկամական և եղբայրական ձեռք ենք մեկնում Հայաստանին ու պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, փոխադարձ օգտագործել նորարարությունների ներուժը՝ իրագործելով բոլոր կառուցողական առաջարկները»,- փաստել է Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլը: Կողմերը քննարկել են նաև համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու և համապատասխան մասնագետներ պատրաստելու, երկու երկրների ուսանողների շարժունության, դիպլոմների փոխճանաչման և փոխայցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր: 
17:05 - 07 փետրվարի, 2022
Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|

Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|

hetq.am: Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են քաղաքական և տնտեսական երաշխիքներին։ Այդ մասին Թեհրանում լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։  «Իրանական բանակցային խումբը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի Արևմուտքը ներկայացնի կոնկրետ երաշխիքներ և հավատարիմ մնա ապագայում ձեռքբերվելիք պայմանավորվածություններին»,- նշել է իրանցի նախարարը։ Մեկնաբանելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների թեման՝ այդ երկրի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը ամերիկյան կողմին, միջնորդների միջոցով, հստակ սահմանել է իր դիրքորոշումը։ «Նրանք գործով պետք է ցույց տան իրենց դրական տրամադրվածությունը, ձեռնարկեն կոնկրետ նախաձեռնություններ։ Այն, ինչ կա թղթի  վրա, լավ է, բայց բավարար չէ»,- ասել է Աբդոլահյանը։  Զուգահեռաբար, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է չեղարկել մի շարք պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել էր Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ։ Ըստ պաշտոնյայի՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է «թեթևացնել» Վիեննայում իրանական միջուկային ծրագրի բանակցությունների վերջնական փուլում տեխնիկական ասպեկտների քննարկումը։  Այն հնարավորություն կտա արտասահմանյան ընկերություններին աշխատանքներ իրականացնել Իրանի որոշ օբյեկտներում՝ ատոմի խաղաղ յուրացման ուղղությամբ։ Սակայն, ըստ ամերիկյան կողմի, սա չպետք է հասկանալ որպես «զիջում Իրանին» կամ ազդակ, «որ մենք մոտ ենք համաձայնության»։ Այդուհանդերձ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, բանակցություններում կա որոշակի առաջընթաց։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել էին Իրանի միջազգային միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները։  Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։ Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
13:47 - 06 փետրվարի, 2022
Իրանը և Հայաստանը պետք է բարձրացնեն միմյանց ճանաչողության մակարդակը. Իրանի դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

Իրանը և Հայաստանը պետք է բարձրացնեն միմյանց ճանաչողության մակարդակը. Իրանի դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հազարամյակների պատմական առնչություններ ունեցող երկու հարևան և բարեկամ ազգերը՝ հայերն ու իրանցիները, այս տարի՝ 2022 թ. փետրվարի 9-ին, նշում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս կարևոր տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը պետք է հասնի քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին: «Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը», - ասաց Իրանի դեսպանը՝ շեշտելով, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան: Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորում է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը: Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը: «Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», - շեշտում է Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով: Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է: Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով: Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դիվանագիտական առաքելություն է իրականացնում Երևանում մոտ երկու տարի: Նա Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2020 թ. հունվարի 22-ին, իսկ իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2020 թ. փետրվարի 4-ին՝ փոխարինելով դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Աբբաս Բադախշան Զոհուրին քաղաքագետի կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում: Իրանի արտգործնախարարությունում սկսել է աշխատել որպես փորձագետ 1993 թվականից: Մինչ Հայաստանում նշանակվելը 59-ամյա դիվանագետը եղել է Համբուրգում Իրանի գլխավոր հյուպատոսը, այնուհետև՝ ԻԻՀ ԱԳՆ Կրթության և ադմինստրացիայի գլխավոր վարչության պետը: - Պարո՛ն դեսպան, հայ և իրանցի ժողովուրդները հազարամյակների շփումներ ունեն, սակայն որքան էլ առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ թվա՝ այդուհանդերձ, հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 30 տարի առաջ են հաստատվել: Այդ առիթով ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, և քաղաքական հարաբերությունների ի՞նչ բազայով են, ըստ Ձեզ, Հայաստանը և Իրանը մոտենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարեդարձին: ­- Շատ բարի: Հանուն բարեգութ և գթասիրտ Աստծո: Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականություններից է բոլոր հարեւանների հետ համագործակցության խթանումն ու ընդլայնումը: Իրանի և Հայաստանի ժողովուրդները ունեն պատմական երկարամյա հարաբերություններ, և դա հիմք է հանդիսանում պատշաճ հարաբերություններ ունենալու և այդ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Երկու կողմերն էլ այն կարծիքին են, որ հարաբերությունները կարող են առավել զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի՝ հատկապես տնտեսական ոլորտում, որը պետք է հասնի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին: Հատկապես այս ոլորտում մենք պետք է կարողանանք ավելի արդյունավետ և լայն համագործակցել: Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը: Այս առումով պետք է ավելացնենք պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը, և երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ գործունեություն ծավալի: Երկու երկրների ազդեցիկ և մտավորական խավերը միմյանց ճանաչելու նպատակով պետք է փոխադարձ այցեր իրականացնեն և շփվեն միմյանց հետ, պետք է զարգացնել հանրային կապերը, ավելի արդյունավետ օգտագործել կազմակերպվող ցուցահանդեսների հնարավորությունները: Բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, մեծ խոչընդոտներ գոյություն չունեն, և մենք պետք է ուղեգծեր սահմանենք բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: - Շատ կարևոր և ճիշտ նկատառում էր, պարոն դեսպան, որովհետև երկար տարիներ հայ և իրանցի փորձագետները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները միշտ ասում են, որ քաղաքական հարաբերությունները գերազանց են, շատ բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական հարաբերությունները և առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում այդ մակարդակին: Ի՞նչն է պատճառը: Շուկա՞ն է փոքր, թե՞ ճանապարհների կամ այլ խնդիրներ կան: - Տպավորությունս այնպիսին է, որ մենք տնտեսական հարաբերությունները խթանելու համար անհաղթահարելի խոչընդոտներ չունենք: Առևտրատնտեսական շրջանառությունը տեղի է ունենում որոշակի ֆիզիկական և իրավական համատեքստում: Ֆիզիկական ոլորտում, այո՛, տրանսպորտային ուղիները շատ կարեւոր են: Կարևոր են նաև տնտեսական համաձայնագրերն ու կանոնակարգերը: Տրանսպորտային առանցքային հարցերում կարևոր են ճանապարհների որակը և ճանապարհների օգտագործման կանոնակարգերը, այդ թվում ճանապարհային տուրքերի հարցը: Ուրախալի է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում այս խնդիրներին: Մենք ևս Իրանում ունենք նմանատիպ մոտեցում և փորձում ենք բացահայտել ու վերացնել իրանական կողմում առկա հնարավոր խոչընդոտները՝ առևտրատնտեսական հարաբերությունների գործընթացը առավել դյուրացնելու  համար: Տնտեսության օրակարգում ընդգրկված են նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև լավ հարաբերությունների ձևավորման հարցը, ինչին կրկին կնպաստի փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և մասնագիտական նիստերի անցկացումը: Պետք է խոստովանենք, որ անցած տարիներին երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, առանց որևէ լուրջ խոչընդոտների, երկու կողմում էլ դանդաղ է ընթացել: Համենայն դեպս, մենք եղել ենք ու կլինենք հարևաններ: Հաջորդ խնդիրը վերաբերում է երկու երկրների միջև անավարտ մնացած նախագծերին: Օրինակ, ավելի քան երկու տասնամյակ է, ինչ քննարկվում է երկու երկրների միջև ճանապարհների վիճակի հարցը, և երկու կողմերն էլ ընդունել են, որ երկու երկրների միջև ճանապարհը պետք է բարեկարգվի: Այն նախագծերը, որոնց իրագործումը երկու կողմերն էլ անհրաժեշտ են համարում, պետք է ավելի արագ ավարտին հասցվեն: - Հիմա նաև խոշոր նախագծերին էլ կանդրադառնանք, բայց մինչ այդ՝ տրանսպորտային կապերի հարցը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա: Սյունիքում նախորդ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական սահմանապահների առաջացրած խնդիրներից հետո (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում հիմա արդեն ադրբեջանական մաքսակետեր են տեղակայվել) ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Սյունիքում անցնող տրանսպորտային հաղորդակցության վիճակը, և գոհացնո՞ւմ է արդյոք իրանական կողմին այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը: Երկուստեք ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ճանապարհային խնդիրները լուծելու համար: - Բոլոր երկրներն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու տարբեր ուղիներ են փնտրում: Այդ իսկ պատճառով Հայաստանի տարածքով երթուղիները մեզ համար շատ կարևոր են: «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս – Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար: Իրանի հարավային նավահանգիստներից մինչև Հայաստանի սահման համապատասխան երկաթուղային ուղիներ և մայրուղիներ կան, և օրակարգում է գտնվում այդ երթուղիների հետագա ընդլայնման հարցը: Երկու երկրների սահմանից մինչև Քաջարան ընկած հատվածի հարցում երկու կողմերն էլ համաձայնել են, որ ճանապարհը պետք է բարեկարգվի, և մենք պատրաստ ենք այդ նախագծին հնարավոր մասնակցություն ցուցաբերել: Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սեւ ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլեւ այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար: Մենք պետք է ուշադրություն դարձնենք Իրանը Հայաստանին միացնող երկաթուղային տարբերակին՝ հատկապես տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանակում: Որովհետև մենք մինչև Ջուլֆա երկաթգիծ ունենք, և եթե ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունը վերջնական տեսքի բերվի և կյանքի կոչվի՝ Երևանի հետ կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային գծով: Պետք է ընդգծեմ, որ մենք կարևորում ենք Նորդուզի սահմանից Սյունիքի մարզով դեպի Երևան տանող ցամաքային ճանապարհը: Սա մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին է: 2020 թ. պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մենք Գորիս–Կապան ճանապարհահատվածում երթուղու խափանումների ականատես եղանք: Հայաստանի կառավարությունը այլընտրանքային երթուղի ստեղծելու համար մեծ ջանքեր գործադրեց, և իրանական բազմաթիվ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ օգտվում են Տաթևի այլընտրանքային ճանապարհից: Տաթև-Գորիս ճանապարհահատվածում կան որոշակի խնդիրներ, ինչը երբեմն խոչընդոտում է կցորդով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությանը: Մենք ուշադիր հետևում ենք Տաթև-Լծեն ճանապարհի նախագծի իրագործմանը և հուսով ենք՝ այդ նախագծի աշխատանքները գարնանը կավարտվեն, ինչի շնորհիվ լուծում կստանան ընթացիկ խնդիրները: - «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը Իրանի առաջարկած խոշոր նախագծերից է, որին մասնակցում է նաև Հայաստանը: Ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի մի քանի հանդիպում է արդեն տեղի ունեցել: Ձեր տեղեկություններով՝ ե՞րբ է գործնական փուլ մտնելու այս նախագծի իրականացման գործընթացը: - «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի շուրջ արծարծվող հարցերից են անդամ երկրների մասնակցությամբ անցկացվող նիստերն ու քննարկվող փաստաթղթերը: Նախատեսվում է փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու նպատակով հաջորդ հանդիպումը անցկացնել Բուլղարիայի հյուրընկալությամբ: Երկրորդ խնդիրը երթուղու երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն է, ամենակարեւորներից է Հայաստանի տարածքով «Հյուսիս – Հարավ» ճանապարհի հատվածներին առնչվող նախագիծը: Հուսով ենք շուտով ականատեսը կլինենք ծրագրի ֆինանսավորման հստակեցմանը և իրականացմանը: - Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը այս միջանցքում որպես տարանցիկ երկիր, ի՞նչ օգուտներ կարող է ստանալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական իմաստով: - Իրանում ունենք օգտագործման համար հարմարավետ երթուղիներ, հատկապես երկաթուղային լայն ցանց: Հայաստանի տարածքում մնացած հատվածը կառուցելու դեպքում կբարձրացվի հայկական երթուղու գրավչությունը: Հայաստանի դիրքը միջազգային առևտրատնտեսական ակտիվության քարտեզներում կբարելավվի: Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները: - Հնդկաստանը արդեն մասնակցո՞ւմ է ծրագրին, թե՞ պատրաստակամություն է հայտնել միանալու: - Բոլորս գիտենք, որ վերջերս Հնդկաստանի արտաքին գործերի նախարար պարոն Ջայշանքարը առաջին անգամ Հայաստան այցելեց, և այս հարցը Հայաստանի պաշտոնյաների հետ զրույցի թեմաներից մեկն է եղել: Սա ցույց է տալիս, որ Հնդկաստանը հետաքրքրված է այս հարցով: - Նախիջևանի երկաթուղու մասին Դուք արդեն խոսեցիք: Այս թեմայով պաշտոնական վերջին տեղեկությունն այն է, որ ինչպես դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն էր տեղեկացրել՝ կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ Հայաստանը երկաթուղով ճանապարհ կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ինչպե՞ս եք գնահատում Նախիջևանով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը և առհասարակ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման շուրջ քննարկումները, որ ընթանում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: - Նախքան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրները Իրանի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղին ակտիվ էր, և երթուղին ենթակառուցվածքային առումով պատրաստ է, թեև ավելի լայն օգտագործման համար կարող է՝ չնչին աշխատանքների անհրաժեշտություն լինի: Եթե Նախիջևանի և Երևանի միջև ապաշրջափակման գործընթացը տեղի ունենա, ապա Իրանի և Հայաստանի միջև կունենանք կարճ և արագընթաց երկաթուղային ճանապարհ: Ողջունելով ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցությունները՝ մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս երթուղիով երկաթուղային հաղորդակցություն հաստատելու համար: Այնուամենայնիվ, ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը: - Իսկ ինչպե՞ս է առհասարակ պաշտոնական Թեհրանը վերաբերվում տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, գործընթացներին, այդ թվում՝ երկաթուղու բացմանը, և քաղաքական առումով որչա՞փ հավանական եք համարում Նախիջևանի երկաթուղու բացումը: - Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, որն իրականցվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք նման ապաշրջափակման գործընթացին և կողջունենք հարևան երկրների պայմանավորվածությունները: Երկխոսությունը պետք է փոխարինի բռնի մեթոդներին: - Պարո՛ն դեսպան, նախորդ տարվա լարվածությունից հետո ի՞նչ վիճակում են այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ըստ Ձեզ՝ դրանք ի՞նչ աստիճանի են ազդում հայ-իրանական հարաբերությունների և ընդհանուր տարածաշրջանի կայունության վրա: - Իրանի հատկապես ներկայիս կառավարության քաղաքականությունն է՝ նպաստել ու ընդլայնել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Երբեմն թյուրիմացություններ են առաջանում հարեւան երկրների հարաբերություններում: Բարեբախտաբար, Իրանի և Ադրբեջանի միջև ծագած հարցերը լուծվել են, և մենք հետևում ենք, որպեսզի տրամաբանական և ճանաչված սկզբունքների և կանոնների շրջանակում հարաբերություններ հաստատենք մեր հարևանների հետ: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր հարևանները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանում խնդիրներ ստեղծելու նպատակ հետապնդող արտաքին դավադրություններին, հատկապես՝ Իսրայելի վարչակարգի կողմից: Ձեր հարցի վերջին հատվածի վերաբերյալ պետք է նշեմ, որ որևէ հիմք չկա մտածելու, թե Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններում ծագած խնդրի լուծումը նշանակում է անտեսել Հայաստանի հետ կարևոր հարաբերությունները: - Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ նաև հետպատերազմական ցնցումներ էին լինում, պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի նախորդ արտգործնախարար Մոհամադ Զարիֆի, մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է Իրանի համար: Կարո՞ղ եք արդյոք այժմ վերահաստատել այդ դիրքորոշումը: Եվ այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումները և ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրադադարի խախտումները: - Կրկնում եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հարգվեն: Երկրների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Լարվածությունն ու հակամարտությունները վնասից բացի այլ բանի չեն հանգեցնում կողմերին: Շարունակությունը՝ armenpress.am-ում
14:55 - 27 հունվարի, 2022
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:
21:53 - 26 հունվարի, 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի և ռազմական ղեկավարության հետ |azatutyun.am|

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի և ռազմական ղեկավարության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ։ Քննարկվել են ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հարցեր։ Հանդիպմանը Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Իրանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդում է Թեհրանում ադրբեջանական APA գործակալության թղթակիցը։ Կայացել է նաև Հասանովի հանդիպումը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ։ Նրանք նշել են, որ լավ հիմքեր կան Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման համար։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի հետ։ Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում՝ այդ թվում ռազմական, բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
16:03 - 26 հունվարի, 2022